ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2000 թվականի N 631
քաղ. Երևան
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԸ, ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐՆ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել մարդասիրական օգնության, բարեգործության և տեխնիկական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքավորումները վերագնահատող միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
մարդասիրական օգնության, բարեգործության ԵՎ տեխնիկական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքավորումները վերագնահատող միջգերատեսչական հանձնաժողովի
I. Ընդհանուր դրույթներ
1. Մարդասիրական օգնության, բարեգործության և տեխնիկական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքավորումները վերագնահատող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) իրականացնում է մարդասիրական օգնության, բարեգործության և տեխնիկական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող դեղերի, բժշկական նշանակության առարկաների ու բժշկական սարքավորումների (այսուհետև` դեղեր և բժշկական պարագաներ) վերագնահատումը, որով կանոնակարգվում են դրանց մուտքագրումը և հաշվապահական հաշվառումը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
II. Հանձնաժողովի խնդիրները ԵՎ գործառույթները
3. Հանձնաժողովը`
ա) հրավիրում է խորհրդակցություններ, հանդիպումներ` հանձնաժողովի կատարած աշխատանքների և դեղերի ու բժշկական պարագաների վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով.
բ) ստեղծում է դեղերի և բժշկական պարագաների գույքագրման և վերագնահատման աշխատանքային խմբեր, որոնք իրականացնում են դրանց վերագնահատումը և արդյունքները ներկայացնում հանձնաժողովին.
գ) քննարկում և հաստատում է աշխատանքային խմբերի կողմից մշակված վերագնահատման և գույքագրման ակտերը.
դ) դեղերի և բժշկական պարագաների բաշխումն իրականացնող պետական մարմիններ է ներկայացնում առաջարկություններ դրանց ստացման և բաշխման աշխատանքների համակարգման, բաշխման արդյունավետության բարձրացման, տեղեկատվական համակարգերի մատչելիության ապահովման վերաբերյալ.
ե) ընդունում է դեղերի և բժշկական պարագաների վերագնահատման չափանիշները:
4. Հանձնաժողովը և աշխատանքային խմբերն իրենց աշխատանքներն իրականացնելիս առաջնորդվում են վերագնահատման հետևյալ սկզբունքներով`
ա) Հայաստանի Հանրապետությունում նվիրատվության կամ նվիրաբերության կարգով ստացված դեղի և բժշկական պարագայի գները, անկախ դրանք ուղեկցող փաստաթղթերում նշված գներից, հաշվապահական հաշվառման նպատակով պետք է կազմեն Հայաստանի Հանրապետությունում առկա կամ համարժեք գեներիկ (դեղագործական շուկայում շրջանառվող չարտոնագրված միջազգային անվանումներով) դեղի և բժշկական պարագայի մեծածախ միջին գների 80 տոկոսը կամ, եթե նման տեղեկություններ չկան, դրանց համարժեք նյութի միջազգային շուկայական մեծածախ գինը` նշելով տեղեկությունների ստացման աղբյուրը.
բ) բժշկական տեխնիկայի և բժշկական սարքավորումների վերագնահատումը կատարվում է ելնելով համաշխարհային շուկայում օգտագործված և վերականգնված սարքերի շուկայական գներից:
III. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը
5. Հանձնաժողովը համագործակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և այլ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ:
6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
7. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
8. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների երեք քառորդը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
9. Հանձնաժողովի որոշումները կարող են ընդունվել առանց նիստերի գումարման հարցման միջոցով: Հարցումը համարվում է իրավազոր, եթե հարցմանը մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երեք քառորդը:
10. Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բուժհաստատությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ մասնագետների:
11. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:
12. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը.
բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում օրակարգը.
գ) հանձնաժողովի աշխատանքային խմբերին տալիս է համապատասխան հանձնարարականներ.
դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
13. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կարգավորում է հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցերը.
բ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը.
գ) իրականացնում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը:
14. Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն`
ա) ծանոթանալու հանձնաժողովի նիստի արձանագրություններին.
բ) ներկայացնելու հատուկ կարծիք հանձնաժողովի որոշումների վերաբերյալ:
15. Հանձնաժողովի անդամները պարտավոր են`
ա) մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.
բ) պատշաճորեն կատարել հանձնաժողովի նիստում իրենց տրված հանձնարարականները.
գ) կատարել հանձնաժողովի նախագահի առանձին հանձնարարականներ:
16. Հանձնաժողովն ապահովում է իր աշխատանքների հրապարակայնությունը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.12.2011, N 1202-Ա | 16.12.2011, N 631 | |
17.06.2003, N 278-Ն | 12.07.2003, N 631 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|