Գլխավոր տեղեկություն
Համար
N 413
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2000-12.05.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.10/15(113)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2000 թվականի N 413
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի կատարման միջոցառումների մասին» N 289 որոշման`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 5-ի N 233 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`

որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ կետով.

«23. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն 156  3  1»:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հուլիսի 3-ի N 413 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության

I. Ընդհանուր դրույթներ

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

3. Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

4. Նախարարությունն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթուղթ:

6. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

7. Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) բնակչության սոցիալական ապահովության զարգացման հիմնական ուղղությունների մշակումն ու իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրային համակարգի վրա հիմնված պետական, պարտադիր և կամավոր ապահովագրության միասնական սկզբունքների մշակումն ու կիրառումը.

գ) բնակչության զբաղվածության ոլորտի պետական կարգավորման քաղաքականության մշակումն ու իրագործումը.

դ) աշխատանքի բնագավառի պետական կարգավորման միասնական քաղաքականության մշակումն ու իրագործումը.

ե) պետական կենսաթոշակային ապահովության համակարգի կատարելագործման, պարտադիր և կամավոր կենսաթոշակային ապահովագրության քաղաքականության մշակումն ու իրագործումը.

զ) սոցիալական աջակցության բնագավառի քաղաքականության մշակումն ու իրագործումը.

է) հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի ուղղությամբ քաղաքականության մշակումն ու իրագործումը.

ը) ընտանիքի սոցիալական, իրավական և տնտեսական պաշտպանության իրավունքի ուղղությամբ քաղաքականության մշակումն ու իրագործումը.

թ) սոցիալական ապահովության համակարգի պետական նպատակային ծրագրերի մշակումն ու դրանց կատարման ապահովումը.

ժ) միջազգային, միջպետական պայմանագրերով և համաձայնագրերով սոցիալական ապահովության ոլորտին վերաբերող` պետության կողմից ստանձնած պարտականությունների կատարումը:

8. Նախարարության հիմնական գործառույթներն են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման նպատակով զբաղվածության ոլորտը կարգավորող առաջարկությունների մշակումը.

բ) բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան, հանրապետական և տարածքային զբաղվածության ծրագրերի մշակումն ու իրականացումը, ինչպես նաև դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի կարգավորումն ու կազմակերպումը.

դ) փոքր և միջին գործարարության զարգացման, ինչպես նաև պետությանը տրամադրվող վարկերի ու օտարերկրյա մասնավոր ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծմանն աջակցելը.

ե) աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության ու տարածքային կենտրոնների կողմից բնակչության զբաղվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման ապահովումը և դրա նկատմամբ վերահսկողության իրականացումը.

զ) աշխատանքի տեղավորման ծառայությունների լիցենզավորումը և դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

է) աշխատանքային օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների նախապատրաստումը, աշխատանքային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

ը) արտադրությունում աշխատողի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման գործընթացի նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

թ) կենսաթոշակների և պետական նպաստների նշանակման, կենսաթոշակային օրենսդրության միասնական կիրառման ապահովումը և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ժ) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միջոցով սոցիալական աջակցության ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կիրառման ապահովումը և վերահսկողության իրականացումը.

ժա) սոցիալական աջակցության համակարգի կատարելագործմանը աղքատության վերացմանն ուղղված հիմնահարցերի ուսումնասիրությունը և առաջարկությունների մշակումը.

ժբ) սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական պաշտպանվածությանն ու հասցեական օգնության իրականացմանն ուղղված հանրապետական ծրագրերի մշակումը, իրականացումը և համակարգումը.

ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովից ստացված ծրագրերը մարդասիրական օգնություն կամ բարեգործական գործունեություն որակելու մասին եզրակացություն տալը.

ժդ) քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպումը.

ժե) հաշմանդամների բժշկասոցիալական, մասնագիտական և հոգեբանական վերականգնմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը.

ժզ) բնակչության պրոթեզաօրթոպեդիկ օգնության և վերականգնողական պարագաներով ապահովման կազմակերպումը, հաշմանդամների լիարժեք կենսագործունեության ապահովումն ու դրանց նկատմամբ վերահսկողության իրականացումը, հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների արտադրության կազմակերպումը.

ժէ) մասնագիտացված հաստատություններում ու տնային պայմաններում միայնակ տարեց քաղաքացիների և հաշմանդամների խնամքի կազմակերպումը, ինչպես նաև սպասարկման նոր ձևերի ներդրման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

ժը) պատերազմի վետերանների, հաշմանդամների և տարեցների սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

ժթ) ընտանիքի պահպանման և զարգացման, սոցիալական պաշտպանության նոր մեխանիզմների մշակումը, կատարելագործումը, դրանց իրականացման կազմակերպումը և վերահսկողության իրականացումը.

ի) թափառաշրջիկ և մուրացկան անձանց, այդ թվում` երեխաներին, սոցիալական օգնության հանրապետական ծրագրերի մշակումն ու իրականացումը.

իա) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի կազմակերպումն ընտանիքներում և մասնագիտացված հաստատություններում.

իբ) հանրապետությունում որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների, որդեգրողների թեկնածուների կենտրոնացված հաշվառման իրականացումը.

իգ) հանրապետությունում որդեգրողների ընտանիքներում երեխաների ապրելու և նրանց դաստիարակության նկատմամբ վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը.

իդ) խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

իե) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցությունը.

իզ) սոցիալական ապահովության համակարգում տեղեկատվական հոսքերի ձևավորման և կառավարման իրականացումը.

իէ) հաշվառման և հաշվետվությունների վարման ու դրանց հավաստիության վերահսկումը.

իը) համակարգի պահպանման պետական նպատակային ծախսերի բյուջետային հայտերի մշակումը և դրանց կատարման ապահովումը.

իթ) սոցիալական ապահովության գործընթացների համալիր վերլուծության իրականացումը.

լ) գիտամեթոդական և խորհրդատվական օգնության ցուցաբերումը.

լա) զանգվածային լրատվության միջոցներով սոցիալական ապահովության ոլորտում տարվող քաղաքականության պարբերաբար լուսաբանումը.

լբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:

 

III. Նախարարության աշխատանքների կազմակերպումը

 

9. Նախարարության համակարգը ներառում է նախարարության ենթակայության հիմնարկները և կազմակերպությունները:

10. Նախարարությունը`

ա) սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` չխախտելով համակարգի հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը.

բ) մյուս պետական մարմինների հետ միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն.

գ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.

դ) սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումների, բողոքների) ժամանակին քննարկումը` հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

11. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

12. Նախարարը`

ա) ղեկավարում է նախարարության համակարգի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար:

բ) սահմանում է իր տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները, հաստատում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.

գ) ներկայացնում է նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ե) նախարարության, իսկ հատուկ լիազորությունների առկայության դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր.

զ) տալիս է լիազորագրեր, կնքում քաղաքացիական իրավական և աշխատանքային պայմանագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ու աշխատողների, համակարգի հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների.

է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը, կոլեգիայի կազմը և կենտրոնական ապարատի աշխատողների թիվը.

ը) սահմանված կարգով խրախուսում է համակարգի աշխատողներին և կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում նրանց նկատմամբ.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և դադարեցնում է համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը.

ժա) հաստատում է նախարարության կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման, անցկացման և որոշումների ընդունման կարգը.

ժբ) իրականացնում է իրավաբանական անձանց` մասնակցի (բաժնետիրոջ) իրավասությունները` Հայաստանի Հանրապետությանը պատկանող և նախարարության կառավարմանը վերապահված բաժնետոմսերի մասով, կամ այդ իրավասությունների իրականացումը լիազորում է նախարարության պաշտոնատար անձանց.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

13. Նախարարությունը համակարգի կառավարման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության ու միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:

14. Նախարարությունը ստեղծում է կոլեգիա, որի անդամների թիվը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալները, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը` ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համակարգի հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ:

Կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել քննարկվող հարցերին առնչվող այլ անձինք:

15. Կոլեգիայի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որոնցում քննության են առնվում ոլորտի զարգացման հարցերը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, նախարարի հրամանների, հրահանգների նախագծերը, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, աշխատողների ուսուցման կազմակերպման, ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման, նախարարության վարչությունների և բաժինների, համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները և նախարարության լիազորությունների հետ կապված այլ հարցեր:

16. Նիստերին կոլեգիայի անդամների ներկայությունը պարտադիր է: Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին: Կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում նախարարի հրամաններով:

17. Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

18. Նախարարին կից ստեղծվում է գիտնականներից և մասնագետներից կազմված սոցիալական հարցերով զբաղվող, հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական, գիտավերլուծական մարմին հանդիսացող գիտամեթոդական և այլ խորհուրդներ:

19. Նախարարությունը կազմակերպում է կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց վերապատրաստումը, անցկացնում կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորում, համակարգում է ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման և տեղաբաշխման աշխատանքները:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հուլիսի 3-ի N 413 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի

 

Կենսաթոշակային ապահովության վարչություն
Սոցիալական ապահովագրության վարչություն
Զբաղվածության վարչություն
Աշխատանքի վարչություն
Սոցիալական ծառայությունների վարչություն
Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություն
Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն
Համակարգչավորման վարչություն
Ամփոփ վերլուծության վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Հաշվապահական հաշվառման բաժին
Իրավաբանական բաժին
Կադրերի բաժին
Վերահսկողության տեսչություն
Նախարարի աշխատակազմ
Ընդհանուր բաժին
Գործերի կառավարչություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.10.2001, N 767 24.11.2001, N 413
13.04.2001, N 295 12.05.2001, N 413
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան