ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 1996 թվական N 212
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1996 թվականի ապրիլի 24-ի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ`
1. Երևանի քաղաքապետարանին` մինչև 1996 թվականի ապրիլի 20-ը ապահովել Եղեռնի հուշարձանի տարածքի, դրան հարող շրջակայքի, դեպի հուշարձանը մոտեցումների բարեկարգման, վերանորոգման և կանաչապատման անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` 1996 թվականի ապրիլի 24-ին, ապահովել Երևան քաղաքի Բնակչության տրանսպորտային միջոցներով անվճար սպասարկումը դեպի Եղեռնի հուշարձան, ըստ նախարարության կողմից նախօրոք հաստատված երթուղիների և չվերթների:
Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը նշված միջոցառման հետ կապված ծախսերը ծածկել ձեռնարկությունների օգուտների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը`
ա) ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երևան քաղաքում ապահովել հասարակական պատշաճ կարգուկանոն, հատկապես միջոցառումների անցկացման վայրերում, ուժեղացնել հսկողությունը կենսաապահովման և բարձր վտանգավորություն ունեցող օբյեկտների պահպանության նկատմամբ.
բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության կողմից ներկայացված հայտերի համաձայն հաստատված երթուղիներում ապահովել տրանսպորտի անվտանգ երթևեկությունը:
4. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությանը` լայնորեն լուսաբանել ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումները, պատրաստել հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ:
Հայաստանի Հանրապետության |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|