Գլխավոր տեղեկություն
Համար
N 686-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2005-22.03.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.775
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 2005 թվականի N 686-Ն

«ԵՐԵՎԱՆԻ Փ. ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության` Երևանի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող շենքի վթարային վիճակը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով ու 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Երևանի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող`  2396,11 քառ. մետր ընդհանուր տարածքով շենքերն ու շինությունները (սեփականության վկայական` N 349954) փոխանակել «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` Երևանի Արշակունյաց պողոտայի N 39 հասցեում գտնվող` 3699.3 քառ. մետր ընդհանուր տարածքով շենքերի ու շինությունների հետ (սեփականության վկայական` N 1570335):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մեկամսյա ժամկետում ապահովել «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև  համապատասխան պայմանագրի կնքումը.

բ) համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նախահաշվային փաստաթղթերի՝ Երևանի Արշակունյաց պողոտայի N 39 շենքի փոխանակվող տարածքներն ընդունելուց հետո «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 500000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի սահմաններում կնքել պայմանագիր շենքի վերակառուցման, վերանորոգման և հողատարածքի բարեկարգման մասին:

3. Հաստատել Երևանի Լեոյի փողոցի N 3 շենքի հարակից տարածքը պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ)` 379.0 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող օտարման գոտին` համաձայն հավելվածի:

4.  Երևանի քաղաքապետին՝

ա) մեկամսյա ժամկետում իրականացնել «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքի` Երևանի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող 3477.9 քառ. մետր հողամասի 99 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրումը «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ գնման նախապատվության իրավունքով.

բ) սույն որոշման 2-րդ կետի  «բ» ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո Երևանի Լեոյի փողոցի N 3 հասցեում  գտնվող` 3477.9 քառ. մետր հողամասն «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամահայտնության դեպքում օտարել վերջինիս՝ գործող կադաստրային գնով՝ հողամասի համար վճարվող գումարից հաշվանցելով շենքի վերակառուցման, վերանորոգման և հողատարածքի բարեկարգման գումարները.

գ) մեկամսյա ժամկետում իրականացնել Երևանի Արշակունյաց պողոտայի N 39 հասցեում գտնվող` 2822.1 քառ. մետր հողամասի (սեփականության վկայական` N 1570335)` «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անվճար և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրումը.

դ) ապահովել սույն որոշմամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի` սահմանված կարգով ձևակերպումը:

5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասի իրացման աշխատանքները կատարվելու են «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:

6. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված պայմանագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածի 1.6-րդ կետի 31-րդ ենթակետը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 24
Երևան



Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 5-ի N 686-Ն որոշման


Փ. ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՍԽԵՄԱ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան