Գլխավոր տեղեկություն
Համար
N 702
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2001-25.12.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.796
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2007

041.0702.01.10.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2001 թվականի N 702

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թվականի
հոկտեմբերի 1-ի N 702 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեն (այսուհետև` ազգային կոմիտե) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի ուսումնասիրման և դրանց պարզեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին առաջարկություններ ներկայացնող մարմին է:

2. Ազգային կոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, այլ իրավական ակտերով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) փաստաթղթերով և սույն կանոնադրությամբ` գործելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան:

3. Ազգային կոմիտեի կանոնադրությունը մշակվել է միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Արարողակարգերի պարզեցում» N 9 հավելվածի դրույթներին համապատասխան:

 

II. ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Ազգային կոմիտեի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը մշակելը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

բ) օդային փոխադրումներին առնչվող մաքսային և այլ ընթացակարգերի հետ կապված քաղաքականությանը վերաբերող հարցերի ուսումնասիրությունը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին և այլ կազմակերպություններին օդային փոխադրումներին վերաբերող տեղեկատվություն պարբերաբար տրամադրելը.

ե) ազգային կոմիտեի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնելը.

զ) ազգային կոմիտեի աշխատանքներին օժանդակելու նպատակով փորձագիտական և աշխատանքային խմբերի ստեղծումը.

է) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում ուսումնասիրությունների իրականացումը:

 

III. ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Ազգային կոմիտեի կազմը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ազգային կոմիտեն բաղկացած է նախագահից և անդամներից:

6. Ազգային կոմիտեն գլխավորում է ազգային կոմիտեի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ:

7. Ազգային կոմիտեի նախագահը`

ա) ղեկավարում է ազգային կոմիտեի գործունեությունը.

բ) նշանակում է ազգային կոմիտեի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

գ) հրավիրում և վարում է ազգային կոմիտեի նիստերը.

դ) ներկայացնում է ազգային կոմիտեն այլ մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում:

8. Ազգային կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

9. Ազգային կոմիտեի նիստերը գումարվում են ազգային կոմիտեի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է ազգային կոմիտեի անդամների կեսից ավելին:

10. Ազգային կոմիտեի նիստերը վարում է ազգային կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` անդամներից մեկը:

11. Ազգային կոմիտեի նիստի օրակարգը կազմում է ազգային կոմիտեի քարտուղարը` ազգային կոմիտեի անդամների կողմից ներկայացված հարցերի հիման վրա:

12. Ազգային կոմիտեի նիստի օրակարգը և դրա վերաբերյալ մյուս անհրաժեշտ նյութերը հանձնվում են ազգային կոմիտեի անդամներին ոչ ուշ, քան նիստից 3 օր առաջ:

13. Ազգային կոմիտեի անդամները նիստից 2 օր առաջ կարող են ներկայացնել առաջարկություններ կամ նոր հարցեր` նիստի օրակարգում ընդգրկելու համար:

14. Ազգային կոմիտեի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա անդամների 2/3-ը: Ազգային կոմիտեի որոշումներն ստորագրում է ազգային կոմիտեի նախագահը: Եթե ազգային կոմիտեի որևէ անդամ ընդունված որոշման վերաբերյալ ունի այլ կարծիք, ապա նրա ցանկությամբ այն գրավոր կցվում է ազգային կոմիտեի որոշմանը:

15. Ազգային կոմիտեի նախագահի հրավերով ազգային կոմիտեի նիստին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

16. Ազգային կոմիտեի նիստերն արձանագրվում են: Արձանագրություններն ստորագրում է ազգային կոմիտեի նախագահը:

17. Ազգային կոմիտեի քարտուղարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատող է, որին նշանակում է ազգային կոմիտեն` նախագահի ներկայացմամբ: Ազգային կոմիտեի քարտուղարը վարում է նիստերի արձանագրությունները, ազգային կոմիտեի անդամների միջև համակարգում տեղեկատվության փոխանակումը:

8. Ազգային կոմիտեի անդամներն իրավունք ունեն`

ա) ծանոթանալու ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններին.

բ) պահանջելու, որպեսզի իրենց առաջարկությունը կամ վերապահումն արտացոլվի արձանագրության մեջ.

գ) ներկայացնելու հարցեր` ազգային կոմիտեի նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

19. Ազգային կոմիտեի անդամները պարտավոր են`

ա) մասնակցել ազգային կոմիտեի աշխատանքներին.

բ) կատարել ազգային կոմիտեի և ազգային կոմիտեի նախագահի կողմից իրենց տրված հանձնարարականները.

գ) ապահովել աշխատանքային գործունեության ընթացքում իրենց հայտնի դարձած առևտրային կամ այլ գաղտնիքի պահպանությունը:

20. Ազգային կոմիտեն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2021, N 340-Ա 06.04.2021, N 702
24.12.2007, N 912-Ա 25.12.2007, N 702
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան