041.0740.21.12.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 1998 թվականի N 740
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կանոնադրությունը, ապարատի և համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» N 193 և 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 544 որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության փոստի ԵՎ հեռահաղորդակցության նախարարության
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Նախարարությունն իր իրավասության սահմաններում իրականացնում է փոստի և հեռահաղորդակցության բնագավառի կատարումը, պատասխանատու է ճյուղի, կառուցվածքային քաղաքականության և շուկայական հարաբերությունների զարգացման, ճյուղում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:
3. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները
5. Նախարարության հիմնական խնդիրներն են`
ա) փոստի և հեռահաղորդակցության գործունեության կարգավորումը` ուղղված քաղաքացիների և իրավաբանական անձանց, փոստի և հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման կարիքների բավարարմանը.
բ) փոստի և հեռահաղորդակցության բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.
գ) փոստի և հեռահաղորդակցության բնագավառին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակումը, ինչպես նաև փոստի և հեռահաղորդակցության բնագավառում գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունումը.
դ) փոստի և հեռահաղորդակցության բնագավառում տնտեսական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը.
ե) ռադիոհաճախության տիրույթի բաշխման և օգտագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
զ) Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության հանրային համակցման ցանցի սարքավորումների և ծառայությունների սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպումը.
է) փոստի և հեռահաղորդակցության կանոնների, հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների, տվյալ բնագավառի կառույցների, ինչպես նաև ռադիոհաճախության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերի կիրառման կարգի սահմանումը.
ը) փոստի և հեռահաղորդակցության բնագավառում մոբիլիզացիոն ծրագրի մշակումը և արտակարգ իրավիճակներում հեռահաղորդակցության գործող ցանցերի համակարգումը.
թ) փոստի և հեռահաղորդակցության մասին օրենքների, գործող լիցենզիաների, փոստի և հեռահաղորդակցության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի պայմանների ու պահանջների կատարման, ինչպես նաև փոստի և հեռահաղորդակցության կանոնների ու նորմերի պահպանման պետական վերահսկողության իրականացումը.
ժ) հեռահաղորդակցության հանրային համակցված ցանցին այլ ցանցերի լծորդման տեխնիկական պայմանների սահմանումը.
ժա) հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախության տիրույթի բաշխման և հեռահաղորդակցության արբանյակների ուղեծրային դիրքերի օգտագործման կարգավորման, ինչպես նաև օգտագործման կարգի և պայմանների հաստատման ուղղությամբ պետության բացառիկ իրավունքի իրականացումը.
ժբ) բացառիկ իրավունքով մատուցվող փոստի և հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատումն ու հրապարակումը.
ժգ) փոստի և հեռահաղորդակցության բնագավառում գիտատեխնիկական առաջընթացի ապահովումը.
ժդ) փոստի և հեռահաղորդակցության բնագավառի աշխատողների սոցիալական պաշտպանվածության ու աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը.
ժե) Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում սահմանված կարգով ներկայացնելը, փոստի և հեռահաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելը և դրանց պաշտպանության ապահովումը:
6. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան նախարարությունը`
ա) մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության ենթակառուցվածքի զարգացման ծրագրի նախագիծը.
բ) շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ մշակում է Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության ցանցերի զարգացման ու դրանց կառավարման սխեմաները.
գ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովի հատկացրած ռադիոհաճախության տիրույթի բաշխումն ու օգտագործման վերահսկումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ համակարգի ընկերությունների և այլ օբյեկտների սեփականաշնորհման ու ապապետականացման վերաբերյալ.
ե) Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրին համապատասխան ապահովում է սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը.
զ) իրականացնում է մենաշնորհային գործունեության սահմանափակմանն ուղղված քաղաքականություն և օժանդակում հեռահաղորդակցության բնագավառում նոր տնտեսական կառույցների ստեղծմանը.
է) փոստի և հեռահաղորդակցության բնագավառում իրականացնում է ներդրումների քաղաքականություն.
ը) իրականացնում է իր տված լիցենզիաների հաշվառումը և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) բացառիկ իրավունքով սահմանում է Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշների պատկերի թեման, անվանագները, տպաքանակը, գործողության ժամկետները, կազմակերպում դրանց հրապարակումը և տարածումը, ինչպես նաև իրականացնում է փոստային ունիվերսալ ծառայություններ մատուցող փոստային օբյեկտների ինդեքսավորումը.
ժ) հաստատում է փոստային վճարումների, փոստային ծրարների և բացիկների նմուշները, սահմանում անվանագները և տպաքանակները, կազմակերպում դրանց հրատարակումն ու տարածումը.
ժա) իր իրավասության շրջանակներում սահմանում է փոստի և հեռահաղորդակցության ծառայությունների հիմնական տեսակների սակագները.
ժբ) կազմակերպում է հաշվապահական հաշվառման և հաշվետվության կատարելագործման աշխատանքները, քննարկում համակարգի ձեռնարկությունների հաշվապահական հաշվետվություններն ու դրանց հիման վրա կազմում ընդհանրացված հաշվապահական հաշվետվություն.
ժգ) կազմակերպում է փոստի և հեռահաղորդակցության բնագավառում մասնագետների պատրաստման աշխատանքները.
ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրներ ու գործառույթներ:
III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը
7. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների ամբողջությունը:
8. Նախարարությունը ճյուղին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում չխախտելով ձեռնարկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:
9. Նախարարությունը մյուս նախարարությունների հետ համատեղ իրականացնում է գործարար կապեր և համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:
10. Նախարարությունը`
ա) մյուս նախարարությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.
բ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ճյուղում, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մշակում է առաջարկություններ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին.
գ) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի նկատմամբ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
դ) մասնակցում է համակարգի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանմանը, կոորդինացնում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները:
11. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
12. Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը խորհրդակցելով նախարարի հետ:
13. Նախարարը`
ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում, սահմանում նախարարության կենտրոնական ապարատի վարչությունների և բաժինների պետերի ու մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունները.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է նախարարության համակարգի ձեռնարկությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու հրահանգները.
ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.
զ) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների կանոնադրությունները.
է) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թիվը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.
ը) կազմակերպում և վարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
թ) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների ղեկավարների հետ.
ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
14. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
15. Նախարարությունը ճյուղի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանմամբ:
16. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում է նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ:
17. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) քննության է առնում ճյուղի զարգացման հարցերը, քննարկում համակարգի ձեռնարկությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում նախարարության վարչությունների ու բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների հաշվետվությունները:
18. Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը, դրանց մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
19. Նախարարությունը ճյուղում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացում, տեղեկատվության հավաքում, մշակում և տարածում, զարգացնում և համակարգում է համագործակցությունն այլ երկրների հետ:
20. Նախարարությունն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար կարող է ստեղծել խորհուրդներ, հանձնաժողովներ, խմբեր:
21. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների և գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարության համակարգի ձեռնարկությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
22. Նախարարության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության փոստի ԵՎ հեռահաղորդակցության նախարարության կենտրոնական ապարատի
Նախարարի աշխատակազմ
Հակամենաշնորհային քաղաքականության լիցենզիաների և
տեղեկատվության վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Տեխնիկական վարչություն
Ռազմամոբիլիզացիոն վարչություն
Առաջին բաժին
Կադրերի բաժին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.08.1999, N 497 | 09.09.1999, N 740 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|