Գլխավոր տեղեկություն
Համար
N 155
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.11.28/26
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 1998 թվականի N 155
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կոլեգիայի անդամների թիվը` 9 մարդ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 616 որոշման 2-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թվականի
մարտի 19-ի N 155
որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը (այսուհետև` վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտների կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Վարչությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինը:

Վարչությունը պատասխանատվություն է կրում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում տիրող վիճակի և դրանց հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը (Հայպետստանդարտ) իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատվերով և իր անվամբ կնիք:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Վարչության հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և սերտիֆիկացման ազգային համակարգերի ստեղծումը` դրանք համապատասխանեցնելով միջազգային (տարածաշրջանային), միջպետական ու այլ պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային համակարգերին.

բ) Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, սերտիֆիկացման և սպառողների ու պետության շահերի պաշտպանության ոլորտներում պետական վերահսկողության և հսկողության կազմակերպումն ու իրականացումը.

գ) միջազգային (տարածաշրջանային) ու միջպետական ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման աշխատանքներին մասնակցությունը.

դ) ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում պետական գրանցամատյանի վարումը.

ե) ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում տեղեկատվական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

զ) ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը:

4. Վարչության հիմնական գործառույթներն են`

ա) ստանդարտացման ոլորտում` Հայաստանի ազգային ստանդարտներում արտադրանքի, աշխատանքների (գործընթացների) և ծառայությունների որակի նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումը, որոնք ապահովում են արտադրանքի, աշխատանքների (գործընթացների) ու ծառայությունների անվտանգությունը, շրջակա միջավայրի, բնակչության կյանքի, առողջության և գույքի պահպանումը, ինչպես նաև արտադրանքի տեխնիկական ու տեղեկատվական համատեղելիությունը և համափոխարինելիությունը,

Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային (տարածաշրջանային), միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտների, կանոնների, նորմերի ու հանձնարարականների կիրառման կանոնների սահմանումը,

Հայաստանի ազգային ստանդարտների, տեխնիկատնտեսական տեղեկատվական դասակարգիչների մշակման, դրանց փորձաքննության, հաստատման և պետական գրանցման աշխատանքների կազմակերպումն ու հրապարակումը` Հայաստանի Հանրապետության պետական և այլ լեզուներով,

արտադրանքի (ծառայությունների) տեխնիկական պայմանների փորձաքննության (ըստ պարտադիր պահանջների) իրականացումն ու պետական գրանցումը,

միջազգային (տարածաշրջանային), միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտների, տեխնիկական պայմանների ու ստանդարտացման այլ նորմատիվ փաստաթղթերի ֆոնդի ստեղծումն ու վարումը և դրանց հրապարակումը,

Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների ստեղծումն ու նրանց աշխատանքների կազմակերպումը.

բ) չափագիտության ոլորտում`

Հայաստանի Հանրապետության տարածքում չափումների մասնակցության ապահովումը.

ազգային չափանմուշների, նմուշային չափման միջոցների, ստուգաչափման սխեմաների հաստատումը,

չափանմուշների, չափման միջոցների, չափման մեթոդների և արդյունքների, ստուգաչափման սխեմաների նկատմամբ չափագիտական ընդհանուր պահանջների սահմանումը,

չափման միջոցների ստուգաչափման կազմակերպումը և իրականացումը,

չափման միջոցների տեսակի պետական, սերտիֆիկացման և տեսչական փորձարկումների կատարումը,

չափման միջոցների տեսակի հաստատումը և պետական գրանցամատյանի վարումը.

չափման միջոցների նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումը.

չափման միջոցների տեսակի պետական փորձարկումներ, ստուգաչափում, ստուգաճշտում իրականացնող լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրումը,

Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի և հաճախականության չափումների միասնականության ապահովումը,

նյութերի հատկությունների ու բաղադրությունների ստանդարտ նմուշների ստեղծման և օգտագործման աշխատանքների համակարգումը,

նյութերի հատկությունների և ֆիզիկական հաստատունների ու ստանդարտ տեղեկատվական տվյալների ստեղծման և օգտագործման աշխատանքների համակարգումը.

չափագիտական պարտադիր կանոններ ու նորմեր սահմանող նորմատիվ փաստաթղթերի մշակումը.

տնտեսավարող սուբյեկտների չափման միջոցների արտադրման, նորոգման գործունեության սահմանված կարգով լիցենզավորումը,

Հայաստանի Հանրապետության կառավարություն մեծությունների միավորների օգտագործման թույլտվության վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը,

չափման միջոցների պարտադիր սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

գ) սերտիֆիկացման ոլորտում`

պետական կառավարման մարմինների, հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների), արտադրողների (վաճառողների, կատարողների) աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը,

սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրման աշխատանքների կազմակերպումը,

արտադրանքի (ծառայությունների) սերտիֆիկացման, արտադրությունների գնահատման և որակի համակարգերի սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպումը,

համանման արտադրանքի սերտիֆիկացման համակարգերի ստեղծումը և դրանց գործունեության կանոնների սահմանումն ու կառավարումը,

հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) տեսչական վերահսկողության իրականացումը,

միջազգային (տարածաշրջանային) սերտիֆիկացման համակարգերին միանալու համար առաջարկությունների նախապատրաստումը և միջազգային (տարածաշրջանային) կազմակերպությունների հետ սերտիֆիկացման փոխճանաչման համաձայնագրերի կազմումն ու կնքումը.

արտասահմանյան սերտիֆիկատների, համապատասխանության նշանների և փորձարկումների արդյունքների ճանաչման կանոնների սահմանումը.

դ) պետական վերահսկողության իրականացման ոլորտում`

նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների, պարտադիր սերտիֆիկացման կանոնների պահպանման և սերտիֆիկացման արտադրանքի վերահսկողության իրականացման կանոնների ու ընթացակարգերի սահմանումը,

սպառողների և պետության շահերի պաշտպանության ապահովման նպատակով արտադրանքի մշակման, արտադրության համար նախապատրաստման, դրա արտադրության, առաքման, իրացման, օգտագործման (շահագործման), պահման, տեղափոխման և օգտահանման փուլերում տնտեսավարող սուբյեկտների կողմից նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների, ինչպես նաև սերտիֆիկացված կանոնների պահպանումն ու սերտիֆիկացման արտադրանքի պետական վերահսկողության իրականացումը,

չափումների միասնականության ապահովման բնագավառում պետական չափագիտական հսկողության և վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Վարչության համակարգն ընդգրկում է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում մասնագիտացված, իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ամբողջությունը:

6. Վարչությունը ստանդարտացմանը, չափագիտությանը և սերտիֆիկացմանը վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում` չխախտելով իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Վարչությունը նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ համատեղ իրականացնում է գործադիր կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:

7. Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ իրականացնում է իր բնագավառի պետական գույքի տնօրինման և օգտագործման գործառույթները:

Վարչությունն իր համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

8. Վարչությունը`

ա) նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ ու հրահանգներ.

բ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում, օրենսդրական կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է մշակում ու դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

գ) սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

դ) սահմանված կարգով իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կնքում է միջգերատեսչական պայմանագրեր.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնեցմանն է ներկայացնում տարեկան աշխատանքային ծրագիրը.

զ) բնագավառի հեռանկարային զարգացման, ինչպես նաև իր գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցերը նախապես համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ.

է) իր ընթացիկ գործունեության վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

9. Վարչությունը ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

10. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով վարչության պետի հետ:

Վարչության պետն ի պաշտոնե հանդիսանում է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչ, որի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

11. Վարչության պետը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների լուծման և գործառույթների իրականացման համար.

գ) նշանակում է վարչության ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին ու նրանց ներկայացմամբ` տեղակալներին.

դ) սահմանում է պետի տեղակալների, բաժինների վարիչների և վարչության կառուցվածքային մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության համար.

ե) իր իրավասության սահմաններում կասեցնում, ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հրամաններն ու հրահանգները.

զ) կատարում է պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.

ը) առաջարկում է վարչության կոլեգիայի անդամների թիվը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.

թ) կազմակերպում և ղեկավարում է վարչության կոլեգիայի նիստերը.

ժ) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ:

12. Վարչության պետի բացակայության դեպքում, նրա համաձայնությամբ, պետի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:

13. Վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են պետը (նախագահ), պետի տեղակալները` ի պաշտոնե, վարչության այլ ղեկավար աշխատողները:

14. Վարչության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտների զարգացման հիմնական հարցերն ու վարչության գործունեության այլ հարցեր, քննարկում իր համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում վարչության բաժինների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, պետի հրամաններով:

Պետի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների առկայության դեպքում պետը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

15. Վարչությունն իր բնագավառում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, տեղեկատվության հավաքումը, մշակումը և տարածումը, զարգացնում ու կոորդինացնում է համագործակցությունն այլ երկրների հետ:

16. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, բնագավառում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար վարչությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, գիտական փորձագետներից, այդ թվում` օտարերկրյա, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է վարչության պետը:

17. Վարչությունը մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման ու որակավորման բարձրացման աշխատանքները:

18. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է իր համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ստեղծումը, վերակազմավորումն ու լուծարումը:

19. Վարչությունը թույլատրում է իր համակարգի ձեռնարկություններին անդամակցելու ձեռնարկությունների տնտեսական միավորումներին:

20. Վարչությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցիչների տեղաբաշխման համար:

21. Վարչությունն իր համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին թույլատրում է իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

22. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է իր համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքն օտարելու կամ վարձակալության հանձնելու համար:

23. Վարչությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության օրինականության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը:

24. Վարչության պահպանման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

25. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաջորդող` վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թվականի
մարտի 19-ի N 155
որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

1. Վարչության պետի աշխատակազմ

2. Ստանդարտացման ոլորտում աշխատանքների համակարգման բաժին

3. Չափագիտության ոլորտում աշխատանքների համակարգման բաժին

4. Սերտիֆիկացման ոլորտում աշխատանքների համակարգման բաժին

5. Հավատարմագրման բաժին

6. Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում պետական վերահսկողության բաժին

7. Միջազգային համագործակցության բաժին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան