Գլխավոր տեղեկություն
Համար
N 1530-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2005-06.07.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.12/64(436) Հոդ.1215
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.07.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2005 թվականի N 1530-Ն

ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասնագիտական քննության կազմակերպման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 23
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշման

Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ

ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ

 

Սույն իրավական ակտը մշակված է «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջին համապատասխան և սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց, տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական էներգիա սպառողների էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումն ըստ հատկանիշների:

 

I. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարները` կախված պատահարի բնույթից և ծանրության աստիճանից, բաժանվում են վթարների ու խախտումների.

վթար` էլեկտրատեղակայանքների բնականոն աշխատանքի խաթարում և (կամ) էլեկտրաէներգետիկական կառույցների ավերում` մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին վնասի պատճառմամբ,

խախտում` էլեկտրատեղակայանքների բնականոն աշխատանքի խաթարում, որն առաջացել է սարքավորումների վնասվածքի, հրաժարման, ռեժիմների շեղման, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի և այլ իրավական ակտերի նորմերով սահմանված պահանջների խախտման արդյունքում (եթե այն չի պարունակում վթարի հատկանիշներ):

 

II. ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Վթարներ

 

Էլեկտրաէներգետիկական համակարգում օգտագործվող հիմնական սարքավորումները բաժանվում են «Ա» և «Բ» խմբերի, որոնք տրված են ստորև ներկայացված աղյուսակում.

 

Աղյուսակ

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԽՄԲԵՐԻ

 

N/N
ը/կ

Սարքավորման անվանումը

Չափի
միավորը

Խմբի անվանումը

Ա

Բ

1.

Ջերմային էլեկտրակայանների
շոգեկաթսաներ` արտադրողականությամբ

ԳԿալ/ժամ

150 և ավելի

30-ից
մինչև
150

2.

Էներգաբլոկների կաթսաներ և
կաթսաների իրաններ` հզորությամբ

ՄՎտ

150 և ավելի

-

3.

Հիդրոտուրբիններ և դրանց
գեներատորներ` հզորությամբ

ՄՎտ

12.5 և ավելի

2-ից
մինչև
12.5

4.

Շոգետուրբիններ և դրանց
գեներատորներ` հզորությամբ

ՄՎտ

12.5 և ավելի

2-ից
մինչև
12.5

5.

Ավտոտրանսֆորմատորներ, ուժային և
կարգավորող տրանսֆորմատորներ`
հզորությամբ

ՄՎտ

16 և ավելի

2.5-ից
մինչև
16

6.

Ռեակտորներ և հողանցող ռեակտորներ`
լարման

կՎ

 

6-35

7.

Անջատիչներ` լարման

կՎ

110 և ավելի

6-35

8.

Հիդրոկայանների ճնշման
խողովակաշարեր, հավասարեցնող
աշտարակներ, պարապ ջրթափեր,
վահաններ, փականներ, ամբարտակներ,
ջրավազաններ, ջրընդունիչներ և ջրթափ
կառույցներ` կայանի հզորությամբ

ՄՎտ

25 և ավելի

մինչև 25

9.

Էլեկտրակայանների գլխավոր շոգետար և
սնող խողովակաշարեր, դրանց
ամրաններ, ծխաքաշեր, հովարաններ,
օդազերծիչներ, էլեկտրակայանի
գլխավոր գազատարներ

 

«Ա» խմբի
սարքավորման
հետ

«Բ» խմբի
սարքավորման
հետ

10.

Խզիչներ, կարճ փակիչներ, բաժանիչներ,
չափիչ տրանսֆորմատորներ` լարման

կՎ

110 և ավելի

6-35

11.

Ջերմային էլեկտրակայանը սնող պոմպեր

 

 

+

12.

Փականային պարպիչներ, գերլարումների
սահմանափակիչներ` լարման

կՎ

 

6-220

13.

Էլեկտրակայանների «Ա» և(կամ) «Բ»
խմբերի սարքավորումների բլոկային և
կառավարման վահաններ, պանելներ

 

 

 

 

Վթարները՝ կախված առաջացման պատճառներից, ծագման բնույթից, հետևանքի ծանրության աստիճանից և էլեկտրաէներգետիկական համակարգի հիմնական սարքավորումների վնասման հետևանքով համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշների վրա ունեցած ազդեցությունից, դասակարգվում են համակարգային, կայանային և էլեկտրացանցային վթարների`

1) համակարգային վթարներ`

ա) էլեկտրաէներգետիկական համակարգի մարումը կամ բաժանումն առանձին աշխատող մասերի, որը հանգեցրել է սպառման հզորության 30 տոկոս և ավելի անջատման,

բ) Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատելը 49.0 Հց (կամ ցածր) և 50.5 Հց (կամ բարձր) հաճախականությամբ` 5 րոպեից ավելի տևողությամբ,

գ) էլեկտրաէներգետիկական համակարգի առանձին վերցրած 2 և ավելի սուբյեկտներում միաժամանակ տեղի ունեցած վթարները կամ խախտումն ու վթարը, եթե դրանք միևնույն պատահարի պատճառ են կամ այդ պատահարի զարգացման հետևանք,

դ) կայունության խախտման հետևանքով էլեկտրաէներգետիկական համակարգի առանձնացումը զուգահեռ աշխատող համակարգից կամ բաժանումն առանձին մասերի.

2) կայանային վթարներ՝

ա) 110 կՎ և բարձր լարման միացության վրա կարճ միակցման անջատման «հրաժարումը», որն էլեկտրակայանում հանգեցնում է գեներացնող հզորությունների անջատման,

բ) էլեկտրակայանում տեղի ունեցած խախտման պատճառով էլեկտրակայանի էլեկտրական բեռի լրիվ բեռնաթափումը` առնվազն 2 աշխատող ագրեգատի դեպքում,

գ) սույն բաժնի աղյուսակում նշված «Ա» խմբի սարքավորման վնասվելը, անկախ նրա աշխատանքի մեջ գտնվելու հանգամանքից, եթե պահանջվում է դրա հիմնանորոգումը, կամ այդ սարքավորման վերականգնումն անհնար է (կամ աննպատակահարմար),

դ) 110 կՎ և բարձր լարման միացության վրա կարճ միակցման անջատման «հրաժարումը», որը հանգեցնում է այլ միացությունների անջատման,

ե) հիմնական շինարարական կառույցների ավերումը,

զ) 6 կՎ և բարձր լարման հաղորդաձողերի հոսանքազրկումը, որի վերականգնման համար պահանջվում է 2 ժամից ավելի ժամանակ,

է) պայթյունը կամ հրդեհը, որն ավերել է էլեկտրաէներգետիկական կառույցները և դրանց տարրերը, եթե այն հանգեցրել է խմբակային դժբախտ պատահարի կամ մահացու ելքով դժբախտ պատահարի,

ը) էներգետիկական կաթսայի վնասվածք` հիմնակմախքի տարրերի, թմբուկի, գլխավոր շոգետարի, սնուցող խողովակաշարի քանդվածքով, դեֆորմացմամբ կամ տեղաշարժմամբ, եթե դա հանգեցրել է կաթսայի ստիպողական կանգառի` 15 օրվանից ավելի վերանորոգման ժամկետով,

թ) տուրբինի վնասվածք, որը հանգեցրել է ստիպողական կանգառի` 15 օրվանից ավելի ժամկետով,

ժ) գեներատորի վնասվածք, որը հանգեցրել է ստիպողական պարապուրդի` 15 օրվանից ավելի ժամկետով,

ժա) ուժային տրանսֆորմատորի վնասվածք, եթե դա հանգեցրել է գեներացնող սարքավորումների ստիպողական կանգառի կամ սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակման` 15 օրվանից ավելի ժամկետով,

ժբ) գլխավոր շոգետարի կամ սնուցող խողովակաշարի վնասվածք, եթե այն հանգեցրել է դժբախտ պատահարի կամ էլեկտրակայանի գեներացնող հզորությունների սահմանափակման` 15 օրվանից ավելի ժամկետով,

ժգ) հիդրոկառույցների վնասվածք, որը հանգեցրել է կառույցի անվտանգ շահագործման խախտման` ջրամբարներում (գետերում) առաջացնելով ջրի մակարդակի իջեցում կամ դրա ներքին ջրամասում (բիեֆ) սահմանային թույլատրելի մեծության բարձրացում,

ժդ) էլեկտրակայանի աշխատանքի խախտում, որի հետևանքով մեկ օրվա ընթացքում վնասակար նյութերի` մթնոլորտ սահմանային թույլատրելի արտանետումները մեծացել են 5-ից ավելի անգամ, կամ հոսքաջրերով ջրային ռեսուրսներ թափվող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները մեծացել են 3-ից ավելի անգամ.

3) էլեկտրացանցային վթարներ՝

ա) 6 կՎ և բարձր լարման էլեկտրահաղորդման գծի անջատումը, որի հետևանքով տեղի է ունենում սպառիչների էլեկտրասնման ընդհատում` 24 ժամից ավելի ժամկետով, կամ պահանջվում է գծի վերականգնողական նորոգում` 48 ժամից ավելի ժամանակի ընթացքում, իսկ մալուխայինը` 72 ժամվա ընթացքում, ինչպես նաև 110-220 կՎ օդային գծի վերականգնողական նորոգում` 72 ժամից ավելի ժամկետում,

բ) սույն բաժնի աղյուսակի «Ա» և (կամ) «Բ» խմբերի սարքավորումների վնասվելը, որը պահանջում է վերականգնողական նորոգում` 15-ից ավելի օրվա ընթացքում, կամ, եթե այդ սարքավորումների վերականգնումն անհնար է (աննպատակահարմար է),

գ) 6 կՎ և բարձր լարման հաղորդաձողերի հոսանքազրկվելը` էլեկտրասարքավորումների վնասման պատճառով, որի վերականգնումը պահանջում է 30 րոպեից ավելի ժամանակ:

 

2. Խախտումներ

 

Խախտումները` ըստ դրանց առաջացման պատճառների և տևողության, դասակարգվում են առաջին և երկրորդ աստիճանների`

1) առաջին աստիճանի խախտում է համարվում`

ա) համակարգի օպերատորի կառավարման կամ վարույթում գտնվող սարքավորման արտապլանային դուրսբերումն աշխատանքից կամ պահուստից,

բ) 110 կՎ և բարձր լարման միացության վրա կարճ միակցման անջատման «հրաժարումը», որը հանգեցնում է այլ միացությունների անջատման,

գ) էլեկտրակայանի էլեկտրական կամ ջերմային բեռի իջեցումն առաջադրված կարգավարական գրաֆիկի 50 տոկոս և ավելի չափով, մեկ ժամից ավելի ժամկետով,

դ) էլեկտրաէներգետիկական համակարգի բաժանումն առանձին աշխատող մասերի, որը հանգեցրել է սպառման հզորության մինչև 30 տոկոս անջատման,

ե) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի օպերատիվ ղեկավարման տակ գտնվող էլեկտրական կայանների և ենթակայանների կարգավարական-տեխնոլոգիական կապուղիների շարքից դուրս գալը` մեկ ժամից ավելի ժամկետով,

զ) սույն բաժնի աղյուսակի «Ա» և (կամ) «Բ» խմբերի սարքավորումների վնասվելը, որը պահանջում է վերականգնողական նորոգում` 5-15 օր ժամկետում,

է) 6 կՎ և բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծի անջատումը, որի հետևանքով տեղի է ունենում սպառողների էլեկտրասնուցման ընդհատում` 1-24 ժամ, կամ պահանջվում է գծի վերականգնողական նորոգում` մինչև 48 ժամ,

ը) 6 կՎ և բարձր լարման էլեկտրահաղորդման մալուխային գծի վնասվելը, որը հանգեցնում է սպառիչների էլեկտրասնման ընդհատման` 8-24 ժամ, կամ պահանջվում է գծի վերականգնողական նորոգում՝ մինչև 48 ժամ,

թ) սարքավորումների վնասման հետևանքով սպառիչների ջերմամատակարարման ընդհատումը` 8-24 ժամ,

ժ) 6 կՎ և բարձր լարման հաղորդաձողերի վնասվելը, որը պահանջում է վերականգնողական նորոգում` 8-24 ժամ.

2) երկրորդ աստիճանի խախտում են համարվում այն բոլոր խախտումները, որոնք չեն դասակարգվում որպես վթար կամ առաջին աստիճանի խախտում:

Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած տեխնոլոգիական խախտումները դասակարգվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 22-ի «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության նորմերի և կանոնների մասին» N 389 որոշման:

 

3. Պատահարների դասակարգումն ըստ տեխնիկական շահագործման եվ անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների խախտման պատճառների

 

Պատահարները` ըստ տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների խախտման պատճառների, դասակարգվում են տեխնիկական և կազմակերպչական պատահարների.

1) տեխնիկական պատճառներով պայմանավորված պատահարներ, որոնք առաջացել են հետևյալ տեխնիկական միջոցների անսարքության արդյունքում`

ա) էլեկտրասարքավորումներ,

բ) էներգետիկ-կաթսայական սարքավորումներ,

գ) տուրբինային սարքավորումներ,

դ) գազի տնտեսության սարքավորումներ,

ե) հիդրոտեխնիկական կառույցի տարրեր,

զ) ջերմային էլեկտրակայանի օժանդակ ջերմամեխանիկական սարքավորումներ,

է) էներգետիկ օբյեկտի վերամբարձ տրանսպորտային սարքավորումներ,

ը) էներգետիկ օբյեկտի շենքեր կամ շինություններ,

թ) վտանգավոր կամ թունավոր նյութ պարունակող սարքավորումներ.

2) կազմակերպչական պատճառներով պայմանավորված պատահարներ, որոնք առաջացել են հետևյալ գործոնների ազդեցության արդյունքում`

ա) օպերատիվ անձնակազմի ոչ ճիշտ գործողություն,

բ) շահագործող անձնակազմի ոչ ճիշտ գործողություն,

գ) նորոգող և կարգաբերող անձնակազմերի ոչ ճիշտ գործողություններ,

դ) ղեկավար անձնակազմի ոչ ճիշտ գործողություն,

ե) կազմակերպության ստանդարտների, արտադրական կամ պաշտոնական հրահանգների անբավարար մակարդակ,

զ) սարքավորումների տեխնիկական սպասարկման պահանջվող ծավալները չկատարելը, անհրաժեշտ նորմերը և ժամկետները չպահպանելը,

է) ներգրավված անձնակազմի ոչ ճիշտ գործողություններ,

ը) կողմնակի ընկերությունների և անձանց ներգործություն,

թ) տարերային երևույթների ազդեցություն,

ժ) չդասակարգված կամ չպարզաբանված պատճառներ (չնշված այլ պատճառներ, որոնք կարող են ի հայտ գալ հետագայում` պատահարների քննության արդյունքում):

 

4. Պատահարների դասակարգումն ըստ մարդկանց կյանքին հասցված վնասի աստիճանի

 

Ըստ մարդկանց կյանքին հասցված վնասի աստիճանի` պատահարները դասակարգվում են`

1) թեթև ելքով դժբախտ պատահար,

2) ծանր ելքով դժբախտ պատահար,

3) խմբակային դժբախտ պատահար, որը տեղի է ունեցել 2 և ավելի անձանց հետ` անկախ մարմնական վնասվածքի ծանրության աստիճանից,

4) մահացու ելքով դժբախտ պատահար,

5) առավել ծանր հետևանքով խմբակային դժբախտ պատահար, որի ընթացքում զոհվել է 5 և ավելի մարդ։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ


 ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

Սույն կարգը մշակված է «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 7-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներին համապատասխան և սահմանում է էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասնագիտական քննության (այսուհետ՝ քննություն) կազմակերպման և հաշվառման գործընթացը:

Սույն կարգի պահանջների կատարումը պարտադիր է էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և տեխնոլոգիական ու կենցաղային նպատակներով էլեկտրական էներգիա սպառողների համար:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1) Էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների քննության հիմնական խնդիրը դրանց առաջացման նախադրյալներն ու պատճառները պարզելը և համանման պատահարների կանխարգելման, անձնակազմի պատասխանատվության բարձրացման նպատակով կազմակերպչատեխնիկական միջոցառումների մշակումն է:

2) Ելնելով քննության արդյունքներից` որոշվում է կարգադրիչ փաստաթղթերի թողարկման անհրաժեշտությունը:

3) Քննության ակտ-կարգադրագրով նախատեսված միջոցառումները՝ ուղղված սարքավորումների բնականոն աշխատանքի խաթարման պատճառների վերացմանը, ենթակա են պարտադիր կատարման:

4) Պատահարի պատճառների և հանգամանքների քննության ժամանակ պետք է ուսումնասիրվեն և գնահատվեն`

ա) կազմակերպության սպասարկող անձնակազմի գործողությունների համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի և այլ իրավական ակտերի նորմերով սահմանված պահանջներին,

բ) սարքավորումների նորոգման և փորձարկման ժամկետներն ու որակը, կանխարգելիչ զննումները և սարքավորումների վիճակի նկատմամբ հսկողությունը, նորոգման աշխատանքներ կատարելիս` տեխնիկական կանոնակարգերի նորմերով սահմանված պահանջների պահպանումը,

գ) սարքավորումների թերությունների և վթարային օջախների վերացման համար ժամանակին ձեռնարկված միջոցների, սարքավորումների հուսալիության բարձրացման մասին հրահանգների և հակավթարային շրջաբերականների պահանջների կատարումը, տվյալ պատահարի վերաբերյալ վերահսկող կազմակերպությունների կողմից տրված կարգադրագրերի կատարումը,

դ) սարքավորման և կառուցվածքի պատրաստման որակը, նախագծային, շինմոնտաժային և կարգաբերման աշխատանքների կատարումը,

ե) տարերային երևույթների պարամետրերի (սառցաշերտի պատի հաստություն, քամու արագություն և այլն) համապատասխանությունը նախագծերով ընդունված նորմերով հաստատված մեծություններին։

5) Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած պատահարների քննությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 22-ի «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության նորմերի և կանոնների մասին» N 389 որոշման:

6) Էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին հայտնելը և դրանց վերաբերյալ վիճակագրությունն իրականացվում է հետևյալ կարգով`

ա) էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձինք էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնում են լիազոր մարմնին,

բ) լիազոր մարմնի ղեկավարը կատարում է պատահարի նախնական դասակարգում և իրականացնում սույն կարգով նախատեսված միջոցառումներ,

գ) էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարի հետևանքով մարդկանց կյանքին վնաս պատճառվելու դեպքում ականատեսը (ականատեսները) պարտավոր է (են) անմիջապես կազմակերպել առաջին օգնություն տուժողին (տուժողներին) և դրա մասին հայտնել իրենց ղեկավարությանը: Վերջիններս պարտավոր են ապահովել տուժողին մասնագիտական բժշկական օգնության կազմակերպումը և մինչև պատահարի քննության իրականացումն աշխատանքի վայրում իրադրությունը և սարքավորումների վիճակը պահպանել այնպես, ինչպես դրանք եղել են մինչև պատահարի պահը (եթե դա չի սպառնում մարդկանց կյանքին ու առողջությանը, շրջակա միջավայրին և չի հանգեցնի այլ պատահարների),

դ) էլեկտրատեղակայանքի սեփականատերը պարտավոր է պատահարի մասին անհապաղ հայտնել լիազոր մարմնին,

ե) պատահարի մասին ժամանակին չհայտնելը կամ ոչ լիարժեք տեղեկատվություն ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով,

զ) պատահարները, որոնք զարգացել և ընդգրկել են հարակից էլեկտրացանցերն ու կայանները, պետք է քննվեն և յուրաքանչյուր էներգաօբյեկտի համար ձևակերպվեն առանձին քննության ակտ-կարգադրագրով,

է) էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեղի ունեցած բոլոր պատահարների մասին վիճակագրությունը պետք է իրականացվի էլեկտրատեղակայանքների սեփականատերերի կողմից,

ը) էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների պատճառ հանդիսացած` տեխնիկական կանոնակարգերի նորմերով սահմանված պահանջների խախտումների մասին վիճակագրություն վարելու նպատակով էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձինք յուրաքանչյուր ամսվա առաջին տասնօրյակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին (այսուհետ` լիազոր մարմին) հայտնում են նախորդ ամսվա ընթացքում իրենց էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին:

 

II. ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1) Յուրաքանչյուր պատահար պետք է քննվի հանձնաժողովի կողմից, որի կազմը որոշվում է` կախված տեղի ունեցած պատահարի բնույթից և հետևանքների ծանրության աստիճանից.

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը և դրանց մասնագիտական քննության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1530-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ բաժնի 5-րդ կետում նշված պատահարի քննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը և դրանց մասնագիտական քննության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1530-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 1-ին մասում, 2-րդ բաժնի 1-ին մասի «ա» և «բ» կետերում և 4-րդ բաժնի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում նշված պատահարների քննությունն իրականացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը,

գ) բացի սույն բաժնի 1-ին մասի «ա» և «բ» կետերում նշված պատահարներից մնացած բոլոր դեպքերում քննությունն իրականացնում է տվյալ կազմակերպության կողմից (որտեղ տեղի է ունեցել պատահարը) ստեղծված հանձնաժողովը,

դ) լիազոր մարմնի հայեցողությամբ՝ նրա ներկայացուցիչը կարող է ընդգրկվել կայանային ու էլեկտրացանցային վթարների և առաջին աստիճանի խախտումների քննությունն իրականացնող հանձնաժողովի կազմում,

ե) պատահարների քննության արդյունքի հիման վրա կազմված ակտ-կարգադրագրի և համապատասխան հրամանի օրինակները ներկայացվում են լիազոր մարմին,

զ) մարդկանց կյանքին հասցված վնասի դեպքում պատահարի քննությունն իրականացնող հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև Հայաստանի Հանրապետության արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի համապատասխան ճյուղային միության ներկայացուցիչը (համաձայնությամբ):

2) Նախագծման, պատրաստման, շինարարական, մոնտաժային կամ նորոգման աշխատանքների թերությունների պատճառով տեղի ունեցած պատահարների քննության ժամանակ, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել պատահարին առնչվող կազմակերպությունների համապատասխան մասնագետներ, այդ թվում` նաև արտադրող կազմակերպությունից: Այս պահանջների պահպանման անհնարինության դեպքում հանձնաժողովի աշխատանքները պետք է համաձայնեցվեն հանձնաժողովն ստեղծող մարմնի հետ:

3) Պատահարների քննությունը պետք է սկսվի անհապաղ և ավարտվի 15-օրյա ժամկետում:

4) Առանձին դեպքերում, հանձնաժողովի նախագահի պահանջով, քննության ժամկետը կարող է հրամանով (որոշմամբ) երկարաձգվել մեկ անգամ` մինչև 10 օր ժամկետով:

5) Վնասված սարքավորումները պետք է բացվեն և քանդվեն միայն հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կամ ցուցումով, եթե դա չի խոչընդոտում պատահարի հետևանքների հրատապ վերացմանը:

6) Հանձնաժողովի նախագահին իրավունք է վերապահվում հանձնաժողովի կազմում ներգրավված անդամների (արտադրող, նախագծող, կառուցող, մոնտաժող, նորոգող կամ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ) ժամանակին չներկայանալու (ուշանալու) դեպքում մինչև 3 օր ժամկետով հետաձգել վնասված սարքավորումը բացելը և քանդելը: Այդ դեպքում կարող է նույն ժամկետով երկարաձգվել քննության տևողությունը:

7) Պատահարների քննության արդյունքների օբյեկտիվությունն ու հավաստիությունն ապահովելու համար անհրաժեշտ է`

ա) խախտման օբյեկտների հետվթարային իրավիճակը լուսանկարել, պահպանել, թարմ տպավորություններով նկարագրել իրավիճակը, եթե դա վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքին կամ չի նպաստում պատահարի զարգացմանը,

բ) համաձայն հանձնաժողովի նախագահի կողմից տրված ցանկի` ներկայացնել բոլոր անհրաժեշտ նյութերը և փաստաթղթերը,

գ) հաձնաժողովին փոխանցել բոլոր ձայնագրությունները և պատահարին առնչվող այլ նյութական վկայություններ,

դ) պահպանել պաշտպանության ու արգելափակման ցուցիչների և մակափակման (նակլադկա) հետվթարային վիճակը,

ե) ներկայացնել վնասված և (կամ) մերժված սարքավորման տեխնիկական սպասարկմանը վերաբերող լրիվ փաստաթղթերի փաթեթը,

զ) ներկայացվող նկարագրություններն ու փաստաթղթերը պետք է վավերացվեն էլեկտրատեղակայանքի սեփականատիրոջ ստորագրությամբ և կնիքով:

8) Այն կազմակերպության ղեկավարությունը, որտեղ տեղի է ունեցել պատահարը, պարտավոր է օրենքով սահմանված կարգով ստեղծել պայմաններ` քննությունն իրականացնելու համար:

9) Պատահարների քննության արդյունքները ձևակերպվում են համապատասխան եզրակացությամբ ակտ-կարգադրագրով, որում ներառվում են`

ա) այն կազմակերպությունների, էլեկտրատեղակայանքների անվանումները, որտեղ տեղի է ունեցել և զարգացել պատահարը, նշվում են տեղեկություններ կազմակերպությունների աշխատակազմերի մասին (անունը, ազգանունը, պաշտոնը և այլն),

բ) տեղեկություններ տուժողի մասին (անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, կրթությունը, մասնագիտությունը, ստաժը (ընդհանուր և մասնագիտական) և այլն), մարդկանց կյանքին հասցված վնասի աստիճանը, եթե պատահարն ուղեկցվել է մարդկանց կյանքին (առողջությանը) վնասի պատճառմամբ,

գ) պատահարի առաջացման ամսաթիվն ու ժամը,

դ) պատահարի դասակարգման հատկանիշը և քննության կարգի համապատասխան կետի համարը,

ե) էլեկտրական և ջերմային էներգիայի թերբացթողման չափը,

զ) էլեկտրական և ջերմային էներգիայի թերարտադրման չափը,

է) տեղեկատվություն աշխատանքի նախապատահարային ռեժիմի, սարքավորումների կազմի, էլեկտրատեղակայանքի հիմնական պարամետրերի, ինչպես նաև անձնակազմի սխալ գործողությունների և տեղի ունեցած շեղումների մասին, որոնք հանդիսացել են պատահարի առաջացման նախադրյալներ,

ը) ժամանակագրական տվյալներ պատահարի առաջացման, զարգացման և վերացման, ինչպես նաև պատճառահետևանքային կապերի, իրադարձությունների մասին,

թ) բնականոն ռեժիմի վերականգնման ամսաթիվն ու ժամը,

ժ) պատահարների առաջացման և զարգացման բոլոր պատճառները: Անձնակազմի սխալ գործողությունների դեպքում նշվում են թույլ տրված սխալները, հերթափոխի տևողությունը, ժամանակը` հերթափոխի սկզբից մինչև պատահարը, կարգավարների թիվը հերթափոխում, պատահարի վերացման մասնակիցների թիվը,

ժա) շահագործման աշխատանքների թերությունները, որոնք նպաստել են պատահարի առաջացմանը և զարգացմանը,

ժբ) նախագծի, էլեկտրական և ջերմային տեղակայանքների սարքվածքի, սարքավորումների պատրաստման, շինմոնտաժային ու կարգաբերման աշխատանքների թերությունները, որոնք նպաստել են պատահարի առաջացմանը և զարգացմանը,

ժգ) էլեկտրատեղակայանքներում համանման պատահարները կանխելու համար տրված կարգադրագրերը (միջոցառումները), որոնց կատարման նկատմամբ վերահսկողությունը սահմանված կարգով իրականացվում է լիազոր մարմնի կողմից,

ժդ) վնասված հանգույցների, սարքերի և սարքավորումների տեսակն ու պատրաստման տարեթիվը, շահագործման ժամերի թիվը, վնասվածքի բնույթը,

ժե) նորոգումից հետո վնասված սարքավորումների գործարկման ամսաթիվն ու ժամը: Եթե մինչև քննության ակտի ստորագրումը տվյալ կայանքները չեն գործարկվել, ապա նշվում է նորոգման ավարտի նախատեսվող ամսաթիվը` վերականգնման գրաֆիկին համապատասխան:

10) Ակտ-կարգադրագրին կցվում են հանձնաժողովի եզրակացությունները հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

11) Քննության ակտ-կարգադրագիրը պետք է ստորագրվի հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի առանձին անդամների անհամաձայնության դեպքում թույլատրվում է ստորագրել այն` կցելով հատուկ կարծիք:

12) Քննության ակտ-կարգադրագրի բնօրինակներից մեկ օրինակը եռօրյա ժամկետում ուղարկվում է էլեկտրատեղակայանքի սեփականատիրոջը (կազմակերպություն):

13) Էլեկտրատեղակայանքի սեփականատիրոջ (կազմակերպության)` հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ տարաձայնությունները 10-օրյա ժամկետում ներկայացվում են լիազոր մարմնի ղեկավարին՝ վերջնական որոշում ընդունելու համար:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան