Գլխավոր տեղեկություն
Համար
N 563
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.1997-09.11.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.04/10(382)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2001

041.0563.28.11.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 1997 թվականի N 563
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի (ֆոնդի) կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 173 որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
նոյեմբերի 28-ի N 563 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային Եվ զբաղվածության հիմնադրամի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետև` սոցիալական վճարներ) հաշվարկման, հավաքագրման, կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման պետական կառավարման հանրապետական մարմին է:

2. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթուղթ:

 

II. Հիմնադրամի խնդիրներն ու գործառույթները

 

4. Հիմնադրամի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) հանրապետությունում սոցիալական վճարների հաշվարկումը, հավաքագրումը և պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորումը.

բ) գործատուներին (անկախ սեփականության ձևից), քաղաքացիներին և ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցներին, գյուղացիական տնտեսությամբ գիտական ու ստեղծագործական աշխատանքով զբաղված անձանց հիմնադրամում որպես ապահովադիր գրանցման և հաշվառման աշխատանքների կազմակերպումը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուների` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ, վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի և ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց եկամուտներից կատարվող սոցիալական վճարների հաշվարկման, հավաքագրման, գանձման, հաշվառման, կուտակման և այդ միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման ապահովումը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակների նշանակման և վճարման աշխատանքների կազմակերպումն ու վերահսկողության իրականացումը.

ե) պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացման համար հատկացվող ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության ապահովումը.

զ) համակարգի մարզային և տարածքային մարմինների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության առաջնային ուղղությունների մշակումը և աշխատանքի կազմակերպման կատարելագործման ծրագրերի իրականացումը.

է) հիմնադրամի ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցների ներդրումից ստացված եկամուտների, նվիրատվությունների, հանգանակությունների և այլ մուտքերի հաշվառումն ու սահմանված կարգով տնօրինումը.

ը) հաշվապահական հաշվառման իրականացման և հաշվետվությունների ներկայացման ապահովումը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովադիրների կողմից սոցիալական վճարների կատարման և դրանց վերաբերող ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերի ստուգումների անցկացումը.

ժ) սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրերի նախապատրաստման և իրականացման աշխատանքներին մասնակցությունը.

ժա) հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

 

III. Հիմնադրամի համակարգը ԵՎ կառավարումը

 

5. Հիմնադրամի համակարգն իր ենթակայության մարզային և տարածքային մարմինների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ամբողջությունն է:

6. Հիմնադրամը համակարգին վերաբերող բոլոր հարցերը քննարկում և լուծում է խորհրդակցական ու միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցմամբ:

7. Հիմնադրամի կառավարման մարմինը հիմնադրամի խորհուրդն է, որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Հիմնադրամի խորհուրդը`

ա) կազմակերպում է հիմնադրամի գործունեությանն առնչվող օրենսդրական ու այլ իրավական ակտերի նախապատրաստման աշխատանքները և առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) նախապատրաստում է սոցիալական վճարների դրույքաչափերի և կենսաթոշակների չափերի փոփոխությունների մասին առաջարկություններ.

գ) հաստատում է հիմնադրամի ազատ միջոցների նպատակային օգտագործման և ներդրումների կատարման ծրագրերը.

դ) հաստատում է հիմնադրամի տնտեսական գործունեության իրականացման ծրագրերը.

ե) հավանություն է տալիս հիմնադրամի բյուջեի նախագծին.

զ) հաստատում է հիմնադրամի աշխատակազմի աշխատողների թիվը, մարզային և տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունները.

է) հաստատում է վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները.

ը) ազատում է սոցիալական վճարների ապառքներ չունեցող ապահովադիրներին ժամկետանց պարտքերի նկատմամբ հաշվարկված տույժերից, հետաձգում դրանց վճարման ժամկետները կամ նվազեցնում տույժերի գումարի չափը.

թ) հաստատում է համակարգի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման կանոնակարգը:

ժ) հաստատում է համակարգի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման կանոնակարգը:

9. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով, որի աշխատանքները ղեկավարում է խորհրդի նախագահը:

10. Խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են նրա անդամների կեսից ավելին:

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում` խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

13. Խորհրդի նիստերի աշխատանքին կարող են հրավիրվել պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներկայացուցիչներ:

14. Խորհրդի նիստերը ղեկավարում է խորհրդի նախագահը:

15. Հիմնադրամի խորհրդի ընդունած որոշումները ենթակա են պարտադիր կատարման և կենսագործվում են հիմնադրամի նախագահի հրամաններով:

16. Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է նրա նախագահը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

17. Հիմնադրամի նախագահն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով հիմնադրամի նախագահի հետ:

18. Հիմնադրամի նախագահը`

ա) սահմանում է նախագահի տեղակալի, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության շրջանակները.

բ) հաստատում է հիմնադրամի մարզային և տարածքային մարմինների կառուցվածքը, հաստիքային ցուցակները, ծախսերի նախահաշիվներն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է հիմնադրամի աշխատակազմի, մարզային և տարածքային մարմինների, ձեռնարկությունների և կազմակերպությունների համար.

դ) կազմակերպում է գործակարգավարական և այլ խորհրդակցություններ, ստորագրում նիստերի արձանագրությունները.

ե) սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում հիմնադրամի աշխատակազմի և համակարգի աշխատողներին.

զ) նշանակում է աշխատակազմի և համակարգի ղեկավար կադրերին, կազմակերպում նրանց որակավորման բարձրացման աշխատանքները, սահմանված կարգով անցկացնում որակավորման ստուգում.

է) հաստատում է հիմնադրամի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, մարզային և տարածքային մարմինների, համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է սոցիալական վճարների հաշվարկման, հավաքագրման, գանձման, հաշվառման, կուտակման և այդ միջոցների ծախսման կարգին վերաբերող պարզաբանումներ.

թ) հանրապետությունում և միջազգային կազմակերպություններում ներկայացնում է հիմնադրամը, տնօրինում գույքը, տալիս լիազորագրեր, բանկերում բացում հաշվարկային և այլ հաշիվներ.

ժ) սահմանված կարգով տնօրինում է հիմնադրամի ֆինանսական միջոցները, կնքում պայմանագրեր.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկություններն ու կազմակերպությունները, պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում դրանց ղեկավարներին.

ժբ) հիմնադրամի խորհրդին և, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում հիմնադրամի բյուջեի և կանոնադրության նախագծերը, հիմնադրամի գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթեր:

19. Հիմնադրամը կազմավորում է վերստուգիչ հանձնաժողով, որի կազմը և գործունեության կարգը հաստատում է հիմնադրամի խորհուրդը:

20. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իր իրավասության սահմաններում:

21. Հիմնադրամը միջճյուղային խնդիրների մշակման և լուծման հարցերում համագործակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական այլ մարմինների հետ, համատեղ միջոցառումներ իրականացնելու մասին կնքում պայմանագրեր, միջազգային կազմակերպությունների հետ ստեղծում գործարար կապեր.

22. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններից, բանկերից և ֆինանսավարկային կազմակերպություններից պահանջում և ստանում է սոցիալական վճարներին վերաբերող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված փաստաթղթեր և տեղեկություններ:

 

IV. Հիմնադրամի ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրները ԵՎ ծախսման ուղղությունները

 

23. Հիմնադրամի միջոցները գոյանում են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուների` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ, վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի և ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց եկամուտներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերին համապատասխան կատարվող սոցիալական վճարներից.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հատկացումներից.

գ) հիմնադրամի ազատ միջոցների ներդրմամբ ստացվող եկամուտներից.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովադիրներից որպես տույժ գանձվող գումարներից.

ե) գործատուների և քաղաքացիների կամավոր մուծումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

24. Հիմնադրամի միջոցները ծախսվում են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների վճարման և թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով.

բ) բնակչության զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսերի հատուցման նպատակով.

գ) հիմնադրամի ընթացիկ գործունեության, նրա աշխատակազմի և համակարգի մարմինների պահպանման ու զարգացման ծախսերի ապահովման նպատակով.

դ) հիմնադրամի նյութատեխնիկական բազայի ստեղծման և զարգացման նպատակով.

ե) հիմնադրամի գործունեության վերաբերյալ տեղեկատվության ապահովման և այլ միջոցառումների իրականացման նպատակով: