Գլխավոր տեղեկություն
Համար
N 666-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2005-29.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.22/39(411) Հոդ.733
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2005 թվականի N 666-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները` համաձայն N 1 հավելվածի,

բ) կենսաթոշակային բարեփոխումների 2005-2006 թվականների միջոցառումների ծրագիր ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

ա) համագործակցելով պետական կառավարման այլ շահագրգիռ մարմինների ղեկավարների հետ` ապահովել կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների աշխատանքների կատարումը` սույն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին համապատասխան.

բ) 2005 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության ռազմավարության հիմնադրույթների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
     

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 4
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 28-ի N 666-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

I. ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանի Հանրապետությունում տնտեսական վերափոխումները ժամանակային առումով առաջ են անցել սոցիալական ապահովության և, հատկապես, կենսաթոշակային համակարգի անհրաժեշտ ինստիտուցիոնալ փոփոխություններից:

Կենսաթոշակային համակարգը նախկին տեսքով պահպանելը ոչ միայն կարող է այդ համակարգի առավել խոր ճգնաժամի հանգեցնել, այլև երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը խոչընդոտել: Այդօրինակ համակարգերի ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել միայն վարչական մեթոդներով, այն է` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման վարչարարությունը բարելավելով: Իրավիճակը կարելի է փոխել (հաշվի առնելով նաև համակարգի երկարաժամկետ զարգացման հեռանկարը) միայն կենսաթոշակային համակարգի սկզբունքորեն նոր մոդել ստեղծելու ճանապարհով, որը կապահովի քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի սահմանադրական երաշխիքները։

Այդ տեսակետից ռազմավարական հիմնախնդիր է ստեղծել կենսաթոշակային ապահովության այնպիսի համակարգ, որը համարժեք կլինի տնտեսական ոլորտում իրականացվող վերափոխումներին։ Նման համակարգում պետք է փոխվի պետության դերը։ Պետությունը պետք է պայմաններ ստեղծի հասարակության բոլոր անդամների համար, որպեսզի նրանք կարողանան «վաստակել» իրենց կենսաթոշակը: Պետությունը պետք է հոգ տանի միայն նրանց մասին, ովքեր չեն կարողացել «վաստակել» իրենց կենսաթոշակը, քանզի, ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության հռչակագրի, կենսաթոշակն այն եկամտի փոխհատուցումն է, որը մարդը կորցրել է տարիքի, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և այլ դեպքերում աշխատունակության մասնակի կամ լրիվ կորստի կապակցությամբ:

Կենսաթոշակային վերափոխումների նպատակը պետք է լինի հասնել պետական կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության և պայմաններ ստեղծել լրացուցիչ կենսաթոշակային ապահովության զարգացման համար, ինչը հնարավորություն կտա հասնել անաշխատունակության (այդ թվում` ծերության) նյութական ապահովության ավելի բարձր չափանիշների։

Ներկայումս բազմաթիվ երկրներում ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում գործող կենսաթոշակային համակարգերի վերափոխման, դրանց արդյունավետության բարձրացման նպատակով: Մյուս կողմից, այդ գործընթացներն ունեն շարունակական բնույթ, քանի որ անգամ կենսաթոշակային կայացած համակարգ ունեցող զարգացած երկրներում 10-12 տարին մեկ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել գործող կենսաթոշակային համակարգերում: Իսկ համաշխարհային տնտեսական ինտեգրման ներկա գործընթացում սա դառնում է առավել առարկայական:

Գոյություն ունեն կենսաթոշակային ապահովության բազային երեք ինստիտուտներ, իրենց ֆինանսավորման մի քանի եղանակներով, որոնց տարբեր համակցությունները թույլ են տալիս ստանալ կենսաթոշակային ազգային համակարգերի տասնյակ զուգակցումներ (կենսաթոշակային համակարգերի մոդելներ):

Առաջին ինստիտուտը սոցիալական օգնությունն է (գոյատևման կենսաթոշակ), որը զարգացած երկրներում հանդես է գալիս որպես աղքատության դեմ պայքարի մեխանիզմներից մեկը և ներկայիս կենսաթոշակային համակարգում նույնպես գոյություն ունի:

Երկրորդ ինստիտուտը վարձու աշխատողների և ինքնազբաղված քաղաքացիների պարտադիր սոցիալական ապահովագրությունն է: Այն նպատակ ունի կոլեկտիվ ապահովագրության միջոցով ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և աշխատունակության կորստի դեպքերում փոխհատուցել աշխատողի նախկինում ունեցած եկամուտը:

Երրորդ ինստիտուտը անհատական կենսաթոշակային ապահովագրությունն է, որն իրականացվում է ապահովագրական միջոցների կուտակման և ներդրման ճանապարհով, որոնցից էլ հետագայում նշանակվում է ցմահ կենսաթոշակ: Այդ ապահովագրական միջոցների կուտակումն ու ներդրումը կատարվում են կամ սերունդների համերաշխության կամ անհատական սկզբունքով:

Ֆինանսավորման եղանակներն են սոցիալական վճարները (սոցիալական հարկը), ընդհանուր հարկերը և ապահովագրությունը: Ընդ որում, առաջին և երկրորդ ինստիտուտները ֆինանսավորվում են կամ ընդհանուր հարկերի կամ համերաշխության սկզբունքով վճարված սոցիալական վճարների (հարկի) միջոցներով:

Գլխավոր խնդիրը, որ անհրաժեշտ է լուծել կենսաթոշակային նոր համակարգի ձևավորման ժամանակ` պետք է որոշել, թե կենսաթոշակային ապահովության վերը նշված ինստիտուտներից յուրաքանչյուրն ինչ չափով և ինչ ֆինանսավորման մեխանիզմով պետք է ներառվի այդ համակարգ: Հատկապես հիմնարար նշանակություն ունի երրորդ ինստիտուտի ներքո սերունդների համերաշխության և անհատական կուտակման սկզբունքների միջև համամասնության որոշումը:

Բազմաթիվ երկրների համար (ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող) օրակարգային խնդիր է կենսաթոշակային համակարգի ընտրության հարցը: Ընդունված կանոնը` նախատեսվող կենսաթոշակային մոդելում վերը նշված բոլոր ինստիտուտների և ֆինանսավորման աղբյուրների ներառումն է, որն այլ կերպ անվանում են տարբեր աղբյուրներից սնվող, խառը կամ բազմաստիճան համակարգ: Դրա առավելությունն այն է, որ այդօրինակ համակարգը, ընդհանուր առմամբ, դիտվում է որպես կայուն, արժանապատիվ ծերություն ապահովելու տեսակետից ունի ավելի շատ երաշխիքներ, քանի որ տարբեր պատճառներով համակարգի ֆինանսավորման մեկ աղբյուրի անբավարար գործունեության (կամ անգործության) դեպքում մյուսները կշարունակեն գործել և կենսաթոշակներ տրամադրել:

Տարբեր աղբյուրներից սնվող կենսաթոշակային համակարգերն ունեն հետևյալ կառուցվածքը՝

1. պետական կենսաթոշակային ապահովություն (ներառում է նաև պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունից կենսաթոշակի իրավունք ձեռք չբերած անձանց սոցիալական օգնությունը), որն իրականացվում է պետական կառավարման միջոցով և ֆինանսավորվում է սոցիալական հարկի կամ ընդհանուր հարկերի հաշվին: Պետական կենսաթոշակային ապահովությունը կենսաթոշակ է տրամադրում միջին աշխատավարձի 25-30 %-ի չափով,

2. պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն (կարող է ներառել թե բաշխողական և թե կուտակային տարր), որը ֆինանսավորվում է յուրաքանչյուր անձի անհատական կենսաթոշակային հաշիվներում արտացոլված` նրա կողմից և նրա համար կատարված ապահովագրական վճարումներից, որոնցից էլ հետագայում հաշվարկվում և նշանակվում է կենսաթոշակի ապահովագրական մասը,

3. կամավոր կենսաթոշակային ապահովագրություն (ներառում է նաև գործատուների կողմից իրականացվող լրացուցիչ սոցիալական ապահովագրությունը), որը ֆինանսավորվում է կամավոր ապահովագրական վճարներից:

Այս կառուցվածքը թելադրում է կենսաթոշակային համակարգերի վերափոխման երկու ձև՝ համալիր և պարամետրիկ:

Համալիր վերափոխման ժամանակ իրականացվում են արմատական փոփոխություններ, ինչը հնարավորություն է տալիս կտրուկ, մասնակի կամ աստիճանական անցում կատարել մի համակարգից մյուսին (սերունդների համերաշխության սկզբունքով գործող համակարգից` կուտակման համակարգին): Թե որքան պետք է լինի համալիր վերափոխումների չափը (այսինքն` ներդրվող համակարգում բաշխման և կուտակային տարրերի հարաբերակցությունը), կախված է հատկապես անցման շրջանի ֆինանսավորման խնդիրներից. թաքնված պետական պարտքի կամ հարկային նոր բեռի չափով` կապված աշխատած տարիների ընթացքում վճարած սոցիալական հարկի հաշվարկային մեծության նոր համակարգին փոխանցման և առկա կենսաթոշակների ֆինանսավորման հետ:

Կենսաթոշակային համակարգի պարամետրիկ վերափոխումների ընթացքում փոփոխվում է ոչ թե ողջ համակարգը, այլ դրա կարևորագույն տարրերը (կենսաթոշակի անցնելու տարիքը, կենսաթոշակի հաշվարկման մեխանիզմները, անհատական հաշվառման համակարգի ներդրումը և այլն): Ընդ որում, պարամետրիկ վերափոխումները դառնում են համալիր վերափոխումների նախապայման:

Ամեն դեպքում վերափոխումները չպետք է բերեն հաջորդ սերնդի հարկային բեռի և պետական պարտքի անկայունության: Սա ենթադրում է, որ հարկային դրույքների որևէ բարձրացում անթույլատրելի է, այդ թվում` վերափոխման ներքո թողարկված պարտքի հետագա սպասարկման հետ կապված: Նման հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ակտուարական մաթեմատիկայի վրա հիմնված մոդելներով հաշվարկներ անել:

Ելնելով այս սկզբունքներից` հայեցակարգի գլուխ II-ում ՀՀ կենսաթոշակային համակարգի առկա իրավիճակի վերլուծության հիման վրա տրվում է եզրակացություն, թե ինչպիսին պետք է լինի կենսաթոշակային բարեփոխման ձևը: Գլուխ III-ում տրվում է ՀՀ ապագա կենսաթոշակային համակարգի նկարագիրը: Գլուխ IV-ը ամփոփում է կուտակային համակարգին անցման խնդիրները և գլուխ V-ը` բարեփոխումների համար անհրաժեշտ քայլերը:

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Սոցիալական արդարության հարցը

Էապես խաթարված է ներկայիս կենսաթոշակային համակարգի սոցիալական արդարության գործառույթը, որի բնութագրերն են՝

1. Կենսաթոշակի անցնելը նշանակում է եկամուտների էական անկում, քանի որ կենսաթոշակի միջին չափը էապես զիջում է մինչև կենսաթոշակի անցնելու պահը ստացած եկամտի չափը: Դա բացատրվում է ներկայումս աշխատանքային կենսաթոշակառուներին (ովքեր կազմում են բոլոր կենսաթոշակառուների ավելի քան 80 տոկոսը) տրվող աշխատանքային կենսաթոշակների միջին չափով, որը կազմում է մոտ 9300 դրամ (միևնույն ժամանակ, զինծառայողներին տրվում է իրենց նախկին եկամտի 70-100 տոկոսը, իսկ դատավորներին` իրենց աշխատավարձի 75 տոկոսը) կամ հանրապետության միջին աշխատավարձի ընդամենը 22 տոկոսը: Ուշադրության է արժանի հետևյալ հանգամանքը` ոչ թե նախկին եկամտի, այլ հանրապետության միջին աշխատավարձի: Այսօր հանրապետության միջին կենսաթոշակը չի ապահովում կենսաթոշակառուի անգամ նվազագույն գոյամիջոցները, մինչդեռ ներկայիս 22 տոկոսի փոխարեն ընդունելի է համարվում, որ միջին կենսաթոշակի հարաբերությունը միջին աշխատավարձին կազմի 50-60 տոկոս (հաշվի առնելով նաև կուտակային հիմնադրամներից տրվող կենսաթոշակը):

2. Գոյություն ունի անհամարժեքություն վճարվող կենսաթոշակի չափի և կենսաթոշակային համակարգի ֆինանսավորմանը ապահովագրված անձի մասնակցության չափի միջև: Կենսաթոշակի չափը կախված է միայն կենսաթոշակառուի աշխատանքային ստաժից և աշխատանքային գործունեության ընթացքում ստացվող աշխատավարձը շատ չնչին չափով է արտահայտվում (մոտ 22 %) նշանակվող կենսաթոշակի չափի մեջ: Կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների ծավալը կամ մինչև կենսաթոշակի տարիքը անցնելը 15.000 դրամ և 150.000 դրամ աշխատավարձի տարբերությունները որոշիչ չեն կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակների չափերի ձևավորման գործում: Բանն այն է, որ գործող համակարգում կենսաթոշակի չափը կախված է հիմնական կենսաթոշակից և աշխատանքային ստաժի տևողությունից: Մյուս հանգամանքն այն է, որ համակարգը «թափանցիկ» և հուսալի չէ քաղաքացիների համար, քանի որ չի երաշխավորում կայուն և երկարաժամկետ հեռանկարում կանխատեսելի կենսաթոշակներ:

3. Կենսաթոշակի չափն ունի շատ ցածր գնողունակություն: Դրա միջին` 9300 դրամ, մակարդակը էապես զիջում է աղքատության ընդհանուր գծի 12000 դրամ արժեքը, իսկ եթե նկատի ունենանք մինչև 25 տարվա ստաժ ունեցող 176.000 կենսաթոշակառուներին, ապա նրանց կենսաթոշակի միջին չափը (4900 դրամ) զգալի ցածր է նույնիսկ աղքատության պարենային գծի 7000 դրամ արժեքից:

4. Կենսաթոշակի ներկայիս ցածր մակարդակը էլ ավելի ցցուն է դարձնում եկամուտների վերաբաշխման հիմնախնդիրը: Յուրաքանչյուր պետության բարեկեցության ցուցանիշներից մեկը ՀՆԱ-ի այն մասն է, որը հատկացվում է կենսաթոշակային ապահովությանը: Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ում կենսաթոշակային ապահովությանը տրամադրվող միջոցների տեսակարար կշիռը կազմում է մոտ 3 տոկոս: Նույնիսկ զարգացող շատ երկրներում այդ թիվը տատանվում է 7-10 տոկոսի սահմաններում: Ցավոք, սերունդների համերաշխության կամ վերաբաշխողական համակարգում այդ հարաբերակցությունը հնարավոր չէ փոխել, քանի որ հնարավոր չէ ստեղծել ճիշտ խթանների համակարգ, որի մասին կխոսենք ավելի ուշ:

Այս ամենն արդեն իսկ նշում է կենսաթոշակների ցածր գնողունակության, քաղաքացու ունեցած ներդրման ու կենսաթոշակի չափի միջև անմիջական կապի բացակայության կամ սոցիալական լուրջ անարդարության մասին:

Կարճաժամկետ հարկաբյուջետային խնդիրները

Ներկայիս բաշխողական համակարգում հաճախակի կարող են առաջանալ հավաքագրված և վճարվելիք միջոցների ընթացիկ ճեղքեր, որոնք պետք է ծածկվեն պետական բյուջեից տրվող տրանսֆերտների հաշվին, ինչը նշանակում է լրացուցիչ հարկեր կամ նոր պարտք: Նույնիսկ հաշվեկշռված կենսաթոշակային հիմնադրամի դեպքում, կենսաթոշակային բարձր հարկը խոչընդոտում է այլ հարկերի հավաքագրմանը, կամ էլ դուրս է մղում երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը: Այս ամենը բացասաբար են ազդում տնտեսական աճի պոտենցիալի և զբաղվածության վրա: Որպես հիմնավորում նշենք հետևյալ փաստերը՝

1. Կենսաթոշակային ապահովության ոլորտում կոնկրետ ձևախեղումների թվին կարելի է դասել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների փոքրացված բազան: Այսպես, ըստ փորձագիտական գնահատումների` այսօր հանրապետությունում աշխատավարձի վճարմանն ուղղվող միջոցները, որոնցից սոցիալական վճարումներ են կատարվում, կազմում են ՀՆԱ-ի ընդամենը 8.8 %-ը: Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում հաշվարկված աշխատավարձի մեծությունը կազմում է ՀՆԱ-ի 35-40%-ը: Դա հանգեցնում է անընդունելի մեծ ֆինանսական բեռի, որը կրում են օրինավոր գործատուները՝ վճարելով բարձրացված դրույքաչափերով: Վերջիվերջո օրինավոր գործատուների համար սա հակախթան է:

2. Մի կողմից կենսաթոշակը չի կատարում իր` որպես աշխատավարձի փոխհատուցման ինստիտուտի դերը, մյուս կողմից` բնակչության բարձր եկամուտներ ունեցող խավերը, համեմատաբար բարձր դրույքաչափերի և ցածր՝ աշխատավարձին ոչ համարժեք կենսաթոշակային փոխհատուցման ապահովման պայմաններում, շահագրգռված չեն իրենց համար ոչ ընդունելի կենսաթոշակային ապահովության մեխանիզմների գործունեությամբ և բնականաբար չեն վճարում դրա համար:

3. Կենսաթոշակային համակարգի ֆինանսավորումն իրականացվում է ապահովագրական վճարների հաշվին, որոնք հավաքագրվում են ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեում: Ընդ որում, ապահովագրական բյուջե հավաքագրվող միջոցների մեծ մասը՝ մոտ 90 տոկոսը, վճարում է գործատուն՝ աշխատավարձի ֆոնդից: Վճարումների մնացած մասը՝ 3 տոկոսը, որը կատարում է աշխատողն իր աշխատավարձից, կազմում է հավաքագրվող բոլոր վճարների 10 տոկոսը: Սրանից կարելի է եզրակացնել, որ ապահովագրական բյուջեի ֆինանսական վիճակն ամենից առաջ պայմանավորված է աշխատանքի վարձատրության ֆոնդի մեծությունից, դրա ձևավորման միտումներից, ինչպես նաև հանրապետության համախառն ներքին արդյունքում վերջինիս ունեցած բաժնեմասից: Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն այս խնդիրը լուծելու հարցում ևս խթանների լուրջ համակարգ է ստեղծում:

4. Կենսաթոշակային միջոցների ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի բնակչության դրամական եկամուտների կառուցվածքի փոփոխությունը։ Աշխատուժի գինը հանրապետության աշխատանքի շուկայում բավականին ցածր է, ինչը հանգեցնում է բնակչության դրամական եկամուտների կառուցվածքում աշխատավարձի դերի նվազմանը. եթե 1985թ. աշխատավարձի բաժինը եկամուտների կառուցվածքում կազմել է 76%, 1992-1993թթ.՝ 56-58%, ապա 1995-1996թթ.՝ արդեն 35-40%: Միաժամանակ, եկամուտների մեջ աշխատավարձի տեսակարար կշռի նվազմանը զուգընթաց, աճել է սոցիալական բնույթի այն եկամուտների բաժնեմասը (մարդասիրական օգնություն, դրամական փոխանցումներ հարազատներից, բարեգործություն և այլն), որոնցից ապահովագրական վճարներ չեն գանձվում։ Նման միտումները հիմնականում հարիր են շուկայական տնտեսության զարգացման տրամաբանությանը, սակայն նույնպես արդյունք են աշխատուժի շուկայի շեղումների և ստվերային տնտեսության խորացման: Գոյություն ունեցող գործիքներն ի վիճակի չեն այս հարցը լուծել: Անհրաժեշտ է ստեղծել նոր խթանների համակարգ, ներառյալ կենսաթոշակային լիարժեք բարեփոխումները:

 

Կենսաթոշակային համակարգի երկարաժամկետ կայունության խնդիրները


Երկարաժամկետ կայունության տեսանկյունից ներկայիս կենսաթոշակային համակարգը նույնպես լրջագույն խնդիրներ է ստեղծում: Դրանք հիմնականում կապված են ժողովրդագրական փոփոխությունների հետ, որոնց լուծումները, ասենք` բարձրացնել կենսաթոշակային տարիքը, բարձրացնել հարկային դրույքը, պետական բյուջեից ավելացնել տրանսֆերտների ծավալը, տնտեսական և քաղաքական իմաստով նախընտրելի չեն:

Ժողովրդագրական խնդիրները բնութագրող հիմնական ցուցանիշն աշխատողների թվաքանակի հարաբերությունն է կենսաթոշակառուների թվաքանակին, այսինքն՝ կենսաթոշակային համակարգի բեռնվածության գործակիցը: Ներկայումս հանրապետության տնտեսության մեջ զբաղվածների և կենսաթոշակառուների թվաքանակի հարաբերակցությունը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է 2,3:1, այլ խոսքով` 2,3 զբաղվածին ընկնում է 1 կենսաթոշակառու: Նման իրավիճակը պայմանավորված է ոչ միայն ժողովրդագրությամբ, այլ նաև կենսաթոշակի նշանակման և վճարման պայմաններով: Եթե հաշվի առնենք նաև հարկային կարգապահության խախտումները և նկատի ունենանք, որ 1200.0 հազար զբաղվածներից (այդ թվում` զինծառայողներ, ուսանողներ, գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերեր, որոնք սոցիալական վճարումներ չեն կատարում) ընդամենը 450.0 հազարն է կատարում իրական մուծումներ, ապա կենսաթոշակային համակարգի բեռնվածության գործակիցը հավասար կլինի 1:1-ի: Հարկ է նշել, որ եվրոպական երկրներում այս ցուցանիշի 3,5:1 մակարդակը արդեն իսկ համարվում է ճգնաժամային:


