Գլխավոր տեղեկություն
Համար
N 1136-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2005-19.07.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.26/5(671) Հոդ.1054
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.07.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 1136-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԿԱՏԱԼՈԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 168-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերի բնակելի տների նախագծերի և կատալոգի կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
     

Ա. Մարգարյան

2005 թ. օգոստոսի 9
     Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1136-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԿԱՏԱԼՈԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերի բնակելի տների նախագծային փաստաթղթերի, ինչպես նաև այդ նախագծերի գովազդային տեղեկագրերից կազմված հավաք կատալոգի (այսուհետ` բնակելի տների կատալոգ) կիրառման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական և սանիտարական նվազագույն ստանդարտներն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված բնակելի տների նախագծային փաստաթղթերի փաթեթի (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) ներդրումը նպատակաուղղված է պետական միջոցների (այդ թվում՝ վարկային ու դրամաշնորհային) նպատակային օգտագործմանը, ինչպես նաև համապատասխան պետական ծրագրերի իրականացման շրջանակներում բարվոք կենցաղային և գեղագիտական պահանջներին համապատասխանող բնակելի կառուցապատման ճարտարապետական միջավայրի ստեղծմանը:

3. Նախագծային փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության (այսուհետ` պատվիրատու) պատվերով՝ նրա կողմից տրված նախագծային առաջադրանքի հիման վրա:

4. Պատվիրատուն նախագծային փաստաթղթերը մշակողին ընտրում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Նախագծային փաստաթղթերը մշակվում են «Էսքիզային նախագիծ» և «Աշխատանքային նախագիծ» փուլերի համար սահմանված լրիվ կազմով:

6. Նախագծային փաստաթղթերի հետ միասին մշակվում և կազմվում է բնակելի տների կատալոգ` սխեմատիկ հատակագծերով, ճակատային լուծումներով, հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներով և կատալոգի կիրառման և ներդրման հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությամբ:

7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձագիտական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատվում և ընդունվում են կիրառման:

8. Նախագծային փաստաթղթերի բնագրերը (մագնիսական և թղթային կրիչներով) պահվում են պատվիրատուի մոտ:

9. Պատվիրատուն նախնական ծանոթացման և հետագա հնարավոր ներդրման նպատակով բնակելի տների կատալոգը տրամադրում է Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների ղեկավարներին, միջազգային դոնոր կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը:

10. Մարզպետները բնակելի տների կատալոգն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում տեղական զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում են կատալոգի առկայության, դրա կիրառման ու ներդրման հնարավորությունների մասին:

Գյուղական համայնքների ղեկավարները կարող են համապատասխան մարզպետից ստանալ բնակելի տների կատալոգը` հետագա բազմացման համար:

11. Սույն կարգին համապատասխան` նախագծային փաստաթղթերի հիման վրա քաղաքաշինական գործունեություն իրականացնող կառուցապատողները (այսուհետ` կառուցապատող) կարող են դիմել համապատասխան մարզպետին կամ քաղաքային համայնքի ղեկավարին` բնակելի տների կատալոգին ծանոթանալու համար: Կատալոգի ուսումնասիրությունից ստացված տեղեկատվության հիման վրա կառուցապատողը դիմում է համապատասխան մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին) կամ քաղաքային համայնքի ղեկավարին նախագծային փաստաթղթերի փաթեթն ստանալու համար` նշելով բնակելի տների կատալոգից ընտրված տան (տների) տիպը (տիպերը) և տվյալ կառուցապատման ծրագրով նախատեսված բնակելի տների քանակը:

Իրավաբանական և ֆիզիկական անձինք սույն կատալոգում ներառված նախագծային փաստաթղթերով կառուցապատում կարող են իրականացնել մարզպետի կամ քաղաքային համայնքի ղեկավարի հայտի հիման վրա` սույն կարգի 11, 12,15,16 և  17-րդ կետերով սահմանված ընթացակարգին համապատասխան:

12. Համաձայն ներկայացված դիմումի` պատվիրատուն տրամադրում է նախագծային փաստաթղթերի բնագիրը համապատասխան մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին) կամ քաղաքային համայնքի ղեկավարին բազմացման համար (10 օրից ոչ ավելի ժամկետով)՝ այն վերադարձնելու պայմանով: Նախագծային փաստաթղթերի պատճենահանման ծախսերը կատարվում են կառուցապատողի հաշվին:

13. Կառուցապատողը նախագծային փաստաթղթերի փաթեթն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր միջոցների հաշվին ապահովում է կառուցապատման համար նախատեսված հողամասի վրա օբյեկտի տեղակապման նախագծի մշակումը:

14. Եթե կառուցապատման աշխատանքներն իրականացվում են պետական կամ համայնքների կարիքների համար, ինչպես նաև պետության կամ համայնքների կողմից` հօգուտ երրորդ անձանց, ապա դրանք կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

15. Նախագծային փաստաթղթերի հիման վրա իրականացվող բազմակի օգտագործման բնակելի տների շինարարության թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաստատված տեղակապման նախագծի հիման վրա:

16. Կառուցապատողը պարտավոր է շինարարությունն իրականացնել հաստատված նախագծին և Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նախագծային լուծումների փոփոխման դեպքում (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի)` համաձայնեցնել պատվիրատուի հետ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան