Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2016
Ստորագրման ամսաթիվ
10.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2017

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային վարչության միջև արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը և Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային վարչությունը (այսուհետ` Կողմեր),

 

ընդունելով արտակարգ իրավիճակների ոլորտում իրենց պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցության կարևորությունը,

 

հաշվի առնելով իրենց պետությունների միջև համագործակցության դրական փորձը, նպատակ ունենալով ավելի ամրապնդել փոխըմբռնումը և բարեկամական համագործակցությունը,

 

ընդունելով իրենց երկրների բնակչության անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման նպատակով համաձայնեցված միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը,

 

ընդունելով բնական և մարդածին արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների վերացման և տուժած բնակչությանն աջակցության միջոցառումների իրականացման համար մարդկային, գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական և տեղեկատվական ներուժի փոխադարձ օգտագործման անհրաժեշտությունը,

 

հաշվի առնելով արտակարգ իրավիճակների ոլորտում տեղեկատվության երկկողմ և բազմակողմ փոխանակումների օգտակարությունը,

 

ձգտելով ճիշտ գնահատել Կովկասի և Միջին Արևելքի երկրների` աղետներին դիմակայելու պատրաստվածությունը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Համագործակցության ոլորտները

 

Կողմերը, սույն Փոխըմբռնման հուշագրին (Հուշագիր), իրենց երկրների օրենսդրությանը և միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան, համագործակցություն կիրականացնեն հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ոլորտներում.

 

1) արտակարգ իրավիճակների կանխում, բնակչության և տարածքների պաշտպանություն, որոնողափրկարարական գործողություններ,

 

2) բնական և մարդածին աղետների կանխում, հետևանքների վերացում,

 

3) վտանգավոր մարդածին գործընթացների, էկոլոգիական իրավիճակի և բնական երևույթների մշտադիտարկում,

 

4) տեղեկատվության և առաջավոր տեխնոլոգիաների փոխանակում,

 

5) գիտական և տեխնիկական նախագծերի և գիտական հետազոտությունների արդյունքների, տեսանյութերի և պատկերային նյութերի համատեղ մշակում և զարգացում,

 

6) արտակարգ իրավիճակների կառավարման համար պատասխանատու պատվիրակությունների այցելություններ և փորձի փոխանակում,

 

7) արտակարգ իրավիճակների ոլորտի անձնակազմի մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով սեմինարների, աշխատաժողովների և դասախոսությունների կազմակերպում:

 

Հոդված 2

Պատասխանատուները

 

Յուրաքանչյուր Կողմ կնշանակի մեկ կամ ավելի համակարգողներ, որոնք պատասխանատու կլինեն սույն Հուշագրի դրույթների առնչությամբ Կողմերի միջև համակարգման և հաղորդակցության համար:

 

Կողմերը դիվանագիտական ուղիներով կհաղորդեն նշանակված համակարգողների անունը, ազգանունը, պաշտոնը և կոնտակտային տվյալները:

 

Հոդված 3

Ծախսերը

 

Յուրաքանչյուր Կողմ կհոգա սույն Հուշագրի շրջանակներում իրականացվող համագործակցությունից բխող իր ֆինանսական ծախսերը, եթե այլ համաձայնություն ձեռք չի բերվել:

 

Հոդված 4

Փոփոխությունները

 

Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրությունների տեսքով և կկազմեն սույն Հուշագրի անբաժանելի մասերը:

 

Հոդված 5

Հարաբերությունները

 

Սույն Հուշագրի դրույթները չեն ազդում Կողմերի պետությունների մասնակցությամբ միջազգային այլ համաձայնագրերից բխող Կողմերի իրավունքների և պարտավորությունների վրա:

 

Հոդված 6

Վեճերը

 

1. Եթ սույն Հուշագրի մեկնաբանման կամ իրականացման առնչությամբ որևէ վեճ է ծագում, Կողմերը պետք է ձգտեն հնարավորինս արագ կերպով կարգավորել այն ուղիղ բանակցությունների միջոցով կամ, անհրաժեշտության դեպքում, դիվանագիտական ուղիներով և վեճը կարգավորելու համար չպետք է դիմեն որևէ ազգային կամ միջազգային դատարան կամ երրորդ կողմի:

2. Վեճի դեպքում սույն Հուշագրի դրույթները կշարունակեն կիրառվել մինչև վեճի վերջնական կարգավորմանը հասնելը:

 

Հոդված 7

Ուժի մեջ մտնելը, դադարեցումը

 

1. Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումն ստանալու օրվանից, որով Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին տեղեկացնում է, որ դրա ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերն ավարտվել են և կգործի հինգ (5) տարի ժամկետով: Գործողության ժամկետն ինքնաբերաբար կարող է երկարաձգվել համանման հինգ (5) տարի ժամկետներով:

2. Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել սույն Հուշագրի գործողությունը` դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Այդ դադարեցումն ուժի մեջ կմտնի մյուս Կողմի ծանուցումը ստանալու ամսաթվից երեք ամիս հետո:

3. Սույն Հուշագրի դադարեցումից հետո Կողմերը կշարունակեն կրել դրանից բխող պատասխանատվությունը և կատարել իրենց պարտավորությունները` մինչև դրանց իրականացումը:

Կատարված է Դուբայ քաղաքում, 2016 թվականի նոյեմբերի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն: Բոլոր տեքստերը հավասարազոր են: Հայերեն և արաբերեն տեքստերի տարբեր մեկնաբանությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Ի վկայումն որի` Կողմերի պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչները ստորագրեցին սույն Հուշագիրը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. մայիսի 4-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան