041.0514.25.08.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 1999 թվականի N 514
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության կանոնադրությունը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 181 որոշման 1-ին կետը` ազգային անվտանգության մարմինների մասով:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է ազգային անվտանգության մարմինների կառավարումը:
Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
Նախարարության գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետը:
2. Նախարարությունը պատասխանատու է հանրապետության ազգային անվտանգության իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման համար, որոշում է նախարարության համակարգի մարմինների գործունեության առաջնային ուղղությունները, մշակում և իրագործում է դրանց աշխատանքի կատարելագործման համալիր ծրագրերը:
3. Նախարարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային անվտանգության խնդիրներին առնչվող հետախուզական գործունեություն ծավալող բոլոր պետական մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը:
4. Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև` հանդես գալ դատարանում:
Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:
5. Նախարարությունը միասնական կենտրոնացված համակարգ է, որի մեջ մտնում են ազգային անվտանգության մարմինները, ազգային անվտանգության մարմինների առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով ստեղծված հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներ, կազմակերպություններ: Նախարարության համակարգում են գտնվում սահմանապահ զորքերը:
II. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթները
6. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը.
բ) Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ու նրանց հանձնարարությամբ պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններին Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին իրազեկումը.
գ) ռազմաարդյունաբերական համալիրի, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության, ռազմավարական օբյեկտների, ինչպես նաև առաջնային նշանակության գիտական մշակումների ոլորտում անվտանգության ապահովումը.
դ) օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության անվտանգության ապահովումը.
ե) Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անվտանգության ապահովումը.
զ) այլ պետական մարմինների հետ համատեղ հասարակական-քաղաքական, կրոնական և այլ զանգվածային միջոցառումների անվտանգության ապահովումը.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու և դրա սահմաններից դուրս գալու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ռեժիմին վերաբերող հարցերի լուծմանն աջակցելը.
ը) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մոբիլիզացիոն պատրաստվածության ապահովումը.
թ) սեփական անվտանգությունն ապահովող միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը (այդ թվում` նախարարության համակարգում օտարերկրյա պետությունների տեխնիկական միջոցներին հակազդելը).
ժ) Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության ժամանակ իրականացվող միջոցառումներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցությունը.
ժա) տեղեկատվական համակարգերի ստեղծումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նախարարության գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային և այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման կարգի սահմանումը.
ժբ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի ընդհանրացումը, դրա կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը, համապատասխան նորմատիվ ակտերի նախագծերի նախապատրաստմանը մասնակցելը, իրենց գործունեության իրավական ապահովումը կազմակերպելիս ազգային անվտանգության մարմինների մեթոդական ղեկավարման իրականացումը.
ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում իսկական և պայմանական անվանումների կիրառման և շնորհման կարգի սահմանումը.
ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նախարարության մարմիններում գործավարության և արխիվային գործի կազմակերպման նպատակով միասնական պահանջների սահմանումն ու կատարումը.
ժե) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիական անձնակազմի, նախարարության համակարգից զորացրված աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ապահովման կարգի մշակումն ու դրա իրականացումը.
ժզ) մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով ազգային անվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող հրապարակումների և հաղորդումների կազմակերպումը.
ժէ) Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, դրա տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, պետության անվտանգության ամրապնդման նպատակով հետախուզական տեղեկությունների հավաքումը.
ժը) Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ գործունեության բացահայտումը, կանխարգելումը, կանխումն ու խափանումը.
ժթ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զինվորական կազմավորումների, ինչպես նաև դրանց կառավարման մարմինների մարտունակության ու մարտական պատրաստության պահպանմանն աջակցելը.
ի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության միջոցառումների իրականացումը.
իա) պետական այլ մարմինների հետ համագործակցելով` կազմակերպված հանցագործության, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններում առանձնապես խոշոր չափերի կաշառակերության, օտարերկրյա պետությունների հետ զենքի և թմրանյութերի անօրինական շրջանառության, մաքսանենգության, անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և փոխելու նպատակ հետապնդող առանձին անձանց, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ու դրանց միավորումների դեմ պայքարի միջոցառումների մշակումը և իրականացումը.
իբ) իր իրավասության սահմաններում հանցագործությունների բացահայտումը, կանխարգելումը և կանխումը, դրանց հետաքննության ու նախաքննության կատարումը, հանցագործությունները կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետախուզումը.
իգ) ահաբեկչական գործողությունների բացահայտումը, կանխարգելումը, կանխումը և խափանումը.
իդ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմիններում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության զորամասում, այլ զինվորական կազմավորումներում ու դրանց կառավարման մարմիններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պետական մարմիններում անվտանգության ապահովումը.
իե) մասնակցությունը պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանության միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, պետական մարմիններում, զինվորական կազմավորումներում, կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը, պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին քաղաքացիների առնչվելու հետ կապված միջոցառումների սահմանված կարգով իրականացումը.
իզ) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող` հանրապետության կազմակերպությունների և քաղաքացիների անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումը.
իէ) հաղորդող ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոտվյալների և ռադիոառաքումների գրանցման ու կենտրոնացված հաշվառման իրականացումը, ռադիոհսկողության միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում հաղորդող ռադիոէլեկտրոնային միջոցների, ռադիոսարքավորումների բացահայտումը.
իը) ծածկագրային աշխատանքների անվտանգության ապահովման գործունեության համակարգումը (այդ թվում` տեղեկատվական-վերլուծական ցանցերի, տվյալների բազայի տեխնիկական միջոցների համալիրների ստեղծման, զարգացման, շահագործման փուլերում), Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում` ազգային անվտանգության), կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ծածկագրված տեղեկություններին առնչվելիս գաղտնիության ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
իթ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կառավարման համակարգում տեղեկությունների հաղորդման գաղտնիությունն ապահովող կառավարական կապի (գաղտնագրված կապի հատուկ համակարգի) իրականացումը.
լ) օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների քայքայիչ գործունեությանը հակազդելու հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտությունների կազմակերպումն ու իրականացումը.
լա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ խնդիրների ու գործառույթների իրականացումը:
III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը
7. Նախարարությունը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ազգային անվտանգության մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.
բ) անհրաժեշտության դեպքում մյուս նախարարությունների հետ համատեղ արձակում է հրամաններ և հրահանգներ.
գ) իր իրավասության սահմաններում` սահմանված կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը:
8. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
Նախարարն ունի մեկ առաջին տեղակալ և տեղակալներ: Նրանց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ` նախարարի առաջարկությամբ:
9. Նախարարը`
ա) կազմակերպում և ղեկավարում է նախարարության գործունեությունը.
բ) պատասխանատու է նախարարության և համակարգի մարմինների առջև դրված խնդիրների իրականացման համար.
գ) սահմանում է նախարարի տեղակալների, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը.
դ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.
ե) հաստատում է նախարարության կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների, ինչպես նաև կազմակերպությունների կանոնադրությունները.
զ) ներկայացնում է նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում.
է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ազգային անվտանգության ամբողջ համակարգի համար, կազմակերպում է դրանց կատարման ստուգումը.
ը) վերացնում է նախարարության կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների, նախարարության համակարգի կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող իրավական ակտերը.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.
ժ) նախարարության աշխատողներին պարգևատրելու համար հիմնում է կրծքանշաններ, հաստատում կրծքանշանների և դրանց նկարագրության վերաբերյալ կանոնադրությունը.
ժա) իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ազգային անվտանգության մարմինների ղեկավար կազմին, ազգային անվտանգության մարմինների զինծառայողներին արձակում է զինվորական ծառայությունից.
ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է ազգային անվտանգության մարմինների հաստիքացուցակները.
ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է ազգային անվտանգության մարմինների գործունեության ապահովման համար անհրաժեշտ կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման հարցերը.
ժդ) սահմանում է ազգային անվտանգության մարմինների գիտահետազոտական, ռազմաբժշկական ստորաբաժանումների և կազմակերպությունների զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի, ինչպես նաև ծառայողական շինություններն ու շենքերը շահագործող, պահպանող և սպասարկող անձնակազմի (ներառյալ զինծառայողները) անդամների թիվը` այդ նպատակների համար նախարարությանը հատկացված միջոցների սահմաններում.
ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային անվտանգության մարմինների զինծառայողներին` թողնելով զինծառայության մեջ, գործուղում է այլ նախարարություններ, գերատեսչություններ և կազմակերպություններ (անկախ կազմակերպական-իրավական ձևից).
ժզ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությանը համապատասխան խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության զինծառայողներին.
ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որոշում է նախարարության զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի համատեղությամբ աշխատանքի պայմանները.
ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով նախարարության զինծառայողներին ու աշխատողներին թույլատրում է դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից.
ժթ) հանդիսանում է նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների (այդ թվում` արտարժութային) կարգադրիչը.
ի) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սահմանված կարգով զինվորական ծառայության է ընդունում ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշում նրանց աշխատանքային ստաժը երկարամյա ծառայության մեջ հաշվարկելու վերաբերյալ, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության է ընդունում զինապարտներին ու պահեստազորում չգտնվող 20-35 տարեկան կանանց.
իա) սահմանված կարգով շնորհում է զինվորական կոչումներ` մինչև գնդապետի կոչումը ներառյալ, միջնորդություն է հարուցում նախարարության ղեկավար աշխատողներին զինվորական բարձրագույն կոչումներ շնորհելու վերաբերյալ.
իբ) նախարարության ղեկավար կազմի բարձր որակավորում ունեցող զինծառայողների համար սահմանում է անհատական պաշտոնային դրույքաչափեր.
իգ) սահմանված կարգով առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թիվը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.
իդ) հրավիրում և վարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
իե) հաստատում է նախարարության գիտատեխնիկական խորհրդի կազմն ու խորհրդի կանոնադրությունը.
իզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում է այլ լիազորություններ:
10. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հրամանով, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տեղակալներից մեկը:
11. Նախարարության համակարգում կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի` հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանմամբ:
12. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նրա տեղակալները` ի պաշտոնե, և նախարարության այլ ղեկավար աշխատողներ:
Նախարարության կառուցվածքը և կոլեգիայի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, վավերացնում` Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Կոլեգիայի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ:
13. Նախարարության կոլեգիան իր նիստերում քննության է առնում նախարարության գործունեությանը վերաբերող կարևորագույն, ինչպես նաև ղեկավար կազմի (վարչության պետ և բարձր) պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հարցերը, նախարարության համակարգի մարմինների կանոնադրությունների, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում կենտրոնական ապարատի մարմինների և մարզային վարչությունների ղեկավարների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են նախարարի հրամաններով:
Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
14. Նախարարության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին:
IV. Նախարարության կադրերը
15. Նախարարության հիմնական կադրերն են նրա զինծառայողները: Բացառիկ դեպքերում նախարարությունում պայմանագրային հիմունքներով կարող են աշխատանքի ընդունվել ծառայողներ և բանվորներ (քաղաքացիական անձնակազմ): Նախարարության զինծառայողներն են նախարարությունում զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք (սպաները, ենթասպաները և շարքայինները): Նախարարության պահեստազոր արձակված զինծառայողները մտնում են նախարարության կամ զինված ուժերի պահեստազորի մեջ:
16. Նախարարության զինծառայողները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք (բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից), եթե այն չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների կատարմանը (բացառությամբ ծառայողական անհրաժեշտության հետ կապված դեպքերի):
17. Նախարարության զինծառայողները զինվորական ծառայություն են անցնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
18. Նախարարության քաղաքացիական անձնակազմի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և նախարարության գերատեսչական նորմատիվ ակտերով:
19. Նախարարության աշխատողներին թույլատրվում է սահմանված կարգով պահել, կրել, գործադրել հաշվեցուցակային զենք և հատուկ միջոցներ:
20. Նախարարության համար կադրերի նախապատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.05.2003, N 258-Ն | 19.06.2003, N 514 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|