Գլխավոր տեղեկություն
Համար
N 31
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.1998-06.08.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.09.14/22(120)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.08.1998

041.0031.19.01.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 1998 թվականի N 31

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 131 որոշման առաջին և երկրորդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թվականի

հունվարի 19-ի N 31 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է տնտեսության, բնակչության տրանսպորտային կարիքների բավարարման նպատակով ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտի, մետրոպոլիտենի և հաղորդակցության ուղիների փոխկապակցված զարգացման ապահովումը, ինչպես նաև համակարգի պետական կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Նախարարությունը պատասխանատվություն է կրում իր առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար:

3. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Նախարարության խնդիրներն ու գործառույթներն են`

ա) իր իրավասության սահմաններում տրանսպորտի ոլորտում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

բ) տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման և այլ կանոնների, տեխնիկական նորմերի մշակումը և հաստատումը, որոնց պահանջների կատարումը պարտադիր է բոլոր իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար.

գ) պետական պատվերի կատարման ապահովումը.

դ) երթևեկության կազմակերպման բարելավումը, երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը և կենսոլորտի վրա տրանսպորտի վնասակար ազդեցության նվազեցումը.

ե) բեռների փոխադրումների և օբյեկտների ռազմականացված պահպանության կազմակերպման ապահովումը.

զ) սեփականաշնորհման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

է) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և այլ աղբյուրներից նախարարության համակարգի ձեռնարկություններին սահմանված կարգով հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ ծախսման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ը) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի համակարգում զարգացման և ներդրումների ծրագրերի, ձեռնարկատիրական գործունեության զարգացման, տարածքային տրանսպորտային քաղաքականության, սակագնային քաղաքականության մշակումն ու իրականացումը.

թ) համակարգում աշխատողների սոցիալական պաշտպանվածության և աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման իրավական կարգավորումը.

ժ) նախարարության համակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, աշխատանքի և կառավարման արդյունավետ համակարգերի ներդրումը.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտի ոլորտում անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

ժբ) տրանսպորտի ոլորտում քաղաքացիական պաշտպանության առաջադրած պահանջներին համապատասխան նպատակային և երկարաժամկետ ծրագրերի կազմումն ու դրանց իրականացումը.

ժգ) նախարարության ենթակայության ձեռնարկությունների արտաքին տնտեսական գործունեության համակարգումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ժդ) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող կազմակերպությունների գործունեությանն աջակցելը.

ժե) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային ծառայությունների շուկայի գործունեությանն առնչվող` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման մարմինների կողմից իրավական ակտերի նախագծերի մշակմանը մասնակցելը.

ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաներ տալը.

ժէ) անհատ ձեռներեցների, ձեռնարկությունների ու դրանց միավորումների և այլ կազմակերպությունների հետ համագործակցելը.

ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Նախարարության համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային ու վերգետնյա էլեկտրական տրանսպորտի, մետրոպոլիտենի և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ու շահագործման ձեռնարկությունները և քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետև` վարչություն), ինչպես նաև նրան ենթակա ձեռնարկությունների ամբողջությունը:

7. Նախարարությունը`

ա) իր իրավասության սահմաններում լուծում է ոլորտին վերաբերող հարցերը` չխախտելով ենթակա ձեռնարկությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը.

բ) համագործակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ` միջգերատեսչական հարցերի կարգավորման ու լուծման համար.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է համակարգի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները.

դ) ընդհանրացնում է ոլորտում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծեր, իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր և իրականացնում դրանց կատարման վերահսկողությունը.

ե) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը, կնքում միջազգային պայմանագրեր.

զ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.

է) կազմակերպում է նախարարության համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները.

թ) մշակում և իրականացնում է նախարարության կենտրոնական ապարատի, նախարարության համակարգի ձեռնարկությունների աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարբերաբար ստուգում աշխատողների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին.

ժ) թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին տնտեսական միավորումներին անդամակցելու համար.

ժա) վերահսկում է համակարգի ձեռնարկությունների և վարչության պետական գույքի օգտագործումը, դրանց օտարումն ու վարձակալության հանձնումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ժբ) իրականացնում է վարչության և ձեռնարկությունների գործունեության, ներառյալ նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողություն.

ժգ) կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարության համակարգի ձեռնարկությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

8. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

9. Նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) կատարում է նախարարի տեղակալների պարտականությունների բաշխում, սահմանում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության շրջանակները.

գ) արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է նախարարության համակարգի ձեռնարկությունների համար.

դ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում վարչության և ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու կարգադրությունները.

ե) հաստատում է նախարարության համակարգի ձեռնարկությունների, կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը և կոլեգիայի կազմը.

է) ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ը) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր.

ժ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատողներին.

ժա) համաձայնություն է տալիս վարչության կանոնադրության նախագծին.

ժբ) անհրաժեշտության դեպքում վարում է վարչության խորհրդի հերթական նիստը և հրավիրում արտահերթ նիստեր.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

10. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը կամ տեղակալներից մեկը:

11. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, վարչության պետը, նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի այլ ղեկավար աշխատողներ:

12. Նախարարության կոլեգիան իր նիստերում, որոնք հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, քննության է առնում ոլորտի գործունեության և զարգացման հիմնական հարցերը, քննարկում համակարգի, վարչության, ձեռնարկությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում նախարարության վարչությունների և բաժինների, վարչության, ձեռնարկությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Կոլեգիայի նիստերին կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման աշխատողը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, պետական ու ոչ պետական ձեռնարկությունների, մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թվականի

հունվարի 19-ի N 31 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Նախարարի աշխատակազմ

 

Ֆինանսատնտեսական վարչություն

 

Փոխադրումների վարչություն

 

Ավտոճանապարհների վարչություն

 

Տրանսպորտի տեխնիկական քաղաքականության վարչություն

 

Իրավաբանական վարչություն

 

Արտաքին կապերի բաժին

 

Որոշումների կատարման վերահսկողության ծառայություն

 

Տրանսպորտի անվտանգության և գծային հսկողության ծառայություն

 

Հաշվապահություն

 

Կադրերի բաժին

 

II բաժին

 

Տնտեսական բաժին