Գլխավոր տեղեկություն
Համար
N 940-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2005-21.09.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/48(420) Հոդ.915
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 940-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 («Անվտանգություն») հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության  կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։

բ) անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտման մասին արձանագրության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 8
Երևան

  


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 16-ի N 940-Ն որոշման

                       

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի, Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի N 17 («Անվտանգություն») հավելվածի հիման վրա և նպատակ ունի կանոնակարգելու Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կազմակերպման ու իրականացման աշխատանքները:

2. Օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանությունը կազմակերպվում ու իրականացվում է օդանավերի և օբյեկտների, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունն ապահովող աերոնավիգացիոն և ռադիոլոկացիոն կետերի ու սարքավորումների ոչնչացումը կամ վնասումը, դրանց շահագործմանն անօրինական միջամտության փորձերը կանխելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պահպանության են ենթակա օդանավակայանների ամբողջ տարածքը, օդանավակայանների տարածքում տեղաբաշխված կարևոր օբյեկտները, օդանավերը, վարչական շենքերն ու շինությունները:

4. Օդանավակայանների տարածքների, օդանավերի և օբյեկտների պահպանությունը կատարվում է օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից:

5. Օդանավակայանների տարածքում տեղաբաշխված աերոնավիգացիոն և ռադիոլակացիոն օբյեկտների կետերի ու սարքավորումների, ինչպես նաև հեռավոր աերոնավիգացիոն և ռադիոլոկացիոն օբյեկտների պահպանությունն իրականացվում է «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայության ուժերով ու միջոցներով:   

6. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավակայանների տարածքների, օդանավերի, օբյեկտների պահպանությունը նպատակ ունի՝

ա) ապահովելու օդանավակայանի տարածքի, օդանավերի, օբյեկտների, վարչական շենքերի ու շինությունների անվտանգությունը,

բ) սահմանափակելու օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ կողմնակի անձանց, ավտոտրանսպորտի և կենդանիների մուտքը (ելքը),

գ) վերահսկելու օդանավակայանների վերահսկելի գոտիներ աշխատողների և ուղևորների մուտքը,

դ) օդանավակայանների տարածքում իրականացնելու ներօբյեկտային վերահսկողություն,

ե) հսկողություն իրականացնելու օդանավակայանային համալիրից դեպի օդանավ և օդանավից դեպի օդանավակայանային համալիր ուղեբեռների ու բեռների փոխադրման աշխատանքների նկատմամբ,

զ) կանխելու նյութական արժեքների հափշտակումները,

է) իրականացնելու օդանավերի, օբյեկտների, վարչական շենքերի ու շինությունների պահպանությունը:

7. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում, այդ թվում` համատեղ բազավորման և համատեղ օգտագործման օդանավակայանների տարածքների, օդանավերի, օբյեկտների, վարչական շենքերի ու շինությունների պահպանությունն իրականացվում է պահպանության ֆիզիկական և տեխնիկական միջոցների կիրառմամբ:

8. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կազմակերպման և կատարման համար պատասխանատու են օդանավակայանների գործադիր մարմինները:

9. Օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության իրականացման, ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների կարգապահության, ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման, մասնագիտական պատրաստվածության համար պատասխանատու են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների ղեկավարները:

10. Օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանությունը, ելնելով դրանց տեղադրության, օբյեկտների կարևորության և տեղական առանձնահատկություններից, իրականացվում է հետևյալ կերպ`

ա) մշտական պահակակետային պահպանություն,

բ) ավտոտրանսպորտով պարեկային ծառայություն,

գ) պահպանության ազդանշանային համակարգերի կիրառում:

11. Օդանավակայանների և «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ կազմակերպություններ) գործադիր մարմինները մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ գլխավոր վարչություն) հաստատմանն են ներկայացնում պահպանության ենթակա օբյեկտների ցանկը, այդ օբյեկտներում պահպանության ազդանշանային և հեռուստահսկման սարքավորումների կիրառման տեսակներն ու կարգը, պահակակետային ծառայության տեղեկագրի ձևը, աշխատողների պաշտոնական հրահանգները, պահակակետերի տեղաբաշխման սխեման, պարեկային խմբերի երթուղիները:

II. ՕԴԱՆԱՎԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

12. Օդանավերը մշտապես պետք է գտնվեն հուսալի պահպանության ներքո:

13. Օդանավերի պահպանությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները, Հայաստանի Հանրապետությունում և արտերկրներում գրանցված օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծառայությունները, եթե՝

ա) օդանավերը գտնվում են օդանավակայանների կանգառներում ու դրանց վրա չեն կատարվում տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման աշխատանքներ և դրանք հանձնված են ավիացիոն անվտանգության ծառայությանը` պահպանության.

բ) օդանավի չվերթի հարկադիր ուշացման դեպքերում (եղանակային, տեխնիկական պատճառներով) կամ 2 ժամից ավելի տևողության կանգառների ժամանակ, երբ օդանավի անձնակազմն օդանավը հանձնում է ավիացիոն տեխնիկական բազայի պատասխանատու պաշտոնատար անձին (հերթափոխի պետ), որն էլ իր հերթին այն հանձնում է ավիացիոն անվտանգության ծառայությանը՝ պահպանության:

14. Օդանավերի պահպանությունն իրականացնում են նաև օդանավակայանների և (կամ) ավիաընկերությունների ավիացիոն տեխնիկական բազայի ինժեներատեխնիկական անձնակազմերը, եթե նրանց կողմից կատարվում են օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև մինչև 2 ժամ տևողությամբ կանգառների դեպքում, եթե օդանավի անձնակազմում չկա բորտ-ինժեներ կամ բորտ-մեխանիկ:

15. Օդանավերի պահպանության համար անմիջական պատասխանատու է տվյալ պահակակետում օդանավի պահպանությունն իրականացնող ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողը:

16. Օդանավի պահպանություն իրականացնող ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողը`

ա) չպետք է թողնի օդանավն առանց հսկողության,

բ) արգելի օդանավին մոտենալ դրա սպասարկման հետ առնչություն չունեցող անձանց,

գ) չընդունի օդանավը պահպանության՝ դռները և դռնակները բաց վիճակում, իսկ վերանորոգման աշխատանքների ժամանակավոր դադարեցման դեպքում օդանավն ընդունի պահպանության բոլոր դռները, դռնակները փակ, իսկ  աստիճանասանդուղքներն օդանավից հեռացված վիճակում,

դ) կանգառներում պահպանի սահմանված հրդեհային անվտանգության կանոնները:

17. Եթե օդանավը պահպանության հանձնված չի եղել, այդ դեպքում թռիչքից առաջ ավիացիոն տեխնիկական բազայի աշխատողները պարտավոր են սահմանված կարգով ստուգել օդանավը, իսկ օդանավի անձնակազմը, քարտ-առաջադրանքին համապատասխան, ստուգել և արդյունքների մասին գրանցումներ կատարել օդանավային մատյանում և առաջադրանքի թերթիկում:

18. Օդանավերը թռիչքի, տեխնիկական սպասարկման կամ պահպանության համար հանձնվում են`

ա) ավիացիոն տեխնիկական բազայի աշխատողի կողմից` օդանավի անձնակազմին,

բ) օդանավի մեկ անձնակազմից մյուսին, երբ չվերթը կատարվում է փոփոխվող անձնակազմով,

գ) օդանավի անձնակազմի կողմից ավիացիոն տեխնիկական բազայի աշխատողին տեխնիկական սպասարկման համար,

դ) ավիացիոն տեխնիկական բազայի ներսում՝ կանգառի հերթապահ ավիատեխնիկից այն ավիատեխնիկներին, որոնց հանձնարարված է օդանավի տեխնիկական սպասարկումը, և հակառակը, երբ սպասարկող ավիատեխնիկը օդանավը հանձնում է կանգառի հերթապահին,

ե) ավիացիոն տեխնիկական բազայի աշխատողից ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողին և հակառակը:

19. Օդանավի ընդունում-հանձնումն ավիացիոն տեխնիկական բազայից ավիացիոն անվտանգության ծառայությանը և հակառակը, իրականացնում են ավիացիոն տեխնիկական բազայի և ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխների պետերն ու դրանք գրանցում  օդանավերի պահպանության ընդունման-հանձնման մատյանում:

20. Օդանավերի ընդունման-հանձնման ժամանակ ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետը` օդանավը հանձնող ավիացիոն տեխնիկական բազայի  հերթափոխի պետի հետ միասին ստուգում են`

ա) օդանավերի վրա արտաքին վնասվածքների առկայությունը,

բ) դռների, դռնակների, լյուկերի, խցիկների փակ լինելը, կնիքների և դրոշմների առկայությունը,

գ) օդանավի փախցնելը կանխարգելող սարքավորումների առկայությունը,

դ) օդանավի մոտ սպասարկման համար անհրաժեշտ վերգետնյա սարքավորումների բացակայությունը,

ե) օդանավերի անիվների տակ արգելակիչների առկայությունը:

Նշված պայմանների բացակայության դեպքում  օդանավը չի ընդունվում պահպանության:

21. Օդանավի ընդունման-հանձնման ժամանակ դրա վրա արտաքին վնասվածքների կամ որևէ սարքավորման բացակայության դեպքում դրա մասին գրանցում է կատարվում ընդունման-հանձնման մատյանում:

22. Եթե ավիացիոն անվտանգության ծառայության պահպանությունից ընդունման ժամանակ օդանավի վրա հայտնաբերվում են արտաքին վնասվածքներ, կնիքների և դրոշմների խախտումներ, ապա նման դեպքերում օդանավակայանների տնօրենների և շահագործողների կողմից ստեղծվում է համատեղ հանձնաժողով, որը պարզում է խախտումների (վնասվածքների) պատճառները և մեղավոր անձանց: Հանձնաժողովի ստեղծման և պարզված խախտումների մասին անհապաղ տեղեկացվում է գլխավոր վարչությանը:

23. Ավիացիոն տեխնիկական բազայի ղեկավարությունը կազմում և գլխավոր վարչություն է ներկայացնում ավիացիոն տեխնիկական բազայի այն աշխատողների ցուցակը, որոնք իրավունք ունեն օդանավն ընդունելու-հանձնելու ավիացիոն անվտանգության ծառայությանը` պահպանության: Ցուցակում նշված անձանց տրվում է օդանավի ընդունման-հանձնման թույլտվություն: Թույլտվություն ստացած աշխատողների ցուցակը, նրանց ստորագրությունների, կնիքների և դրոշմների նմուշները պետք է պահվեն ավիացիոն անվտանգության ծառայության հերթապահ մասում:

III. ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

24. Օդանավակայանների տարածքներում գտնվող բոլոր օբյեկտները պետք է մշտապես գտնվեն պահպանության ներքո: Օբյեկտների պահպանությունն իրականացվում է պահակակետային, պարեկային ծառայության և պահպանության ազդանշանային համակարգերի միջոցով:

25. Օդանավակայանների բոլոր օբյեկտներում սահմանվում է անցագրային և ներօբյեկտային վերահսկողություն: Օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության  կառավարությունը:

26. Օբյեկտների պահպանությունն իրականացվում է կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայության ուժերով և ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներով:

27. Օդանավակայանների վառելիքաքսուքային նյութերի պահեստներում և հատուկ փոխադրամիջոցների ծառայության  տեղամասերում սահմանվում է պահպանության ուժեղացված վերահսկողություն:

28. Բոլոր օդանավակայանների վառելիքաքսուքային նյութերի պահեստները պետք է շրջափակված լինեն պարիսպներով, ունենան գիշերային լուսավորություն և անհրաժեշտ քանակի պահակակետեր:

29. Վառելիքաքսուքային նյութերի պահեստների տարածքներում  պահպանության, անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնների պահանջների կատարման համար պատասխանատու են օդանավակայանների գործադիր մարմինները:

30. Վառելիքաքսուքային նյութերի պահեստներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության պահանջների կատարումը և օբյեկտների պահպանությունն իրականացնում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները:

31. Վառելիքաքսուքային նյութերի պահեստների տարածքներում գտնվող բոլոր արտադրական տեղամասերի, շինությունների, լաբորատորիաների, պոմպակայանների, պահեստարանների դռները, եթե դրանցում աշխատանքներ չեն կատարվում, պետք է մշտապես գտնվեն փակ վիճակում, իսկ այն պահեստարանները, որտեղ պահվում են թունավոր նյութեր, սպիրտներ և նյութական արժեքներ, պետք է լինեն մշտապես փակ և կնքված վիճակում:

32. Աշխատանքի ավարտից հետո վառելիքաքսուքային նյութերի պահեստների տեղամասերի պատասխանատուները պետք է կնքեն պահեստարանների և տեղամասերի դռներն ու դրանք հանձնեն ավիացիոն անվտանգության ծառայությանը` պահպանության:

33. Կազմակերպությունների հատուկ փոխադրամիջոցների ծառայությունների  տարածքներում սահմանվում է անցագրային և ներօբյեկտային վերահսկողություն, որի պահանջների կատարումը և տեղամասերի պահպանությունն իրականացնում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները:

34. Հատուկ փոխադրամիջոցների ծառայությունների տարածքներում գտնվող արտադրամասերը և պահեստարաններն աշխատանքային օրվա ավարտից հետո պատասխանատուների կողմից կնքվում և հանձնվում են ավիացիոն անվտանգության ծառայությանը` պահպանության:

35. Հայաստանի Հանրապետության  օդանավակայաններում թռիչքների ապահովման վերգետնյա, ռադիոտեխնիկական, էլեկտրակապի և այլ օբյեկտների (վարչական շենքեր, կաբինետներ, գանձարկղեր, պահեստներ, բուժմաս և այլն) պահպանությունն իրականացվում է ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից, պահպանության ազդանշանային համակարգերով հսկողության իրականացման միջոցով:

36. Ռադիոտեխնիկական, էլեկտրակապի և այլ օբյեկտների պահպանությունն ապահովող ինժեներատեխնիկական միջոցները պետք է միացված լինեն ավիացիոն անվտանգության  ծառայության պահպանության վահանակին:

37. Ռադիոտեխնիկական, էլեկտրակապի և մյուս օբյեկտներում սահմանվում է ներօբյեկտային վերահսկողություն, օբյեկտների ղեկավարները և հերթապահ անձնակազմը պատասխանատվություն են կրում նյութական արժեքների պահպանության, օբյեկտներ և ծառայողական շինություններ այցելուների և աշխատողների մուտքի (ելքի), օբյեկտների փակման, պահպանության հանձնման և ընդունման համար:

38. Պահպանության հանձնվող բոլոր օբյեկտները պետք է մշտական հեռախոսային կապ ունենան ավիացիոն անվտանգության ծառայության հերթապահ մասի և պահպանության վահանակի օպերատորի (գործակարգավարի) հետ:

39.Վառելիքաքսուքային նյութերի պահեստները, հատուկ փոխադրամիջոցների ծառայությունների, ռադիոտեխնիկական, էլեկտրակապի և մյուս օբյեկտները պահպանության հանձնելիս օբյեկտը հանձնող պատասխանատու աշխատողներն անձամբ ներկայանում են ավիացիոն անվտանգության ծառայության կենտրոնական վահանակն սպասարկող հերթապահ-օպերատորին (գործակարգավարին) և ընդունում-հանձնումը ձևակերպում են օբյեկտների պահպանության ընդունման-հանձնման մատյանում:

40. Օբյեկտները հանձնելու-ընդունելու իրավունք ունեցող աշխատողների ցուցակը հաստատում են համապատասխան կազմակերպությունների ղեկավարները՝ հրամանով, որի մասին տեղեկացվում է գլխավոր վարչությանը:

41. Կազմակերպությունների ղեկավարները օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություն են ներկայացնում տեղեկանք օբյեկտն ընդունող-հանձնող պատասխանատու անձանց մասին, նշելով պատասխանատու աշխատողների ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը, հասցեն, աշխատանքային և բնակարանի հեռախոսահամարները, ստորագրության, կնիքների ու դրոշմների նմուշները:

42. Պահպանության հանձնվող օբյեկտների բանալիների մեկական նմուշներ պետք է պահվեն ավիացիոն անվտանգության ծառայության հերթապահ մասում՝ կնքված արկղում:

43. Կազմակերպությունների մյուս բոլոր օբյեկտների (պահեստներ, վարչական շենքեր, գանձարկղեր, աշխատասենյակներ, բուժմաս և այլն) պահպանությունն իրականացվում է ավիացիոն անտանգության ծառայության կողմից պահակակետային ծառայության կատարման կամ պահպանության ազդանշանային համակարգերի միջոցով:

  IV.ՕԴԱՆԱՎԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

44. Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողները ծառայության կատարման ընթացքում պարտավոր են խստորեն կատարել սույն կարգի պահանջները:

45. Պահպանության ծառայություն իրականացնելու համար ավիացիոն անվտանգության ծառայությունում ստեղծվում են հերթափոխներ, որոնց կազմում ընդգրկվում են անհրաժեշտ թվով տեսուչներ և վարորդներ:

46. Հերթափոխը ղեկավարում է հերթափոխի պետը (տեղակալը), որն անմիջականորեն ենթարկվում է ավիացիոն անվտանգության ծառայության պետին:

47. Հերթափոխի պետերի, տեղակալների, տեսուչների և վարորդների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են կազմակերպությունների տնօրենների կողմից հաստատված պաշտոնական հրահանգներով` համաձայնեցնելով գլխավոր վարչության հետ:

48. Պահակակետ է հանդիսանում պահպանության հանձնված այն տեղամասը, որտեղ ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչը կատարում է պահակակետային տեղեկագրով սահմանված պահպանության ծառայություն:

49. Պահակակետերը, ելնելով պահպանվող օբյեկտների առանձնահատկություններից, լինում են մշտական և ժամանակավոր:

50. Այն պահակակետերում, որտեղ տեսուչը պահպանության պարտականություններ կատարելիս իրավունք ունի կիրառելու զենք, պետք է տեղադրված լինի «Արգելված գոտի» ցուցանակ կամ մակագրություն:

51. Օբյեկտների պահպանությունն իրականացվում է նաև պարեկային ծառայության կատարման միջոցով: Պարեկային ծառայությունն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից իրականացվում է ավտոտրանսպորտով կամ առանց դրա՝ երթևեկության համար սահմանված երթուղով:


V. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԶԵՆՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԿԻՐԱՌՈՒՄԸ

52. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների հերթափոխների աշխատակարգը սահմանվում է ավիացիոն անվտանգության ծառայության պետի կողմից հաստատված պահակակետային տեղեկագրով:

53. Հերթափոխների աշխատաժամանակը սահմանվում է օդանավակայանների գործադիր մամինների կողմից. այն կարող է լինել շուրջօրյա կամ 12-ժամյա:

54. Հերթափոխի անձնակազմը աշխատանքի վայր է ներկայանում հերթափոխն ընդունելուց 15 րոպե առաջ, սահմանված ձևի համազգեստով:

55. Հերթափոխի հրահանգավորումը կատարում է ավիացիոն անվտանգության ծառայության պատասխանատու հերթապահը կամ հերթափոխի պետը, որն ստուգում է անձնակազմի ներկայությունը, արտաքին տեսքը, տեսուչների պարտականությունների իմացությունը, նրանց ծանոթացնում օդանավակայանի օպերատիվ իրավիճակին, տեղի ունեցած խախտումներին և տալիս օրվա առաջադրանք: Հրահանգավորման ավարտից հետո հերթափոխի պետը կատարում է տեսուչների տեղաբաշխում` ըստ պահակակետային տեղեկագրի:

56. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններին բացառիկ դեպքերում թույլատրվում է իրականացնել զինված ծառայություն, եթե`

ա) տեղի է ունեցել զինված հարձակում օդանավակայանի, օդանավի կամ պահպանվող օբյեկտի վրա,

բ) օդանավակայանի կամ կարևոր օբյեկտի տարածքում տեղի է ունեցել հանցագործություն, և հանցագործություն կատարած անձը ցույց է տալիս զինված դիմադրություն, և այլ միջոցներով անհնարին է կանխել հանցագործությունը կամ վնասազերծել հանցագործին,

գ) տեղի է ունեցել օդանավի զավթում` օդանավակայանում կամ օդանավի թռիչքի ընթացքում:

Զինված ծառայություն կատարելու մասին որոշումն ընդունում են Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինները` համաձայնեցնելով  գլխավոր վարչության հետ:

57. Ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչը պարտավոր է`

ա) պահակակետն ընդունելիս գույքն ու ծառայողական փաստաթղթերն ընդունել ըստ ցուցակի, ստուգել լուսավորության, կապի, ազդանշանային և հակահրդեհային միջոցների առկայությունն ու վիճակը, պահակակետում գտնվող դրոշմներն ու կնիքները,

բ) թերությունների կամ անսարքությունների հայտնաբերման դեպքում զեկուցել հերթափոխի պետին (տեղակալին),

գ) աչալրջորեն հսկել իրեն վստահված պահակակետը,

դ) չթողնել պահակակետն առանց հսկողության, քանի դեռ իրեն չեն փոխարինել,

ե) իմանալ ավիացիոն անվտանգության աշխատանքները կարգավորող նորմատիվային փաստաթղթերի պահանջները և գործել դրանց համապատասխան,

զ) պահակակետում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իմանալ հրդեհաշիջման առաջնային միջոցների տեղը և կարողանալ օգտվել դրանցից,

է) պահակակետում հրդեհ բռնկվելիս անմիջապես ահազանգել հրշեջ պահպանության ծառայությանը և ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետին (տեղակալին) ու միջոցներ ձեռնարկել դրա վերացման ուղղությամբ:

58. Ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչին արգելվում է`

ա) ինքնակամ լքել պահակակետը կամ պահպանվող օբյեկտը,

բ) պահակակետում օգտագործել ոգելից խմիչք, քնել,

գ) շեղվել ծառայողական պարտականությունների կատարումից,

դ) ի պահ ընդունել (նույնիսկ ժամանակավոր) իրեր և առարկաներ,

ե) զենքը փոխանցել որևէ այլ անձի,

զ) առանց անհրաժեշտության լիցքավորել զենքը, կրակել ինքնանպատակ,

է) բացել պահպանության հանձնված օբյեկտի (օդանավի) դռները, դրոշմներն ու կնիքները:

59. Ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչներն իրենց հանձնարարված տեղամասում պահպանության պարտականություններ կատարելիս հանդիսանում են անձեռնմխելի անձինք: Տեսչի անձեռնմխելիությունը կայանում է հետևյալում`

ա) նրա իրավունքներն ու արժանապատվությունը պահպանվում են օրենքով,

բ) նա ենթարկվում է միայն որոշակի անձանց՝ գլխավոր վարչության պետի ավիացիոն անվտանգության գծով տեղակալին, գլխավոր վարչության ավիացիոն անվտանգության բաժնի պետին, օդանավակայանի գործադիր մարմնի տնօրենին, տնօրենի ավիացիոն անվտանգության գծով տեղակալին (անվտանգության մենեջեր), ծառայության պետին, հերթափոխի պետին,

գ) հանձնարարված տեղամասում պահակակետային ծառայություն կատարող տեսուչի ավիացիոն անվտանգության խնդիրներից բխող պահանջները պարտադիր են բոլոր անձանց համար,

դ) նրան վերապահված է զենք կիրառելու իրավունք` սույն կարգով սահմանված դեպքերում:

60. Պահպանության ծառայություն կատարող տեսուչին պահակակետից հանել կամ փոխարինել կարող է հերթափոխի պետը՝ ավիացիոն անվտանգության ծառայության պետի հրամանով: Զինված ծառայության կատարման ժամանակ տեսուչը չպետք է որևէ մեկին թույլատրի մոտենալ պահակակետին՝ բացառությամբ հերթափոխի պետի, նրա տեղակալի և ավիացիոն անվտանգության ծառայության  պետի և նրանց կողմից ուղեկցվող անձանց:

61. Օդանավերի, կարևոր օբյեկտների զինված պահպանության, ինչպես նաև զինված պահակակետային ծառայության կատարման ժամանակ օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողներին բացառիկ դեպքերում, որպես ծայրահեղ միջոց, թույլատրվում է կիրառել զենք:

Զենք թույլատրվում է կիրառել այն դեպքերում, երբ`

ա) տեղի է ունեցել զինված հարձակում օդանավակայանի, օդանավի կամ պահպանվող օբյեկտի վրա,

բ) տեղի է ունեցել զինված հարձակում իր ծառայական պարտականությունները կատարող ավիացիոն անվտանգության աշխատողի վրա և նրա կյանքին իրական վտանգ է սպառնում,

