«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2004 թվականի N 1457-Ն
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան հաշմանդամ ճանաչելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է ազատազրկման վայրում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) գտնվող ազատազրկված դատապարտյալին (այսուհետ` դատապարտյալ) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը:
2. Քրեակատարողական հիմնարկում գտնվող` կենսաթոշակի իրավունք ունեցող դատապարտյալին կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստում է քրեակատարողական հիմնարկը։
3. Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալին հաշմանդամության կենսաթոշակ է նշանակվում, եթե բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինն օրենքով սահմանված կարգով նրան հաշմանդամ է ճանաչում:
II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ
4. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը քրեակատարողական հիմնարկում գտնվող` կենսաթոշակի իրավունք ունեցող դատապարտյալին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու և կենսաթոշակը վճարելու համար`
ա) նախապատրաստում է կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դատապարտյալի գրավոր դիմումի ու քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքի հետ միասին ներկայացնում տվյալ վարչական տարածքն սպասարկող` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ստորաբաժանում (այսուհետ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում).
բ) դատապարտյալի անձնական գործում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում դրանք պահանջում է գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից.
գ) կենսաթոշակ նշանակվելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստանում է դատապարտյալի կենսաթոշակի վկայականը, այն պահում դատապարտյալի անձնական գործում և ազատվելու օրը հանձնում նրան.
դ) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստանում է խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերի մասին.
ե) կատարում է դատապարտյալների կենսաթոշակային ապահովությանն առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
5. Քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի` կենսաթոշակ նշանակելու մասին գրավոր դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերը և քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) միջոցով ճշտում է դատապարտյալին կենսաթոշակ նշանակած լինելու փաստը:
Կենսաթոշակ նշանակած չլինելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է կենսաթոշակ:
Կենսաթոշակ նշանակած լինելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է դատապարտյալի կենսաթոշակի գործը և կատարում հաշվառում: Կենսաթոշակի վճարումը վերսկսվում է նրա նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցվելու օրվանից:
Չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` միանվագ` սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերին համապատասխան:
6. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 10 աշխատանքային օրվա ընթացքում` կենսաթոշակ նշանակելու մասին դիմումի քննարկման և ընդունված որոշման մասին գրավոր տեղեկացնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:
7. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի կենսաթոշակը վերահաշվարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնական կենսաթոշակի չափը և (կամ) ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը յուրաքանչյուր անգամ սահմանվելուց հետո` առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, իսկ տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակվելուց հետո առնվազն 2 տարի աշխատած լինելու դեպքում` կենսաթոշակառուի գրավոր դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա:
8. Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխելու կենսաթոշակի տեսակը:
9. Քրեակատարողական հիմնարկից կենսաթոշակառու դատապարտյալի` պատժից պայմանական վաղաժամկետ կամ պատիժը լրիվ կրելով ազատման դեպքում, կամ ազատազրկման ձևով պատիժն ազատությունից զրկելու հետ չկապված պատժով փոխարինելու կամ նրա մահվան դեպքում քրեակատարողական հիմնարկի ղեկավարը 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր հայտնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը` նշելով կենսաթոշակառուին քրեակատարողական հիմնարկից ազատելու հիմքերը, օրը, ամիսը, տարեթիվը:
10. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկից կենսաթոշակառու դատապարտյալի ազատվելու մասին ստացված տեղեկատվության հիման վրա կասեցնում է կենսաթոշակի վճարումը:
Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում դադարեցվում է կենսաթոշակի վճարումը, իսկ կենսաթոշակառուին հասանելիք, բայց չստացված կենսաթոշակի գումարները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
III. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Կենսաթոշակառուների կենսաթոշակների գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացված արտաբյուջետային հաշվին:
Քրեակատարողական հիմնարկը, ըստ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստացված վճարման ցուցակների, կենսաթոշակի գումարները յուրաքանչյուր ամիս արտացոլում է իր կողմից վարվող` կենսաթոշակառու դատապարտյալի անձնական հաշվում: Կենսաթոշակ ստանալու փաստը հավաստվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստացված վճարման ցուցակներում կենսաթոշակառուի ստորագրությամբ: Քրեակատարողական հիմնարկը ստորագրված վճարման ցուցակները վերադարձնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
12. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի ցանկությամբ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկում կենսաթոշակառուի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում նրա կենսաթոշակի գումարը յուրաքանչյուր ամիս արտացոլում է հիմնադրամի կողմից վարվող` կենսաթոշակառու դատապարտյալի անձնական հաշվում` մինչև քրեակատարողական հիմնարկից նրա ազատվելը:
Եթե քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարը կուտակվում է հիմնադրամի կողմից վարվող նրա անձնական հաշվում, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի ղեկավարին ուղարկում է դատապարտյալի անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարի չափի մասին (աճողական` տվյալ պահի դրությամբ ամփոփ տվյալներ) գրավոր տեղեկանք, որը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
13. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը քրեակատարողական հիմնարկից դատապարտյալի ազատվելու դեպքում նրան տրամադրում է հիմնադրամի կողմից վարվող նրա անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարների տնօրինման համար անհրաժեշտ փաստաթղթեր (կենսաթոշակի վկայական, անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարների մասին տեղեկանք և այլ փաստաթղթեր):
14. Քրեակատարողական հիմնարկում գտնված ամբողջ ժամանակահատվածում կենսաթոշակի կուտակված գումարն անձին վճարվում է մեկ ամսվա ընթացքում` միանվագ, եթե նա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում գրավոր դիմում և անձը հաստատող փաստաթուղթ:
15. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարները հիմնադրամի կողմից վարվող անձնական հաշվում կուտակելուն վերաբերող փաստաթղթերը վարում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման համապատասխան աշխատողը:
16. Կենսաթոշակառու դատապարտյալը քրեակատարողական հիմնարկից ազատվելուց հետո գրավոր դիմում է իր փաստացի բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որը քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է նրա կենսաթոշակի գործը: Կենսաթոշակի գործն ուղարկող ստորաբաժանումը գործի հետ միասին ուղարկում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանք:
17. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դատապարտյալի կենսաթոշակը նշանակում (վերահաշվարկում), կենսաթոշակի տեսակը փոխում, կենսաթոշակը վճարում և կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) վարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼԸ
18. Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի բժշկասոցիալական փորձաքննությունը կատարվում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին տրված դիմումի հիման վրա:
19. Ստանալով դիմումը` քրեակատարողական հիմնարկի ղեկավարը դատապարտյալին բժշկական փորձաքննության ենթարկելու և բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու համար 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր է ուղարկում քրեակատարողական հիմնարկը կամ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող առողջապահական կազմակերպություն: Առողջապահական կազմակերպությունը միջնորդագիրն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկում կատարում է դատապարտյալի բժշկական փորձաքննությունը և անհրաժեշտության դեպքում նրան ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության: Առողջապահական կազմակերպությունը բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը հանձնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:
20. Ստանալով բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը` քրեակատարողական հիմնարկի ղեկավարը 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է իր գտնվելու վայրի վարչական տարածքի բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին` դատապարտյալի բժշկասոցիալական փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ:
21. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարի միջնորդությունը և բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրն ստանալուց հետո տվյալ վարչական տարածքի բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը քրեակատարողական հիմնարկում կատարում է դատապարտյալի բժշկասոցիալական փորձաքննությունը:
22. Դատապարտյալին հաշմանդամ ճանաչելու դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի ղեկավարին է ուղարկում անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքը, որը պահվում է դատապարտյալի անձնական գործում:
Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը դատապարտյալի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքն ստանալուց հետո կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ուղարկում կենսաթոշակ նշանակելու մասին դատապարտյալի գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.05.2011, N 672-Ն | 09.06.2011, N 1457-Ն | |
20.05.2010, N 598-Ն | 03.06.2010, N 1457-Ն | |
15.05.2008, N 455-Ն | 30.05.2008, N 1457-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|