ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 1995 թվականի N 163
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման գծով նախարարի մասին ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):
|
Հաստատված է |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման գծով նախարարի մասին
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման գծով նախարարը (այսուհետև` նախարար) իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում մարզպետների գործունեությունը, համագործակցում Հայաստանի Հանրապետության նախարարների հետ տարածքային քաղաքականությանը վերաբերող հարցերում:
2. Նախարարն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, գործող օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
II. ՆԱԽԱՐԱՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Նախարարի հիմնական խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանմանը, տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենքների, այլ օրենսդրական ակտերի նախագծերի պատրաստմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը դրանց սահմանված կարգով ներկայացման կազմակերպումը.
բ) տարածքային կառավարմանն ու տեղական ինքնակառավամանն անցնելու գործընթացի ապահովումը.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների կողմից վարչատարածքային բաժանման, տարածքային կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքների, օրենսդրական ու ենթաօրենսդրական այլ ակտերի կիրառման և այդ մարմինների իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ու հանրապետական նշանակության այլ ծրագրերի իրագործման ապահովումը.
դ) տարածքային կառավարման մարմինների գործունեության վերահսկումը:
4. Իր վրա դրված խնդիրներն իրականացնելու համար նախարարը`
ա) ստեղծում է աշխատանքային խմբեր` տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների և այլ օրենսդրական ակտերի նախագծերի պատրաստման համար.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ապահովում է մարզերի արտադրատնտեսական և սոցիալական ցուցանիշների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ.
դ) նախապատրաստում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում տարածքային կառավարմանը վերաբերող հարցեր.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով ցուցումներ է տալիս մարզպետներին և վերահսկում դրանց կատարումը.
զ) լուծում է տարածքային կառավարմանը վերաբերող օպերատիվ հարցեր.
է) համագործակցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի մշտական հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող հարցերում.
ը) ներկայացնում է առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետին` մարզպետների, նրանց տեղակալների թեկնածությունների, իսկ մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը, քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ.
թ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ հանձնարարականներ է փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի մշակման ու դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացություններ կամ կարծիք ստանալու համար.
ժ) տալիս է հանձնարարականներ Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման ղեկավարին.
ի) ապահովում է տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը վերաբերող, Հայաստանի Հանրապետության կառավարությունում ստացված քաղաքացիների դիմումների, գանգատների քննարկումը:
5. Նախարարի ընթացիկ գործունեության սպասարկումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կառուցվածքում գործող աշխատակազմը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.04.2000, N 218 | 08.05.2000, N 163 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|