ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 1996 թվականի N 602
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման անհրաժեշտությունը`
1. Սահմանել, որ երեխաների համար նպաստը տրվում է`
ա) մինչև 6 տարեկան բոլոր երեխաների համար.
բ) ծնողազուրկ, մանկուց հաշմանդամ, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաների, ինչպես նաև միայնակ մայրերի երեխաների համար` մինչև այդ երեխաների 17 տարին լրանալը (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարին լրանալը, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից):
2. 1997 թվականի հունվարի 1-ից երեխաների համար տրվող ամենամսյա նպաստի չափը սահմանել 1380 դրամ:
3. Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրա խնամքի համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում երեխային խնամողի ամսական նպաստի չափը սահմանել 1730 դրամ:
4. Մինչև 17 տարեկան (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարին լրանալը, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստների չափը սահմանել 1730 դրամ:
5. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարվող ամսական նպաստի չափը սահմանել 1730 դրամ:
6. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 4500 դրամ:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» N 367 որոշման 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.04.1999, N 235 | 01.04.1999, N 602 | |
13.06.1997, N 172 | 01.06.1997, N 602 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|