Գլխավոր տեղեկություն
Համար
N 1194-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2005-14.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.07/57(429) Հոդ.1104
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2005 թվականի N 1194-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հաստատել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 5086,1 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Երևանի Կոմիտասի 51 հասցեում գտնվող մասնաշենքի 3-րդ հարկի` 478,3 հազ. դրամ արժողությամբ և 274,1 քառ. մետր մակերես ունեցող տարածքը` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրված մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննության իրականացումը, մշակութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը վերաբերող գրքերի, ձեռնարկների, տեղեկագրերի, ժողովածուների ու այլ գրականության հրատարակումը, Հայաստանի Հանրապետության մաքսային և այլ իրավապահ մարմինների կողմից առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների մասին տեղեկատվության տրամադրումը, մշակութային արժեքների փորձագիտության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակութաբանության և արվեստաբանության բնագավառում մասնագիտական դասընթացների կազմակերպումն են.

բ) «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով.

գ) պետության կարիքների համար մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննություն իրականացնելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` պատվիրատուին (պետական մարմնին) վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը` իր կողմից սահմանված կարգին համապատասխան:

5. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) հասարակական և հումանիտար գիտությունների, ինչպես նաև տեխնոլոգիաների բնագավառներում հետազոտությունների և մշակումների կատարում.

բ) լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրով դասընթացների կազմակերպում.

գ) տեղեկատվության մեքենայական կրիչների վերարտադրում.

դ) տվյալների մշակում.

ե) տվյալների հիմնապահեստների հետ կապված գործունեություն.

զ) գրքերի հրատարակում.

է) լուսանկարչության բնագավառի գործունեություն.

ը) գործավարական և թարգմանչական ծառայություններ:

6. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ու «Է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում`

ա) ապահովել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

բ) հաստատել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
        վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. օգոստոսի 12
        Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 4-ի N 1194-Ն որոշմ
ան

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որն ստեղծվել է մշակութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննություն իրականացնելու նպատակով:
Կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով գրանցման պահից:

2. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին և իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա:

3. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք ու խորհրդանշան:
Կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

4. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:
Կազմակերպության բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են տարեկան նախահաշվին համապատասխան:

5. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտավորություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար, իսկ հիմնադիրը պատասխանատվություն է կրում միայն մինչև կազմակերպության պետական գրանցումը ծագած` նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

7. Կազմակերպությունն այլ իրավաբանական անձի հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

8. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ.

ռուսերեն լրիվ` «Центр экспертизы культурных ценностей» государственная некоммерческая организация.

ռուսերեն կրճատ` «Центр экспертизы» ГНО.

անգլերեն լրիվ` «Expert centre of cultural values» state non-profit organization.

անգլերեն` կրճատ` «Expert centre» SNPO:

Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կոմիտասի 51, 3-րդ հարկ:

 

II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

9. Կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրված մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննության իրականացումը, մշակութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը վերաբերող գրքերի, ձեռնարկների, տեղեկագրերի, ժողովածուների ու այլ գրականության հրատարակումը, Հայաստանի Հանրապետության մաքսային և այլ իրավապահ մարմինների կողմից առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների մասին տեղեկատվության տրամադրումը, մշակութային արժեքների փորձագիտության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակութաբանության և արվեստաբանության բնագավառում մասնագիտական դասընթացների կազմակերպումը:

10. Կազմակերպությունն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան`

ա) իրականացնում է մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննություն ու փորձաքննության արդյունքների հիման վրա տալիս փորձագիտական եզրակացություն.

բ) կազմակերպում է մշակութաբանության և արվեստաբանության բնագավառում մասնագիտական դասընթացներ.

գ) պատրաստում ու հրատարակում է մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննությանը վերաբերող գրքեր, ձեռնարկներ, տեղեկագրեր, ժողովածուներ և այլ գրականություն.

դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

11. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) հասարակական և հումանիտար գիտությունների, ինչպես նաև տեխնոլոգիաների բնագավառում հետազոտությունների ու մշակումների կատարում,

բ) լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրով դասընթացների կազմակերպում,

գ) տեղեկատվության մեքենայական կրիչների վերարտադրում,

դ) տվյալների մշակում,

ե) տվյալների հիմնապահեստների հետ կապված գործունեություն,

զ) գրքերի հրատարակություն,

է) լուսանկարչության բնագավառի գործունեություն,

ը) գործավարական և թարգմանչական ծառայություններ:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

12. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է նրա հիմնադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից, այդ թվում` պայմանագրային հիմունքներով կատարված աշխատանքներից ու մատուցված ծառայություններից և իրացված ապրանքներից ստացված եկամուտներից:

13. Կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
 Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը: Հիմնադիրը սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

14. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

15. Հիմնադիրը կարող է կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:

Կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա այլ գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

Հիմնադրի կողմից գույքը կազմակերպությանն ամրացվելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ երրորդ անձի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:

16. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և անհատույց օգտագործման հանձնելու:

Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության` օրենքով սահմանված կարգով:

Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները նրա սեփականությունն են, իսկ այդ գույքի վարձակալության հանձնումից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

17. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` լիազորված պետական մարմին) և կազմակերպության գործադիր մարմինը (այսուհետ` տնօրեն):

18. Հիմնադիրն ունի կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,

բ) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը,

գ) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը,

դ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը:

19. Լիազորված պետական մարմինն իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:

20. Լիազորված պետական մարմինը`

ա) կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ) իրականացնում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

գ) իրականացնում է կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

դ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, կարգադրություններն ու ցուցումները.

ե) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում գործունեության վերստուգման արդյունքները, հաստատում տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

զ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման և պահպանության նկատմամբ.

է) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս խոշոր գործարքների կատարմանը.

ը) խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում տնօրենին.

թ) կազմակերպության լուծարման դեպքում նշանակում է լուծարման հանձնաժողով և հաստատում է լուծարման հաշվեկշիռը.

ժ) իրականացնում է օրենքով և հիմնադրի որոշումներով նախատեսված այլ գործառույթներ:

21. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմնի ղեկավարը:

Տնօրենը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, կազմակերպության կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չի հանդիսանում պատճառված վնասը հատուցելու` պարտականությունները չկատարելու համար:

Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

22. Տնօրենի բացակայության դեպքում, լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանով տնօրենի լիազորությունները ժամանակավորապես կատարում է տնօրենի տեղակալը:

23. Տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն:

Տնօրենի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը`

ա) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

բ) որին օրենքով արգելված է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.

գ) որը նախընթաց 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իր պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

24. Տնօրենին նշանակելիս նրա հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները նախարարության, կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման հիմքերը, ինչպես նաև այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ:

25. Տնօրենը`

ա) ղեկավարում է կենտրոնի գործունեությունը.

բ) կազմակերպում է կադրերի ընտրությունը, վերապատրաստումը և կատարելագործումը, աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

գ) սահմանում է կազմակերպության կառուցվածքը, աշխատողների թիվը, աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը և հաստատում հաստիքացուցակը.

դ) պաշտոնի է նշանակում կազմակերպության հիմնարկների, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին.

ե) հաստատում է կազմակերպության հիմնարկների, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի կանոնադրությունները, կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը, կազմակերպության գործունեության` կանոնակարգող ներքին փաստաթղթերը և կազմակերպում ու իրականացնում է անհրաժեշտ հսկողություն դրանց պահանջների կատարման նկատմամբ.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

է) ապահովում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունների կազմումը և դրանք ներկայացնում լիազորված պետական մարմնի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ մարմիններ.

ը) լուծում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ խնդիրներ:

26. Կազմակերպության առջև դրված խնդիրների իրականացման նպատակով տնօրենը`

ա) հաստատում է ձեռնարկատիրական գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշիվը.

բ) կազմակերպում է կազմակերպության ստորաբաժանումների աշխատանքը, ապահովում դրանց ներդաշնակ գործունեությունը, հրավիրում և անցկացնում է խորհրդատվություններ` կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերի լուծման համար.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

դ) ապահովում է փորձաքննությունների և հետազոտությունների կատարման համար անհրաժեշտ պայմաններ.

ե) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից և ներկայացնում նրա շահերը.

զ) կնքում է գործարքներ, բանկերում բացում հաշվարկային հաշիվներ.

է) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.

ը) իրականացնում է կազմակերպության ղեկավարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

27. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի և լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, հրամաններն ու հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

28. Կազմակերպության գործունեության առանձին ոլորտների անմիջական ղեկավարումը, տնօրենի հրամանին համապատասխան և նրա կողմից սահմանված կարգով, կարող է իրականացվել տնօրենի տեղակալի կողմից:

29. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

Կազմակերպությունը հիմնադրի սահմանած կարգով պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

Կազմակերպության ֆինանսական գործունեությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի ղեկավարի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

30. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) հիմնադրի կողմից սահմանված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթից.

գ) բարեգործական, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվություններից.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:

31. Կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար` հետևյալ ուղղություններով`

ա) մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննության իրականացման ծախսերի փոխհատուցում.

բ) մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննությանը վերաբերող գրքերի, ձեռնարկների, տեղեկագրերի, ժողովածուների և այլ գրականության հրատարակում.

գ) մշակութաբանության և արվեստաբանության բնագավառում մասնագիտական դասընթացների կազմակերպում.

դ) կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.

ե) կազմակերպության աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում` պարգևատրումներ, հավելավճարներ և այլ խրախուսման միջոցներ.

զ) լիազորված պետական մարմնի կողմից նախատեսված այլ ուղղություններ:

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

32. Կազմակերպության կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են նրա բաժինները և աշխատանոցները (լաբորատորիաները), որոնք գործում են իրենց կանոնակարգերին համապատասխան:

Կազմակերպության կառուցվածքում ներառված են նաև սպասարկող և օժանդակ կառուցվածքային ստորաբաժանումներ կամ առանձին հաստիքներ (հաշվապահություն, արխիվ, ընդհանուր բաժին, տնտեսվար, կադրերի տեսուչ):

Կազմակերպության հիմնարկները և մասնաճյուղերը գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և իրենց կանոնադրություններին համապատասխան:

Կազմակերպությունում սահմանված կարգով ստեղծվում և գործում են խորհրդակցական մարմիններ` գիտամեթոդական խորհուրդ և մեթոդական փորձագիտական հանձնաժողովներ:

Կազմակերպության խորհրդակցական մարմինների կազմը և աշխատանքային կանոնակարգերը հաստատում է կենտրոնի տնօրենը` համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի հետ:

33. Կազմակերպության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, կոլեկտիվ պայմանագրով, կազմակերպության աշխատանքային ներքին կանոնակարգով ու ստորաբաժանումների կանոնադրություններով, կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:

34. Կազմակերպությունում իրականացվող փորձաքննություններին արտահաստիքային փորձագետների և այլ մասնագետների ներգրավման կարգը սահմանում է տնօրենը` պայմանագրային հիմունքներով: Կազմակերպության արտահաստիքային փորձագետը, ինչպես կազմակերպության հաստիքային փորձագետը, պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

35. Կազմակերպության աշխատողների ատեստավորումը կազմակերպվում է յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում:

Կազմակերպության աշխատողներից յուրաքանչյուրն ատեստավորվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ:

Ատեստավորման կարգը հաստատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

Տվյալ տարում ատեստավորման ենթակա աշխատողների ցուցակը հաստատում է տնօրենը:

36. Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարներ վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպությունների համար օրենքով նախատեսված կարգով և չափով:

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

37. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

38. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

39. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև սնանկության հետևանքով:

Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.11.2019, N 1652-Ն 14.12.2019, N 1194-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան