Գլխավոր տեղեկություն
Համար
N 542
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.1998-10.02.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.10/21(54)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.02.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 1998 թվականի N 542

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության տեղական բաժանմունքները (ներկայումս` տարածքային վարչություններ) իրավաբանական անձի կարգավիճակը պահպանում են մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածում «Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն» բառերով:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 172 որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
սեպտեմբերի 9-ի N 542 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ու իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

3. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

4. Նախարարության կրճատ անվանումն է`

հայերեն` ՀՀ վիճնախարարություն

ռուսերեն` APMCTAT

անգլերեն` ARMSTAT

 

II. Նախարարության հիմնական խնդիրները

 

5. Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվության համակարգի կազմակերպումը, որը ներառում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի մշակումը, վիճակագրական դիտարկումների դաշտի որոշումը, տեղեկությունների հավաքագրումը, մշակումը, արդյունքների ամփոփումը և վերլուծությունը, դրանց մասին տեղեկատվության տրամադրումն ու հրապարակումը.

բ) միջազգային ֆինանսական, տնտեսական և այլ կազմակերպությունների սահմանած չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը.

գ) վիճակագրական տեղեկատվության արժանահավատության, ամբողջականության ապահովումը, ներառյալ այդ նպատակով վիճակագրական սկզբնական տվյալների հավաստիության, ճշտության նկատմամբ վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը.

դ) Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, համատիրությունների, անհատ ձեռներեցների պետական ռեգիստրի և բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների գրանցամատյանի (ռեեստր) վարումը.

ե) սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական գործընթացների վերլուծության հիման վրա համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ պատրաստելն ու ներկայացնելը` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

զ) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին (այդ թվում` միջազգային), հասարակությանը սահմանված կարգով տեղեկատվությամբ ապահովումը.

է) վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը.

ը) ժամանակակից գիտամեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային բազայի վրա վիճակագրական ցուցանիշների ու դիտարկումների դաշտի կատարելագործումը, վիճակագրական տեղեկատվության օպերատիվության և որակի բարձրացումը.

թ) վիճակագրության բնագավառի կադրերի պատրաստման և վերապատրաստման ապահովումը.

ժ) պետական վիճակագրական համակարգից դուրս, անհրաժեշտության դեպքում, վիճակագրական դիտարկումների, ուսումնասիրությունների անցկացման և դրանց արդյունքների վերլուծության հարցերի գծով մեթոդաբանական օգնություն ցույց տալը:

 

III. Նախարարության գործառույթները

 

6. Նախարարությունն իր խնդիրներին համապատասխան`

ա) կատարում է պետական վիճակագրական աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) վիճակագրական տեղեկությունների հավաքման նպատակով հաստատում և գործողության մեջ է դնում պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերը` համատարած, ընտրանքային և մենագրական վիճակագրական դիտարկումների համար, դրանց լրացման հրահանգները, դիտարկումների անցկացման մեթոդական ցուցումները, միանվագ հաշվառումների, հետազոտությունների, հաշվեգրումների ձևերն ու ծրագրերը.

գ) սահմանված կարգով ապահովում է վիճակագրական տեղեկությունների պահպանումը, պաշտպանումը, պետական և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը.

դ) այլ մարմինների հետ համատեղ աշխատանքներ է կատարում հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան ազգային հաշիվների համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ` վիճակագրական արժեմեծությունների համապատասխանությունն ու համադրելիությունն ապահովելու նպատակով.

ե) պարբերաբար և ըստ անհրաժեշտության պատրաստում ու համապատասխան պետական մարմիններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն.

զ) հարցումների, տնային տնտեսությունների և այլ սուբյեկտների հետազոտությունների միջոցով ուսումնասիրում է սոցիալ-ժողովրդագրական գործընթացները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում մարդահամարներ.

է) իրականացնում է հանրապետությունում վիճակագրական հաշվառմանն ու հաշվետվությանը վերաբերող հարցերի ընդհանուր ղեկավարումը, այդ նպատակով ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին պետական վիճակագրական հաշվառման և հաշվետվության ներկայացման կարգի վերաբերյալ տալիս է մեթոդական ցուցումներ, վիճակագրական տեղեկություններ ներկայացնողների համար անցկացնում սեմինարներ, խորհրդակցություններ.

ը) կազմակերպում է հանրապետությունում վիճակագրական տեղեկություններ ներկայացնողներին պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերով և դրանց լրացման հրահանգներով անվճար ապահովման աշխատանքները.

թ) վիճակագրական տեղեկություններ ներկայացնողների մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգում է վիճակագրական հաշվառման և հաշվետվության մեջ (հարցաթերթիկներում և այլն) արտացոլված տվյալների արժանահավատությունն ու դրանց ներկայացման ժամկետները.

ժ) զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ընթացիկ և տարեկան արդյունքները.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մատուցում է ծառայություններ (վիճակագրական դիտարկումների անցկացում, տեղեկությունների տրամադրում և այլն).

ժբ) համագործակցում է այլ պետությունների ազգային վիճակագրական ծառայությունների և միջազգային կազմակերպությունների հետ, իր գործունեության ընթացքում կիրառում է դրանց առաջավոր փորձը:

7. Նախարարությունն իր խնդիրների լուծման և գործառույթների իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավասու է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից (այդ թվում` ֆինանսավարկային), անհատ ձեռներեցներից և քաղաքացիներից անվճար ստանալու պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ (հաշվետվություններ, այդ թվում` առևտրային գաղտնիք պարունակող).

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու վիճակագրական աշխատանքներին առնչվող անհրաժեշտ այլ տեղեկություն (հարցումների, հարցաթերթիկների, հաշվետվություններին կից բացատրությունների և այլ ձևով).

գ) վիճակագրական դիտարկումների անցկացման ընթացքում «պայմանագրային հիմունքներով» քաղաքացիներից և տնային տնտեսություններից ստանալու անհրաժեշտ տվյալներ (սահմանված դեպքերում իրականացնելով փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով) նրանց սոցիալ-ժողովրդագրական վիճակի մասին.

դ) անհրաժեշտության դեպքում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակայնորեն պարզաբանելու վիճակագրական տեղեկատվության, տվյալների ոչ ճիշտ օգտագործման ու մեկնաբանման դեպքերը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում ընդունելու գերատեսչական նորմատիվ ակտեր, հրապարակելու հրամաններ և հաստատելու վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների և այլն) ձևեր, դրանց լրացման հրահանգներ, ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է վիճակագրական դիտարկման օբյեկտների (վիճակագրական տեղեկություններ ներկայացնողների) համար.

զ) ստացված վիճակագրական հաշվետվություններում սխալներ հայտնաբերելու դեպքում վիճակագրական տեղեկություններ ներկայացնողներին պարտավորեցնելու կատարել համապատասխան ուղղումներ.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու վիճակագրության մասին օրենսդրության խախտումների համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ.

ը) անցկացնելու վիճակագրության, ռեգիստրների և դասակարգիչների վարման հարցերի վերաբերյալ փորձաքննություն.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու պետական տուրքերի և պարտադիր այլ վճարների գանձումը և մատուցելու վճարովի ծառայություններ:

 

IV. Նախարարության աշխատանքների կազմակերպումը ԵՎ ղեկավարումը

 

8. Նախարարության համակարգը ներառում է տարածքային ստորաբաժանումները (մարզային վարչություններ և տեղական բաժանմունքներ) և Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրը: Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկությունների, համատիրությունների, անհատ ձեռներեցների պետական գրանցումը և հիմնարկների ու կազմակերպությունների գրանցամատյանների (ռեեստրի) վարումը:

Պետական ռեգիստրի գործառույթների իրագործումը տարածքային մակարդակով կատարվում է տարածքային ստորաբաժանումների միջոցով:

Մարզային վարչություններն իրավաբանական անձ են, ունեն իրենց կնիքն ու դրոշմակնիքը:

Տեղական բաժանմունքները չունեն իրավաբանական անձի կարգավիճակ և ենթարկվում են մարզային վարչություններին:

9. Նախարարությունն իրականացնում է`

ա) նախարարության համակարգի ֆինանսական գործունեության կազմակերպումը.

բ) մարզային վարչությունների և այլ ստորաբաժանումների կողմից իրականացվող գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

դ) քաղաքացիների դիմումների, բողոքների, գանգատների քննարկումը և միջոցներ ձեռնարկում նախարարության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար.

ե) իրեն ամրակցված գույքի օպերատիվ կառավարումը, ներառյալ գույքի օտարման կամ վարձակալության տալու հարցերը.

