Գլխավոր տեղեկություն
Համար
N 76
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.1998-20.10.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.24/16(471)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.10.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 1998 թվականի N 76

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 33 որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թվականի
հունվարի 29-ի N 76 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է համակարգի պետական կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:

3. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) պետական գույքի մասնավորեցման ծրագրերի (այսուհետև` ծրագիր), ինչպես նաև այդ ծրագրերում առաջարկվող լրացումների և փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով ընկերությունները (ձեռնարկությունները) ու անավարտ շինարարության օբյեկտները մասնավորեցմանը նախապատրաստելը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում ընկերություններում մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարիչ նշանակելը և փորձագետներ վարձելը.

դ) ծրագրին համապատասխան և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման հայտերի ընդունումը և դրանց ընթացք տալը.

ե) պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

զ) պետական գույքի գնահատման կարգի և մասնավորեցումը կարգավորող նորմատիվ ակտերի նախագծերի մշակումը ու դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

է) մասնավորեցման ենթակա «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցների հաստատումը` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարությամբ հաստատված 1 քառ. մ արժեքից և այդ գործակիցների նվազագույն ու առավելագույն չափերից.

ը) ընկերությունները բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ կամ աճուրդով մասնավորեցնելու դեպքում մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գնի հաշվարկումը, ինչպես նաև պետական գույքն այլ ձևերով մասնավորեցնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում պետական գույքի գնահատումը` այդ նպատակով ստեղծելով հանձնաժողովներ կամ իր կողմից լիազորված մեկ այլ կազմակերպությանն առաջարկելով իրականացնել գույքի գնահատման աշխատանքները.

թ) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մասնավորեցման գործարքների (սեփականության իրավունքի փոխանցում նոր սեփականատիրոջը) կնքումը, գործարքների կատարման վերահսկումը և գործարքներում նշված պատժամիջոցների կիրառումը.

ժ) ծրագրի պահանջներից ելնելով` օրենքով սահմանված դեպքերում մասնավորեցման մասնակիցների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

ժա) ծրագրով սահմանված մասնավորեցման գործընթացում գտնվող ընկերությունների (ձեռնարկությունների) նկատմամբ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունների սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

ժբ) մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը.

ժգ) մասնավորեցման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն հաշվետվությունների նախագծեր ներկայացնելը.

ժդ) մասնավորեցման ենթակա ընկերությունների (ձեռնարկությունների) և անավարտ շինարարության օբյեկտների վերաբերյալ տեղեկությունների և ազդագրերի հրապարակման կազմակերպումը.

ժե) մասնավորեցվող ընկերությունների (ձեռնարկությունների) բաժնետոմսերի տրամադրումը.

ժզ) մասնավորեցվող ընկերություններում (ձեռնարկություններում) ուսումնասիրությունների իրականացումը և դրանց տնտեսական զարգացմանը նպաստող միջոցառումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

ժէ) մասնավորեցման աշխատանքներում գիտահետազոտական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև մասնագետների պայմանագրային հիմունքներով ներգրավումը, այդ թվում` փորձաքննության նպատակով.

ժը) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված կարգով լուծարված պետական ընկերությունների (ձեռնարկությունների) գույքի երկարատև կամ կարճատև վարձակալության տրամադրումը, վարձակալական վճարը և ժամկետը որոշելը.

ժթ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով անավարտ շինարարության օբյեկտների վարձակալության տրամադրումը և մասնավորեցումը.

ի) պետական կառավարման մարմինների, պետական բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկությունների) կողմից զբաղեցված շենքերի, տարածքների մասին (այդ թվում` վարձակալության տրված) ելակետային տվյալների ստացումն ու հաշվառումը.

իա) ներդրողներին մասնավորեցման գործընթացին վերաբերվող խորհրդատվության և տեղեկությունների տրամադրումը.

իբ) Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների և գերատեսչությունների կողմից իրականացվող զարգացման ու ներդրումների աջակցման ծրագրերի մշակմանը և իրագործմանը մասնակցելը.

իգ) օտարերկրյա ներդրողների հետ կապերի հաստատումը.

իդ) պետական գույքի մասնավորեցման, դրա տնօրինման, հաշվառման գործընթացների վերլուծության և դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդհանրացումը.

իե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում պետական գույքի, ինչպես նաև մասնավորեցման գործընթացում գտնվող ընկերությունների (ձեռնարկությունների) գույքի, պետական բաժնեմասի և բաժնետոմսերի տնօրինումը.

իզ) քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար միջոցներ ձեռնարկելը.

իէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, տարածքային ստորաբաժանումների ամբողջությունը:

6. Նախարարությունը բնագավառին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

7. Նախարարությունը`

ա) մյուս նախարարությունների, գերատեսչությունների ու պետական կառավարման տարածքային մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր և համագործակցություն` բնագավառին վերաբերող հարցերի մշակման, կարգավորման ու լուծման համար.

բ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է համակարգի պետական գույքի տնօրինման և օգտագործման գործառույթները.

դ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան բնագավառում, մշակում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանց սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

ե) իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու տարածքային ստորաբաժանումների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքն օտարելու կամ վարձակալության տալու համար.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն ու տարածքային ստորաբաժանումները.

ը) մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները.

թ) թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին տնտեսական միավորումներին անդամակցելու համար.

ժ) թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար.

ժա) իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և տարածքային ստորաբաժանումների գործունեության, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը:

8. Նախարարությունը բնագավառի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի, որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

9. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարը (այսուհետև` նախարար), որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

10. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ) իր իրավասության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները.

գ) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

դ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչության ու բաժինների պետերի և նախարարության կենտրոնական ապարատի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.

ե) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.

է) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի վարչության ու բաժինների, մյուս կառուցվածքային ստորաբաժանումների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.

ը) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կոլեգիայի անդամները թիվը և կոլեգիայի անհատական կազմը.

թ) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ժ) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ.

ժա) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, ենթակա պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր, բանկում բացում հաշիվներ, տնօրինում նախարարության ֆինանսական միջոցներն ու գույքը.

ժգ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատողներին.

ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

11. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

12. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի այլ ղեկավար աշխատողներ:

13. Նախարարության կոլեգիան`

ա) իր նիստերում քննության է առնում համակարգի պետական կառավարման քաղաքականության մշակման ու ներդրման հիմնական, կարևորագույն և այլ հարցեր: Կոլեգիայի նիստերն անցկացնում են առնվազն ամսական մեկ անգամ.

բ) ընդունում է որոշումներ, որոնք կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են այդ տարաձայնությունների մասին հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

14. Կոլեգիայի նիստերին կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, պետական ու ոչ պետական ընկերությունների (ձեռնարկությունների), մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

15. Նախարարության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թվականի
հունվարի 29-ի N 76 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

Նախարարի աշխատակազմ

Վերահսկողության տեսչություն

Մեթոդական բաժին

Մասնավորեցման ծրագրերի և վերլուծության բաժին

Իրավաբանական բաժին

Անավարտ շինարարության օբյեկտների բաժին

Մրցույթների կազմակերպման բաժին

Մասնավորեցվող գույքի հաշվառման բաժին

Մասնավորեցման նախապատրաստման բաժին

Մասնավորեցման հայտերի բաժին

Պայմանագրերի և վճարումների բաժին

Արտաքին կապերի և լրատվության բաժին

Գնահատման բաժին

«Փոքր» մասնավորեցման բաժին

Տարածքային բաժին

Պետական գույքի տնօրինման վարչություն

Գործերի կառավարչություն