Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ընդունման ամսաթիվ
17.06.2021
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
23.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2021

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության միջև և Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության Իրավունքի գերակայության ոլորտում համագործակցության և Հայաստանում գրասենյակի ստեղծման վերաբերյալ

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպությունը (անգլ.՝ «International Development Law Organization», սույն փաստաթղթում հետայսու կրճատ՝ «IDLO») իրավունքի գերակայության ամրապնդմամբ զբաղվող միջկառավարական կազմակերպություն է, որը կազմավորվել է IDLO-ի ստեղծման մասին համաձայնագրով (ստորագրվել է Հռոմ քաղաքում 1988 թվականի փետրվարի 5-ին և գործում է հետագայում դրանում կատարված փոփոխություններով և լրացումներով հանդերձ), և որի գլխավոր գրասենյակը գտնվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում,

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ իրավունքի գերակայության ամրապնդումն ապահովելու Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը, ինչպես նաև այս ոլորտում միջազգային տեխնիկական աջակցությունն համակարգելու գործում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության առաջատար դերակատարումը,

 

ԱՄՐԱԳՐԵԼՈՎ, որ Կողմերը երկուստեք ցանկանում են ռազմավարական գործընկերություն հաստատել՝ ծրագրային աշխատանքների իրագործման ուղղությամբ համագործակցելու միջոցով իրավունքի գերակայությունն ապահովելու համար,

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ նաև, որ Կազմակերպությունը ներկայումս համագործակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության (հետայսու՝«Կառավարություն») հետ՝ իրագործելով «Հայաստանում դատական ներուժի զարգացում-քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը» ծրագիրը,«Աջակցություն ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդին՝ Հայաստանի նոր Սնանկության դատարանին գործառնական օժանդակության և կարողությունների զարգացման համար» ծրագիրը և«Հայաստանի քրեական արդարադատության համակարգի բարեվարքության ամրապնդումը» ծրագիրը (հետայսու՝«Ծրագրեր»),

 

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ իր աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար IDLO-ին անհրաժեշտ է պատշաճ ներկայություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում,

 

ՀԱՍՏԱՏԵԼՈՎ, որ Կողմերը ցանկանում են ամրագրել այն պայմանները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքում IDLO-ի ունեցած և IDLO-ին առնչվող արտոնություններին, անձեռնմխելիությանը, հնարավորություններին և ծառայություններին, որոնք անհրաժեշտ են IDLO-ի նպատակների իրագործման համար, և որ ներկայումս նրանք այդ նպատակին հասնելու համար բանակցություններ են վարում Ընդունող պետության հետ համաձայնագրի շուրջ,

 

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ IDLO-ի և Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատանքների կազմակերպման կարիքներից ելնելով՝ IDLO-ին անհրաժեշտ է գրասենյակ բացել և գործունեություն ծավալել Երևանում՝ իրագործելու համար տեխնիկական աջակցության ծրագրերը՝ նախքան Ընդունող պետության հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելը,

 

Կողմերը սույնով համաձայնվում են հետևյալի շուրջ:

 

Հոդված 1

Նպատակը

 

Փոխըմբռնման սույն հուշագիրը նպատակ է հետապնդում ամրագրել Կողմերի միջև համագործակցության և համակարգման շրջանակը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել IDLO-ին` որպես միջկառավարական կազմակերպություն, հաստատել իր պատշաճ ներկայությունը Հայաստանում և սահուն ու արդյունավետ կերպով իրականացնել Ծրագրերի իրագործմանն ուղղված իր աշխատանքները։

 

Հոդված 2

Համագործակցության շրջանակը

 

Սույն հուշագրի Նախաբանում և 1-ին հոդվածում ամրագրված ընդհանուր նպատակներին հասնելու համար Կողմերը համաձայնվում են համագործակցել՝ իրավունքի գերակայության ամրապնդման և զարգացման աշխատանքների կատարման ուղղությամբ: Կողմերը համակարգված և կանոնավոր կերպով հաղորդակցվելու են միմյանց հետ՝ կարծիքներ փոխանակելու և համատեղ աշխատանքների կատարման ընթացքը գնահատելու համար:

 

Հոդված 3

Հայաստանում IDLO-ի ներկայության հաստատումը

 

Կառավարությունը ճանաչում է IDLO-ի՝ որպես միջկառավարական կազմակերպության իրավասուբյեկտությունը և իր գործառույթները կատարելու համար անհրաժեշտ իրավական գործողություններ Հայաստանում կատարելու իրավասությունը: Դա ներառում է, մասնավորապես, հետևյալ իրավունքները․

 

1) Պայմանագրեր կնքելու իրավունքը,

2) Շարժական գույք ձեռք բերելու և օտարելու իրավունքը,

3) Անշարժ գույք վարձակալելու իրավունքը,

4) Միջազգային և տեղացի անձնակազմ աշխատանքի ընդունելու իրավունքը՝ IDLO-ի Անձնակազմի կանոնների և կանոնակարգերի և Կադրային ռեսուրսների ձեռնարկի դրույթներին, պայմաններին և ընթացակարգերին համապատասխան,

5) Իրավական վարույթներում իրավաբանական անձի բոլոր իրավունքներից օգտվելու իրավունքը, և

6) Օտարերկրյա կամ տեղական բանկային հաշիվներ, ֆոնդեր, պահուստային ֆոնդեր, նվիրատվությունների միջոցներ և նման բնույթ ունեցող այլ ֆինանսական միջոցներ ցանկացած արժույթով ունենալու և տնօրինելու իրավունքը:

 

2. IDLO-ին իրավունք է վերապահվում գրասենյակ բացել Երևանում, որը կճանաչվի որպես IDLO-ի նստավայրը Հայաստանում:

 

3. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները պարտավոր են հավուր պատշաճի ապահովել, որպեսզի IDLO-ի գրասենյակի անդորրը չխաթարվի որևէ անձի կամ անձանց խմբի կողմից, որը կփորձի առանց թույլտվության մուտք գործել գրասենյակ կամ գրասենյակի անմիջական մերձակայք: Հայաստանում IDLO-ի ներկայացուցչի կողմից նման խնդրանք ստանալու դեպքում Կառավարությունը կձեռնարկի բոլոր ողջամիտ քայլերը՝ ապահովելու համար Փոխըմբռնման սույն հուշագրում նշված այն անձանց անհրաժեշտ անվտանգությունը և պաշտպանությունը, ում անվտանգությունը վտանգված կլինի Հայաստանի տարածքում նրանց կողմից IDLO-ին ծառայություններ մատուցելու կապակցությամբ:

 

Հոդված 4

Մուտք գործելը, կացությունը և մեկնումը

 

1. IDLO-ի պաշտոնատար անձանց, փորձագետների, ներկայացուցիչների և IDLO-ի գրասենյակում IDLO-ի հանդիպումներին մասնակցելու նպատակով հրավիրվող այլ անձանց համար Կառավարությունը կդյուրացնի պաշտոնեական գործառույթների կատարման նպատակով նրանց՝ Հայաստան մուտք գործելը, Հայաստանում կացությունը և Հայաստանից մեկնումը: Վիզաները և աշխատանքային թույլտվությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն պարբերության մեջ նշված անձանց, կտրվեն հնարավորինս արագորեն:

 

2. Ըստ անհրաժեշտության և հնարավորության դեպքում IDLO-ն Կառավարությանն անհապաղ կտեղեկացնի Հայաստանում IDLO-ի ներկայացուցչի, պաշտոնատար անձանց և փորձագետների նշանակման, նրանց ժամանման և վերջնական մեկնման, ինչպես նաև IDLO-ի հետ նրանց հարաբերությունների դադարման մասին:

 

Հոդված 5

Վեճերի լուծումը

 

Փոխըմբռնման սույն հուշագրի մեկնաբանության կամ կիրառության հետ կապված ցանկացած վեճ Կողմերի միջև լուծվելու է հաշտության ճանապարհով՝ Կողմերի շահերին համահունչ:

 

Հոդված 6

Ուժի մեջ մտնելը, դադարելը, փոփոխությունները

 

1. Փոխըմբռնման սույն հուշագիրն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ Կողմերը դիվանագիտական գրություններ կփոխանակեն՝ միմյանց տեղեկացնելով այն մասին, որ Կողմերից յուրաքանչյուրն ավարտին է հասցրել սույն Հուշագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իր ներքին ընթացակարգերը:

 

2. Փոխըմբռնման սույն հուշագիրը կարգավորելու է IDLO-ի գործունեությունը և աշխատանքները Հայաստանում միջանկյալ կարգավիճակով՝ այնքան ժամանակով, մինչև ուժի մեջ կմտնի Ընդունող պետության հետ համաձայնագիրը Հանրապետության կառավարության և IDLO-ի միջև, որից հետո Փոխըմբռնման սույն հուշագիրը կհամարվի գործողությունը դադարեցված:

 

3. Փոխըմբռնման սույն հուշագիրը կդադարի գործել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ Փոխըմբռնման սույն հուշագիրը դադարեցնելու իր մտադրության մասին Կողմերից որևէ մեկի՝ մյուսին ծանուցելուց մեկ տարի անց:

 

4. Փոխըմբռնման սույն հուշագիրը կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

 

Հոդված 7

Ծանուցումները

 

1. Փոխըմբռնման սույն հուշագրի կապակցությամբ IDLO-ին ուղղված ցանկացած ծանուցում պետք է լինի գրավոր և պետք է ուղարկվի Հռոմ՝ IDLO-ի գլխավոր գրասենյակ՝ որպես հասցեատեր նշելով IDLO-ի Գլխավոր տնօրենին, ինչպես նաև՝ Հայաստանում IDLO-ի գրասենյակ՝ որպես հասցեատեր նշելով Հայաստանում IDLO-ի ներկայացուցչին:

 

2. Կառավարությունը IDLO-ին անհապաղ կտեղեկացնի այն պաշտոնատար անձի մասին, ով լիազորվել է Կառավարության կողմից՝ որպես փոխադարձ կապերի առաջին աստիճանի պաշտոնական պատասխանատու Փոխըմբռնման սույն հուշագրի հետ կապված բոլոր հարցերով, ինչպես նաև՝ այդ լիազորման առնչությամբ հետագայում կատարվող ցանկացած փոփոխության մասին: Փոխըմբռնման սույն հուշագրի կապակցությամբ Հայաստան ուղարկվող բոլոր ծանուցումները պետք է լինեն գրավոր և պետք է ուղարկվեն Արդարադատության նախարարություն՝ որպես հասցեատեր նշելով Արդարադատության նախարարին:

 

3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է փոխել իր կողմից լիազորված՝ կապերի համար պատասխանատու պաշտոնատար անձին՝ այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Կողմերի միջև կապերի համար պատասխանատու պաշտոնատար անձանց փոփոխության դեպքում կիրառելի չէ սույն հուշագրի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ փոփոխման ընթացակարգը:

 

Հոդված 8

Լեզուն

 

Փոխըմբռնման սույն հուշագիրը կնքվում է երկու օրինակով՝ միաժամանակ և՜ անգլերեն, և՜ հայերեն լեզուներով:

Անհամապատասխանությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տարբերակին:

 

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՈԳՐՅԱԼԻ՝ ներքոստորագրյալներս, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցինք Փոխըմբռնման սույն հուշագիրը:

 

23.06.2021 թ.

 

17.06.2021 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան