Գլխավոր տեղեկություն
Համար
N 856-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.15/45(417) Հոդ. 871
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2005 թվականի N 856-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Շամլուղի բնակարանային-կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն անվանափոխելով «Շամլուղի բնակարանային-կոմունալ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել`

ա) «Շամլուղի բնակարանային-կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 1116 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 558 հազ. դրամ:

1.3. «Շամլուղի բնակարանային-կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 3452 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 404 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2960 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 88 հազ. դրամ:

1.4. «Շամլուղի բնակարանային-կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների ու մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

1.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

2.1. «Հայհիդրոէներգանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ)` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2.2. Սահմանել`

ա) «Հայհիդրոէներգանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 4066 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 4066 հազ. դրամ:

2.3. «Հայհիդրոէներգանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 60861 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8778 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 12616 հազ. դրամ,

կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 4000 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 2807 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 9199 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 5655 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 17806 հազ. դրամ:

2.4. «Հայհիդրոէներգանախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.5. Հայաստանի Հանրապետությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել`

ա) որ գնորդը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 133901 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) որ «Հայհիդրոէներգանախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունում գոյություն ունեցող տեխնիկական արխիվի փաստաթղթերը համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և գնորդը պարտավոր է մեկ տարվա ընթացքում ապահովել դրանց արխիվացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) «Հայհիդրոէներգանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 10 տարի ժամկետով պահպանում:

2.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

3.1. «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Ջրվեժի «Մայակ» թաղամասի N 1/3 հասցեում գտնվող` 261.97 քառ. մետր վարձակալությամբ տրված տարածքը (այսուհետև` գույք) և այն հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցմամբ` բաժնետոմսերի ձեռքբերման և մարման եղանակով` համապատասխան չափով նվազեցնելով «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

Սահմանել, որ գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը պետք է վճարվի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով:

3.2. Երևանի Ջրվեժի «Մայակ» թաղամասի N 1/3 հասցեում գտնվող` 261.97 քառ. մետր մակերես ունեցող գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ «Ուրախ ժամանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (քաղ. Երևան, Բագրատունյաց 19) (այսուհետ` գնորդ):

3.3. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 2210 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 2210 հազ. դրամ:

3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`  մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 76152 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

4.1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի տնօրինության` Գավառ քաղաքի Սայադյան 2 հասցեում գտնվող հակահամաճարակային կայանի` 635,2 քառ. մետր մակերես ունեցող 2 շենք (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ «Արտաշես և Տաթևիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

4.2. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը`  3593 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 1797 հազ. դրամ:

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) ներդնել 8 մլն դրամ, ստեղծել 25 աշխատատեղ` ամսական 35 հազ. դրամ աշխատավարձով.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 27000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության  արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

5.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել նրան անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` պետական սեփականություն հանդիսացող 2 միավոր տրանսպորտային միջոցը` համաձայն հավելվածի (այսուհետ` գույք):

5.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 5.1-ին կետում նշված գույքն օտարել դասական աճուրդով:

5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի ժամանակ սահմանված մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

գ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

5.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդի անցկացման օրվանից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

6.1. «Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 11-ի N 289 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված ֆիրմային խանութի 169.57 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (քաղ. Գյումրի, Մանուշյան 21) (այսուհետ գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):

6.2. Սահմանել`

ա) «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը` 2482 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գինը` 1241 հազ. դրամ:

6.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 44098 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության  արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

7.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինության` Երևանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքից 250 քառ. մետր տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ «Արման-76» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

7.2. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 4458 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 25100 հազ. դրամ:

7.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`  մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 602400 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության  արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի  «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի N 631, դեկտեմբերի 31-ի N 896, 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1487-Ա և 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1929-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 295-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 3.1-ին կետը «մրցույթով» բառից հետո լրացնել «բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը» բառերով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 14
Երևան

 


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 31-ի N 856-Ն որոշման


Ց Ա Ն Կ


ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ


NN
ը/կ
Գույքի
անվանումը
Գույքի գնահատված արժեքը
(հազ. դրամ)

Գույքի մեկնարկային գինը
(հազ. դրամ)

Թողարկման տարեթիվը Շահագործման տարեթիվը
1. Ավտոմեքենա
«ՎԱԶ-21213»
1235.76 1235.76 1997 թ. 02.1997 թ.
2. Ավտոմեքենա
«ՎԱԶ-2105»
154.5 154.5 1986 թ. 10.1997 թ.
  ԸՆԴԱՄԵՆԸ 1390.26 1390.26    

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար



Մ. Թոփուզյան