«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2005 թվականի N 1345-Ն
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների (այսուհետ` երեխաներ) համար ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը, որի նպատակը երեխաների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ֆիզիկական ակտիվության ապահովումն է:
2. Երեխաների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առանձին ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի (որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու) գրավոր համաձայնությամբ` հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի` տվյալ մարզաձևով զբաղվելու նախասիրությունը և բժշկի մասնագիտական եզրակացությունը:
3. Երեխաների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առանձին ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են միաժամանակ 2 մարզիչ-մանկավարժի կողմից` բժշկի պարտադիր ներկայությամբ:
Մարզիչ-մանկավարժներից առավել փորձառուն` աշխատանքային երկարամյա ստաժ ունեցողը, նշանակվում է խմբի ավագ մարզիչ-մանկավարժ:
4. Երեխաների ուսումնամարզական պարապմունքները վարող մարզիչ-մանկավարժին տրվում է հավելավճար` հաստիքացուցակով սահմանված դրույքի 10 տոկոսի չափով:
5. Երեխաների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսումնամարզական խմբերը ձևավորվում են հնարավորինս համանման ախտորոշում ու ֆիզիկական կամ մտավոր արատներ ունեցող երեխաներով` հաշվի առնելով տվյալ խմբում ընդգրկվող երեխաների հաշմանդամության տեսակը (կույր, խուլ-համր, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող, հենաշարժողական ապարատի սահմանափակումներ ունեցող և այլն):
Ուսումնամարզական խմբում ընդգրկված երեխաների թիվը չպետք է գերազանցի մանկապատանեկան մարզադպրոցի համար` տվյալ մարզաձևի ուսումնամարզական խմբում մարզիկների ընդգրկվածության սահմանված թվի կեսը, իսկ պարապմունքները պետք է անցկացվեն ոչ ավելի, քան շաբաթական 3 անգամ` յուրաքանչյուրն առավելագույնը 2 ակադեմիական ժամ (45 րոպե x 2 = 1.5 ժամ) տևողությամբ:
6. Բացառիկ դեպքերում, հաշվի առնելով տարիքը, սեռը, ֆիզիկական և հոգեկան վիճակն ու ախտորոշումը, յուրաքանչյուր երեխայի ուսումնամարզական պարապմունքների հաճախականությունը, տևողությունն ու ծանրաբեռնվածությունը, խորհրդակցելով բժշկի և հոգեբանի հետ, սահմանում է տվյալ խմբի ավագ մարզիչ-մանկավարժը, դրա մասին տեղյակ պահելով տվյալ կազմակերպության ղեկավարին և երեխայի ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին (որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու):
7. Ուսումնամարզական պարապմունքներին մասնակցելու ընթացքում երեխաները պարտավոր են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ անցնել ընթացիկ, իսկ կիսամյակը մեկ անգամ` խորացված բժշկական զննություն:
8. Երեխաների ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են նրանց համար մատչելի` հատուկ մարզագույքով, սարքավորումներով և օժանդակ հարմարություններով հագեցված մարզակառույցներում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|