Գլխավոր տեղեկություն
Համար
N 464
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.1996-20.03.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.08.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 1996 թվականի N 464

քաղ. Երևան

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցման (հաշվառման) և աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացումը կանոնակարգելու նպատակով`

1. Սահմանել, որ բյուջետային է համարվում այն պետական հիմնարկը և կազմակերպությունը, որոնք իրենց հիմնական գործունեությունն իրականացնելիս շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, և գործունեության հետ կապված բոլոր ծախսերը ֆինանսավորվում են հիմնականում հանրապետական կամ տեղական բյուջեների միջոցների հաշվին:

2. Սահմանել, որ հանրապետության բոլոր գործող բյուջետային հիմնարկները և կազմակերպությունները, սկսած 1996 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1997 թվականի հունվարի 1-ը, ենթակա են գրանցման (հաշվառման) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից վարվող` բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների պետական գրանցամատյանում (ռեեստր):

Նոր ստեղծվող, վերակառուցվող կամ լուծարվող բյուջետային հիմնարկները և կազմակերպությունները պետական գրանցամատյանում գրանցվում (հաշվառվում) են ստեղծման, վերակառուցման կամ հաշվառումից հանվում են լուծարման օրվանից հետո մեկամսյա ժամկետում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` կասեցնել սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում պետական գրանցամատյանում չգրանցված (չհաշվառված) բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսավորումը:

4. Հաստատել`

ա) պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի (կազմակերպության) գրանցման (հաշվառման) քարտի ձևը (կցվում է).

բ) պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի (կազմակերպության) գրանցման (հաշվառման) վկայականի ձևը (կցվում է):

5. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, հաստատել պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցման (հաշվառման) կանոնակարգը և պետական գրանցամատյանում դրանց գրանցման ժամկետացանկը.

բ) հաստատել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ եռամսյակային վիճակագրական հաշվետվության ձևը և այն ներդնել 1996 թվականի 3-րդ եռամսյակից սկսած` ապահովելով դրա ստացումը, մշակումը և ամփոփ տեղեկագրի թողարկումը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 15-ը:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին, պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում ապահովել պետական գրանցամատյանում համակարգի բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցումը (հաշվառումը) և դրանց աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ եռամսյակային վիճակագրական հաշվետվության ստացումը` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, և դրա ներկայացումը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկների (կազմակերպությունների) գրանցման (հաշվառման) քարտի ու վկայականի և աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ եռամսյակային հաշվետվության ձևերի տպագրման և այլ ծախսերի ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակի ավելացման մասին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 14-ի N 464 որոշմամբ

 

Ձեվ

 

պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի (կազմակերպության) գրանցման (հաշվառման) քարտի

 

Ներմուծեք նկարագրությունը_14039

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 14-ի N 464 որոշմամբ

 

ՁԵՎ

 

Ներմուծեք նկարագրությունը_951

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Վ կ ա յ ա կ ա ն  N

 

պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի (կազմակերպության) գրանցման (հաշվառման)
Ներմուծեք նկարագրությունը_14040