ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունվարի 1996 թվականի N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը (կցվում է):
|
Հաստատված է |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության պետական քոլեջը (այսուհետև` քոլեջ) հանրապետության կրթական համակարգում միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն է:
2. Քոլեջն ստեղծվում է պետական կառավարման հանրապետական մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ, իբրև առանձին ուսումնական հաստատություն կամ` բարձրագույն ուսումնական հաստատությանը կից:
3. Քոլեջն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Քոլեջն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
II. ՔՈԼԵՋԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Քոլեջի հիմնական խնդիրներն են`
ա) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրտսեր մասնագետի որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը.
բ) քոլեջում ուսման բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին ուսանելու երկրորդ տարին ավարտելուց հետո ուսումը համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու, իսկ բուհերում ուսանելու երկրորդ տարին ավարտած և ուսման ցածր առաջադիմություն ունեցող ուսանողներին քոլեջում ուսումը շարունակելու համար հնարավորության ընձեռում:
6. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան քոլեջը`
ա) ապահովում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրտսեր մասնագետի որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը.
բ) սահմանված կարգով ապահովում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման շարունակությունը համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում, իսկ բուհում ցածր առաջադիմություն ունեցող ուսանողներինը` քոլեջում.
գ) սույն կանոնադրության հիման վրա մշակում է իր կանոնադրությունը և ներկայացնում համապատասխան պետական կառավարման մարմին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ.
դ) սահմանում է իր գործունեության ներքին կանոնները.
ե) որոշում է իր կառուցվածքային ստորաբաժանումների ցանկը և սահմանում դրանց իրավունքներն ու պարտականությունները.
զ) իր իրավասության սահմաններում համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական ու ոչ պետական ուսումնական հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ:
III. ՔՈԼԵՋԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
7. Քոլեջի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանն ու իր կանոնադրությանը համապատասխան:
8. Քոլեջի ղեկավարումն իրականացվում է քոլեջի խորհրդի և տնօրենի կողմից:
9. Քոլեջի խորհրդի կազմը` բաղկացած 11-17 մարդուց, հաստատվում է համապատասխան պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից 3 տարի ժամկետով:
10. Խորհրդի կազմում ընդգրկվում են`
ա) քոլեջի կոլեկտիվի ընդհանուր ժողովի կողմից փակ (գաղտնի) քվեարկությամբ ընտրված դասախոսները և աշխատակիցները.
բ) քոլեջի ուսանողների հետագա ուսումը կազմակերպող համապատասխան բուհի երաշխավորությամբ` մեկ ներկայացուցիչ.
գ) պետական կառավարման վարչատարածքային միավորման երաշխավորությամբ` մեկ ներկայացուցիչ.
դ) այլ ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից հրավիրված մասնագետներ` քոլեջի տնօրենի ներկայացմամբ.
ե) քոլեջի ուսանողական խորհրդի նախագահը:
Քոլեջի խորհրդի նախագահը քոլեջի տնօրենն է:
11. Քոլեջի խորհրդի անդամն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, մինչև իր լիազորությունների ժամկետը լրանալը, իրեն ընտրած կամ առաջարկած կոլեկտիվի կողմից կարող է հետ կանչվել խորհրդի կողմից: Այդ դեպքում քոլեջի խորհրդի կազմում փոփոխություններ ներկայացվում են վերադաս պետական կառավարման հանրապետական մարմնի հաստատմանը:
12. Քոլեջի խորհուրդը`
ա) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում քոլեջի կանոնադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին.
բ) հաստատում է քոլեջի գործունեության ընդհանուր ուղղությունները, լուծում քոլեջի ուսումնամեթոդական գործունեության կազմակերպման և պլանավորման հարցերը.
գ) տնօրենի ներկայացմամբ հաստատում է քոլեջի կառուցվածքը, ստեղծում առարկայական մասնագիտական, քննական, ատեստավորող, մրցութային հանձնաժողովներ, մեթոդական միավորումներ, լաբորատորիաներ, ուսումնական կաբինետներ և արհեստանոցներ.
դ) լսում է քոլեջի տարեկան գործունեության վերաբերյալ քոլեջի տնօրենի, փոխտնօրենների հաշվետվությունները և անհրաժեշտության դեպքում համապատասխան վերադաս պետական կառավարման մարմնին ներկայացնում է առաջարկություն նրանց զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին.
ե) տնօրենի ներկայացմամբ հաստատում է քոլեջի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը, քոլեջի գործունեության ներքին կանոնները.
զ) հաստատում է կանոնակարգը.
է) սահմանված կարգով քննարկում և վերադաս պետական կառավարման մարմնի հաստատմանն է ներկայացնում քոլեջի տարեկան ծախսերի նախահաշիվը, որոշում է քոլեջի արտաբյուջետային միջոցների օգտագործման կարգը.
ը) լուծում է սույն կանոնադրությունից բխող քոլեջի գործունեության հետ կապված այլ հարցեր:
13. Քոլեջի խորհրդի նիստերը գումարվում են, որպես կանոն, երկու ամիսը մեկ անգամ: Քոլեջի խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է քոլեջի խորհրդի անդամների 2/3-ը:
14. Քոլեջի խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստում` նրա անդամների ձայների մեծամասնությամբ և կենսագործվում քոլեջի տնօրենի հրամաններով: Քոլեջի խորհրդի և տնօրենի միջև տարաձայնության առկայության դեպքում վերջինս իրագործում է իր հրամանը` այդ մասին տեղյակ պահելով քոլեջի վերադաս պետական կառավարման մարմնին:
15. Քոլեջի գործունեության անմիջական և օպերատիվ ղեկավարումն իրականացնում է քոլեջի տնօրենը, որը պաշտոնի է նշանակվում և ազատվում պաշտոնից համապատասխան վերադաս պետական կառավարման մարմնի կողմից:
16. Քոլեջի տնօրենը`
ա) իրեն վերապահված իրավասության սահմաններում կազմակերպում և ղեկավարում է քոլեջի գործունեությունը.
բ) վերադաս պետական կառավարման մարմնի հաստատմանն է ներկայացնում խորհրդի կողմից հավանության արժանացած քոլեջի կանոնադրությունը.
գ) տարին մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում քոլեջի խորհրդին.
դ) իր իրավասության սահմաններում գործում է քոլեջի անունից, ներկայացնում նրա շահերը, տնօրինում գույքը, արձակում հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է աշխատակիցների և ուսանողների համար.
ե) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում քոլեջի դասախոսներին և աշխատողներին.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
17. Քոլեջի փոխտնօրենը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում տնօրենի կողմից` վերադաս պետական կառավարման մարմնի համաձայնությամբ:
18. Քոլեջի տնօրենը և փոխտնօրենն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվելու գիտական, մանկավարժական և ստեղծագործական գործունեությամբ:
IV. ՔՈԼԵՋԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
19. Քոլեջում ուսուցումը կազմակերպվում է ըստ սահմանված կարգով հաստատված մասնագիտությունների անվանացանկի, դրանց որակավորման բնութագրերի, առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների:
20. Ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով քոլեջում ստեղծվում են առարկայական մասնագիտական հանձնաժողովներ, մեթոդական միավորումներ, համապատասխան գույքով և ուսուցման տեխնիկական միջոցներով կահավորված կաբինետներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ:
21. Քոլեջում ուսանողների ընդունելությունը կատարվում է միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացիներից` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատած ընդունելության կանոնների համաձայն:
22. Քոլեջի եռամյա ուսուցման հիմնական ձևը ցերեկային (արտադրությունից կտրված) ուսուցումն է, որը կազմակերպվում է դասախոսությունների, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքների, պրակտիկայի և խորհրդատվությունների (կոնսուլտացիաների) միջոցով:
Վերադաս պետական կառավարման մարմնի թույլտվությամբ ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համաձայնությամբ կարող են կիրառվել նաև ուսուցման հեռակա, երեկոյան և դրսեկ (էքստեռն) ձևերը:
23. Քոլեջում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով: Յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:
24. Քոլեջում ուսուցումն այն մասնագիտություններով, որոնցով նախատեսվում է կատարել ուսանողների տեղափոխություն կրթական համակարգի հաջորդ աստիճան, իրականացվում է ուսումնական պլաններով, որոնք սահմանված կարգով կազմվում են բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտությունների առաջին երկու տարվա ուսումնական պլաններին համապատասխան:
25. Քոլեջի երկամյա ուսումնական ծրագրի բոլոր պահանջները կատարած, ուսման բարձր առաջադիմությամբ ուսանողներին հնարավորություն է տրվում տեղափոխվելու հանրապետության համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության երրորդ կուրս կամ ևս մեկ տարով ուսումը շարունակելու քոլեջում` կրտսեր մասնագետի որակավորում ստանալու նպատակով:
26. Քոլեջի ուսանողներին համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններ և վերջիններից քոլեջ տեղափոխությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված` քոլեջներից բարձրագույն ուսումնական հաստատություններ և վերջիններից քոլեջ տեղափոխվելու կարգի համաձայն` մրցութային հիմունքներով:
27. Քոլեջի եռամյա ուսումնական պլաններով նախատեսված բոլոր պահանջները կատարած ուսանողներին տրվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված նմուշի ավարտական վկայական (դիպլոմ)` կրտսեր մասնագետի որակավորմամբ:
V. ՔՈԼԵՋԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
28. Քոլեջի աշխատակիցներն են և դասախոսները, ուսումնաօժանդակ անձնակազմը, վարչատնտեսական աշխատակիցները:
Քոլեջի աշխատակիցների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա` քոլեջի խորհրդի կողմից:
29. Քոլեջի ուսանողներն են սահմանված կարգով քոլեջ ընդունվածները:
Ուսանողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են քոլեջի խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
30. Քոլեջի ուսանողներն իրավունք ունեն`
ա) օգտվելու մասնագիտացված լսարաններից, լաբորատորիաներից, գրադարանից և քոլեջի մարզական, առողջարարական, մշակութային և հանրակացարանային համալիրից.
բ) հիմնական մասնագիտական ուսուցումը սահմանված կարգով համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան.
գ) ներկայացուցիչներ առաջադրելու քոլեջի ընտրովի մարմիններում.
դ) ստեղծելու իրենց գործունեությամբ քոլեջի կանոնադրությանը չհակասող ուսանողական ինքանկառավարման մարմինների.
ե) օգտվելու Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
31. Ուսանողները պարտավոր են`
ա) ենթարկվել քոլեջի ներքին կարգապահական կանոններին, խնամքով վերաբերվել և օգտագործել քոլեջի գույքը, գրադարանային ֆոնդը, լաբորատոր սարքերն ու տեղակայանքները.
բ) պարտադիր հաճախել ուսումնական պլանով նախատեսված պարապմունքներին.
գ) ժամանակին կատարել բոլոր առաջադրանքները, հանձնել ստուգարքներն ու քննությունները.
դ) կատարել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
32. Պետական պատվերով քոլեջ ընդունված ուսանողների ուսման վարձը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Պետական պատվերից դուրս ընդունված և այլ ուսումնական հաստատություններից տեղափոխված ուսանողների ուսուցումը, ինչպես նաև երկրորդ մասնագիտության գծով ուսուցումը վճարովի է:
Ուսման վարձի չափը օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է քոլեջի խորհուրդը:
Անվճար ուսուցման համակարգում ընդգրկված ուսանողները կրթաթոշակ են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուսուցումն իրականացվում է վճարովի հիմունքներով` համաձայն կնքված պայմանագրի:
33. Ուսանողների հեռացման, վերականգման, ինչպես նաև վճարովի ուսուցման համակարգից անվճար ուսուցման համակարգ տեղափոխման կարգը սահմանվում է վերադաս պետական կառավարման մարմնի կողմից:
VI. ՔՈԼԵՋԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
34. Քոլեջի գույքը կազմում են նրա հիմնական և շրջանառու միջոցները, դրամական միջոցները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ:
35. Քոլեջը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքը և ֆինանսական միջոցները:
36. Քոլեջի գույքի աղբյուրներն են`
ա) պետական բյուջեից տրվող հատկացումները.
բ) վերադաս պետական կառավարման մարմնի կողմից ֆինանսական և նյութական ներդրումները.
գ) ծառայությունների մատուցումից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեության այլ ձևերից ստացված եկամուտները.
դ) բարեգործական ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների նվիրատվությունները.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
37. Քոլեջի ֆինանսական միջոցները կազմավորվում են բյուջետային և արտաբյուջետային միջոցներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Բյուջետային միջոցները քոլեջն ստանում և օգտագործում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
38. Քոլեջի արտաբյուջետային միջոցներն են`
ա) վճարովի ուսուցման համար ստացված միջոցները.
բ) պայմանագրային հիմունքներով կատարված աշխատանքներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեությունից ստացված միջոցները:
39. Քոլեջի պահպանման համար բյուջեով նախատեսված միջոցները ծախսվում են նպատակային նշանակմամբ: Քոլեջի արտաբյուջետային միջոցները նույնպես կարող են ուղղվել քոլեջի պահպանման ծախսերին:
40. Քոլեջի դասախոսական, ուսումնաօժանդակ անձնակազմի և վարչատնտեսական աշխատողների թվաքանակը սահմանվում է նախահաշվով հատկացված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում:
41. Քոլեջը սահմանված կարգով իրավունք ունի`
ա) կնքելու տնտեսական և այլ պայմանագրեր, այդ թվում` օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ.
բ) օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալական հիմունքներով այլ կազմակերպությունների տրամադրելու իրեն պատկանող գույքը և տարածքը.
գ) ձեռք բերելու քոլեջի գործունեության համար անհրաժեշտ գույք.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ բացելու Հայաստանի Հանրապետության ցանկացած բանկային հիմնարկում` իր դրամական միջոցները պահելու, հաշվարկային, վարկային և դրամարկղային բոլոր տեսակի գործառնություններն իրականացնելու համար.
ե) ներգրավելու վարձու աշխատողների (բացի անհատ ձեռներեցներից)` նրանց հետ կնքելով աշխատանքային պայմանագրեր.
զ) դատական կամ արբիտրաժային կարգով վիճարկելու քոլեջի շահերին վնաս հասցրած ձեռնարկությունների, բանկային հիմնարկների և այլ կազմակերպությունների գործողությունները, լինելու հայցվոր և պատասխանող դատարանում, արբիտրաժում, միջնորդ դատարանում:
42. Քոլեջը պարտավոր է`
ա) ապահովել իր տնօրինության տակ գտնվող պետական գույքի պահպանությունը և արդյունավետ օգտագործումը.
բ) հաշվապահական հաշվառման, վիճակագրական և այլ հաշվետվություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն կրել և փոխհատուցել իր կողմից հասցված վնասը:
VII. ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
43. Քոլեջի վերակառուցումը կամ լուծարումը կատարվում է վերադաս պետական կառավարման մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: