ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱԱԳԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(Ուժի մեջ է մտել 1955 թվականի հուլիսի 15-ին)1
Ստորև նշված պետությունների կառավարությունները՝
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ավստրիա, Բելգիա, Դանիա, Իսպանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Լյուքսեմբուրգ, Նորվեգիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիա Միացյալ Թագավորություն, Շվեդիա և Շվեյցարիա,
ելնելով Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի մշտական բնույթից,
ցանկանալով ընդգծել այդ բնույթը,
դրա համար իսկ համարելով, որ ցանկալի է Խորհրդաժողովը ապահովել կանոնադրությամբ,
համաձայնեցին հետևյալ դրույթների մասին.
Հոդված 1
Հաագայի խորհրդաժողովի նպատակն է աշխատել միջազգային մասնավոր իրավունքի նորմերի շարունակական միասնականացման ուղղությամբ:
_______________
1 Կանոնադրությունն ընդունվել է Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի Խորհրդաժողովի յոթերորդ նիստի ընթացքում` 1951 թվականի հոկտեմբերի 31-ին և ուժի մեջ է մտել 1955 թվականի հուլիսի 15-ին: Փոփոխություններն ընդունվել են քսաներորդ նիստի ընթացքում`2005 թվականի հունիսի 30-ին ( Եզրափակիչ ակտ, C), անդամ պետությունների կողմից հաստատվել է 2006 թվականի սեպտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի հունվարի 1-ին:
2005 թվականի հունիսի 30-ի դրությամբ, ի հավելումն նախաբանում նշված հիմնադիր անդամ պետություննների` հետևյալ պետությունները ընդունել էին Կանոնադրությունը` Ալբանիա, Արգենտինա, Ավստրալիա, Բելարուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիայի Հանրապետություն, Եգիպտոս, Էստոնիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Հորդանան, Կորեայի Հանրապետություն, Լատվիա, Լիտվիա,Մալայզիա, Մալթա, Մեքսիկա,Մոնակո,Մարոկկո,Նոր Զելանդիա, Պանամա, Պարագվայ, Պերու, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Սերբիա և Մոնտենեգրո, Սլովակիայի Հանրապետություն, Սլովենիա, Հարավային Աֆրիկա, Շրի Լանկա, Սուրինամ, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն, Թուրքիա, Ուկրաինա,Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ,Վենեսուելա:
Հոդված 2
1) Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի անդամներն այն պետություններն են, որոնք արդեն մասնակցել են Խորհրդաժողովի մեկ կամ մի քանի նիստերի, և որոնք ընդունել են սույն Կանոնադրությունը:
2) Ցանկացած այլ պետություն, որի մասնակցությունը իրավական առումով կարևոր է Խորհրդաժողովի աշխատանքների համար, կարող է միանալ դրան: Նոր անդամ պետության ընդունման հարցը որոշվում է անդամ պետությունների կառավարությունների կողմից, նրանցից մեկի կամ մի քանիսի առաջարկով, ձայների մեծամասնությամբ, առաջարկը կառավարություններ ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:
3) Ընդունումն ուժի մեջ է մտնում անդամ պետության կողմից Կանոնադրությունն ընդունելուց հետո:
Հոդված 3
1) Խորհրդաժողովի անդամ պետությունները կարող են, ընդհանուր գործերի և քաղաքականության վերաբերյալ հանդիպումների ժամանակ, եթե անդամ պետությունների մեծամասնությունը ներկա է, ձայների մեծամասնությամբ որոշում կայացնել որպես անդամ ընդունելու նաև ցանկացած Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության, վերջինիս կողմից Գլխավոր քարտուղարություն ներկայացված անդամակցության դիմումի հիման վրա: Սույն Կանոնադրությամբ անդամներին արված ցանկացած հղում վերաբերում է նաև նման անդամ կազմակերպություններին, եթե հստակորեն այլ բան նախատեսված չէ: Ընդունումը համարվում է ուժի մեջ մտած Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից Կանոնադրությունն ընդունվելուց հետո:
2) Որպեսզի Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունն իրավասու լինի դիմելու անդամակցության համար, այն պետք է բաղկացած լինի բացառապես անկախ պետություններից, և անհրաժեշտ է, որ այդ անդամ պետությունները մի շարք հարցերի վերաբերյալ իրենց իրավասությունը փոխանցած լինեն այդ կազմակերպությանը, այդ թվում՝ տվյալ հարցերի առնչությամբ Խորհրդաժողովի շրջանակներում իր անդամ պետությունների համար պարտադիր համարվող որոշումների ընդունման իրավասությունը:
3) Անդամակցության համար դիմած յուրաքանչյուր Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն, նման դիմումի ժամանակ, ներկայացնում է իրեն փոխանցված իրավասության մասին հայտարարություն՝ նշելով այն հարցերի շրջանակը, որոնց առնչությամբ անդամ պետություններն իրեն են փոխանցել այդ իրավասությունները:
4) Յուրաքանչյուր անդամ կազմակերպություն և նրա անդամ պետությունները ապահովում են, որ անդամ կազմակերպության իրավասության կամ դրա անդամակցության հետ կապված ցանկացած փոփոխության մասին ծանուցվի Գլխավոր քարտուղարությունը, որն էլ կտարածի այդ տեղեկատվությունը Խորհրդաժողովի մյուս անդամների շրջանում:
5) Ենթադրվում է, որ անդամ կազմակերպության անդամ պետությունները պահպանում են իրենց իրավասությունը բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնց առնչությամբ իրավասության փոխանցման վերաբերյալ հստակ հայտարարություն կամ ծանուցում չի արվել:
6) Խորհրդաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է դիմել անդամ կազմակերպությանը և նրա անդամ պետություններին՝ իրեն տրամադրելու տեղեկատվություն առ այն, թե արդյոք անդամ կազմակերպությունն իրավասություն ունի որևէ կոնկրետ հարցի կապակցությամբ, որը Խորհրդաժողովի օրակարգում է: Անդամ կազմակերպությունը և նրա անդամ պետությունները ապահովում են, որ այդպիսի դիմումի դեպքում տեղեկատվությունը տրամադրվի:
7) Անդամ կազմակերպությունը անդամակցության իր իրավունքները Խորհրդաժողովի անդամ հանդիսացող իր անդամ պետությունների հետ, իրենց իրավասության համապատասխան ոլորտներում իրականացնում է այլընտրանքային հիմքով:
8) Անդամ կազմակերպությունը կարող է Խորհրդաժողովի ցանկացած նիստի, որոնց իրավունք ունի մասնակցելու, իր իրավասության շրջանակում գտնվող հարցերի առնչությամբ քվեարկել իրեն իրավասություն տված և նման նիստերին գրանցված իր անդամ պետությունների թվին համապատասխան։ Երբ անդամ կազմակերպությունը օգտագործում է քվեարկելու իր իրավունքը, իր անդամ պետությունները չեն քվեարկում, և հակառակը:
9) «Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն» նշանակում է միջազգային կազմակերպություն, որը կազմված է միայն անկախ պետություններից, և որին այդ անդամ պետությունները մի շարք հարցերով փոխանցել են իրենց իրավասությունները՝ ներառյալ այդ հարցերի վերաբերյալ անդամ պետությունների համար պարտադիր համարվող որոշումներ ընդունելու իրավասությունը:
Հոդված 4
1) Բոլոր անդամներից կազմված՝ Ընդհանուր հարցերի և քաղաքականության խորհուրդը (այսուհետ՝ «Խորհուրդ») իրականացնում է Խորհրդաժողովի ղեկավարումը: Խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են տարեկան կտրվածքով:
2) Խորհուրդը ղեկավարումն ապահովում է Մշտական բյուրոյի միջոցով՝ ուղղորդելով դրա գործողությունները:
3) Խորհուրդն ուսումնասիրում է այն բոլոր առաջարկները, որոնք նախատեսվում է ընդգրկել Խորհրդաժողովի օրակարգում: Այն ազատ է նման առաջարկների հիման վրա ձեռնարկվելիք քայլերը որոշելիս։
4) Միջազգային մասնավոր իրավունքի կոդիֆիկացիան խթանելու նպատակով՝ 1897 թվականի փետրվարի 20-ի Թագավորական հրամանագրով ստեղծված Նիդերլանդների կառավարական ղեկավար կոմիտեն, Խորհրդաժողովի անդամների հետ խորհրդակցելուց հետո որոշում է դիվանագիտական նիստերի անցկացման ամսաթիվը:
5) Կառավարական ղեկավար կոմիտեն դիմում է Նիդերլանդների Կառավարությանը անդամների նիստի գումարման համար: Խորհրդաժողովի նիստերը նախագահում է Կառավարական ղեկավար կոմիտեի ղեկավարը:
6) Խորհրդաժողովի հերթական նիստը, որպես կանոն, տեղի է ունենում յուրաքանչյուր չորս տարին մեկ:
7) Անհրաժեշտության դեպքում, Կառավարական ղեկավար կոմիտեի հետ քննարկելուց հետո Խորհուրդը կարող է դիմել Նիդերլանդների Կառավարությանը արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքով:
8) Խորհուրդը կարող է դիմել Կառավարական ղեկավար կոմիտեին Խորհրդաժողովին վերաբերող ցանկացած հարցով:
Հոդված 5
1) Մշտական բյուրոյի նստավայրը Հաագայում է: Այն կազմված է Գլխավոր քարտուղարից և Կառավարական ղեկավար կոմիտեի կողմից ներկայացված և Նիդերլանդների Կառավարության կողմից նշանակված չորս քարտուղարներից:
2) Գլխավոր քարտուղարը և չորս քարտուղարները պետք է տիրապետեն համապատասխան իրավաբանական գիտելիքների և պետք է ունենան պրակտիկ փորձ: Նշանակման ժամանակ հաշվի է առնվում աշխարհագրական ներկայացվածությունը և իրավունքի ոլորտում փորձը:
3) Քարտուղարների թիվը կարող է ավելացվել Խորհրդի հետ խորհրդակցելուց հետո և 10-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված 6
Խորհրդի ղեկավարման ներքո Մշտական բյուրոն պատասխանատու է՝
ա) Հաագայի խորհրդաժողովի նիստերի և Խորհրդի ու ցանկացած Հատուկ հանձնաժողովի հանդիպումների նախապատրաստման և կազմակերպման,
բ) նիստերի և վերոնշյալ հանդիպումների քարտուղարության իրականացման,
գ) քարտուղարության աշխատանքների հետ կապված բոլոր հարցերի կարգավորման համար։
Հոդված 7
1) Խորհրդաժողովի անդամների և Մշտական բյուրոյի միջև հաղորդակցությունը դյուրացնելու նպատակով՝ յուրաքանչյուր անդամ պետության կառավարություն նշանակում է ազգային մարմին և յուրաքանչյուր անդամ կազմակերպություն՝ կոնտակտային մարմին:
2) Մշտական բյուրոն կարող է համագործակցել այդ բոլոր մարմինների և իրավասու միջազգային կազմակերպությունների հետ:
Հոդված 8
1) Նիստերի և դրանց միջև ընկած ժամանակահատվածի շրջանում, Խորհուրդը կարող է ստեղծել հատուկ հանձնաժողովներ, որպեսզի նախապատրաստվեն Կոնվենցիաների նախագծեր կամ ուսումնասիրվեն Խորհրդաժողովի նպատակներից բխող՝ միջազգային մասնավոր իրավունքի հետ կապված բոլոր հարցերը:
2) Նիստերը, Խորհուրդը և Հատուկ հանձնաժողովները հնարավորության սահմաններում գործում են փոխհամաձայնության հիման վրա:
Հոդված 9
1) Խորհրդաժողովի բյուջետային ծախսերը բաժանվում են անդամ պետությունների միջև:
2) Անդամ կազմակերպությունից հավելյալ ներդրում չի պահանջվում, բացի իր անդամ պետության կողմից Խորհրդաժողովի տարեկան բյուջե կատարված ներդրման, սակայն վճարում է Խորհրդաժողովի կողմից որոշված, իր հետ բանակցված, իր անդամակցությունից բխող լրացուցիչ վարչական ծախսերը ծածկելու համար որոշակի գումար:
3) Ամեն դեպքում, Խորհրդի և հատուկ հանձնաժողովների պատվիրակությունների գործուղման ծախսերը վճարվում են ներկայացված անդամների կողմից:
Հոդված 10
1) Յուրաքանչյուր տարի Խորհրդաժողովի բյուջեն ներկայացվում է Հաագայում անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների խորհրդին՝ հաստատման համար:
2) Այդ ներկայացուցիչները անդամ պետությունների միջև բաշխում են նաև բյուջեի ծախսերը, որոնք գանձվում են վերջիններիս մասով:
3) Դիվանագիտական ներկայացուցիչները այսպիսի հարցերով հանդիպում են Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության նախագահությամբ:
Հոդված 11
1) Խորհրդաժողովի հերթական և արտահերթ նիստերի ծախսերը հոգում է Նիդերլանդների Կառավարությունը։
2) Ամեն դեպքում, պատվիրակությունների գործուղման ծախսերը հոգում են համապատասխան անդամները։
Հոդված 12
Խորհրդաժողովի սովորույթը շարունակում է պահպանվել բոլոր կետերով, քանի դեռ չի հակասում սույն Կանոնադրությանը կամ Կանոնակարգերին:
Հոդված 13
1) Կանոնադրության մեջ փոփոխություններն ընդունվում են ընդհանուր և քաղաքականության հարցերով հանդիպումներին ներկա գտնվող անդամ պետությունների ընդհանուր համաձայնությամբ:
2) Բոլոր անդամների համար նման փոփոխություններն ուժի մեջ են մտնում անդամ պետությունների երկու երրորդի կողմից իրենց ներքին ընթացակարգերին համապատասխան դրանք հաստատելուց երեք ամիս հետո, բայց ոչ շուտ, քան ընդունումից ինն ամիս անց:
3) 1-ին պարբերությունում նշված հանդիպման ընթացքում ընդհանուր համաձայնությամբ կարող է փոխվել 2-րդ մասում նշված ժամկետը։
Հոդված 14
Սույն Կանոնադրության դրույթների կատարման համար կընդունվեն Կանոնակարգեր: Կանոնակարգերը կազմվում են Մշտական բյուրոյի կողմից և ներկայացվում են դիվանագիտական նիստի քննարկմանը՝ Դիվանագիտական ներկայացուցչությունների խորհրդի կամ Ընդհանուր հարցերի և քաղաքականության խորհրդի կողմից հաստատման համար:
Հոդված 15
1) Սույն Կանոնադրությունը ներկայացվում է հաստատման՝ Խորհրդաժողովի մեկ կամ մի քանի նիստերին մասնակցած պետությունների կառավարություններին: Այն ուժի մեջ է մտնում յոթերորդ նիստին մասնակցող պետությունների մեծամասնության կողմից ընդունվելուն պես:
2) Ընդունման մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում Նիդերլանդների Կառավարությանը, որն այդ մասին հայտնում է սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված կառավարություններին:
3) Նոր անդամի ընդունման պարագայում Նիդերլանդների Կառավարությունը բոլոր անդամներին տեղեկացնում է այդ նոր անդամին ընդունելու վերաբերյալ հայտարարություն մասին:
Հոդված 16
1) Յուրաքանչյուր անդամ կարող է չեղյալ հայտարարել սույն Կանոնադրության գործողությունը 15-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն այն ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի հետո:
2) Չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը Խորհրդաժողովի բյուջետային տարվա լրանալուց առնվազն վեց ամիս առաջ ներկայացվում է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարություն, և ուժի մեջ է մտնում նշված տարվա ավարտից հետո, սակայն միայն այն անդամի մասով, որը ներկայացրել է նման ծանուցումը։
Կանոնադրության՝ 2007 թվականի հունվարի 1-ին փոփոխված անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են։
Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2015 թ. ապրիլի 28-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|