«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2005 թվականի N 699-Ն
«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված 1997 թվականի Լիսաբոնի եվրոպական տարածաշրջանի բարձրագույն կրթական որակավորումների ճանաչման կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ ու 9-րդ հոդվածի 2-րդ մասերի դրույթները, ինչպես նաև «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ ու 5-րդ հոդվածների 1-ին մասերի 5-րդ կետերի և 20-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամ:
2. Հաստատել «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունն ու հոգաբարձուների խորհրդի ներկայացուցչական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամին` որպես գույքային ներդրում Երևան քաղաքում շենք տրամադրելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 | |
1. «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 31-ի N 699-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք), «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) և այլ իրավական ակտերի համաձայն: Հիմնադրամի գործունեության հիմքում ընկած են Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ կենտրոնների գործունեության և ծառայությունների մասին միասնական (եվրոպական) կանոնակարգի հիմնադրույթները: 2. Հիմնադրամի անվանումն է՝ հայերեն լրիվ՝ «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամ, ռուսերեն լրիվ՝ ФОНД ''Национальный информационный центр по академическому признанию и мобильностью'', անգլերեն լրիվ` FUND ''National information Center for Academic recognition and mobility'': 3. Հիմնադրամի գտնվելու վայրն է (փոստային հասցեն)՝ Հայաստանի Հանրապետություն, 375005, քաղ. Երևան, Տիգրան Մեծի 67: 4. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 5. Հիմնադրամի հնարավոր շահառուներն են` սովորողները, ուսանողները, գործատուները, ծնողները, ուսումնական հաստատությունները, կրթության կառավարման մարմինները և շահագրգիռ անհատները: 6. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության, կրթական հաստատությունների ու միջազգային կառույցների ներդրումների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է կրթական հանրօգուտ նպատակներ: Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: 7. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին: 8. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության տեսակներով՝ օրենքով սահմանված կարգով: Հիմնադրամը պարտավոր է յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդող 6 ամսվա ընթացքում հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին: 9. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով: Հիմնադրամն ունի հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով` իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև կարող է ունենալ օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային ու այլ նշաններ և այլ անհատականացման միջոցներ: 10. Հիմնադրամն ինքնուրույն է որոշում իր գործունեության ռազմավարական ծրագրերը: 11. Հիմնադրամը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: 12. Հիմնադրամն իր կանոնադրությանը համապատասխան, սեփականատիրոջ իրավունքով տնօրինում, օգտագործում և տիրապետում է իր ունեցվածքը: 13. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և նրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, որոնք գործում են հիմնադրամի անունից՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան: Օտարերկրյա պետություններում մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ստեղծվում են այդ երկրների օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: 14. Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների համար: 15. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով: 16. Հիմնադրամի գործունեության ժամկետը` անժամկետ: II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ 17. Հիմնադրամի նպատակներն են՝ ա) բարձրագույն ուսումնական հաստատություններին, գործատուներին, մասնագիտական կազմակերպություններին, որակավորման պատասխանատու հաստատություններին, լիազորված մարմիններին, ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ ցանցի գործընկերներին և այլ շահագրգիռ կողմերին որակավորումների, կրթական համակարգերի և փոխճանաչման գործընթացների մասին համարժեք, հուսալի և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը. բ) օգտագործելով գոյություն ունեցող չափանիշները և ընթացակարգը` շահագրգիռ կողմերին երաշխավորությունների, ըստ անհրաժեշտության` նաև փոխճանաչման մասին եզրակացության տրամադրումը` որակավորումների գնահատման արդյունքների հիման վրա. գ) քաղաքացիներին փոխճանաչման հարցերով իրավունքների մասին տեղեկատվության տրամադրումը. դ) ազգային մակարդակում բարձրագույն կրթության որակավորումների, ինչպես նաև բարձրագույն կրթության մուտքն ապահովող փաստաթղթերի ճանաչման մասին հավաստի տեղեկատվության տրամադրումը. ե) ազգային մակարդակում համարժեք այլ տեղեկատվական կենտրոնների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, դրանց ցանցերի և այլ համապատասխան մասնակիցների հետ համագործակցությունը. զ) Եվրոպական միության շրջանակներում մասնագիտական փոխճանաչման համապատասխան մարմինների հետ համագործակցությունը` կարգավորվող մասնագիտությունների հարցերով. է) բարձրագույն կրթության քաղաքականության և օրենսդրության մշակմանը մասնակցությունը` ազգային ու միջազգային մակարդակներում. ը) ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ ցանցերի շրջանակներում` բարձրագույն կրթության եվրոպական տարածքի որակավորումների համընդգրկուն կառուցվածքի մշակմանը նպատակաուղղված համագործակցությունը. թ) երկրի կրթական համակարգի մասին տեղեկատվական և այլ նյութերի մշակմանը, հրապարակումներին, պարզաբանումներին, համեմատական հետազոտություններին և այլ հետազոտական աշխատանքներին մասնակցությունը` նախաձեռնված Եվրախորհրդի, Եվրոպական հանձնաժողովի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից. ժ) տարբեր երկրների կրթական համակարգերի մասին, նրանց կողմից տրվող որակավորումների, դրանց` Հայաստանի Հանրապետության որակավորումների համապատասխանության, փոխճանաչման բնագավառի օրենսդրության, պետական հավատարմագրված ուսումնական հաստատությունների և դրանց ընդունելության պահանջների մասին տեղեկատվության հավաքումը և պարբերական նորացումը. ժա) փոխճանաչման բնագավառում այլ տարածաշրջանների երկրների համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը. ժբ) ազգային կրթական համակարգի մասին, համաձայն երաշխավորվող ձևերի, տեղեկատվության կազմումը, հաստատումը և պարբերական թարմացումը. ժգ) դիպլոմի ներդիրում ներառվող ազգային կրթական համակարգի բնութագրի մշակումը, դրա ներդրմանը նպաստելը. ժդ) այլ տարածաշրջանների երկրներում ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ ցանցերի գործունեությանը նպաստելը: 18. Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար հիմնադրամն իրականացնում է՝ ա) որակավորումների գնահատման և ազգային որակավորումների համակարգի մասին տեղեկատվության փոխանակում. բ) ճանաչման բնագավառի վիճարկելի հարցերին վերաբերող համաժողովների, հանդիպումների կազմակերպում. գ) կրթական համակարգերի և փոխճանաչման ընթացակարգերի մասին թարմացված տեղեկատվության ապահովում և տարածում. դ) համագործակցող ցանցերի մասին տեղեկացվածության կատարելագործում` կապված որակավորումների, չափանիշների, աշխատանքային ձևերի և ճանաչման ընթացակարգերի հետ. ե) բարձրագույն կրթության վերաբերյալ որակավորումների ճանաչման Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լիսաբոնի կոնվենցիայի կողմից սահմանված չափանիշների և ընթացակարգերի, փոխճանաչման բնագավառում առաջավոր փորձի, մեթոդների զարգացմանը, բացահայտմանը և կիրառմանը նպաստում. զ) տեղեկատվական նյութերի, տվյալների բանկի և այլ նյութերի միջոցով ազգային կենտրոնի գործիքակազմի կատարելագործում. է) կենտրոնի ապահովում տեղեկատվության կառուցվածքի և կազմակերպման վերաբերյալ ղեկավար ձեռնարկներով, որոնք կառաջարկվեն հետևյալ նպատակային խմբերին` բարձրագույն ուսումնական հաստատություններ և դրանց կառավարման մարմիններ, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններ, որակի ապահովման գործակալություններ, գործատուներ, մասնագիտական և որակի ապահովման կազմակերպություններ, որակավորում ստացած անձինք. ը) որակի ապահովման ցանցերի և պատասխանատու մարմինների հետ համագործակցության խթանում, մասնավորապես, ENQA-ի (որակի ապահովման եվրոպական ցանց)` տեղեկատվության համատեղ օգտագործման և ազգային կրթական համակարգերի փոխվստահության ամրապնդման նպատակով. թ) բոլոր թղթակցություններում և հրապարակումներում հղման կատարում ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ ցանցի անդամության մասին և լոգոյի տեղադրում. ժ) համաձայնության ապահովում փոխճանաչման, որակի ապահովման, հավատարմագրման, կրթության և վերապատրաստման, զբաղվածության ցանցերի և հաստատությունների հետ. ժա) եվրոպական տարածաշրջանում որակավորումների ճանաչմանը նվիրված քննարկումների, քաղաքականության մշակմանը նպաստող և խթանող համաժողովների, այլ միջոցառումների կազմակերպում. ժբ) եվրոպական ուղղվածության հզորացում` շարունակական կրթության արդյունքների ճանաչման ուղղությամբ: 19. Աշխատուժը և իրավասությունները` հիմնադրամի աշխատուժը պետք է ունենա օտարերկրյա որակավորումների վերաբերյալ որոշակի գիտելիք և փորձ, այդ թվում` ազգային և օտարերկրյա կրթական համակարգերի ուսումնասիրության անցկացման, կրթական որակավորումներ շնորհող ուսումնական հաստատությունների կարգավիճակի սահմանման, կոնկրետ որակավորումների գնահատման, ազգային և օտարերկրյա որակավորումների համապատասխանության մասին հիմնավոր եզրակացության ապահովում: 20. Հիմնադրամը կարող է իրականացնել օրենքով չարգելված այլ` հիմնադրամի նպատակներին ու խնդիրներին համապատասխանող տնտեսական գործունեություն` միայն սույն կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարումից հետո: 21. Հիմնադրամն օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում` լիցենզիա ստանալու պահից կամ դրանում նշված ժամկետում: Հիմնադրամը լիցենզիայի գործողության ժամկետում իրավունք չունի զբաղվելու այլ գործունեությամբ` բացառությամբ լիցենզիայով նախատեսվածների: III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 22. Հիմնադրամն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի՝ ա) նյութապես աջակցելու ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ օրենքով սահմանված կարգով. բ) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին. գ) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության միջոցներ. դ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու. ե) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար. զ) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ. է) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը. ը) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր. թ) իրականացնելու գիտական հետազոտություններ և ծրագրերի մշակումներ. ժ) աջակցելու ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առաջարկված մշակութային, կրթական, գիտական բնույթի նախաձեռնությունների իրականացմանը. ժա) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն: 23. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին: 24. Հիմնադրամը պարտավոր է՝ ա) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքին և այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան. բ) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում. գ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ. դ) իրականացնել օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ: 25. Հիմնադրամում ներդրում կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է 5-օրյա ժամկետում նրանց ընձեռել կանոնադրության, դրանում կատարվող լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Հիմնադրամը պարտավոր է այդ անձանց պահանջով նրանց տրամադրել կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել: Իրավասու պետական մարմիններին նշված փաստաթղթերը տրամադրվում են անվճար: 26. Անօրինական գործունեություն ծավալելու համար հիմնադրամը և նրա պաշտոնատար անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն: 27. Հիմնադրամին օգնություն ցուցաբերող անձինք (այդ թվում՝ հիմնադրամի հիմնադիրը) իրավունք ունեն` ա) մասնակցելու հիմնադրամի գործունեությանը, բ) հիմնադրամի կառավարման մարմինների կողմից, ինչպես նաև կնքված պայմանագրերով սահմանված պայմաններով, հիմնադրամի խնդիրներին ու նպատակներին համապատասխան, ստանալու խորհրդատվական, փորձագիտական, միջնորդական, գիտատեխնիկական և այլ օգնություն, գ) հիմնադրամի միջոցով ստեղծելու և զարգացնելու երկկողմ և բազմակողմ կապեր, դ) հիմնադրամի կողմից` նրա իրավունքների, իրավական և տնտեսական հնարավորությունների շրջանակներում օգտվելու սեփական շահերի պաշտպանությունից, ե) ցանկացած ժամանակ դադարեցնելու հիմնադրամի աշխատանքներին իրենց մասնակցությունը: 28. Հիմնադրամը վարում է իր գործունեությանն աջակցող անձանց ռեեստր: 29. Հիմնադրամին աջակցող անձինք պարտավոր են` ա) հիմնադրամի ծրագրերի և միջոցառումների իրականացման ժամանակ գործել հիմնադրամի կանոնադրության պահանջներին համապատասխան, բ) չտարածել հիմնադրամի գործունեության մասին գաղտնի տեղեկություններ, գ) զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս պատճառել հիմնադրամին: IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 30. Հիմնադրամի կառավարման մարմիններն են՝ ա) հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ), բ) հիմնադրամի գլխավոր տնօրենը (այսուհետ՝ գլխավոր տնօրեն): 31. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է, որը ձևավորվում է սույն կանոնադրության 5-րդ կետով սահմանված շահառուների ներկայացուցիչներից: Հետագայում խորհրդի կազմում փոփոխությունները կատարվում են օրենքով սահմանված կարգով: Խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք: Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում: Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է` ա) նրա գրավոր դիմումի հիման վրա. բ) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում, խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով: Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ: 32. Խորհրդի իրավասությանն են պատկանում՝ ա) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը. բ) հիմնադրամի բյուջեի և դրանում կատարվող փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը. գ) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը. դ) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը. ե) խորհրդի նոր անդամների ընտրությունը և խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը. զ) խորհրդի նախագահի, գլխավոր տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը. է) հիմնադրամի՝ կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը. ը) սահմանված կարգով հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը. թ) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը. ժ) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը. ժա) կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ գլխավոր տնօրենի հաշվետվությունների լսումը. ժբ) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը. ժգ) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը. ժդ) հիմնադրամի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց աշխատանքի վարձատրության մասին որոշումների ընդունումը. ժե) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը: Խորհրդի նիստերում յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դրա անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Խորհրդի նախագահի, գլխավոր տնօրենի ընտրության և նրան պաշտոնից ազատելու, ինչպես նաև հիմնադրամի վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում) որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերին վերաբերող հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում: 33. Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները՝ օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: 34. Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի նախագահը` ա) կազմակերպում է հիմնադրամի խորհրդի աշխատանքները. բ) գումարում է հիմնադրամի խորհրդի նիստերը և նախագահում դրանք. գ) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը: 35. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը: 36. Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ այլ կապի միջոցների կիրառմամբ: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք: 37. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գլխավոր տնօրենը: 38. Գլխավոր տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը` բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ հիմնադրամի խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի: Գլխավոր տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը: Գլխավոր տնօրենն ընտրվում և պաշտոնից ազատվում է խորհրդի կողմից: Գլխավոր տնօրենի պաշտոնում առաջին անգամ կարող է նշանակել նաև հիմնադիրը: Գլխավոր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ: 39. Գլխավոր տնօրենը` ա) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից. բ) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում. գ) գործում է առանց լիազորագրի. դ) տալիս է լիազորագրեր. ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային. զ) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ. է) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքն ու հաստիքացուցակը. ը) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը. թ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին. ժ) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ: 40. Գլխավոր տնօրենն այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն խորհրդի համաձայնությամբ: 41. Խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու գլխավոր տնօրենի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, սույն կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով: 42. Հիմնադրամն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարում և ներկայացնում է հաշվապահական ու վիճակագրական հաշվետվություն: 43. Հիմնադրամը պետական, սոցիալական, տնտեսական և հարկային քաղաքականության իրականացման նպատակով պատասխանատվություն է կրում փաստաթղթերի (կառավարչական, ֆինանսատնտեսական, աշխատակազմի մասին և այլն) պահպանման համար: Հիմնադրամն օրենքով սահմանված կարգով ապահովում է անհրաժեշտ փաստաթղթերի հանձնումը պետական արխիվային մարմիններ: V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ 44. Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: 45. Հիմնադրամի ստեղծման պահին հիմնադրի կողմից ներդրվում է 50000 դրամ: 46. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով: 47. Հիմնադրամի հիմնադրի և այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց ներդրումները (նվիրաբերությունները, նվիրատվությունները և այլն) կարող են կատարվել ինչպես դրամական և գույքային տեսքով (այդ թվում՝ սարքավորումներ, շենքեր, շինություններ, մտավոր սեփականության նկատմամբ իրավունքներ), այնպես էլ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքի տեսքով: Այս դեպքում կատարվում է ներդրվող գույքի կամ օգտագործման իրավունքի դրամական գնահատում, որի մեծությունը նշվում է հիմնադրման մասին պայմանագրում կամ համապատասխան անձի (ներդրողի) ու հիմնադրամի միջև կնքվող պայմանագրում: 48. Հիմնադրամի գույքի և միջոցների ձևավորման աղբյուր կարող են լինել՝ ա) հիմնադրի ներդրումները, բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններն ու նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները, գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը, դ) դրամաշնորհները, ե) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները, զ) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, սպորտային, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում), է) օրենքով չարգելված այլ միջոցներ: 49. Հիմնադրամի սեփականությունն է համարվում իր կողմից ստեղծված, ձեռք բերված կամ այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից հանձնված ունեցվածքը` ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները: 50. Հիմնադրամի ամբողջ ունեցվածքը, տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները համարվում են նրա սեփականությունը և չեն կարող որպես շահույթ հատկացվել հիմնադրամի հիմնադրին: Հիմնադրամը տնօրինում, օգտագործում և տիրապետում է իր ունեցվածքը` միայն այդ գույքի նշանակությանը համապատասխան և միայն հիմնադրամի կանոնադրական խնդիրների և նպատակների իրականացման համար: 51. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների աշխատավարձի փոխհատուցման համար: Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով հիմնադրամին տրված նվիրաբերությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով` միայն նվիրաբերողի համաձայնությամբ: Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել էր նախապես: 52. Հիմնադրամի ծախսերն են` ա) կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը. բ) վարչակառավարչական ծախսերը: 53. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը հիմնադրամի բյուջեում պետք է արտահայտված լինեն առանձին` ըստ նպատակների (ծրագրերի) և օգտագործման եղանակների և (կամ) այն սուբյեկտների, որոնց միջև բաշխվելու են միջոցները: Այդ ծախսերում ներառվում են նաև հիմնադրամի գույքի պահպանման, ավելացման և վերանորոգման, ինչպես նաև կապի, կոմունալ-կենցաղային, էլեկտրաէներգիայի ու շինարարության ծախսերը: 54. Վարչակառավարչական ծախսերը ներառում են հիմնադրամի կառավարման, հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերը և կազմում են հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսը: VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ 55. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի միացման և միաձուլման ձևով: 56. Հիմնադրամների միաձուլում է համարվում նոր հիմնադրամի ստեղծումը՝ նրան 2 կամ ավելի միաձուլվող հիմնադրամների իրավունքների ու պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող հիմնադրամների դադարմամբ: 57. Հիմնադրամների միացում է համարվում մեկ կամ մի քանի հիմնադրամների գործունեության դադարումը՝ դրանց իրավունքներն ու պարտականություններն այլ հիմնադրամի փոխանցելով: 58. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է խորհրդի որոշմամբ: 59. Չեն թույլատրվում հիմնադրամի այլ վերակազմակերպումներ: 60. Լուծարումը հիմնադրամի գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: 61. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումով: 62. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե՝ ա) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ. բ) հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից. գ) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և հնարավոր չէ կատարել այդ նպատակների փոփոխություններ. դ) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները. ե) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն. զ) հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ: 63. Հիմնադրամի լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: 64. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: 65. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը դադարած՝ պետական գրանցման պահից: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Պետական բուհերի ներկայացուցիչ Ոչ պետական բուհերի ներկայացուցիչ ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ Ուսանողության ներկայացուցիչ Գործատուների ներկայացուցիչ ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |