Գլխավոր տեղեկություն
Համար
N 1345-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.23/19(391) Հոդ.1149
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 սեպտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2005 թվականի N 1345-Ն

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Սահմանել ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը` համաձայն   հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
 

 Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 26
     Երևան


   

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 18-ի N 1345-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ


1. Սույն կարգով սահմանվում է ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների (այսուհետ` երեխաներ) համար ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը, որի նպատակը երեխաների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ֆիզիկական ակտիվության ապահովումն է:

2. Երեխաների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առանձին ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի (որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու) գրավոր համաձայնությամբ` հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի` տվյալ մարզաձևով զբաղվելու նախասիրությունը և բժշկի մասնագիտական եզրակացությունը:

3. Երեխաների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առանձին ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են միաժամանակ 2 մարզիչ-մանկավարժի կողմից` բժշկի պարտադիր ներկայությամբ:

Մարզիչ-մանկավարժներից առավել փորձառուն` աշխատանքային երկարամյա ստաժ ունեցողը, նշանակվում է խմբի ավագ մարզիչ-մանկավարժ:

4. Երեխաների ուսումնամարզական պարապմունքները վարող մարզիչ-մանկավարժին տրվում է հավելավճար` հաստիքացուցակով սահմանված դրույքի 10 տոկոսի չափով:

5. Երեխաների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսումնամարզական խմբերը ձևավորվում են հնարավորինս համանման ախտորոշում ու ֆիզիկական կամ մտավոր արատներ ունեցող երեխաներով` հաշվի առնելով տվյալ խմբում ընդգրկվող երեխաների հաշմանդամության տեսակը (կույր, խուլ-համր, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող, հենաշարժողական ապարատի սահմանափակումներ ունեցող և այլն):

Ուսումնամարզական խմբում ընդգրկված երեխաների թիվը չպետք է գերազանցի մանկապատանեկան մարզադպրոցի համար` տվյալ մարզաձևի ուսումնամարզական խմբում մարզիկների ընդգրկվածության սահմանված թվի կեսը, իսկ պարապմունքները պետք է անցկացվեն ոչ ավելի, քան շաբաթական 3 անգամ` յուրաքանչյուրն առավելագույնը 2 ակադեմիական ժամ (45 րոպե x 2 = 1.5 ժամ) տևողությամբ:

6. Բացառիկ դեպքերում, հաշվի առնելով տարիքը, սեռը, ֆիզիկական և հոգեկան վիճակն ու ախտորոշումը, յուրաքանչյուր երեխայի ուսումնամարզական պարապմունքների հաճախականությունը, տևողությունն ու ծանրաբեռնվածությունը, խորհրդակցելով բժշկի և հոգեբանի հետ, սահմանում է տվյալ խմբի ավագ մարզիչ-մանկավարժը, դրա մասին տեղյակ պահելով տվյալ կազմակերպության ղեկավարին և երեխայի ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին (որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու):

7. Ուսումնամարզական պարապմունքներին մասնակցելու ընթացքում երեխաները պարտավոր են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ անցնել ընթացիկ,  իսկ կիսամյակը մեկ անգամ` խորացված բժշկական զննություն:

8. Երեխաների ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են նրանց համար մատչելի` հատուկ մարզագույքով, սարքավորումներով և օժանդակ հարմարություններով հագեցված մարզակառույցներում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
    
 Մ. Թոփուզյան