Գլխավոր տեղեկություն
Համար
N 682
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.30/73(372)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2000 թվականի N 682

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 594 որոշման 5-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 521 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 27-ի N 521 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 242 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թվականի
հոկտեմբերի 11-ի N 682 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնադրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) կազմակերպման և գործունեության կարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, քարտուղարից և անդամներից: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ու հիմնարկների աշխատողներ, Հայաստանի Հանրապետությունում մարդասիրական օգնության և բարեգործական գործունեություն իրականացնող օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, առանձին բարերարներ:

Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

4. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով:

5. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

6. Հանձնաժողովն ունի իր անվամբ կլոր կնիք և ձևաթուղթ:

7. Հանձնաժողովի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչության կազմում` վարչության կարգավիճակով:

8. Հանձնաժողովն իր գործունեության համար հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

 

II. Հանձնաժողովի գործունեության առարկան ու գործառույթները

 

9. Հանձնաժողովի գործունեության առարկան Հայաստանի Հանրապետությունում մարդասիրական օգնության և բարեգործական գործունեության համակարգումն է:

10. Հանձնաժողովի գործառույթներն են`

ա) ծրագրերը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելը.

բ) գործարքը (գործառնությունը) կամ որևէ ծրագիր մեկ այլ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակելը.

գ) մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ եռամսյակային և այդ ծրագրերի ավարտի մասին ամփոփ տեղեկությունների ստացումը.

դ) ծրագիրը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու մասին հանձնաժողովի որոշման փոփոխումը կամ կասեցումը, իսկ եթե նման որակումը տրված է այլ իրավական ակտով, ապա այդ որակումը փոփոխելու կամ կասեցնելու մասին միջնորդություն ներկայացնելը տվյալ իրավական ակտն ընդունած մարմին.

ե) մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի կատարման պրակտիկայի ուսումնասիրությունը, անհրաժեշտության դեպքում ստացված արդյունքները համապատասխան պետական մարմիններին տրամադրելը.

զ) մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրի իրականացման ամփոփ տեղեկությունների քննարկումը և ծրագրի իրականացման հավաստումը.

է) մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների ձեռնարկումը.

ը) մարդասիրական օգնության կամ բարեգործության կարգով Հայաստանի Հանրապետության անունով ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքների համակարգումը.

թ) մարդասիրական օգնության և բարեգործության բնագավառում հրապարակայնության ապահովումը այդ բնագավառին ու, մասնավորապես, իր գործունեությանն առնչվող տեղեկատվությունը յուրաքանչյուր տարվա ընթացքում պարբերաբար տրամադրելով զանգվածային լրատվության միջոցներին.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

11. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ինչպես նաև մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ:

Իր գործառույթների իրականացման նպատակով հանձնաժողովն իրավասու է օրենքով սահմանված կարգով պահանջելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստանալու իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր և այլ փաստաթղթեր:

12. Հանձնաժողովը կարող է հրավիրել համաժողովներ հանձնաժողովի կատարման աշխատանքների և Հայաստանի Հանրապետությունում իրագործվող մարդասիրական օգնությանն ու բարեգործությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:

 

III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

 

13. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իրեն վերապահված իրավասությունների սահմաններում, նիստերի, հարցման կարգով որոշումների ընդունման, հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի, հանձնաժողովի աշխատակազմի, ինչպես նաև կոնկրետ խնդիրների լուծման նպատակով իր լիազորություններին համապատասխան և իր կողմից ստեղծված աշխատանքային խմբերի միջոցով:

Հանձնաժողովի աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է հանձնաժողովի հաստատած աշխատակարգին և աշխատանքների կատարման ժամանակացույցին համապատասխան:

Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատողների և մասնագետների:

14. Ծրագիրը որպես մարդասիրական օգնություն կամ բարեգործական որակելու, ինչպես նաև գործարքը (գործառնությունը) կամ որևէ ծրագիր մեկ այլ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակելու վերաբերյալ հայտերը հանձնաժողով են ներկայացնում ծրագրի իրականացման գործում շահագրգիռ կողմերը կամ պետական մարմինները: Հայտում պետք է ներկայացված լինեն`

ա) ծրագրի անվանումը.

բ) ծրագրի նպատակները.

գ) նախատեսված աշխատանքների (ծառայությունների) համառոտ նկարագիրը և ծավալները.

դ) կատարման ժամկետները (սկիզբը, ավարտը).

ե) ֆինանսավորման աղբյուրը (երկիրը, կազմակերպությունը, անհատները).

զ) ծրագրի ծավալը, նախատեսված ընդհանուր գումարը, այդ թվում` ծրագրի իրականացման համար կազմակերպչական ծախսերի (գրասենյակի, գրասենյակային գույքի, համակարգչային տեխնիկայի, փոխադրամիջոցների և այլ գույքի ձեռքբերում (այդ թվում` վարձակալություն) և (կամ) պահպանման ծախսեր) մասնաբաժինը նախատեսված ընդհանուր գումարի մեջ.

է) իրականացման կարգը, վայրերը և բնագավառը (մարզը, համայնքը, բնակավայրը, կազմակերպությունը, նախարարությունը, գերատեսչությունը).

ը) շահառուները (համայնքները, իրավաբանական և ֆիզիկական անձինք), նրանց ընտրության սկզբունքը և հիմնավորումը.

թ) ծրագիրն իրականացնող կազմակերպությունները (անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարը), նրանց ընտրության սկզբունքը և հիմնավորումը.

ժ) ծրագրի իրականացման շրջանակներում համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կամ այլ կազմակերպությունների հետ.

ժա) ծրագրի արդյունավետությունն ապահովելու նպատակով նախատեսվող վերահսկման մեխանիզմների նկարագրությունը.

ժբ) ծրագրի իրականացման համար կարևորվող այլ տեղեկություններ, հիմնավորումներ.

ժգ) համապատասխան պետական մարմինների եզրակացությունը ստացված հանձնաժողովի կամ շահագրգիռ կողմի նախաձեռնությամբ:

Հանձնաժողովը սույն կանոնադրության 10-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գործառույթներն իրականացնում է համապատասխան պետական մարմնի, «զ» ենթակետով նախատեսված գործառույթներն իրականացնում է համապատասխան պետական մարմնի, «զ» ենթակետով նախատեսված գործառույթները նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության եզրակացությունների առկայությամբ, իսկ «դ» ենթակետով նախատեսված գործառույթի իրականացման դեպքում հանձնաժողովն ինքն է որոշում եզրակացության անհրաժեշտությունը:

15. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի նախագահի հրավերով կամ հանձնաժողովի որոշմամբ խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձինք:

16. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների (կամ հարցման կարգով) ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի կամ հանձնաժողովի անդամի պահանջի դեպքում ընդունված որոշման վերաբերյալ նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:

17. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի քարտուղարը:

18. Ծրագրերը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրեր որակելու, ինչպես նաև գործարքը (գործառնությունը) կամ որևէ ծրագիր մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակելու մասին հանձնաժողովի որոշումները 10-օրյա ժամկետում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և պետական կառավարման այն մարմիններին, որոնց գործունեության ոլորտներին դրանք առնչվում են:

19. Հանձնաժողովի նախագահը`

ա) կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը, ապահովում նրա բնականոն աշխատանքը.

բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում օրակարգը.

գ) վարում է հանձնաժողովի նիստերը.

դ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները.

ե) ապահովում է հանձնաժողովի աշխատանքի լուսաբանումն ու հրապարակայնությունը.

զ) ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

է) հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում լուծում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությանն առնչվող այլ հարցեր.

ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

20. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

ա) կատարում է հանձնաժողովի նախագահի` հանձնաժողովի աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հանձնարարականները.

բ) հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում փոխարինում է նրան.

գ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի աշխատակազմի գործունեությունը.

բ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը, անհրաժեշտ նյութերն ու որոշումների նախագծերը և դրանք ներկայացնում հանձնաժողովի նախագահին.

գ) ոչ ուշ, քան հանձնաժողովի նիստից 3 օր առաջ հանձնաժողովի անդամներին է ուղարկում նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին առնչվող նյութերը.

դ) հրավիրում է հանձնաժողովի նիստի մասնակիցներին, միջոցներ ձեռնարկում ներկայությունն ապահովելու համար.

ե) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները.

զ) ստանում և ուսումնասիրում է մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ եռամսյակային և այդ ծրագրերի ավարտի մասին ամփոփ տեղեկությունները.

է) ուսումնասիրում և ամփոփում է մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի իրականացման պրակտիկան, ներկայացնում առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքների կատարելագործման միջոցառումների վերաբերյալ.

ը) համակարգում է մարդասիրական օգնության կամ բարեգործության կարգով Հայաստանի Հանրապետության անունով ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքները.

թ) համակարգում է հանձնաժողովի ստեղծած աշխատանքային խմբերի աշխատանքը.

ժ) 10-օրյա ժամկետում համապատասխան կազմակերպություններ է ուղարկում հանձնաժողովի որոշումները.

ժա) կազմակերպում է հանձնաժողովում գործավարության վարումը.

ժբ) հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության դեպքում վարում է հանձնաժողովի նիստերը.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

22. Հանձնաժողովի անդամները`

ա) պատասխանատու են հանձնաժողովի նիստում իրենց տրված հանձնարարականների կատարման համար.

բ) հանձնաժողովի նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ կարող են առաջադրել հարցեր հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, ինչպես նաև հանձնաժողովի նիստից առաջ հայտնել իրենց կարծիքն օրակարգի մասին.

գ) պարտավոր են կանոնավոր մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

Հանձնաժողովի անդամներն իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված այլ լիազորություններ: