041.0399.08.07.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 1998 թվականի N 399
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 31 որոշման առաջին կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը (այսուհետև` նախարարություն), Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է տնտեսության, բնակչության տրանսպորտային կարիքների բավարարման նպատակով ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրատրանսպորտի, մետրոպոլիտենի և հաղորդակցության ուղիների փոխկապակցված զարգացման ապահովումը, ինչպես նաև համակարգի պետական կառավարումը` ենթարկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Նախարարությունը պատասխանատվություն է կրում իր առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար:
3. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով ու իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները
5. Նախարարության խնդիրներն ու գործառույթներն են`
ա) իր իրավասության սահմաններում տրանսպորտի ոլորտում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
բ) տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման և այլ կանոնների, տեխնիկական նորմերի մշակումը և հաստատումը, որոնց պահանջների կատարումը պարտադիր է բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց համար.
գ) պետական պատվերի կատարման ապահովումը.
դ) երթևեկության կազմակերպման բարելավումը, երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը և կենսոլորտի վրա տրանսպորտի վնասակար ազդեցության նվազեցումը.
ե) բեռների փոխադրումների և օբյեկտների անվտանգության ու պահպանության կազմակերպման ապահովումը.
զ) մասնավորեցման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.
է) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և այլ աղբյուրներից նախարարության համակարգի ձեռնարկություններին սահմանված կարգով հատկացված միջոցների նպատակային ու արդյունավետ ծախսման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ը) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի համակարգում զարգացման և ներդրումների ծրագրերի, ձեռնարկատիրական գործունեության զարգացման, տարածքային տրանսպորտային, սակագնային քաղաքականության մշակումն ու իրականացումը.
թ) համակարգում աշխատողների սոցիալական պաշտպանվածության և աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման իրավական կարգավորումը.
ժ) նախարարության համակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, աշխատանքի և կառավարման արդյունավետ համակարգերի ներդրումը.
ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտի ոլորտում անառողջ մրցակցությունը դադարեցնելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.
ժբ) տրանսպորտի ոլորտում քաղաքացիական պաշտպանության առաջադրած պահանջներին համապատասխան նպատակային և երկարաժամկետ ծրագրերի կազմումն ու դրանց իրականացումը.
ժգ) նախարարության ենթակայության ձեռնարկությունների արտաքին տնտեսական գործունեության համակարգումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ժդ) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորող ծրագրերն իրականացնող կազմակերպությունների գործունեությանն աջակցելը.
ժե) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային ծառայությունների շուկայի գործունեությանն առնչվող` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման մարմինների կողմից իրավական ակտերի նախագծերի մշակմանը մասնակցելը.
ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաներ տալը.
ժէ) անհատ ձեռներեցների, ձեռնարկությունների ու դրանց միավորումների և այլ կազմակերպությունների հետ համագործակցելը.
ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:
III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը
6. Նախարարության համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային ու վերգետնյա էլեկտրատրանսպորտի, մետրոպոլիտենի և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ու շահագործման ձեռնարկությունները և քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետև` վարչություն) ինչպես նաև նրան ենթակա ձեռնարկությունների ամբողջությունը:
7. Նախարարությունը`
ա) իր իրավասության սահմաններում լուծում է ոլորտին վերաբերող հարցերը` չխախտելով ենթակա ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը.
բ) համագործակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ` միջգերատեսչական հարցերի կառավարման ու լուծման համար.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է համակարգի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները.
դ) ընդհանրացնում է ոլորտում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծեր, իր իրավասության սահմաններում ընդունում գերատեսչական նորմատիվ ակտեր և իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ե) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը, կնքում միջազգային պայմանագրեր.
զ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.
է) կազմակերպում է նախարարության համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները.
թ) մշակում և իրականացնում է նախարարության կենտրոնական ապարատի, նախարարության համակարգի ձեռնարկությունների աշխատողների մասնագիտական պիտանիության ու որակավորման վերաբերյալ պահանջները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարբերաբար ստուգում աշխատողների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին.
ժ) թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին` տնտեսական միավորումներին անդամակցելու համար.
ժա) վերահսկում է համակարգի ձեռնարկությունների և վարչության պետական գույքի օգտագործումը, դրանց օտարումն ու վարձակալության հանձնումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ժբ) իրականացնում է վարչության և ձեռնարկությունների գործունեության, ներառյալ նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը.
ժգ) կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
8. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
9. Նախարարը`
ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.
բ) կատարում է նախարարի տեղակալների պարտականությունների բաշխում, սահմանում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության շրջանակները.
գ) արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է նախարարության համակարգի ձեռնարկությունների համար.
դ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում վարչության և ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու կարգադրությունները.
ե) հաստատում է նախարարության համակարգի ձեռնարկությունների, կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը և կոլեգիայի կազմը.
է) ղեկավարվում է նախարարության կոլեգիայի նիստերը.
ը) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր.
ժ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատողներին.
ժա) նախարարությանը ենթակա գերատեսչության ղեկավարի ներկայացմամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գերատեսչության համակարգի ձեռնարկությունների տնօրեններին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ.
ժբ) անհրաժեշտության դեպքում վարում է վարչության խորհրդի հերթական նիստը և հրավիրում արտահերթ նիստեր.
ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
10. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պատասխանատվությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը կամ տեղակալներից մեկը:
11. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարությանը ենթակա գերատեսչությունների ղեկավարները, նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի այլ ղեկավար աշխատողներ:
12. Նախարարության կոլեգիան իր նիստերում, որոնք հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, քննության է առնում ոլորտի գործունեության և զարգացման հիմնական հարցերը, քննարկում նախարարությանը ենթակա գերատեսչությունների, համակարգի ձեռնարկությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցեր, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում նախարարության վարչության և բաժինների, վարչության, ձեռնարկությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը ` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
13. Կոլեգիայի նիստերին կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման աշխատողը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, պետական ու ոչ պետական ձեռնարկությունների, մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
14. Նախարարության կենտրոնական ապարատի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Նախարարության աշխատակազմ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Փոխադրումների վարչություն
Տեխնիկական քաղաքականության և մասնավորեցման վարչություն
Ներդրումների և շինարարական ծրագրերի վարչություն
Իրավաբանական վարչություն
Որոշումների կատարման վերահսկողության վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Օդային փոխադրումների քաղաքականության բաժին
Ծովային փոխադրումների քաղաքականության բաժին
Տրանսպորտի անվտանգության և գծային հսկողության բաժին
Լիցենզավորման բաժին
Հաշվապահություն
Կադրերի և սոցիալական հարցերի բաժին
Հատուկ բաժին
Տնտեսական բաժին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.11.1999, N 678 | 23.11.1999, N 399 | |
12.12.1998, N 723 | 01.01.1999, N 399 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|