«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2005 թվականի N 1627-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԵՎ ԱՎԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ՆՈՐ ՄԱՅՐՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև Երևան քաղաքի Մխիթար Հերացու և Ավետ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու կառուցապատման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևանի Մխիթար Հերացու և Ավետ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղուն հարող տարածքների` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտիները` 12.2 հեկտար ընդհանուր մակերեսով` համաձայն հավելվածի:
Հողամասերի մակերեսները ենթակա են ճշգրտման՝ համաձայն գույքագրման պայմանագրերի:
2.Երևանի քաղաքապետին՝
ա) եռամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտիները գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով տեղեկացնել պետության կարիքների համար օտարման գոտու, նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին.
գ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հետ համատեղ քննարկել և համապատասխան լուծում տալ Երևան քաղաքի հյուսիսային հատվածում տեղաբաշխված արդյունաբերական կազմակերպությունները երկաթգծով «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր գծերին միացնելու հարցին` նախագծային և շինմոնտաժային աշխատանքները ներառելով Երևանի Մխիթար Հերացու և Ավետ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու կառուցապատման ծրագրում.
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով որոշել օտարման գոտու տարածքներում անշարժ գույքի իրացման արդյունքում փոխհատուցվող գումարների չափը.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը՝ կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասերի տրամադրման համար.
զ) կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2005-2009 թվականների ընթացքում` ըստ փուլերի ներգրավված ներդրումների ծավալներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. սեպտեմբերի 15 |
Հավելված | |
| |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |