ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 1996 թ. N 332
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության մասին» N 343 և 1992 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչության մասին» N 492 որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) պետական կառավարման մարմին է, որը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է հեռուստատեսության, ռադիոյի, գրահրատարակչության, հայկական պետական լրատվական գործակալության ու մամուլի տպագրման ոլորտների կառավարումը և ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Նախարարությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, տեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:
Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
II. Նախարարության խնդիրները և գործառույթները
2. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) տեղեկատվության` հեռուստառադիոհաղորդումների, հայկական պետական լրատվական գործակալության` Արմենպրեսի (այսուհետև` Արմենպրես), գրահրատարակչության, պոլիգրաֆիայի, գրականության և մամուլի տարածման գործում պետական միասնական քաղաքականության իրականացման միջոցառումների մշակումն ու իրագործումը.
բ) միջազգային հանրությանը, սփյուռքի հայահոծ վայրերին Հայաստանի Հանրապետության քաղաքական-տնտեսական և մշակութային կյանքի վերաբերյալ, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, լայնորեն, համապարփակ և ճշմարտացի լրատվության ապահովումը.
գ) Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների, պետական քաղաքականության լայնորեն լուսաբանումը համակարգի մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով.
դ) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակմանը.
ե) պետական տեղեկատվության, հեռուստահաղորդումների, Արմենպրեսի, հրատարակչությունների, պոլիգրաֆիական ձեռնարկությունների և գրականության տարածման կազմակերպությունների զարգացման հիմնադրույթների, հայեցակարգերի, ընթացիկ և հեռանկարային ժամանակաշրջանների համար նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրագործման միջոցառումների համակարգումը.
զ) գրականության պահանջարկի ուսումնասիրությունը, համապատասխան գրականության հրատարակության, ձեռքբերման, տարածման և գրադարանների լրակազմման միջոցառումների իրականացումը.
է) տպագիր արտադրանքի բարձր որակի ապահովումը.
ը) գրահրատարակչական ոլորտի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների անկախ սեփականության ձևից, արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը.
թ) պետական պատվերների կատարման ապահովումը.
ժ) համակարգի պետական ձեռնարկությունների և գույքի ապապետականացման ու սեփականաշնորհման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը.
ի) Հայաստանում հրատարակված գրքերի տարածումը և հայկական գրքարվեստի քարոզչությունն արտասահմանում, գրահրատարակչական միջազգային համագործակցության կազմակերպումը.
լ) աշխարհում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների քննական վերլուծությունը և մեկնաբանությունը.
խ) ոլորտի տարբեր ճյուղերի զարգացման գործում միասնական պետական ինվեստիցիոն քաղաքականության իրականացման ապահովումը.
ծ) օտարերկրյա պետությունների հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ընկերությունների և այլ կազմակերպությունների հետ իր իրավասության սահմաններում համագործակցությունը, տեղեկատվական և մշակութային կապերի խթանումը.
կ) համագործակցությունն անկախ մամուլի և լրատվական գործակալությունների հետ.
հ) առևտրային և մյուս այլընտրանքային ծրագրերի իրականացման ապահովումը.
ձ) իր ոլորտի գործունեության լիցենզավորումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ղ) պետական տեղեկատվության, հեռուստառադիոհաղորդումների, Արմենպրեսի, հրատարակչությունների, պոլիգրաֆիական ձեռնարկությունների և գրականության տարածման կազմակերպությունների զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
ճ) հայ մամուլի և գրականության մատենագիտության մեջ (գրապալատի) մամուլի վիճակագրության, գրահրատարակչական գործի սոցոլոգիական հետազոտությունների, տեղեկատվական ժողովածուների հրատարակումը, հանրապետությունում և սփյուռքում լույս տեսնող գրքերի, պարբերական և շարունակական հրատարակությունների վերլուծական բացատրությունների ապահովումը.
մ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եթեր հեռարձակվող նյութերի նախապատրաստումը, դրանց կոորդինացումը, վերահսկումը և ուղղորդումը, լրատվական դաշտի համակարգումը.
յ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության թղթակցական կետերի և այլ ներկայացուցչությունների ստեղծումն արտասահմանում.
ն) համակարգչային եղանակով տեղեկատվության ստացման ապահովումը, մշակումը և սպառումը: Կապն արտաքին տեղեկատվական համակարգերի հետ.
շ) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացումն օտարերկրյա պետությունների հետ, համաձայնագրերի ու պայմանագրերի կնքումն արտասահմանյան պետական ընկերությունների, գործակալությունների և մասնավոր ֆիրմաների ներկայացուցիչների հետ:
III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը
3. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության Արմենպրեսի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
4. Նախարարությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում, չխախտելով մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Նախարարությունը մյուս նախարարությունների հետ իրականացնում է կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:
5. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:
Նախարարությունն իր համակարգում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
6. Նախարարությունը`
ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Արմենպրեսի, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկնրի ու կազմակերպությունների համար, և ստուգում է դրանց կատարումը.
բ) մյուս նախարարությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.
գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրական ակտերի կատարելագործման վերաբերյալ և նախագծեր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.
դ) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
ե) իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում Արմենպրեսի, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից ընդունված հրամաններն ու հրահանգները:
7. Նախարարությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
8. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարը, որին Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը խորհրդակցելով նախարարի հետ:
9. Նախարարը`
ա) ղեկավարում է նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկնրի ու կազմակերպությունների գործունեությունը.
բ) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.
գ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` Արմենպրեսի և համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության համար.
դ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.
ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
զ) հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկնրի և կազմակերպությունների կանոնադրությունները.
է) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.
ը) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
թ) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների (բացառությամբ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների), հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ:
10. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը կամ տեղակալներից որևէ մեկը:
11. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ:
12. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում է Արմենպրեսի, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է Արմենպրեսի, նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
13. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարությունները մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, այդ թվում` օտարերկրյա, ինչպես նաև, գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:
14. Նախարարությունը մասնակցում է ոլորտի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները:
15. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:
16. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:
17. Նախարարությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:
18. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:
19. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է Արմենպրեսի և համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնած պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:
20. Նախարարությունն իրականացնում է Արմենպրեսի և համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրա կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:
21. Նախարարության ֆինանսավորումն իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:
22. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