զ) համակարգի աշխատողների որակավորման բարձրացման գործառույթները, ինչպես նաև որակավորման ստուգման աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

10. Նախարարությունը պետական վիճակագրության կազմակերպման ու կենտրոնական ապարատի ու համակարգի կառավարման բոլոր հարցերը քննարկում ու լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման սկզբունքի, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:

11. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարը (այսուհետև` նախարար), որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

12. Նախարարը`

ա) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրագործման համար.

բ) սահմանում է իր տեղակալների, նախարարության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունը, կատարում է պարտականությունների բաշխում նախարարի տեղակալների միջև.

գ) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

դ) ներկայացնում է նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ե) նախարարության անունից տալիս է լիազորագրեր, երաշխիքներ, կնքում քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ու աշխատողներին, համակարգի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

զ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության և Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կանոնադրությունները, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը և կոլեգիայի կազմը.

է) հաստատում է նախարարության կոլեգիայի նիստերի նախապատրաստման և անցկացման կարգը.

ը) վարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

թ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ (այդ թվում` այլ նախարարությունների ղեկավարների հետ համատեղ), տալիս ցուցումներ, հաստատում հրահանգներ և այլ գերատեսչական նորմատիվ ակտեր.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խրախուսում և կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների, տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, համակարգի այլ աշխատողների, ինչպես նաև պետական վիճակագրական աշխատանքների իրականացման գործում էական մասնակցություն ցուցաբերած այլ մասնագետների նկատմամբ` խորհրդակցելով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը կամ, նախարարի հանձնարարությամբ` տեղակալներից մեկը:

14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները, Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի պետը, նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի այլ ղեկավար աշխատողներ:

15. Նախարարության կոլեգիայի նիստերը գումարվում են ամիսը առնվազն մեկ անգամ: Կոլեգիան քննության է առնում համակարգի կատարելագործման և զարգացման հիմնական հարցերը, քննարկում համակարգի գործնական ղեկավարման, կատարողական կարգապահության, վերահսկողության, ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ (վարկային, շնորհային և այլն) ծրագրերի իրականացման մասին հաշվետվությունները, դրանց արդյունավետությունը, քննարկում գիտամեթոդաբանական խորհրդի կազմին, կանոնադրությանը վերաբերող և այլ հարցեր:

16. Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

17. Կոլեգիայի նիստերին կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման աշխատողը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, պետական ու ոչ պետական ձեռնարկությունների և զանգվածային լրատվության միջոցների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

18. Վիճակագրական ցուցանիշների համակարգի, դիտարկումների (հաշվառումներ, հետազոտություններ, հաշվեգրումներ և այլն) ծրագրերի զարգացման ապահովման, դիտարկումների և այլ վիճակագրական աշխատանքների իրականացման մեթոդաբանության կատարելագործման նպատակով նախարարությանը կից հասարակական հիմունքներով կարող է գործել գիտամեթոդաբանական խորհուրդ` նախարարի (նախագահ), շահագրգիռ այլ նախարարությունների, գիտական հիմնարկների ներկայացուցիչների և այլ մասնագետների մասնակցությամբ:

Գիտամեթոդաբանական խորհրդի կազմն ու կանոնադրությունը հաստատում է նախարարը:

19. Նախարարության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
սեպտեմբերի 9-ի N 542 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Նախարարի աշխատակազմ

Ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչություն

Մարդահամարի վարչություն*

Սոցիալ-ժողովրդագրական վիճակագրության վարչություն

Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչություն

Տպագրակազմարարական և պատճենահանման աշխատանքների բաժին

Գործերի կառավարչություն

Ֆինանսահաշվային բաժին

Առաջին բաժին

Կադրերի բաժին

Ամփոփ վիճակագրական և տեղեկատվության բաժին

Միջազգային վիճակագրական համագործակցության բաժին

Վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության բաժին

Մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժին

Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին

Ֆինանսների և դրամաշրջանառության բաժին

Գների և միջազգային համադրումների բաժին

Արդյունաբերության բաժին

Շինարարության բաժին

Գյուղատնտեսության բաժին

Տրանսպորտի և կապի ծառայությունների բաժին

Առևտրի և այլ ծառայությունների բաժին

Վիճակագրական հաշվետվությունների հաշվառման և վերահսկման բաժին

_____________

* Հայաստանի Հանրապետությունում մարդահամար անցկացնելուց հետո ենթակա է լուծարման:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.01.2001, N 47 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան