Գլխավոր տեղեկություն
Համար
N 361
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 1995 թվականի N 361

 

քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գազամատակարարման բարելավման, օգտագործված բնական գազի դիմաց վճարումների ապահովման նպատակով`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական կոնցեռնը Հայաստանի Հանրապետություն բնական գազի ներկրումներն ապահովող և համապատասխան ծառայություններն իրականացնող միակ լիազորված ձեռնարկությունն է:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը բնական գազի ներկրման համար տնտեսական պատասխանատվություն չի կրում և երաշխիքներ չի տրամադրում:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) սահմանել կարգ և «Հայգազարդ» պետական կոնցեռնի միջոցով ապահովել այլ ձեռնարկությունների կողմից գնված ու Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար նախատեսված բնական գազի տեղափոխումը, պահեստավորումը և համապատասխան սպառողներին մատակարարումը.

բ) 2-օրյա ժամկետում ապահովել «Հայգազարդ» պետական կոնցեռնի կողմից հատուկ հաշվի բացումը, որի միջոցով այսուհետև պետք է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգով իրականացվեն գազի առուծախի հետ կապված բոլոր գործառնությունները.

գ) վերահսկողություն իրականացնել «Հայգազարդ» պետական կոնցեռնի կողմից նշված հատուկ հաշվում առկա միջոցներին համապատասխան ծավալներով բնական գազի ձեռքբերման նկատմամբ.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումների խորացման մասին» N 346 որոշմամբ հաստատված էներգահամակարգում սակագների մշակման և հաստատման հանձնաժողովի հետ համաձայնեցնելով, 5-օրյա ժամկետում սահմանել բնական գազի տեղափոխման, պահեստավորման, ինչպես նաև «Հայգազարդ» պետական կոնցեռնի կողմից ձեռք բերված և իրացվող բնական գազի գները:

(փոփ. 14.05.96 թ. N 282 որոշմամբ)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական կոնցեռնին 6-ամսյա ժամկետով տրամադրել 300 մլն դրամի չափով փոխատվություն` այն բացառապես Թուրքմենստանից բնական գազ գնելու համար օգտագործելու պայմանով:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայգազարդ» պետական կոնցեռնի և «Հայթուրթրեյդ» պետական ձեռնարկության կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ առաջարկություն:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան