Գլխավոր տեղեկություն
Համար
N 347
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.1997-13.09.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.02.23/5(137)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.07.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.09.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 1997 թ. N 347

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն ստեղծելու և անշարժ գույքի պետական միասնական կադաստրը վարելու մասին» N 234 որոշման`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով գործադիր իշխանության մարմինների համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների գերատեսչությունների, կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման հավելվածը «ՀՀ արդարադատության նախարարություն 90 2 1» տողից հետո լրացնել նոր տողով.

«Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն 53 2 - »:

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության խորհրդի անդամների թվաքանակը` 7 անդամ:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ իրենց կանոնադրություններում սույն որոշումից բխող փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թվականի
հուլիսի 29-ի N 347 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է` գերատեսչության կարգավիճակով, որն իրականացնում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

2. Վարչությունը պատասխանատվություն է կրում բնագավառում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, բնագավառում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:

3. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը և կադաստրի համակարգի գործունեության ապահովումը.

բ) անշարժ գույքի հետ կապված իրավազորությունների պետական գրանցումը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի պետական հաշվառումը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի գնահատումը.

ե) անշարժ գույքի կադաստրային քարտեզների կազմումը.

զ) անշարժ գույքի ծածկագրման համակարգի, պետական գրանցման համարանիշերի մշակումն ու ներդրումը.

է) անշարժ գույքի պետական հաշվառման, գնահատման, պետական գրանցման ոլորտում համաշխարհային փորձի ուսումնասիրումը, ավտոմատացված կադաստրի ներդրումը.

ը) իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը, անշարժ գույքի կադաստրի ծրագրերի իրականացումը.

թ) անշարժ գույքի պետական համակարգված դիտանցի (մոնիտորինգի) կազմակերպումն ու անցկացումը անշարժ գույքի շուկայի կայացմանն աջակցելը.

ժ) իր իրավասության սահմաններում մասնակցությունն անշարժ գույք հատկացնելու, հետ վերցնելու և անշարժ գույքի հետ կապված այլ իրավազորությունների ու հարաբերությունների կարգավորմանը.

ժա) անշարժ գույքի տեղեկատվական համակարգի ստեղծումը.

ժբ) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների ճշտության, ամբողջականության, մատչելիության և հրապարակայնության ապահովումը.

ժգ) բնակավայրերի գլխավոր հատակագծերի, համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման սխեմաների մշակման համար անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը.

ժդ) բազմաբնույթ կադաստրի վարման համար անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը.

ժե) անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, բանկերին, քաղաքացիներին,

ժզ) բնագավառի գործունեությունը կարգավորող օրենսդրական և իրավական այլ ակտերի նախագծերի մշակումը, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (պետական ստանդարտներ, հրահանգներ, հանձնարարականներ և այլն) մշակումը, հաստատումը ու ներդրումը.

ժէ) վարչության համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարումը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, մեթոդական օգնության կազմակերպումը.

ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի չափագրման, գնահատման, կադաստրային քարտեզագրման լիցենզավորումը.

ժթ) համակարգում մատուցվող ծառայությունների սակագների հաստատումը.

իա) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգում պահվող տեղեկությունների քարտադարանի ստեղծումն ու վարումը.

իբ) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկագրի ստեղծումն ու հրապարակումը.

իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Վարչության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

7. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային ծրագրերին համապատասխան: Վարչության աշխատանքային ծրագրերը կազմվում են յուրաքանչյուր տարվա համար:

8. Վարչությունն անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանը վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում` չխախտելով ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Վարչությունը նախարարությունների և այլ պետական կառավարման մարմինների հետ համատեղ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:

9. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է իր բնագավառի պետական գույքի տնօրինման և օգտագործման գործառույթներ: Վարչությունն իր համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

10. Վարչությունը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից և քաղաքացիներից ստանում է տեղեկանքներ անշարժ գույքի քանակական և որակական փոփոխությունների մասին.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վերահսկողություն է իրականացնում պետական և ոչ պետական մարմինների անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման հետ կապված գործունեության նկատմամբ.

գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան բնագավառում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման նպատակով մշակում է առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները.

զ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնեցմանն է ներկայացնում տարեկան աշխատանքային ծրագրերը:

11. Վարչությունը բնագավառի բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

12. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ: Վարչության պետն ի պաշտոնե համարվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական գլխավոր ռեգիստր: Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և վարչության պետի հետ:

13. Վարչության պետը`

ա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին.

գ) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

դ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների հետ անհրաժեշտության դեպքում արձակում է համատեղ հրամաններ.

ե) սահմանում է վարչության պետի տեղակալների, բաժնի պետերի և վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքային մյուս ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների շրջանակը.

զ) կատարում է վարչության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

է) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում վարչությանը ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին, կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների հետ.

ը) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համաձայնեցնելով` Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

թ) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի բաժինների, վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կանոնադրությունները.

ժ) առաջարկում է վարչության խորհրդի անդամների թիվը, Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության խորհրդի անհատական կազմը.

ժա) կազմակերպում և ղեկավարում է վարչության խորհրդի նիստերը:

14. Վարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, վարչության պետի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:

15. Վարչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են վարչության պետը (նախագահ), վարչության պետի տեղակալները` ի պաշտոնե, վարչության և համակարգի այլ ղեկավար աշխատողներ:

16. Վարչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում բնագավառի զարգացման հիմնական հարցերը և վարչության գործունեության հետ կապված այլ հարցեր, քննարկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարողական կարգապահության, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում վարչության բաժինների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հաշվետվությունը: Վարչության պետի և վարչության խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում վարչության պետը կենսագործում է իր որոշումը այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ վարչության խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և վերջինիս որոշման հետ չհամաձայնելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Վարչությունը խորհրդի նիստի անցկացման ժամանակի և օրակարգի մասին նախապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Վարչության խորհրդի նիստին կարող է մասնակցել նախարարի ներկայացուցիչը: Վարչության պետը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պահանջով հրավիրում է արտահերթ նիստ կամ նիստի օրակարգ է մտցնում լրացուցիչ հարց: Վարչության խորհրդի որոշումները կենսագործվում են վարչության պետի հրամաններով:

17. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, բնագավառում գիտականորեն հիմնավորված միասնական քաղաքականություն իրականացնելու, վարչության համակարգի կադրերի ուսուցման ու վերապատրաստման, կադրային բանկի և տեղեկատվական համակարգի ստեղծման ու հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, գիտական փորձագետներից, այդ թվում` օտարերկրյա, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է վարչության պետը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ:

18. Վարչությունն իրականացնում է իր համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ստեղծումը, վերակազմավորումը և լուծարումը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ:

19. Վարչությունը մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանմանը, ղեկավարում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, տեղաբաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

20. Վարչությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին սահմանված կարգով հիմնադրել դուստր ձեռնարկություններ և անդամակցել ձեռնարկությունների տնտեսական միավորումներին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ:

21. Վարչությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

22. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համաձայնեցնելուց հետո, տալիս է համաձայնություն այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:

23. Վարչությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և դրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:

24. Վարչության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` առանձին:

25. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

26. Վարչությունում գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
հուլիսի 29-ի N 347 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Անշարժ գույքի գրանցման բաժին

 

Անշարժ գույքի հաշվառման բաժին

 

Անշարժ գույքի գնահատման բաժին

 

Անշարժ գույքի համակարգված դիտարկումների և անշարժ գույքի գործակալների հետ համագործակցության բաժին

 

Միջազգային համագործակցության և անշարժ գույքի կադաստրային ծրագրերի իրականացման բաժին

 

Ֆինանսատնտեսական, հաշվապահական հաշվառման բաժին

 

Իրավաբանական և օրենսդրության մշակման բաժին

 

Կադրերի բաժին

 

Ընդհանուր բաժին