ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 1996 թվականի N 548
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՇՏԱԲԱՅԻՆ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի ղեկավար կազմի պատրաստականության և բնակչության պաշտպանության գործընթացի կատարելագործման նպատակով`
1. 1996 թվականի հոկտեմբերի 24-25-ը Արարատի մարզում «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կառավարումը Զովաշենի ջրամբարի ճեղքման վտանգի առաջացման և ճեղքման հետևանքների վերացման միջոցառումների իրականացումը» թեմայով անցկացնել քաղաքացիական պաշտպանության հրամանատարական շտաբային զինավարժություն` դրանում ընդգրկելով`
ա) Արարատի մարզպետին, Արարատի մարզպետարանը, Արարատի մարզի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների շտաբը, քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայությունները և մարզի բնակչության տարահանման հանձնաժողովը.
բ) պատգամավորների Արարատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն, Արարատի մարզի պատգամավորների Լանջազատի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն և դրանց քաղաքացիական պաշտպանության ծառայությունները.
գ) Արտաշատ քաղաքի տեքստիլ-տրիկոտաժի ֆաբրիկան, բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ձեռնարկությունը և Արարատ քաղաքի N 2 դպրոցը.
դ) դիտարկման և լաբորատոր հսկողության հանրապետական համակարգի և Արարատի մարզային համապատասխան հիմնարկները.
ե) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության գունդը` հատուկ մարտավարական զինավարժության ձևով:
2. Զինավարժության ղեկավարման պարտականությունը դնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար Ս. Բադալյանի վրա:
3. Արարատի մարզպետին` մինչև 1996 թվականի հոկտեմբերի 20-ը`
ա) ճշտել արտակարգ իրավիճակներում գործելու` մարզի, ինչպես նաև մարզի օբյեկտների, քաղաքների, գյուղերի պլանները և բնակչության պաշտպանության միջոցառումների անցկացման կարգը.
բ) պատրաստության վիճակի բերել կառավարման, կապի և ազդարարման համակարգերը, դիտարկման և լաբորատոր հսկողության հանրապետական համակարգի և մարզային համապատասխան հիմնարկները.
գ) կազմակերպել քաղաքացիական պաշտպանության համակարգի ծառայությունների և ուժերի կազմի համալրման աշխատանքները` համապատասխան մասնագետների մասնակցությամբ.
դ) զինավարժության մասնակիցների հետ նախապատրաստել և անցկացնել շտաբային վարժանքներ` «Բնակչության մասնակի տարահանման կազմակերպման և անցկացման կարգը» թեմայով:
4. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` մինչև 1996 թվականի հոկտեմբերի 20-ը ապահովել Արարատի մարզի կապի և ազդարարման համակարգի օբյեկտների պատրաստությունը` քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների և բնակչության ազդարարումն իրականացնելու համար:
5. Առաջարկել Հայկոոպի վարչությանը և հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, արդյունաբերության նախարարության, առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության, բնապահպանության և ընդերքի նախարարության, գյուղատնտեսության և պարենի նախարարության, կապի նախարարության, էներգետիկայի նախարարության, ներքին գործերի նախարարության, տրանսպորտի և հաղորդակցության նախարարության, քաղաքաշինության նախարարության քաղաքացիական պաշտպանության պետերին` մինչև զինավարժության սկիզբը`
ա) ճշտել գերատեսչական և ենթակա օբյեկտների արտակարգ իրավիճակներում գործելու պլանները.
բ) քաղաքացիական պաշտպանության ծառայությունների և ուժերի կազմը համալրել համապատասխան մասնագետներով և զինավարժության նախապատրաստման նպատակով անցկացնել վարժանքներ ու պարապմունքներ.
գ) զինավարժության ղեկավարման շտաբին տրամադրել քաղաքացիական պաշտպանության հարցերի գծով մեկական մասնագետ, որպես միջնորդ` զինավարժության ղեկավարման շտաբում համապատասխան ծառայության հարցերի լուծման համար:
6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը`
ա) ստեղծել զինավարժության անցկացման ղեկավարման շտաբ և մինչև 1996 թվականի հոկտեմբերի 5-ը ավարտել զինավարժության անցկացման անհրաժեշտ փաստաթղթերի մշակման աշխատանքները.
բ) սույն որոշման ցուցումների մասին ծանուցել զինավարժության մասնակից բոլոր շահագրգիռ կողմերի ղեկավարներին.
գ) մինչև 1996 թվականի հոկտեմբերի 15-ը զինավարժության ղեկավարման շտաբի անձնակազմի և միջնորդների հետ զինավարժության ծրագրով անցկացնել համապատասխան հրահանգչական պարապմունքներ.
դ) մինչև 1996 թվականի նոյեմբերի 15-ը զինավարժության անցկացման արդյունքների մասին ամփոփ զեկուցագիր ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
7. Զինավարժության ընթացքում իրականացնել`
ա) Արարատի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի կենտրոնացված ազդարարումը և հավաքը.
բ) Արարատի մարզի բնակչության ազդարարումը (մասնակի) քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով.
գ) ընդհանուր հետախուզում` ավտոմոբիլային միջոցներով և հետիոտն ձևով.
դ) բնակչության տարահանումն անվտանգ գոտիներ (մասնակի).
ե) տարահանման հանձնաժողովի աշխատանքի ծավալումն Արտաշատ քաղաքում.
զ) դիտարկման և լաբորատոր հսկողության գլխամասային և Արարատի մարզային հիմնարկների աշխատանքների ծավալումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|