Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2005-16.07.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.02/30(205) Հոդ.252
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 21 փետրվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2005 թվականի N 104-Ն


«ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Վարդենիսի տուն-ինտերնատ» փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից առանձնացնել 265,812.7 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով։

3. «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

4. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդն է, և, փոխանցման ակտին համապատասխան, նրան են փոխանցվում 9,989.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, 250000 քառ. մետր մակերեսով հողատարածքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքն ու «Վարդենիսի տուն-ինտերնատ» փակ բաժնետիրական ընկերության պարտականությունները:

5. Սահմանել, որ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը քրոնիկ և նեյրոհոգեկան հիվանդների ու սոցիալապես անապահով տարեց անձանց շուրջօրյա խնամքի ապահովումն է:

Կազմակերպության գործունեության առարկան է՝ կազմակերպությունում խնամվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նրանց սոցիալ-հոգեբանական և բժշկական օգնության կազմակերպումը, խնամքի իրականացումը, սննդով, հագուստով և այլ կենցաղային անհրաժեշտ իրերով ապահովումը:

6. Թույլատրել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը խնամվողների և նրանց աշխատանքի կազմակերպիչների ուժերով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) հացահատիկային և տեխնիկական մշակաբույսերի աճեցում,

բ) բանջարեղենի, դրանց սերմերի և սածիլների աճեցում,

գ) խոշոր եղջերավոր անասունների բուծում,

դ) ոչխարների և այծերի բուծում,

ե) ուրիշ խմբավորումներում չներառված այլ մշակաբույսերի աճեցում,

զ) ձկնեղենի ապխտում,

է) մեղվաբուծություն,

ը) խոզերի բուծում,

թ) ջերմոցային տնտեսություն,

ժ) հացի և թարմ հրուշակեղենի արտադրություն։

7. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

8. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացվում է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա.

բ) «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի, դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ծախսերը կատարվում են սեփական միջոցների հաշվին։

9. Առանձնահատկություններով պայմանավորված` զիջել «Վարդենիսի տուն-ինտերնատ» փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի տարեկան գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած շահութաբաժնի 2412.4 հազ. դրամի պարտավորությունը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 10
Երևան