Գլխավոր տեղեկություն
Համար
N 499-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.18/28(400) Հոդ.562
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 499-Ն

ԱՈՒԴԻՏՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աուդիտորի վարքագծի կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. ապրիլի 27
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 21-ի N 499-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ԱՈՒԴԻՏՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ


1. Սույն կանոններով սահմանվում են աուդիտորի վարքագծին ներկայացվող պահանջները:

2. Աուդիտորի վարքագծի կանոնները (այսուհետ՝ կանոններ) բարոյականության համընդհանուր սկզբունքների, ինչպես նաև աուդիտորի մասնագիտական պարտականությունները կարգավորող վարքագծի սկզբունքների վրա հիմնված՝ «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք), աուդիտի միջազգային ստանդարտների և վարքագծի կանոնների պահանջներին համապատասխան` աուդիտորի վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են:

3. Կանոնների գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած անձանց վրա:

4. Կանոնների նպատակն աուդիտորին իր վարվելակերպում ուղղորդելն է, ինչպես նաև` աուդիտի ենթարկվող անձին տեղեկացնելը, թե ինչպիսի վարքագիծ պետք է ակնկալել աուդիտորից։

5. Կանոնների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

6. Կանոնների խախտման հիմքով աուդիտորի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշումն ընդունում է այն մարմինը, որը տվել է վկայականը՝ իր կողմից ստեղծված հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Վկայականը տված մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունելու հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:

7. Աուդիտորի մասնագիտական պարտականությունները կարգավորող վարքագծի սկզբունքներն են անկախությունը, ազնվությունը, օբյեկտիվությունը, մասնագիտական ունակությունները և պատշաճ վերաբերմունքը, գաղտնիությունը, մասնագիտական վարքագիծը, տեխնիկական ստանդարտների պահպանումը։

8. Ելնելով վարքագծի սկզբունքներից` աուդիտորը պարտավոր է պահպանել հետևյալ կանոնները՝

ա) ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներով, ինչպես նաև աուդիտորի մասնագիտական պարտականությունները կարգավորող վարքագծի սկզբունքներով.

բ) ճշգրիտ, ժամանակին և պատշաճ կարգով կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները.

գ) պահպանել օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումները, մասնավորապես, չիրականացնել աուդիտորական ծառայություններ, եթե՝

որպես անհատ աուդիտոր կամ որպես աուդիտ իրականացնող անձի աշխատող, տվյալ ժամանակաշրջանը ներառող հաշվետու տարվա համար աուդիտի ենթարկվող անձի մոտ իրականացրել է հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում, ֆինանսական հաշվետվությունների կազմում կամ ակտիվների և պարտավորությունների գնահատում,

նա հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը), ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների) կամ տվյալ իրավաբանական անձի կամ հիմնարկի ղեկավարը կամ տվյալ աուդիտի ենթարկվող անձի հաշվապահը կամ հաշվապահական հաշվառման վարման կամ ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու անձը, ինչպես նաև մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ, ինչպես նաև ամուսնու երեխա, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ է գտնվում նշված անձանց հետ.

դ) ղեկավարվել արդարության, ազնվության և անկողմնակալության վրա հիմնված բարոյական նորմերով, լինել անաչառ, անկողմնակալ, զուսպ և օրինակելի.

ե) զերծ մնալ այնպիսի գործողություններից (կամ անգործությունից), որոնք կարող են վարկաբեկել և հեղինակազրկել նրան.

զ) զերծ մնալ այնպիսի գործողություններից (կամ անգործությունից), որոնք կարող են խոչընդոտել աուդիտի ենթարկվող անձի աշխատանքները կամ վարկաբեկել և հեղինակազրկել նրան.

է) պահպանել անկախությունը` աուդիտի արդյունքների համար շահագրգիռ տարբեր կողմերի շահերի հակասության պայմաններում.

ը) իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից, աուդիտի արդյունքների համար շահագրգիռ անձից չընդունել նվերներ, գումարներ, ծառայություններ, հյուրասիրություն՝ բացի ծառայությունների դիմաց պայմանագրով նախատեսված վճարից.

թ) չքննադատել այլ աուդիտորների աշխատանքը.

ժ) չթաքցնել իրեն հայտնի այն էական փաստերը, որոնց մասին չարձագանքելը կարող է հանգեցնել փաստերի ոչ լիարժեք ներկայացմանը կամ անօրինական գործողությունների չբացահայտմանը.

ժա) խուսափել անհարկի խոստումներից, հավաստիացումներից, գիտակցել իր կարծիքի կարևորությունը և տված խոստման, հավաստիացման հնարավոր բացասական հետևանքները.

ժբ) պահպանել աուդիտորական ծառայությունների մատուցման ընթացքում ձեռք բերված տեղեկատվության գաղտնիությունը, այդ թվում՝ աուդիտի ենթարկվող անձի հետ հարաբերությունների դադարեցումից հետո: Այդ նպատակով ձեռնարկել միջոցներ` ծառայողական, առևտրային և բանկային գաղտնիք կազմող փաստաթղթերի, այդ թվում՝ իր աշխատանքային փաստաթղթերի պահպանությունն ապահովելու համար.

ժգ) աուդիտորական ծառայությունների մատուցման ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը չօգտագործել իր անձնական շահերի համար կամ այլ նպատակներով.

ժդ) աուդիտորական ծառայությունները մատուցել աուդիտի ստանդարտների պահանջներին համապատասխան։

9. Սույն կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան