Գլխավոր տեղեկություն
Համար
N 744-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2005-11.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96) Հոդ.834
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 744-Ն

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 17
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 744-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման  բնագավառում անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ` լիազոր մարմին)՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:

3. Լիազոր մարմինն ստուգման աշխատանքներն իրականացնում է ելնելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներից:

4. Սույն կարգում «հուսալիություն» հասկացությունը նշանակում է անձի դրսևորած այնպիսի կայուն վարքագիծ, որը հիմք է տալիս ընդունելու, որ անձն իր կյանքի և գործունեության ընթացքում ազգային անվտանգության տեսանկյունից պահպանում է անձի, հասարակության և պետության բնականոն զարգացումն ապահովող օրենսդրական և բարոյական նորմերը:

5. Սույն կարգով անձի հուսալիության չափանիշներ են սահմանվում վերջինիս կենսագրությանը, հոգեկան աշխարհին և վարքագծին վերաբերող տվյալները, որոնց ուսումնասիրության արդյունքում լիազոր մարմնի կողմից տրվում է եզրակացություն:

Հուսալիության ստուգման արդյունքում անձի մասին բացասական եզրակացություն կարող են տրվել հետևյալ դեպքերում՝

ա) կենսագրական տվյալները կոծկելու, կեղծելու կամ դրանք միտումնավոր թերի ներկայացնելու,

բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար դատվածության առկայության,

գ) եթե կատարված հանցանքը գնահատվել է որպես ռեցիդիվ,

դ) նախկին աշխատավայրերում աշխատանքային կարգապահության կոպիտ խախտումներ թույլ տալու, ինչպես նաև ծառայողական պարտականություններին անբարեխղճորեն վերաբերվելու,

ե) թմրամոլության և հարբեցողության կայուն հատկանիշներով համապատասխան հաստատություններում հաշվառված լինելու:

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում, որպես անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ, անձի մուտքի թույլտվության մերժման համար հիմք կարող են հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում առկա տվյալներն անձի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստման կամ վերջինիս կողմից կազմակերպված հանցավոր կամ ծայրահեղական խմբավորումների հետ կայուն կապերի մասին:

    II. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

6. Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքի ընդունվող անձանց հետ օբյեկտի համապատասխան աշխատողի (աշխատողների) կողմից անցկացվում է նախնական զրույց, որի ընթացքում նա տեղեկացվում է, որ աշխատանքի է ընդունվում ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտում, և նրա կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերն ու դրանցում նշված տվյալները ենթակա են ստուգման սահմանված կարգով:

7. Դիմողը տալիս է գրավոր համաձայնություն իր կողմից ներկայացված փաստաթղթերի և տվյալների ստուգման գործընթացի մասին:

8. Դիմողի համաձայնությունն ստանալուց հետո անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտի ղեկավարությունը, հաշվի առնելով դիմողի մասնագիտական, աշխատանքային, առողջական և այլ տվյալներ, փաստաթղթերը, նրա հուսալիության ստուգման նպատակով, ուղարկում է լիազոր մարմին, որն իրականացնում  է ստուգման գործընթացը` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:

9. Լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում, ստացված տվյալներն ամփոփելուց հետո, անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտի ղեկավարությանը ներկայացնում է եզրակացություն դիմողի հուսալիության մասին: Բացասական եզրակացության դեպքում դիմումը պարտադիր մերժվում է:

10. Դիմողի հուսալիության մասին լիազոր մարմնի կողմից տրված դրական եզրակացության դեպքում անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտի ղեկավարությունը 3 օրվա ընթացքում հրամանագրում է տվյալ անձին:

11. Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում ժամանակավոր աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիությունն ստուգվում է սույն կարգի դրույթներին համապատասխան, այն տարբերությամբ, որ ժամանակավոր աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն աշխատանքներն սկսելուց 40 օր առաջ ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտի ղեկավարությանը ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր` թույլտվություն ստանալու նպատակով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.03.2020, N 362-Ն 11.04.2020, N 744-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան