Գլխավոր տեղեկություն
Համար
N 1736-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.28/68(523) Հոդ.1484
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1736-Ն

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2005 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 10
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1736-Ն որոշման

 

2005  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՓՄՁ-ի ոլորտը համարում է Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը և շարունակական քայլեր ձեռնարկում ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ:

ՓՄՁ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տնտեսության դինամիկ զարգացող ոլորտներից մեկը: Դրա մասին է վկայում այն փաստը, որ վերջին երեք տարվա ընթացքում ստեղծվել են շուրջ 20.000 ՓՄՁ-ի սուբյեկտներ, իսկ միայն 2003 թվականի ընթացքում ստեղծվել են 8.000 նոր ՓՄՁ-ի սուբյեկտներ` ապահովելով ավելի քան 20.000 նոր աշխատատեղ: Դրա հետ մեկտեղ ՓՄՁ-ի ոլորտը նշանակալի դեր է խաղում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ձևավորման գործում, 2003 թվականի տվյալներով ՓՄՁ-ի ոլորտի մասնակցությունը ՀՆԱ-ում կազմել է 38 տոկոս` գրեթե կրկնակի գերազանցելով 2000 թվականի մակարդակը, իսկ ներկայումս այս ցուցանիշը կազմում է շուրջ 40 տոկոս:

ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումները պահպանվել են նաև 2004 թվականին: Իրականացվել է ՓՄՁ-ի պետական աջակցության 2004 թվականի ծրագիրը, բացի դրանից միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպություններից ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին ընդլայնվել են ՓՄՁ-ի ոլորտի հեռանկարային զարգացմանն ու այդ նպատակով իրականացվող պետական աջակցությանն ուղղված ծրագրային միջոցառումների շրջանակները:

ՓՄՁ-ին պետական աջակցության 2004 թվականի ծրագրի շրջանակներում հիմնադրվել են «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ևս 3 մարզային մասնաճյուղ` ՀՀ Լոռու (քաղ. Ստեփանավան), Արագածոտնի (քաղ. Ապարան) և Կոտայքի (քաղ. Չարենցավան) մարզերում, ինչպես նաև «Անդրոն» կոմպլեքսային էլեկտրասարքավորումների գիտահետազոտական ինստիտուտի բազայի վրա Երևան քաղաքում հիմնադրվել է տեխնոպարկ:

2004 թվականի ընթացքում, ըստ նախնական կանխատեսումների, վարկային երաշխավորությունների, որակի կառավարման համակարգերի ներդրման, ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն է ստացել Երևանում և ՀՀ մարզերում գործող ավելի քան 4500 ՓՄՁ-ի սուբյեկտ:

ՓՄՁ-ի պետական աջակցության 2004 թվականի ծրագրային միջոցառումների ավելի քան 70 տոկոսն ուղղված է Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում տնտեսական ակտիվության բարձրացմանը:

ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ ՓՄՁ-ի սուբյեկտները դեռ շարունակում են բախվել մի շարք հիմնախնդիրների, որոնք պայմանավորված են, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսական (վարկային) միջոցների անմատչելիությամբ, գործարար տեղեկատվության, խորհրդատվության տրամադրման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարություններով, ՓՄՁ-ի սուբյեկտների արտադրանքի (ծառայությունների) շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրներով, Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ՓՄՁ-ին աջակցող ենթակառուցվածքների բացակայությամբ և (կամ) դրանց թույլտվությամբ, ինչպես նաև սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորությունների սահմանափակմամբ:

Հայաստանում ՓՄՁ-ի ոլորտի պետական աջակցությանն ու զարգացմանը, գործարար ու ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2005 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային միջոցառումները, ինչը կարևոր նախապայման է հանդիսանում երկրի տնտեսական աճի, բնակչության զբաղվածության ապահովման ու նրա սոցիալական վիճակի բարելավման և ընդհանուր առմամբ երկրում աղքատության հաղթահարման գործում:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2005 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

ա) 2003 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը,

բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ),

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1673-Ն որոշմամբ հաստատված փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2004 թվականի ծրագիրը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշումը,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի N 985-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2005-2007 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը,

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակներն են`

ա) ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ձևավորումը,

բ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը,

գ) ՓՄՁ-ի սուբյեկտների նորարարական և արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը,

դ) ՓՄՁ-ի սուբյեկտների գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնումը,

ե) գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը:

Ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքներն են`

ա) երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացումը,

բ) Հայաստանի Հանրապետության մարզերում ՓՄՁ-ի սուբյեկտների թվի ավելացումը և դրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծումը,

գ) ՓՄՁ-ի սուբյեկտների մրցունակության բարձրացումը և նրանց կողմից թողարկված արտադրանքի և մատուցվող ծառայությունների քանակական և որակական աճը,

դ) Հայաստանի Հանրապետության մարզերում և հեռավոր բնակավայրերում գործարար ակտիվության բարձրացումը, այդ նպատակով ծրագրի շրջանակներում ցուցաբերվող աջակցության շուրջ 70 տոկոսն ուղղելով դրանցում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ի ոլորտին աջակցող այլ կառույցների միջոցով:

2. Ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության ոլորտում գործող, նորարարություններ և բարձր տեխնոլոգիաներ կիրառող և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցությանը, ինչպես նաև սկսնակների, երիտասարդների, կանանց ու փախստականների ձեռներեցության զարգացմանը:

3. Ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը:

4. Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով, կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում 2005 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր (համաֆինանսավորման սկզբունքով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

2005 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները`

 

1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում և ամրապնդում

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ամրապնդում և գործունեության ընդլայնում. Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի մարզերում դրա մարզային նոր` 4 մասնաճյուղի ստեղծում և գործող մասնաճյուղերի ամրապնդում

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի (տարածաշրջանի) աշխարհագրական դիրքն ու առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերում (տարածաշրջաններում) Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի (միջոցառումների) համակարգման անհրաժեշտությունը` ստեղծվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր` Հայաստանի Հանրապետության Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի, Լոռու և Կոտայքի մարզերում:

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ստեղծել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նոր` 4 մասնաճյուղ, որով կավարտվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի ցանցի ձևավորման գործընթացը:

Դրա հետ մեկտեղ կիրականացվեն ուսումնասիրություններ` Հայաստանի Հանրապետության մարզերի տարածաշրջաններում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցիչ (ներկայացուցչություն) ունենալու անհրաժեշտությունը բացահայտելու համար:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի գործունեությունը կնպատակաուղղվի ՓՄՁ-ի զարգացման տարածաշրջանային և մարզային (համայնքային) ծրագրերի իրականացմանը` հաշվի առնելով տարածաշրջանային զարգացման գերակայությունները, առանձին բնակավայրերի առանձնահատկությունները և առկա ներուժը: Այստեղ նախապատվությունը կտրվի հեռավոր և սահմանամերձ տարածքներում (համայնքներում) գործող ՓՄՁ-ի սուբյեկտների և սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրերի իրականացմանը:

 

2. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության նպատակով ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շարունակում և ընդլայնում

 

ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման, դրանց ֆինանսական և ներդրումային աջակցության ցուցաբերման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ծրագրային միջոցառում, 2005 թվականին կշարունակվի և կընդլայնվի վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը:

Վարկային երաշխավորություններ տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի, որպես սույն ծրագիրն իրականացնող կառույցի, գործընկեր առևտրային բանկերի միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման նպատակով: Այս ուղղությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կընդլայնի պայմանագրային հիմունքներով ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման ծրագրեր իրականացնող առևտրային բանկերի հետ իր համագործակցությունը:

Վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրից կարող են օգտվել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ՓՄՁ-ի սուբյեկտ հանդիսացող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Այստեղ նախապատվությունը կտրվի գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում առևտրի ոլորտում գործող շահառուներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող, նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

Ծրագրի շրջանակներում նպատակային ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության 70 տոկոսը և 10 մլն դրամը:

Կուտակված փորձի հիման վրա միջոցներ կձեռնարկվեն վարկային երաշխավորությունների տրամադրման մեխանիզմի և ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ:

 

3. ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն

 

Շուկայական տնտեսավարման պայմաններում առանձնակի կարևոր նշանակություն ունի ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որը նպաստում է տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից գիտատեխնիկական արդյունքների արդյունավետ օգտագործմանն ու դրանց արտահանման ներուժի ընդլայնմանը:

Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի առանձին կամ խմբավորված ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների ու ժամանակից տեխնոլոգիաների ներդրման, գիտական մշակումների իրականացման և կիրառման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ` առաջարկելով ժամանակակից բարձրորակ տեղեկատվություն և խորհրդատվություն` ուղղված դրանց տեխնոլոգիական զարգացմանը, արտադրանքի որակի բարելավմանը, նորարարությունների կիրառմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների առևտրայնացմանը, ինչպես նաև տրամադրելով արտադրանքի իրացման շուկաների ուսումնասիրություններ իրականացնելու լայն հնարավորություններ:

Նպատակահարմար է նշված գործընթացներն իրականացնել տեխնոպարկերի միջոցով, որոնք ՓՄՁ-ի սուբյեկտների նորարարական և տեխնոլոգիական աջակցության արդյունավետ ձևերից են:

 

4. ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցություն

 

Շուկայական տնտեսավարման պայմաններում ձեռնարկատիրական արդյունավետ գործունեություն ծավալելու հիմնական գրավականը թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) պատշաճ մակարդակով շուկայում ներկայացնելը, սպառման ծավալներն ավելացնելը և ընդհանուր առմամբ թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) շուկաներ առաջ մղելն է:

Ելնելով նշված նկատառումներից` 2005 թվականին ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) միջազգային ստանդարտների ներդրմանը, մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման ԻՍՕ 9001-2000 համակարգի ներդրման ուղղությամբ խորհրդատվության տրամադրման ճանապարհով, ինչպես նաև կկազմակերպվեն ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) և այլ միջազգային ստանդարտների ներդրման գործընթացներին նվիրված տեղեկատվական և ուսուցողական բնույթի միջոցառումներ, կհրատարակվեն համապատասխան տեղեկատվական նյութեր:

ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման ուղղությամբ ձեռնարկվող կարևոր միջոցառումներից է Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցության ապահովումը: Այս ուղղությամբ 2005 թվականին ծրագրի շրջանակներում համապատասխան աջակցություն կցուցաբերվի արտահանման ներուժ ունեցող և հեռանկարային ՓՄՁ-ի սուբյեկտներին` Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին նրանց կողմից թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) լավագույն տեսքով ներկայացնելու համար:

Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն կցուցաբերվի նրանց կողմից թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) շուկայում ներկայացնելու, մասնավորապես, դրանց` զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման, ապրանքների փաթեթավորման, պիտակավորման, ձևավորման և այլ համապատասխան գործընթացների ուղղությամբ, որը վերջին հաշվով կնպաստի ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) մրցունակության և ՓՄՁ-ի սուբյեկտների հեղինակության բարձրացմանը:

 

5. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն

 

ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվությամբ ապահովումը դրանց արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից է:

Ծրագրով նախատեսվում է տեղեկատվական և վերլուծական նյութերի և պարբերականի (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների) հրատարակում (դրանք կտեղադրվեն նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում), ինչպես նաև տեղեկատվական բազայի ստեղծում, ինչը համապարփակ գործարար տեղեկատվությամբ կապահովի Հայաստանի գործարար համայնքին (ՓՄՁ-ի սուբյեկտներ, գործարարությանն աջակցող կառույցներ և ՓՄՁ-ի սուբյեկտների շահերը ներկայացնող այլ կառույցներ):

Դրա հետ մեկտեղ պարբերաբար կկազմակերպվեն հեռուստաժամեր` ներկայացնելով ինչպես ՓՄՁ-ի սուբյեկտների առաջավոր փորձը, այնպես էլ նրանց հուզող հիմնախնդիրները և դրանց հաղթահարման (լուծման) հնարավոր ուղիները:

ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից և կարևոր նախադրյալներից է նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար գործարար խորհրդատվության ապահովումը:

Ծրագրով նախատեսվում է շարունակել ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցությունը` խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման հարցում:

ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի մասնագիտացված խորհրդատվական կազմակերպությունների միջոցով` ներդրումային և զարգացման ծրագրերի մշակման, ձեռնարկությունների տնտեսական գործունեության վերլուծության, շուկայական հետազոտությունների իրականացման, կառավարման ու շուկայավարման, հաշվապահության վարման, նորարարությունների կիրառման և ժամանակակից տեխնոլոգիաների առևտրայնացման, իրավաբանական, հարկային ու մաքսային, արտադրանքի (ծառայությունների) առաջմղման, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) միջազգային ստանդարտների (համակարգերի) ներդրման, մտավոր սեփականության պաշտպանության, ինչպես նաև այլ ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

 

6. ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական աջակցություն

 

Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի նաև ուսուցողական աջակցություն:

Գործարար հմտությունների զարգացման և գործարար գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով ՓՄՁ-ի սուբյեկտների համար կկազմակերպվեն մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՄՁ-ի սուբյեկտներին մեծամասամբ հասանելի չեն գործարար ուսուցողական ծառայությունները հիմնականում դրանց թանկության պատճառով, ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի այդ դասընթացներին նրանց մասնակցության ուղղությամբ` ամբողջությամբ կամ մասնակիորեն վճարելով դասընթացների արժեքը:

Նման դասընթացներին մասնակցությունը հնարավորություն կընձեռի սկսնակ գործարարներին ծանոթանալու ձեռնարկատիրական գործունեության հիմունքներին, իսկ գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` ստանալու պարզաբանումներ և ուղեցույցներ գործող հարկային և մաքսային համակարգերի, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների, գործարար ու զարգացման ծրագրերի կազմման, մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերելու համապատասխան մասնագիտական գիտելիքներ կառավարման, շուկայավարման, գործարար էթիկայի և գործարարությանն առնչվող այլ բնագավառներում:

Մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով ուսուցողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ:

Ծրագրի շրջանակներում նաև աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներին` նրանց հատուկ մասնագիտական ունակությունների և աշխատանքային հմտությունների կատարելագործման ուղղությամբ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

 

7. Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն

 

ՓՄՁ-ի սուբյեկտների հիմնադրման և հաստատման կրիտիկական շրջան համարվում է երեք տարի ժամանակահատվածը: Այն կազմակերպությունները, որոնք անցնում են այդ երեք տարին, ավելի հազվադեպ են սկսնակ համարվում: Աշխարհում սկսնակ գործարարներից շատերը ձախողվում են նույն պատճառներով` շուկայի վերաբերյալ գիտելիքների պակաս, վատ պլանավորում, հատկապես, ֆինանսների վատ պլանավորում, գործարար ունակությունների պակաս, տեղեկատվության պակաս, գործարար խորհրդատվության և ֆինանսական ռեսուրսների անմատչելիություն և այլն: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համապատասխան աջակցություն ցուցաբերել սկսնակներին հենց հիմնադրման փուլում` նվազեցնելով նրանց ձախողման ռիսկերը:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության նպատակով ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ մարզերում իրականացնել միջոցառումներ, որոնք կներառեն ուսուցման, մասնագիտական խորհրդատվության, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման բաղադրիչներ: Այդ միջոցառումների նպատակն է խթանել նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծմանը և համապատասխան աջակցություն ցուցաբերել նրանց` հենց հիմնադրման շրջանում:

Սկսնակ գործարարների ձեռներեցության զարգացման նպատակով ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի այդ միջոցառումներին նրանց մասնակցությանը: Նրանցից առավել հաջողակների հետ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կիրականացնի երկարատև համագործակցություն:

 

8. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում

 

2005 թվականի աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր (միջոցառումներ) իրականացնող միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, մասնավորապես, ՓՄՁ-ի ոլորտի զարգացման (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության 2005-2007 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով որպես ծրագրի իրականացման կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 300,000.0 հազ. դրամը:

Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին տողով:

 

VII. Ց Ա Ն Կ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ  Միջոցառումը  Կատարողը  Կատարման ժամկետը
 1. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ամրապնդում և գործունեության ընդլայնում, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում դրա մարզային նոր 4 մասնաճյուղի ստեղծում և գործող մասնաճյուղերի ամրապնդում Հայաստանի ՓՄՁ
ԶԱԿ
2005 թվականի 4-րդ եռամսյակ
 2. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության նպատակով ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շարունակում և ընդլայնում Հայաստանի ՓՄՁ
ԶԱԿ
սկսած 2005 թվականի 1-ին եռամսյակից
 3. ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն Հայաստանի ՓՄՁ
ԶԱԿ
2005 թվականի ընթացքում
 4. ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցություն Հայաստանի ՓՄՁ
ԶԱԿ
սկսած 2005 թվականի 1-ին եռամսյակից
 5. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար աջակցություն տեղեկատվական և խորհրդատվական Հայաստանի ՓՄՁ
ԶԱԿ
սկսած 2005 թվականի 1-ին եռամսյակից
 6. ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական աջակցություն Հայաստանի ՓՄՁ
ԶԱԿ
սկսած 2005 թվականի 1-ին եռամսյակից
 7. Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն Հայաստանի ՓՄՁ
ԶԱԿ
սկսած 2005 թվականի 2-րդ եռամսյակից
 8. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ ՀՀ շահագրգիռ նախարարություններ

2005 թվականի ընթացքում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