Գլխավոր տեղեկություն
Համար
N 437-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.05/7(139) Հոդ.512
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2005 թվականի N 437-Ն

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1509-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2004 թվականի մարտի 22-ին փոխանակված հայտագրի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված «KUBOTA M5700» մակնիշի 39 միավոր տրակտորի և գյուղատնտեսական գործիքների իրացման ու իրացումից գոյացած միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գյուղատնտեսական տեխնիկայի մեկ միավորի վաճառքի գինը` 2,0 մլն դրամ:

2. Սահմանել, որ`

ա) վաճառված գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվի համարին՝ Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.

բ) առաջիկա 5 տարվա ընթացքում գնված գյուղատնտեսական տեխնիկայի արտահանման դեպքում սեփականատերը պարտավոր է վճարել դրա իրական (ինվոյսային) և վաճառքի գների տարբերությունը՝ հանած շահագործման յուրաքանչյուր տարում այդ գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության գումարը՝ սահմանված նորմատիվային չափին համապատասխան։

3. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի` ըստ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների հատկացումը` համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` հիմք ընդունելով 2000 թվականի օգոստոսի 2-ին «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պահառության պայմանագիրը` նրա միջոցով ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի ստացումը, մաքսային ձևակերպումը, բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումը և պահպանումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապրանքի ստացման, մաքսային ձևակերպման, բեռնաթափման, ապակոնսերվացման, հավաքման, կարգաբերման և պահպանման ծախսերը փոխհատուցել սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված հատուկ հաշվից` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ծախսերի նախահաշվի:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` եռամսյա ժամկետում գյուղատնտեսական տեխնիկայի չիրացման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց հետագա տնօրինման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) հիմք ընդունելով սույն որոշման հավելվածը` ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքը մրցութային եղանակով` նախապատվությունը տալով տվյալ մարզում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին.

բ) մրցույթի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկել ներկայացուցիչներ համայնքներից և մրցույթի մասին հայտարարությունները զետեղել առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մարզային ու հանրապետական մամուլում` մրցույթի անցկացումից առնվազն 20 օր առաջ.

գ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մրցույթի արդյունքների մասին տեղեկատվություն:

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին» N 1509-Ն որոշումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 7
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 10-ի N 437-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ` ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ

NN
ը/կ 

Մարզի անվանումը 

Տրակտոր
«Kubota 5700»

 Գութան
«Nardi TP27/G» 

Փխրեցուցիչ
«Nardi 7TE/A280» 

Խոտհնձիչ
«Nardi
Superior 394» 

1.

Արագածոտն

4

4

4

4

2.

Արարատ

5

5

5

5

3.

Արմավիր

5

4

4

4

4.

Գեղարքունիք

3

3

3

3

5.

Լոռի 

2

2

2

2

6.

Կոտայք

4

4

4

4

7.

Շիրակ

3

3

3

3

8.

Սյունիք

6

4

4

4

9.

Վայոց ձոր 

3

3

3

3

10.

Տավուշ 

3

3

3

3

11.

Երևան

1

1

1

1

Ընդամենը

39

36

36

36

 
   

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան