Գլխավոր տեղեկություն
Համար
N 631-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.17/55.1 Հոդ.711
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 7 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 631-Ն

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 30
Երևան


    

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 631-Ն որոշման


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

1. Սույն կարգով և չափորոշիչներով սահմանվում են մշակութային արժեքների պահպանական ցուցակում (այսուհետ՝ ցուցակ) պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչները:

2. Ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների գրանցման չափորոշիչներն են`

ա) տեսակի կամ տիպի մեջ առանձնահատուկ լինելը,

բ) պատմական, հնագիտական, ազգագրական, գեղարվեստական, կրոնական, մշակութաբանական, արվեստաբանական կամ գիտական հատուկ հետաքրքրություն ներկայացնելը,

գ) պատմամշակութային զարգացման վկայագիր-վավերագրի նշանակություն ունենալը,

դ) ազգային պատմամշակութային ժառանգության համար կարևոր նշանակություն ունենալը,

ե) համաշխարհային մշակութային ժառանգության համար հետաքրքրություն ներկայացնելը:

3. Ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները գրանցվում են, եթե համապատասխանում են սույն կարգի 2-րդ կետում նշված չափորոշիչներից որևէ մեկին:

4. Ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները գրանցվում են կամավորության սկզբունքով` սեփականատիրոջ (այսուհետ՝ հայտատու) ներկայացրած հայտի համաձայն:

5. Հայտատուն հայտը ներկայացնում է լիազորված պետական մարմին՝ դրան կցելով գրանցման ենթակա մշակութային արժեքի մասին փորձագիտական եզրակացության պատճենը` լուսանկարով, և նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար (13 x 18 սմ չափսի):

6. Հայտը գրանցվում է դիմումների գրանցամատյանում, որի էջերը համարակալված, կարված և կնքված են լիազորված պետական մարմնի կնիքով:

7. Հայտերի գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ: Գրանցամատյանում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

8. Հայտի գրանցման համարը տվյալ հայտատուի գործի ծածկագիրն է` գրանցման թվի, օրվա, ամսվա և տարեթվի հաջորդականությունը պարունակող նիշերով:

9. Գործը կազմվում է հայտից, փորձագիտական եզրակացության պատճենից, մշակութային արժեքի լուսանկարից և այլ փաստաթղթերից:

10. Գործը պահվում է անժամկետ: Այն գրանցող լիազորված պետական մարմինը պատասխանատու է հայտատուի տվյալների գաղտնիության համար:

11. Հայտի քննարկման ու գրանցման հետ կապված փաստաթղթերի ներքին շրջանառության ընթացակարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

12. Ցուցակը կազմվում է թվայնացված տարբերակով` համակարգչային շտեմարանում:

Յուրաքանչյուր մշակութային արժեք գրանցվում է հաջորդական համարակալմամբ:

Մշակութային արժեքների գրանցման տվյալներն են անվանումը, անունը կամ վերնագիրը, ստեղծողը (հեղինակը), ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը, չափերը), քաշը, վիճակը, ծածկագիրը, ծանոթագրությունը:

13. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո համակարգչային շտեմարանում գրանցված ցուցակը տպվում, կարվում և կնքվում է` կազմելով պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների տվյալների գրանցամատյանի մաս:

14. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո տվյալ տարում գրանցված ցուցակն առանձին գրքույկով տպագրվում է ծառայողական օգտագործման համար:

15. Սեփականատիրոջը տրվում է ցուցակում մշակութային արժեքի գրանցման մասին տեղեկանք` լուսանկարով: Տեղեկանքի ձևն ու տալու կարգը հաստատում է լիազորված պետական մարմինը:

16. Մշակութային արժեքի մասին տեղեկությունների փոփոխությանը վերաբերող նշումը կատարվում է ցուցակի «Ծանոթագրություն» սյունակում:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան