ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 1996 թվականի N 345
քաղ. Երևան
ՄԱՐԶՊԵՏԻ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 96-րդ և 118-րդ կետերի`
Հաստատել մարզպետի` հանրապետական գործադիր մարմինների համապատասխան մարզի տարածքային ծառայություններից տեղեկատվություն ստանալու կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՄԱՐԶՊԵՏԻ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
1. Սույնով կարգավորվում է մարզպետի` հանրապետական գործադիր մարմինների համապատասխան մարզի տարածքային ծառայություններից (այսուհետև` տարածքային ծառայություններ) տեղեկատվություն ստանալու կարգը, ժամկետը, մարզպետին տրվող տեղեկությունների բնույթը, տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը:
2. Մարզում պետական կառավարման ապահովման, մարզի տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման նպատակով մարզպետը, նշելով անհրաժեշտ տեղեկատվության բնույթը, ծավալը, պարբերականությունը, իր իրավասության շրջանակներում իրավունք ունի տարածքային ծառայություններից ստանալու`
ա) վիճակագրական ամփոփ տվյալներ.
բ) տարածքային ծառայության զարգացման (ընդլայնման), սահմանափակման, կրճատման վերաբերյալ տեղեկատվություն.
գ) տարածքային ծառայության գործունեության կարգի և պայմանների մասին տեղեկատվություն.
դ) տարածքային ծառայության կողմից պետական սեփականության, բնական ռեսուրսների, պատմության և մշակույթի հուշարձանների, հատուկ պահպանվող այլ օբյեկտների պահպանության ու արդյունավետ օգտագործման մասին տեղեկատվություն.
ե) տարածքային ծառայության կողմից հողօգտագործման և հողի պահպանման վերաբերյալ տեղեկատվություն.
զ) տարածքային ծառայության կողմից ջրերի, անտառների, կանաչ գոտիների, ընդերքի պահպանության և օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն.
է) տարածքային ծառայության կողմից հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն.
ը) տարածքային ծառայության կողմից մարզի տարածքում ազգային անվտանգության, ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի և վարժական հավաքների կազմակերպման վերաբերյալ տեղեկատվություն.
թ) տարածքային ծառայության կողմից մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման հարցերի, հակահրդեհային միջոցառումների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն.
ժ) մարզպետի` իր իրավասության շրջանակներում ընդունած որոշումների և կարգադրությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն.
ի) հանրամատչելի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կարգով չարգելված այլ տեղեկատվություն:
3. Տարածքային ծառայությունը պարտավոր է մարզպետի` իրենց դիմելու օրվանից 5-օրյա ժամկետում նրան գրավոր ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, եթե դրա տրամադրման համար անհրաժեշտ չի կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ, ստուգումներ կամ իրականացնել այլ միջոցառումներ, կամ մերժել դրա տրամադրումը:
Սույն կարգի 2-րդ կետի «է», «ը», «թ» ենթակետերով նախատեսված տեղեկատվության տրամադրման ժամկետը կարող է սահմանվել մինչև մեկ օր` ելնելով իրավիճակից:
Եթե տարածքային ծառայությունը չունի այդպիսի տեղեկատվություն կամ այդ տեղեկատվության տրամադրումը դուրս է տվյալ տարածքային ծառայության իրավասությունից, ապա վերջինս պարտավոր է մարզպետի` իրենց դիմելու օրվանից 3-օրյա ժամկետում այդ մասին հայտնել նրան:
Եթե տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ, ստուգումներ կամ իրականացնել այլ միջոցառումներ, ապա տարածքային ծառայությունը պարտավոր է մարզպետի` իրենց դիմելու օրվանից 5-օրյա ժամկետում այդ մասին հայտնել նրան` նշելով տեղեկատվության տրամադրման ժամկետը:
Եթե պահանջվող վիճակագրական կամ այլ տեղեկատվություն հավաքելու և ամփոփելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են ժամկետներ, ապա նման տեղեկատվությունը մարզպետին կարող է տրամադրվել միայն այդ ժամկետների ավարտից հետո:
4. Տարածքային ծառայությունն իրավունք ունի մերժելու պահանջվող տեղեկատվության տրամադրումը`
ա) եթե այն հանդիսանում է ծառայողական, բանկային, առևտրային կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գաղտնիք.
բ) եթե այն հանդիսանում է մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկատվություն, որի տրամադրման մասին չկա քաղաքացու (քաղաքացիների) գրավոր համաձայնությունը.
գ) եթե տեղեկատվության տրամադրման դեպքում խախտվում են անձի և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու ազատությունները.
դ) եթե տեղեկատվության պահանջը չի բխում սույն կարգից.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
5. Տեղեկատվության տրամադրման մերժման կամ սույն կարգով սահմանված ժամկետներում չտրամադրման դեպքում մարզպետն այդ մասին կարող է դիմել համապատասխան տարածքային ծառայության վերադաս հանրապետական գործադիր մարմնին: Այդ դիմումը համապատասխան տարածքային ծառայության վերադաս հանրապետական գործադիր մարմնի կողմից քննության է առնվում և մարզպետին պատասխան է տրվում դրա ստացման օրվանից 10-օրյա ժամկետում: Տարածքային ծառայության վերադաս հանրապետական գործադիր մարմնի պատասխանի հետ չհամաձայնվելու դեպքում մարզպետը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետին, որի որոշումը վերջնական է:
6. Սույն կարգի պահանջները խախտող պաշտոնատար անձինք կրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգապահական պատասխանատվություն:
7. Սույն կարգում օգտագործվող «մարզ» և «մարզպետ» հասկացությունները հավասարապես վերաբերում են համապատասխանաբար «Երևան քաղաք» և «Երևանի քաղաքապետ» հասկացություններին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.11.1997, N 543 | 08.12.1997, N 345 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|