Գլխավոր տեղեկություն
Համար
N 1725-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.16/71(443) Հոդ.1350
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 31 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2005 թվականի N 1725-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի
N 1535-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության  կառավարության  2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Գավառի պետական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1535-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`

ա) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«11. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ».

բ) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետի «ա» և «է» ենթակետերը.

գ) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

«ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ».

դ) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետը.

ե) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Համալսարանի  խորհուրդը  կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով, սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 24-ն է».

զ) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1 - 14.9-րդ կետերով.

«14.1. Խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական  կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`

ա) համալսարանի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող.

բ) համալսարանի կառուցվածքային միավորներից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.

գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

14.2. Համալսարանի ուսանողության ներկայացուցիչներից  խորհրդի  անդամության թեկնածուներ են  առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`

ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության  թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).

բ) համալսարանի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում  լիազոր մարմին.

գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

14.3. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող  անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

14.4. Լիազոր  մարմնի  կողմից  խորհրդի  անդամներ  են  առաջադրվում  կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև   ճանաչված  գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):

14.5. Առաջադրված  անձանց  թեկնածությունների  հիման  վրա   խորհրդի  կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

14.6. Խորհուրդն  իր  կազմից, բացի  ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

14.7. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`

ա) իր դիմումի համաձայն.

բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.

գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.

դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.

ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի  կարգավիճակը կորցնելու հետևանքով:

14.8. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են  Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

14.9. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 14.1 - 14.5-րդ կետերի պահանջներին համապատասխան:

Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը».

է) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Խորհուրդը՝

ա) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում` խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել խորհրդի նիստերին, խորհրդի օրակարգային հարցերի քննարկումներին և կատարել խորհրդի որոշումներից բխող  հանձնարարականները.

դ) խորհրդի գործունեության մեջ մտնում են համալսարանի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև համալսարանի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը լիազոր մարմին ներկայացնելը».

ը) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ».

թ) 17-րդ կետում`

հանել «նիստին ներկա» բառերը,

«մեծամասնությամբ» բառից հետո կետը լրացնել «, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում» բառերով.

ժ) 19-րդ կետի «դ» ենթակետը «դեկանների» բառից հետո լրացնել «ու ամբիոնների վարիչների» բառերով.

ժա) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ) հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների  կանոնադրությունները».

ժբ) 21-րդ կետից հանել «և կենսագործվում են ռեկտորի հրամանով» բառերը.

ժգ) 22-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով» բառերը.

ժդ) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Համալսարանի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` համալսարանի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական  աշխատանքի փորձ, գիտական աստիճան և գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Այդ արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն 2/3-ը, ապա հիմնադիրը հաստատում է  խորհրդի որոշումը».

ժե) 34-րդ կետից հանել «ընտրում ֆակուլտետի դեկանին (եթե դրա մասին ռեկտորն այլ որոշում չի ընդունել)» բառերը.

ժզ) 36-րդ կետի «զ» ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ֆակուլտետի դեկանն ընտրվում է 5 տարի ժամկետով` գիտական խորհրդի սահմանած կարգին համապատասխան: Քվեարկության արդյունքների և ֆակուլտետի դեկանի ընտրությունների հիման վրա ռեկտորն իր հրամանով ֆակուլտետի դեկանին նշանակում է պաշտոնում».

ժէ) 43-րդ կետը «դիպլոմավորված մասնագետի» բառերից հետո լրացնել
«և երկաստիճան» բառերով.

ժը) 70-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«70. Համալսարանի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 26
Երևան