Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2016.12.08/3(37)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2015
Ստորագրման ամսաթիվ
17.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2016

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն   Հ Ո Ւ Շ Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Քուվեյթի Պետության Կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Քուվեյթի Պետության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ցանկանալով խրախուսել իրենց պետությունների միջև հանրային առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

 Կողմերը, սույն Փոխըմբռնման հուշագրի և իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, համաձայնեցին զարգացնել համագործակցություն հանրային առողջապահության և բժշկագիտության բնագավառներում և աջակցել միմյանց առողջապահական և բժշկագիտական ինստիտուտների և կենտրոնների միջև համագործակցության ամրապնդմանը՝ փոխադարձ համաձայնության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

 Կողմերը կկազմակերպեն փորձագետների այցելություններ միմյանց համար որպես առաջնային որոշված համագործակցության ցանկացած ոլորտում և նպատակ ունենալով փոխադարձաբար առավել լավ ծանոթանալու երկու երկրների առողջապահության համակարգերին և առավել լավ վերապատրաստելու առողջապահության հարցերով և Կողմերի աշխատակազմերի համար:

 Կողմերը միմյանց կհայտնեն այցելությունների նպատակով փորձագետների անուն(ներ)ը, պաշտոնը, գիտական մասնագիտացումը և առաջարկված թեմաները Կողմերի միջև համաձայնեցված այցելության ամսաթվից երեսուն օր առաջ: Ուղարկող կողմը Ընդունող կողմին ժամանումից երեսուն օր առաջ կտեղեկացնի ժամանման ամսաթվի մասին:

 Ուղարկող կողմն իր վրա կվերցնի փորձագետների ուղևորության հետ կապված ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

 Բժշկագիտական ոլորտում համագործակցության խրախուսման նպատակով Կողմերը յուրաքանչյուր տարվա համար միմյանց կներկայացնեն կազմակերպվելիք բժշկական բնույթի հանդիպումների ժամանակացույցը: Կողմերը հավասարապես կներկայացնեն վերոնշյալ հանդիպումների կազմակերպչական մանրամասները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

 4.1. Կողմերը կաջակցեն իրենց երկրներում գործող` բժշկական և գիտահետազոտական ինստիտուտների միջև ուղղակի համագործակցությանը:

Ինստիտուտների միջև ուղղակի համագործակցությունը կկատարվի գիտական հոդվածների և տեխնիկական փաստաթղթերի փոխանակման միջոցով, ինչպես նաև համատեղ աշխատանքային պլանի և մեթոդաբանության հիման վրա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտական ծրագրերի միջոցով:

 4.2. Կողմերը կօժանդակեն միմյանց հիվանդանոցների միջև ուղղակի համագործակցությանը ուղիղ կապեր հաստատելու հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

5.1. Կողմերը ուռուցքաբանության բնագավառի մասնագետների միջև կկազմակերպեն խորհրդակցություններ:

5.2. Կողմերը միմյանց կտրամադրեն վիճակագրական տվյալներ վարակիչ հիվանդությունների արձանագրման վերաբերյալ:

5.3. Կողմերը կկատարեն տեղեկատվության և փորձի փոխանակում միջազգային առողջապահական կանոնների և ընթացիկ լաբորատոր հետազոտությունների առաջարկությունների կատարման վերաբերյալ:

5.4. Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կփոխանակեն տեղեկություններ միմյանց առողջապահական օրենսդրության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների մասին:

5.5. Կողմերը կնպաստեն հանրային առողջապահության և բժշկագիտության բնագավառներում հրատարակված նյութերի փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Համագործակցության իրականացման նպատակով Կողմերը կստեղծեն յուրաքանչյուր Կողմից երեքական ներկայացուցիչներից կազմված համակարգող խումբ, որի նիստերը կգումարվեն տարին մեկ անգամ՝ հաջորդաբար Երևանում և Քուվեյթում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

 Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների մեկնաբանման կամ կատարման վերաբերյալ ցանկացած վեճ կլուծվի Կողմերի ուղղակի բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Փոխըմբռնման հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, կհամարվեն սույն Փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն դրա 9-րդ հոդվածի նույն դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

 Սույն Փոխըմբռնման հուշագրի ուժի մեջ է մտնում վերջին ծանուցման օրվանից, որով Կողմերից մեկը մյուսին գրավոր, դիվանագիտական ուղիներով տեղեկացնում է, որ երկու երկրներում ներքին իրավական ընթացակարգերն ավարտված են, և ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը մյուս Կողմի` սույն Փոխըմբռնման հուշագրից դուրս գալու մտադրության մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո:

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրը կատարված է Էլ-Քուվեյթ քաղաքում, 2015 թվականի դեկտեմբերի 17-ին, երկու հավասարազոր բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն: Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Հուշագիրն ուժի մեջ է մտել 2016թ. նոյեմբերի 14-ին