գ) օդանավակայանի կամ կարևոր օբյեկտի տարածքում տեղի է ունեցել հանցագործություն, և հանցագործություն կատարած անձը ցույց է տալիս զինված դիմադրություն և այլ միջոցներով անհնարին է կանխել հանցագործությունը կամ վնասազերծել հանցագործին:

Արգելվում է զենք կիրառել`

ա) անչափահասների և հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց նկատմամբ,

բ) օդանավակայանի տարածքում հանցագործություն կատարած անձանց վնասազերծելիս, եթե զենքի կիրառման հետևանքով կարող են վնասվել այլ անձինք,

գ) օդանավակայանի տարածքում կամ օբյեկտներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնները խախտած անձանց նկատմամբ:

62. Զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքում հերթափոխի պետը և ավիացիոն անվտանգության ծառայության պետը պարտավոր են կատարել հետևյալ գործողությունները`

ա) խախտում թույլ տված անձի վիրավորվելու դեպքում, նրան ցույց տալ առաջին բժշկական օգնություն և ձեռնարկել նախազգուշական միջոցառումներ,

բ) խախտում թույլ տված անձի մահվան դեպքում ապահովել դիակի պահպանությունը` մինչև ոստիկանության և դատախազության ներկայացուցիչների ժամանումը,

գ) դեպքի մասին անմիջապես զեկուցել գլխավոր վարչության պետի ավիացիոն անվտանգության գծով տեղակալին, իսկ քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմներում՝ նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ հերթապահին` նշելով երբ, որտեղ, ում դեմ, ինչ պայմաններում է կիրառվել զենքը, քանի փամփուշտ է ծախսվել և զենքի կիրառման հետևանքները:

VI. ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

63. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինների տնօրինության կողմից պարբերաբար պետք է իրականացվեն ավիացիոն անվտանգության ծառայության պատրաստականության հսկումներ:

64. Պատրաստականության հսկումներ կարող են անցկացնել նաև`

ա) գլխավոր վարչության պետի և ավիացիոն անվտանգության գծով տեղակալի հանձնարարությամբ,

բ) օդանավակայանների տնօրենների ավիացիոն անվտանգության գծով տեղակալների կողմից (անվտանգության մենեջեր),

գ) ավիացիոն անվտանգության ծառայության պետերի և նրանց տեղակալների կողմից:

Տվյալ օրվա պահակակետային տեղեկագրում կատարվում է համապատասխան գրառում պատրաստականության հսկումների արդյունքների մասին:

65. Չի թույլատրվում պատրաստականության հսկումներ իրականացնել պահակակետին գաղտնի ճանապարհով մոտենալու միջոցով:

66. Պատրաստականության հսկումները նպատակ ունեն բացահայտել`

ա) օբյեկտների (օդանավի) պահպանության կազմակերպման որակը և արդյունավետությունը,

բ) ավիացիոն անվտանգության ծառայության անձնակազմի պատրաստականությունը և օբյեկտների ու օդանավերի  պահպանության իրականացման համապատասխանությունը սույն կարգի դրույթներին,

գ) օդանավերի և օբյեկտների ընդունման-հանձնման իրականացման կարգը,

դ) պահպանվող օբյեկտների ապահովվածությունը կապի, պահպանության ազդանշանային համակարգերի, հակահրդեհային միջոցներով և նրանց սարքինությունը,

ե) զենքի ու ռազմամթերքի պահպանության, ընդունման-հանձնման և հաշվառման կարգը,

զ) պահակակետերի շենքային պայմանները, սանիտարական, հակահրդեհային վիճակը, փաստաթղթերի և մատյանների լրացման կարգը:

VII. ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

67. Օդանավակայանում սահմանված անցագրային, ներօբյեկտային և հրդեհային անվտանգության վերահսկողության կանոնների խախտումներ թույլ տված օդանավակայանի աշխատողները և այլ անձինք ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված կարգով:

68. Ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչը, հայտնաբերելով անցագրային և ներօբյեկտային վերահսկողության խախտման յուրաքանչյուր փաստ, դրա մասին զեկուցում է հերթափոխի պետին և ձեռնարկում միջոցներ` խախտումը կանխելու համար:

69. Ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետը, տեղեկություն ստանալով խախտման մասին, պարտավոր է անմիջապես դեպքի վայր ուղարկել պարեկային վերակարգ և խախտում թույլ տված անձին ներկայացնել ավիացիոն անվտանգության հերթապահ մաս:

70. Պարեկային վերակարգի բացակայության դեպքում հերթափոխի պետն անձամբ մեկ կամ մի քանի աշխատողների հետ միասին մեկնում է դեպքի վայր և խախտում թույլ տված անձին ներկայացնում ավիացիոն անվտանգության ծառայության հերթապահ մաս՝ խախտման փաստի մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան իրավապահ մարմիններին:

71. Խախտման փաստի մասին կազմվում է արձանագրություն` 4 օրինակից, որից մեկ օրինակը ներկայացվում է գլխավոր վարչություն, մեկ օրինակը տրվում է իրավապահ մարմիններին, մեկ օրինակը պահվում է ավիացիոն անվտանգության ծառայությունում (կազմողի մոտ), մեկ օրինակը տրվում է խախտում թույլ տված անձին:
Արձանագրության մեջ նշվում են՝ դրա կազմելու ամիսը, ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, տեղեկություններ խախտողի անձի մասին, խախտման կատարման վայրը և ժամանակը:

72. Արձանագրությունն ստորագրում են այն կազմող անձը, խախտում կատարած անձը և իրավապահ մարմնի պաշտոնատար անձը, որին հանձնվում է խախտում կատարած անձը:

73. Իրավախախտի` արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում, դրա մասին նշվում է արձանագրության մեջ:

74. Խախտում կատարած անձին իրավապահ մարմիններին հանձնելու մասին  կատարվում է համապատասխան գրանցում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության խախտումների հաշվառման մատյանում:

75. Աշխատանքի ընթացքում դժբախտ պատահարները բացառելու համար օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողները պարտավոր են ղեկավարվել աշխատանքի անվտանգության կանոններով:

76. Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների պետերը պատասխանատու են իրենց ենթակաների կողմից աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման համար: Այդ նպատակով նրանք մշակում են հրահանգներ, որոնցով սահմանվում են պարեկային և պահակակետային ծառայության երթուղիները, տեսուչների և վերակարգերի տեղաշարժերի կարգը, պահակակետային ծառայության կատարման ժամանակ ձեռնարկվող նախազգուշական միջոցառումները:

77. Ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխների անձնակազմերը ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ գործում են կազմակերպությունների կողմից մշակված հրահանգներին համապատասխան, որոնք համաձայնեցվում են գլխավոր վարչության հետ:

78. Ավիացիոն անվտանգության ծառայության անձնակազմին արգելվում է`

ա) գտնվել օդանավակայանի  թռիչքուղու վրա,

բ) հատել օդանավակայանի թռիչքուղին և ղեկման ուղիներն օդանավերի շարժման ժամանակ,

գ) մոտենալ աշխատող շարժիչներին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 16-ի N 940-Ն որոշման

Ձև

ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ

ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

_____ ______________ 200 թ.

______ ___________________ անցագրային և ներօբյեկտային վերահսկողության        

                  (կազմակերպության անվանումը)

խախտման մասին:

Մենք, ներքոստորագրյալներս,_____ _______________ավիացիոն անվտանգության

               

(կազմակերպության անվանումը) ծառայության աշխատողներ

1. _______________________________________________________

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

2. _______________________________________________________

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

3. _______________________________________________________

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

կազմեցինք սույն արձանագրությունը հետևյալի մասին՝

 

200 թ -ին ժամը __________ -ին

__________________________________________________________

 

Արձանագրությունը կազմեցին և ստորագրեցին՝

1.

______________________________

_________________________

 

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

(ստորագրությունը)

2.

______________________________

_________________________

 

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

(ստորագրությունը)

3.

______________________________

_________________________

 

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

(ստորագրությունը)

4.

______________________________

_________________________

 

(խախտում թույլ տված անձի անունը, հայրանունը, ազգանունը)

(ստորագրությունը)

Խախտողը հանձնվեց

____________________________

 _____________

 

(իրավապահ մարմնի ստորաբաժանման անվանումը և տվյալ իրավապահ մարմնի աշխատողի անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը)

(ստորագրությունը)

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան