041.0005.04.01.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունվարի 1999 թվականի N 5
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման հավելվածը «37. ՀՀ մաքսային վարչության մաքսատներ և մաքսային կետեր 651---» տողից հետո լրացնել նոր տողով`
«38. ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն |
57 | 2 | -»: |
Այս կապակցությամբ որոշման 38-77-րդ կետերը համարել համապատասխանաբար 39-78-րդ կետեր:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը (այսուհետև` տեսչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկային (այսուհետև` արժեթղթերի շուկա) կարգավորումն ու վերահսկումը ենթարկվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Տեսչությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
3. Տեսչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:
4. Տեսչությունն իրավաբանական անձ է, որն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթուղթ:
II. Տեսչության խնդիրներն ու գործառույթները
5. Տեսչության խնդիրներն են`
ա) արժեթղթերի շուկայի կարգավորման քաղաքականության մշակումը.
բ) արժեթղթերի շուկայում ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, արժեթղթերի շուկայի մասնակիցների գործունեության կարգավորման ու վերահսկման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացումը:
6. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան տեսչությունը`
ա) մշակում է արժեթղթերի շուկայի գործունեությունը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի նախագծերը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցում է շրջանառության ենթակա արժեթղթերի թողարկման ազդագրերը և Հայաստանի Հանրապետությունում շրջանառող ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արժեթղթերը.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով լիցենզավորում է արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեությունը.
դ) վերահսկում է Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերով կատարվող գործառնությունների օրինականությունը, այդ թվում` արժեթղթեր թողարկողների կամ նրանց լիազորած անձանց կողմից շրջանառության մեջ արժեթղթեր բաց թողնելու գործառնությունների ու արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից արժեթղթերով իրականացվող գործառնությունները.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում արժեթղթեր թողարկողների, արժեթղթերում ներդրում կատարող անձանց կողմից պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման նկատմամբ.
զ) հակամենաշնորհային օրենսդրությանը համապատասխան հաշվառում է խոշոր ներդրում հանդիսացող գործարքները.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատժամիջոցներ է կիրառում արժեթղթերի շուկայի վերաբերյալ օրենսդրությունը խախտող սուբյեկտների նկատմամբ.
ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
7. Տեսչությունը վարում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառող արժեթղթերի միասնական պետական գրանցամատյանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակում է արժեթղթեր թողարկողների, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ տվյալներ:
III. Տեսչության աշխատանքի կազմակերպումը
8. Տեսչությունն իր աշխատանքային գործունեությունն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով կազմում է տեսչության աշխատանքային ծրագրեր: Տեսչության աշխատանքային ծրագրերը կազմվում են յուրաքանչյուր տարվա համար: Տեսչության աշխատանքային ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը` տեսչության պետի ներկայացմամբ:
9. Տեսչությունը Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:
10. Տեսչությունը գլխավորում է տեսչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:
11. Տեսչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:
12. Տեսչության պետը`
ա) պատասխանատվություն է կրում տեսչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.
բ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և հրահանգներ.
դ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.
ե) սահմանում է տեսչության պետի տեղակալների, բաժնի պետերի և տեսչության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների շրջանակն ու կատարում տեսչության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.
զ) հաստատում է տեսչության վարչությունների և բաժինների կանոնադրությունները.
է) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչության խորհրդի անդամների թիվն ու անհատական կազմը.
ը) կազմակերպում և ղեկավարում է տեսչության խորհրդի նիստերը.
թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
13. Տեսչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:
14. Տեսչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են տեսչության պետը, պետի տեղակալները` ի պաշտոնե, և տեսչության այլ ղեկավար աշխատողներ:
15. Տեսչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում բնագավառի զարգացման հիմնական հարցերը և տեսչության գործունեության հետ կապված այլ հարցեր, քննարկում է կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում տեսչության վարչությունների հաշվետվությունները:
16. Տեսչության պետի և տեսչության խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում տեսչության պետը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին: Տեսչության խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
17. Տեսչության պետը տեսչության խորհրդի նիստի անցկացման ժամանակի և օրակարգի մասին նախապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին:
18. Տեսչության պետը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պահանջով հրավիրում է արտահերթ նիստ կամ նիստի օրակարգ է մտցնում լրացուցիչ հարց:
19. Տեսչության խորհրդի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են տեսչության պետի որոշումներով:
20. Տեսչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև ձեռնարկում է միջոցներ արժեթղթերի շուկայի վերաբերյալ օրենսդրությունը խախտող անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
21. Տեսչությունում գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության կենտրոնական ապարատի
Տեսչության աշխատակազմ
Կորպորատիվ ֆինանսների վարչություն
Վերահսկման վարչություն
Արժեթղթերի շուկայի կարգավորման վարչություն
Ֆինանսատնտեսական վերլուծությունների և շուկայի հետազոտման վարչություն
Իրավաբանական վարչություն
Գործերի կառավարչություն
Ազդագրերի գրանցման բաժին
Թողարկողների հաշվետվությունների ընդունման բաժին
Արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող անձանց վերահսկման բաժին
Թողարկողների վերահսկման և ներդրողների իրավունքների պաշտպանության բաժին
Արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորման բաժին
Արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող անձանց հաշվետվությունների ընդունման բաժին
Ֆինանսատնտեսական վերլուծությունների բաժին
Մեթոդաբանության բաժին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.09.2000, N 636 | 20.10.2000, N 5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|