Տնտեսական մտահոգությունները և խթանների համակարգի բացակայությունը


Տարբեր երկրների փորձը ցույց է տվել, որ վատ աշխատող բաշխողական կենսաթոշակային համակարգը կարող է խեղաթյուրել ազգային խնայողությունների վերաբաշխումը, նվազեցնել աշխատելու մոտիվացիան, հանգեցնել ցածր տնտեսական արդյունքի և աճի: Հիմնականում այն բացասաբար է անդրադառնում խնայողությունների և կապիտալի շուկաների զարգացման վրա, ինչն էլ էապես ազդում է տնտեսական աճի վրա:

Հայաստանում այս խնդիրները նույնպես առկա են: ՀՀ կենսաթոշակային համակարգը, որը ներկայումս կենսաթոշակներով ապահովում է բնակչության մոտ 17 տոկոսին, դիտվում է հանրապետության սոցիալական կառուցվածքի հիմնաքար, մինչդեռ գործող կենսաթոշակային համակարգից դժգոհ են՝

ա) կենսաթոշակառուները, որոնց կենսաթոշակների գնողունակությունը խիստ ցածր է և արժանապատիվ ծերություն չի ապահովում: Վերջիններս ափսոսում են ժամանակին իրենց կատարած խնայողությունների համար և բացասական ազդակներ հաղորդում ներկայիս սերնդին: Սոցիալական վճարումների և ստացված կենսաթոշակի միջև թույլ կապը ստիպում է երիտասարդներին սոցիալական վճարները դիտարկել որպես հարկ` հանգեցնելով այդ հարկից խուսափելուն և որոշ դեպքերում չաշխատելուն (կամ ստվերում գործելուն),

բ) ապահովագրական վճարումներ կատարողները, քանի որ, նրանց կարծիքով, ապահովագրական վճարների դրույքաչափերը (կամ աշխատավարձի ֆոնդի հարկային բեռը) բարձր են, հակառակ դեպքում չէինք ունենա այն իրավիճակը, երբ իրականում վճարվող աշխատավարձերը չեն հայտարարագրվում,

գ) պետությունը, որին մշտապես անհանգստացնում է կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության բացակայությունը (պարտքերի մարման մշտական գերլարվածությունը և այլն):

Նկարագրված գործոններից զատ, ազգային կենսաթոշակային համակարգի մոդելի ընտրություն կատարելիս, տնտեսական և սոցիալական առկա իրավիճակից բացի, անհրաժեշտ է հաշվի առնել դրանց զարգացման հնարավոր սցենարները միջնաժամկետ և երկարաժամկետ ապագայում: Դրան կարելի է հասնել ցանկացած ապագա սցենարի մասին պատկերացման կամ մոդելի ներքո` կատարելով ակտուարական կամ մաթեմատիկական սիմուլյացիաներ:

Այդուհանդերձ, արդեն իսկ նկարագրված փաստարկները թույլ են տալիս եզրակացնել, որ ներկայիս կենսաթոշակային համակարգում անհրաժեշտ են համալիր բարեփոխումներ:

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ապագա կենսաթոշակային համակարգի նպատակներն ու սկզբունքները

Նախատեսվում է սկզբունքորեն նոր կենսաթոշակային ապահովության ինստիտուտների ստեղծմամբ վերափոխված կենսաթոշակային համակարգ, որի գլխավոր նպատակն է ՀՀ քաղաքացիներին ծերության հասակում համարժեք, մատչելի, կայուն և տևական եկամուտներ ապահովելը՝

1. Համարժեք համակարգը, ի լրումն բնակչության մեծ մասի, կյանքի ընթացքում սպառման հարթեցման հուսալի գործիքների պետք է ապահովի ծեր հասակում աղքատության վերացումը և կենսաթոշակառուներին բավարարի նվազագույն կենսամիջոցներ ապահովող կենսաթոշակով:

2. Մատչելի համակարգի բնութագիրը անհատների և հասարակության ֆինանսական կարողություններին համարժեք լինելն է, իրավիճակ, երբ հակախթանները չեն փոխարինի սոցիալական և տնտեսական պահանջներին կամ չեն հանգեցնի հարկաբյուջետային անցանկալի հետևանքների:

3. Կայունությունը վերաբերում է կենսաթոշակային համակարգի ֆինանսական սահունությանը և դրա տեսանելի ապագայում տրամաբանական ենթադրությունների ներքո գոյության կարողությանը:

4. Տևականությունը վերաբերում է ցնցումներին դիմակայելու կարողությանը, ներառյալ տնտեսական, դեմոգրաֆիկ և քաղաքական ռիսկերից եկող:

Կենսաթոշակային նոր համակարգի երկրորդ նպատակը տնտեսական աճին երկար ժամկետում դրականորեն նպաստելն է` աշխատուժի շուկաներում թափանցիկության և ճկունության մեծացման և ֆինանսական շուկաների զարգացման միջոցով: Այսինքն, քանի որ ցանկացած կենսաթոշակային համակարգը սնվում է ազգային եկամտից, դա պետք է քննարկվի տնտեսական արդյունքի մակարդակի և դրա աճի վրա ազդեցության տեսանկյունից:

Սկզբունքների տեսանկյունից՝

1. Նոր կենսաթոշակային համակարգը պետք է առավել ամբողջական հաշվի առնի աշխատող բնակչության տնտեսական և սոցիալական փոփոխվող պայմանները, սեփականության և աշխատանքային գործունեության տարբեր ձևերի առկայությունը, սոցիալական և մասնագիտական ռիսկերի տարբեր բնույթը: Անհրաժեշտ է ապահովագրության ֆինանսավորման ընդհանուր ծախսերի մեջ փոքրացնել գործատուների մասնակցության չափերը և ավելացնել վարձու աշխատողների մասնաբաժինը:

2. Կենսաթոշակի չափը պետք է հիմնված լինի ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում կուտակված (կատարված) ապահովագրական վճարների (վճարումների) մեծության և անձի կյանքի տևողության հաշվարկների վրա, այսինքն` ներդնել սոցիալական արդարության սկզբունքը: Սա թույլ կտա ապահովագրվածների համար ապահովել իրավունքների և պարտականությունների հավասարություն:

3. Կարևոր է նաև աշխատավարձի, հարկային և կենսաթոշակային համակարգերի փոխհամաձայնեցված և փոխկապակցված գործունեության համապատասխան մեխանիզմների ստեղծումը` որպես պետական ակտիվ սոցիալական քաղաքականության և կենսաթոշակային ապահովության ոլորտում բոլոր սոցիալական սուբյեկտների պարտավորությունների կայունության և հուսալիության պահպանման գլխավոր նախապայման:

4. Բոլորի համար հասանելի է կամավոր կենսաթոշակային ապահովագրության համակարգի առկայությունը:

5. Ի վերջո, անհրաժեշտ է ստեղծել հավասարակշռված կենսաթոշակային համակարգ, որը հաշվի կառնի կենսաթոշակների սոցիալական և ապահովագրական էությունը` մի կողմից, և հասարակության տնտեսական հնարավորությունները` մյուս կողմից: Դրա հիմքում պետք է դրվի կենսաթոշակային համակարգի բազմակողմանիորեն հիմնավորված օպտիմալ փոխհատուցման գործակից (այսինքն` միջին կենսաթոշակի հարաբերությունը միջին աշխատավարձին), որը փոխկապակցված է կենսաթոշակների գնողունակության և ապահովագրության ժամանակաշրջանի տևողության հետ, ինչպես նաև հաշվի է առնում տղամարդկանց և կանանց կյանքի սպասվելիք միջին տևողությունը կենսաթոշակի անցնելուց հետո:

Օպտիմալ փոխհատուցման գործակցի հաշվարկման ժամանակ նպատակահարմար է հենվել բնակչության կյանքի որակը բնութագրող սոցիալական ցուցանիշների համակարգի վրա: Այս ոլորտում բավականին փորձ է կուտակել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ): Այսպես, ԱՄԿ թիվ 102 կոնվենցիան, որպես աղքատության դեմ պայքարի կարևոր միջոց, նախատեսում է, որ աշխատողի կողմից 30 տարի ապահովագրական վճարումներ կատարելու դեպքում փոխհատուցման գործակցի ներքևի սահմանը պետք է պակաս չլինի նախկինում ստացած աշխատավարձի 40%-ից: Առաջարկվում է ավելի քիչ աշխատանքային ստաժի դեպքում (30 տարուց քիչ) կենսաթոշակի չափը յուրաքանչյուր տարվա համար իջեցնել 1-2 %-ով: Կենսաթոշակային համակարգի փոխհատուցման գործակցի վերին սահմանն աշխատավարձի 60-80%-ի միջակայքում է:

Եվ այսպես` Հայաստանում նախատեսվում է ստեղծել եռաստիճան (խառը) համակարգ, որը կներառի հետևյալ տարրերը՝

1. պետական կենսաթոշակային ապահովությունը,

2. պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրությունը,

3. կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը:

Նոր համակարգի տարրերի բնութագրերը և դրանց ֆինանսավորման եղանակները

Պետական կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է պետական կառավարման միջոցով և ֆինանսավորվում է չփոխհատուցվող սոցիալական վճարներից (հարկերից) հավաքագրվող միջոցների կամ ընդհանուր հարկերի հաշվին:

Այս տարրը, որպես սոցիալական օգնություն, պետք է ապահովի նվազագույն կենսաթոշակ բոլորի համար, այդ թվում` կուտակային համակարգում բավարար միջոցներ չունեցողներին: Տրվող կենսաթոշակի գումարի չափը չպետք է լինի այնքան մեծ, որ խաթարի կուտակային համակարգի խթանային համակարգը կամ էլ աշխատելու և սեփական ծերությունն ապահովելու համար վճարելու ցանկությունը: Այն կարող է լինել միջին աշխատավարձի մինչև 25 տոկոսը, մոտավորապես այսօրվա կենսաթոշակի մեծության չափ:

Պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն (որոշակի ժամկետից որոշակի տարիքի անձանց համար` պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն), յուրաքանչյուր անձ, որը մասնակցում է այս համակարգին ունենում է իր անհատական հաշիվը և կենսաթոշակ ստանում այդ հաշվում մինչև կենսաթոշակի տարիքը կուտակած իր սոցիալական պարտադիր վճարների և կյանքի միջին տևողության հաշվարկից ելնելով:

Այս տեսակետից, անհրաժեշտ կլինի կյանքի կոչել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ամրագրված բանաձևի այն մասը (Վ/Տ), որով կներդրվի կուտակման հաշիվների համակարգը: Դրա համար անհրաժեշտ կլինի համապատասխան հաշվարկների միջոցով հստակ սահմանել՝

1. բնակչության այն խմբերը, որոնց համար նոր համակարգում ընդգրկվելը պարտադիր է (սրանք կարող են լինել 16 տարին լրացած` նոր աշխատանքի անցնող քաղաքացիները, ինչպես նաև մինչև 30 (կամ 40) տարեկան քաղաքացիները),

2. բնակչության այն խմբերը, որոնք կարող են ընտրել` ընդգրկվե՞լ նոր համակարգում, թե շարունակել մասնակցությունը հին համակարգին (սրանք կարող են լինել 30-ից (կամ 40-ից) բարձր` մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև տարիքային կենսաթոշակ ստացող, սակայն իրենց աշխատանքային գործունեությունը շարունակող քաղաքացիները),

3. և վերջապես, բնակչության այն խմբերը, որոնք նոր համակարգում ընդգրկվել չեն կարող կամ չեն մասնակցել կուտակման համակարգին (սրանք կարող են լինել տարիքային կենսաթոշակ ստացող և այլևս աշխատանքային գործունեություն չիրականացնող քաղաքացիները, որոնք այլևս համակարգին վճարումներ չեն կատարում):

Բնակչության առաջին խումբն ամբողջությամբ կանցնի կուտակային համակարգին և այլևս սոցիալական հարկեր չի մուծի համերաշխության համակարգին: Երկրորդ խմբի` կուտակային համակարգին անցածները նույնպես կվճարեն միայն կուտակայինին:

Առկա կենսաթոշակառուները կվճարվեն համերաշխության համակարգին կատարված վճարներից և ընդհանուր հարկերից:

Այստեղ կարևոր է վերը նշված հաշվարկները ճիշտ կատարել և բնակչության խմբերը հստակ սահմանել, քանի որ հնարավոր են փոփոխություններ 2-րդ և 3-րդ խմբերում` կախված համակարգին կատարվող սոցիալական վճարումների գումարի չափից: Այսինքն` պետք է սահմանել կատարվելիք վճարումների այն նվազագույն գումարը, որից իմաստ կունենա նշված սկզբունքով կենսաթոշակի չափ հաշվարկել: Դրա համար անհրաժեշտ կլինի հաշվարկել՝

1. սոցիալական վճարումների ամսական նվազագույն չափը (այսօր այն կազմում է 5390 դրամ. 5000 դրամ` գործատուի կողմից, յուրաքանչյուր աշխատողի համար` աշխատավարձի ֆոնդից, 390 դրամ` 13.000 դրամ նվազագույն աշխատավարձ ստացող յուրաքանչյուր աշխատողի կողմից),

2. կենսաթոշակի անցնելու պահին (63 տարեկանում) կյանքի սպասվելիք միջին տևողության ցուցանիշը, որն անհրաժեշտ կլինի պայմանական կուտակման հաշիվներում արտացոլված գումարից կենսաթոշակի չափի հաշվարկման համար,

3. իրական կուտակմանն ուղղվող միջոցների նվազագույն չափաքանակները և դրանց աստիճանական մեծացման ժամկետները, եթե որոշում կայացվի, որ առաջին խումբը նույնպես կուտակային համակարգին անցնում է աստիճանաբար:
Ելնելով կատարված հաշվարկներից` սահմանելով բնակչության խմբերը, հնարավոր կլինի կենսաթոշակի չափը հաշվարկել Վ/Տ բանաձևով, որտեղ՝

Վ-ն անձնավորված հաշվառման ներդրումից հետո անհատական ապահովագրական հաշիվներում արտացոլվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների ընդհանուր գումարի մասին տվյալն է,

Տ-ն կենսաթոշակի անցնելու պահին կանանց և տղամարդկանց կյանքի սպասվելիք միջին տևողությունն է:

 Յուրաքանչյուր անձի համար կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում կենսաթոշակի գնալու որոշում պետք է ընդունվի անհատապես։ Ապահովագրվածը հնարավորություն պետք է ունենա ընտրել կենսաթոշակի անցնելու տարիքը, որը կդառնա աշխատանքային ստաժն ավելացնելու և, հետևաբար, ապագա կենսաթոշակի չափը բարձրացնելու խթան: Կենսաթոշակային համակարգը պետք է խրախուսի աշխատողներին` ինքնակամ կենսաթոշակի անցնել սահմանված տարիքից ավելի ուշ: Սա էապես կբարելավի համակարգի ֆինանսական իրավիճակը. մի կողմից` աշխատողն ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում կկատարի իր հատկացումները, մյուս կողմից` համակարգն այդ անհատին առավել կարճ ժամանակահատվածի ընթացքում կենսաթոշակ կվճարի:

Կարևոր է, որ կենսաթոշակի անցնելուց հետո կենսաթոշակի չափի ճշգրտումներ կատարվեն, այլապես կենսաթոշակի արժեքը ժամանակի ընթացքում սղաճի պատճառով անընդհատ կնվազի: Ընդհանրապես կենսաթոշակներն ինդեքսավորվում են կամ սղաճի նկատմամբ կամ իրական աշխատավարձի աճի նկատմամբ` ամբողջությամբ կամ մասնակիորեն: Առաջարկվում է Հայաստանում կենսաթոշակների ինդեքսավորումը կատարել միայն սղաճի նկատմամբ: Սա աշխարհում ամենաընդունված տարբերակն է: Նախընտրելի է, որ կենսաթոշակի անցնելիս առաջարկվի ավելի բարձր կենսաթոշակ և ապա` դրա աճի ավելի փոքր գործակից, քան փոքր կենսաթոշակ և աճի ավելի արագ մեծացող գործակից:

Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության շրջանակներում են նաև հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքերից ապահովագրությունը՝

1. հաշմանդամության կենսաթոշակային ապահովագրությունը դժբախտ պատահարի կամ հիվանդության պատճառով եկամտի ամբողջական կամ մասնակի կորստի ապահովագրություն է: Հաշմանդամության ապահովագրության նպատակը հաշմանդամության հետևանքով կորցրած եկամտի մի մասի վերականգնումն է: Կենսաթոշակային համակարգը կենսաթոշակներ կվճարի միայն լրիվ և մշտական (ոչ մասնագիտական) հաշմանդամության դեպքում: Ժամանակավոր անաշխատունակության դեպքում կվճարվի նպաստ, որը կֆինանսավորվեն այլ աղբյուրներից: Մասնագիտական հաշմանդամության դեպքում` առանձին ծրագրի (այդ թվում` մասնավոր ապահովագրության) միջոցով ֆինանսավորում են գործատուները:

Կենսաթոշակների չափերը կհաշվարկվեն այն ստաժից, որն անհատը կունենար, եթե կենսաթոշակի անցներ տարիքային կենսաթոշակի համար սահմանված տարիքում,

2. կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակները նույնպես ապահովագրական են: Դրանց նպատակն է` փոխարինել այն եկամուտը, որ մահացած կերակրողը կարող էր ստանալ: Կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակներն ընտանիքին հնարավորություն են տալիս շարունակել ստանալ տնտեսական աջակցություն: Այն երեխաների համար դրամական միջոցներ է ապահովում այնքան ժամանակ, մինչև նրանք իրենք կարողանան միջոցներ վաստակել, և եկամուտ է ապահովում ամուսնու, մշտական հաշմանդամների, անչափահաս երեխաներ խնամելու համար տանը մնացած մեծահասակների և կերակրողի խնամքի ներքո գտնվող ծնողների համար: Հայաստանի կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված է հաստատագրված կենսաթոշակային բանաձև: Այդ տեսակետից հավելյալ կենսաթոշակի հիմքում կդրվի այն ստաժը, որը մահացած անձը կունենար, եթե կենսաթոշակի անցներ սահմանված տարիքում:

Կամավոր կենսաթոշակային ապահովագրություն (ներառում է նաև գործատուի կողմից իրականացվող սոցիալական ապահովագրությունը). ֆինանսավորվում է կամավոր ապահովագրական վճարներից: Այն ներդրվում է որպես լրացուցիչ ապահովագրություն՝ ի հավելումն պետական համակարգի: Այստեղ պետության հիմնական առաքելությունն է՝ այս համակարգի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծել և այդ դաշտում մարմինների գործունեությունը կանոնակարգող, պետական վերահսկողություն իրականացնող մարմին: Ընդհանուր առմամբ, նպատակահարմար է, որ Հայաստանում ներդրվեն ոչ պետական կենսաթոշակային ապահովության (կամավոր կենսաթոշակային ապահովագրության) միջազգային պրակտիկայում տարածված հիմնական երկու ձևերը` կենսաթոշակային ապահովագրության իրականացում ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների և կյանքի ապահովագրության ընկերությունների միջոցով: Նշվածները ոչ պետական կենսաթոշակային ապահովության այլընտրանքային ձևեր են և ապահովում են հասարակության տարբեր նախասիրություններ ունեցող ներկայացուցիչների համար հնարավորինս լայն ընտրության հնարավորություն:

IV. ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Անցման նախապայմանները

Կուտակային կենսաթոշակային ապահովագրության ներդրումը պահանջում է առանձնահատուկ պայմաններ: Գոյություն ունեն պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում կուտակային կենսաթոշակային ապահովագրության ներդրման մի շարք նախապայմաններ: Դրանց հիմնական մասը նույնն է ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության համար: Սակայն, մի շարք պատճառներով, պարտադիրի համար այդ պայմաններն ավելի խիստ են, քան կամավորի համար:

Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգի ներդրման կարևոր պահանջներից մեկը «համերաշխության» համակարգի բյուջեի հաշվեկշռվածությունն է կամ պետական բյուջեի հնարավորությունը՝ փոխհատուցել պակասուրդը, որը կարող է առաջանալ կուտակման համակարգի ներդրման պատճառով: Քանի որ կուտակման համակարգին փոխանցվում է հավաքագրված միջոցների մի մասը, ապա «համերաշխության» բյուջեում կարող է առաջանալ պակասուրդ: Այս դեպքում առաջացող ֆինանսական դժվարությունները հաղթահարելի համարվելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների առկայությունը՝

1) պետբյուջեի պակասուրդի ցածր մակարդակ (ՀՆԱ -ի 1%-ից ոչ ավելի),

2) հանրապետությունում առնվազն 2 % իրական տնտեսական աճի առկայություն վերջին մի քանի տարվա ընթացքում,

3) արժեթղթերի շուկայի հարաբերական զարգացածություն,

4) պետական ինստիտուցիոնալ կառույցների առկայություն, որոնք անհրաժեշտ են կուտակային ապահովագրության գործունեության համար, մասնավորապես, պետական հատուկ վերահսկիչ մարմնի և լիարժեք նորմատիվ իրավական բազայի առկայություն,

5) անձնավորված հաշվառման համակարգի լիարժեք ներդրում:

Քանի որ նշված պայմանները բավականին «խիստ» են, շատ հաճախ կենսաթոշակային վերափոխումների երկրորդ քայլը դառնում է կամավոր կենսաթոշակային ապահովագրության ներդրումը, որը, կարծես, նախապատրաստում և փորձարկում է այն մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգի ներդրման համար: Այդ տեսանկյունից, համակարգի ներդրման նախապայմանները պետական հատուկ վերահսկիչ մարմնի և լիարժեք նորմատիվ իրավական բազայի առկայությունն է:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բարեփոխման գործընթացի հաջողությունը արդյունավետ վերահսկողության և կարգավորման կարողությունների ստեղծմամբ է պայմանավորված:

Երկար ժամկետում կենսաթոշակային ակտիվների ներդրումների կարգավորումը և համապատասխան կարողություններ ունեցող վերահսկողական մարմնի դերն էլ ավելի է կարևոր, քանի որ նոր ստեղծվող համակարգն ամբողջությամբ աշխատելու է ֆինանսական շուկաներում, գործ է ունենալու բանկային համակարգի ռիսկերից ոչ պակաս ռիսկերի հետ:

Կենսաթոշակային ակտիվների ներդրումների հնարավոր ուղղությունները

Կենսաթոշակային ակտիվների ներդրումային քաղաքականությունն իրականացվում է նվազագույն ռիսկայնության սկզբունքով: Կենսաթոշակային ակտիվների կառավարումը և պահպանումը կոշտ կարգավորման առարկա է: Սկզբնական փուլում կենսաթոշակային ակտիվների տեղաբաշխումը սահմանափակվում է ամենացածր ռիսկայնությամբ ներդրումներով, հետագայում` աստիճանաբար, ազատականացնելու պայմանով: Ազատականացման տեսանկյունից` բարձր ռիսկայնություն ունեցող ներդրումային ծրագրերը կներառեն՝ հիպոթեքային պարտատոմսերը, այնուհետև` ամբողջ կապիտալի շուկան:

Վերահսկողական մարմինը


Նման մարմին կարելի է ստեղծել կամ նոր մարմին ձևավորելով կամ եղածը զարգացնելով: Մինչ այդ կուտակային համակարգը կձևավորվի պետության ներքո, իսկ կառավարությունից անկախ վերահսկող մարմնի ձևավորմանը զուգընթաց այդ գործառույթները կփոխանցվեն վերջինիս:

Վերահսկողական մարմնի ձևավորման տրամաբանությունը հետևյալն է՝

1) բարեփոխումների ամբողջ գործընթացը մինչև կուտակային տարրի ներդրումը կառավարվում է մեկ կետից` բարեփոխման պատասխանատու,

2) միաժամանակ, ռազմավարության ներքո կորոշվի թե ո՞վ պետք է իրականացնի կուտակային համակարգի վերահսկողության ֆունկցիան: Այդ վերահսկողությունը պետք է լինի շատ կոշտ, աչալուրջ և միջազգային ստանդարտներին համապատասխան: Կուտակային ապահովագրություն իրականացնող մարմինները պարտադիր պետք է ենթարկվեն արտաքին աուդիտի: Վերահսկողության մաս պետք է կազմեն նաև միջոցների ադմինիստրատիվ ծախսերի սահմանափակման և դրանց վերաապահովագրման հարցերը:

Կուտակային համակարգին վճարումները և հարկերը


Գոյություն ունի կուտակային համակարգին վճարումների երեք հնարավոր տարբերակ՝

1) շարունակվում է սոցիալական հարկի մի մասը վճարել բաշխողական համակարգին, իսկ մի մասը` կուտակայինին,

2) սկզբում սոցիալական հարկը որոշակի համամասնությամբ վճարվում է և բաշխողականին և կուտակայինին, սակայն մի քանի տարվա ընթացքում բաշխողականին վճարվելիք վճարներն աստիճանաբար դառնում են զրո,

3) բնակչության մի մասը վճարում է միայն կուտակային համակարգին, իսկ մյուս մասը` տարիքով ավելի մեծահասակ, բաշխողականին:

ՀՀ-ում այս ընտրության կատարումը պետք է անել համապատասխան ակտուարային հաշվարկների (սիմուլյացիաներ) միջոցով, այդուհանդերձ վերջին երկու տարբերակը նախընտրելի են: Առնվազն հետևյալ մուտքային պարամետրերով սիմուլյացիաների արդյունքները պարտադիր են՝

1. Եթե նոր համակարգին անցնեն միայն 20, 25, 30, 35, 40 կամ 45-ից ցածր տարիքի քաղաքացիները,

2. «Սերունդների համերաշխության» համակարգը ֆինանսավորվում է ընդհանուր հարկերի և նոր համակարգին չանցածների սոցիալական վճարումների հաշվին, բոլորի կողմից վճարվող մասնակի սոցիալական վճարների հաշվին, պետական պարտքի հաշվին: Յուրաքանչուր դեպքում կարելի է նաև նախատեսել դոնոր կազմակերպությունների և սփյուռքի ֆինանսական մասնակցությունը,

3. Կենսաթոշակի չափը կհասնի կենսաթոշակային տարիքը նախորդող աշխատավարձի 30, 50, թե, ասենք, 100 տոկոսին:

Միայն այս սիմուլյացիաների արդյունքում է, որ կարելի է ասել, թե անցման այս մեխանիզմն ավելի լավն է, քան մյուսը: Ընդ որում, արդյունքները չպետք է գնահատվեն բացարձակ մեծություններով, այլ պետք է համադրվեն նաև դրանց խթանների համակարգերը և տնտեսական հետևանքները` քաղաքականություն իրականացնողների գնահատման միջոցով: Այս հարցում կարիք կլինի միջազգային դոնոր կազմակերպությունների տեխնիկական աջակցության:

Սիմուլյացիաները կպարզեն կամ որպես արդյունք կստանանք

1) որքան է նոր համակարգին անցնողների համար հին համակարգի ներքո ձևավորված կենսաթոշակային իրավունքի ճանաչման չափը,

2) որքան է հին համակարգում մնացածների կենսաթոշակների ֆինանսավորման ճեղքը,

3) դրանք կֆինանսավորվեն հարկերի՞, պարտքի՞, թե՞ նվիրատվությունների հաշվին:

Այս սիմուլյացիաների արդյունքներից կընտրվեն, ասենք, առավելագույն տրամաբանական երեքը, որոնք կներկայացվեն կառավարության քննարկմանը: Ամփոփելով և ընտրելով միակ լավագույն տարբերակը` կներկայացվի կենսաթոշակային համակարգի ամբողջական նկարագիրը և անցման մանրամասները:

Կուտակային համակարգին անցումը սերտորեն կապված է նաև հարկային քաղաքականության հետ, հատկապես` եկամտահարկի: Ներկայումս եկամտահարկի հավաքագրման վարչարարությունը թույլ է: Կուտակային համակարգի ներդրումով հնարավորություն կստեղծվի ուժեղացնել եկամտահարկի վարչարարությունը կուտակային համակարգին անցածների համար` ներդնելով հայտարարագրման մեխանիզմը: Նոր համակարգին չանցածների համար կարելի է կենսաթոշակային հարկը (սոցիալական վճարը) միավորել եկամտահարկի հետ` ավելացնելով խթանը բաշխողական համակարգին վճարելու համար:

Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում իր ուրույն տեղն ունի նաև հասարակական իրազեկման աշխատանքը: Այդ գործընթացում անհրաժեշտ է ծավալել համաժողովրդական ընդգրկուն քննարկումներ, կազմակերպել բանավեճեր, սեմինարներ՝ դրանց մասնակից դարձնելով շահագրգիռ կազմակերպություններին ու անձանց: Կկազմակերպվի ռադիո-հեռուստատեսային առանձին հաղորդաշար և քննարկումներն ու բանավեճերը կանցկացվեն այդ հաղորդաշարի ընթացքում, կստեղծեն նոր համակարգին վերաբերող գովազդային հոլովակներ և պարբերաբար կհեռարձակվեն ռադիոյով և հեռուստատեսությամբ: Նմանօրինակ միջոցառումներ կիրականացվի նաև պարբերական մամուլի էջերում:

V. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐԸ

Կենսաթոշակային բարեփոխումների 1-ին փուլ (2005-2006 թվականներ)

Կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների իրականացման համար նախ և առաջ անհրաժեշտ է մշակել նոր ռազմավարություն, որը կհիմնվի ներկայացված հայեցակարգային մոտեցումների վրա և բազմակողմանի վերլուծություններով ու ակտուարային հաշվարկներով (մաթեմատիկական սիմուլյացիաներով) սպառիչ պատասխաններ կտա դրանցում տեղ գտած հարցադրումներին: Մասնավորապես, խնդիրը վերաբերում է հետևյալ աշխատանքներին՝

1. Նոր ռազմավարության հիմնադրույթների մշակում

1) 1999-2004 թվականների ընթացքում կենսաթոշակային ոլորտում իրականացված աշխատանքների վերլուծություն, գնահատում և առկա իրավիճակի նկարագրություն,

2) կենսաթոշակային ապահովագրության խառը համակարգի (ներառյալ կուտակային տարրը) ներդրմանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ (մասնավորապես, անցման շրջանի ֆինանսավորման աղբյուրները, նոր համակարգում ընդգրկվող անձանց շրջանակը և նոր համակարգին անցման փուլերն ու կոնկրետ ժամկետները) քաղաքական որոշումների կայացում, ոլորտում իրականացվելիք հետագա քայլերի ու ակնկալվող արդյունքների սահմանում և նոր համապարփակ ծրագրի (ռազմավարության) մշակում ու ներկայացում հաստատման:

2. Անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի ներդրում (իրականացվում է 1-ին կետում նշված աշխատանքներին զուգահեռ)

1) 2005թ. ապրիլին ՀՀ կառավարության կողմից ընդունվելիք որոշմամբ սահմանվող կարգով և ժամկետներում.

ա) գործատուների և ֆիզիկական անձանց կողմից անձնավորված հաշվետվությունների ներկայացում,

բ) անձնավորված հաշվետվությունների հիման վրա անհատական հաշվառման տեղեկատվական բազայի ստեղծում, հաշվետվություններում ներառված տվյալների և փաստացի վճարված գումարների համեմատություններ և վերահսկողություն,

2) անհատական հաշվում արտացոլված տվյալների հիման վրա կենսաթոշակի նշանակում, այդ թվում`

ա) կենսաթոշակի չափը կատարված սոցիալական վճարումների գումարով պայմանավորում,

բ) աշխատանքային ստաժի վերաբերյալ քաղաքացիների կողմից տեղեկանքներ ներկայացնելու անհրաժեշտության բացառում,

գ) կենսաթոշակ նշանակելիս սուբյեկտիվ գործոնի նվազեցում:

3. Սոցիալական ապահովության քարտերի կիրառում (իրականացվում է 1-ին կետում նշված աշխատանքներին զուգահեռ)

1) ապահովել սոցիալական ապահովության քարտերի համակարգի կիրառումը` ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 25-ի թիվ 963-Ն որոշման համաձայն,

2) սոցիալական քարտերի համարների կիրառումն ապահովելու համար ավարտել աղքատության ընտանեկան նպաստ ստացողների, կենսաթոշակառուների, գործազուրկների, հաշմանդամների, սոցիալական վճարումներ կատարողների, հարկ վճարող ֆիզիկական անձանց տեղեկատվական բազաներ քաղաքացիների սոցիալական ապահովության քարտերի համարների ներառումը,

3) ապահովել սոցիալական քարտերի ու նշված տեղեկատվական բազաների միջև տվյալների ավտոմատ փոխանակության կատարումը,

4) պետական կառավարման տարբեր մարմինների միջև տվյալների փոխանակությունը պատշաճ մակարդակով իրականացնելու համար ստեղծել ներհանրապետական ցանց` ապահովելով On-Line կապ,

5) օգտագործվող տեղեկատվության արդյունավետության և հավաստիության բարձրացում, սուբյեկտիվ միջամտության բացառում:

4. Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի աստիճանական անցում:

5. Կենսաթոշակային ապահովության 3-րդ բաղկացուցչի` կամավոր կենսաթոշակային ապահովագրության ներդրում, որը պետք է նախորդի պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության համակարգի ներդրմանը և իրականացվի ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների և բանկերի միջոցով: Դրա համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի, համապատասխան ենթակառուցվածքների և կամավոր կենսաթոշակային ապահովագրության կանոնակարգիչ պետական մարմնի ստեղծում:

6. Հասարակական քննարկումների կազմակերպում՝ կլոր-սեղաններ, սեմինար-խորհրդակցություններ, հեռուստաբանավեճեր և այլն:

7. «Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և դրա հետ փաթեթով ներկայացվող մյուս օրենքների նախագծերի մշակում` ապահովելով դրանց քննարկումներն ու ընդունումը 2006 թվականին:

Կենսաթոշակային բարեփոխումների 2-րդ փուլ (2006 թվական-շարունակական)


Կուտակային կենսաթոշակային ապահովագրության համար համապատասխան օրենսդրական հիմքերի և ենթակառուցվածքների ներդրում և իրականացում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 28-ի N 666-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր - Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2005-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Նպատակը

Արդյունքը և դրա նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Իրականացման ժամկետը

1

2

3

4

5

6

I. Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շարունակական իրականացում, այդ թվում`

1.

Կենսաթոշակային ապահովության նոր ռազմավարության հիմնադրույթների մշակում

համակարգի զարգացումն ապահովելը և նոր` եռաստիճան համակարգին անցնելը նախապատրաստելը

ներկայացվում է փաստաթուղթ հետևյալ բովանդակությամբ`

ա) 1999-2004 թվականների ընթացքում կենսաթոշակային ոլորտում իրականացված աշխատանքների վերլուծություն և միջազգային լավագույն փորձի գնահատում
բ) ոլորտում իրականացվելիք հետագա քայլերի ու ակնկալվող արդյունքների սահմանում և նոր ծրագրի (ռազմավարության) առաջադրում
գ) նոր ռազմավարության իրականացման հետ կապված տեխնիկական օժանդակության և այլ երկրների փորձն ուսումնասիրելու պահանջի ձևակերպում
դ) բարեփոխումների մոտավոր արժեքի գնահատում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արժեթղթերի հանձնաժողով
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

2005 թ.
նոյեմբեր
(հայեցակարգային մոտեցումների համար)

 

2005 թ. օգոստոս
(ռազմավարության հիմնադրույթների համար)

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի բարենորոգում

համակարգի գործունակության ապահովում և նոր համակարգում դրա տեղի որոշում

գործողությունների իրականացում, ներառյալ՝

ա) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեում 3 առանձին ենթահաշիվների առանձնացում (կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն,  գործազրկության սոցիալական ապահովագրություն, ժամանակավոր անաշխատունակության սոցիալական ապահովագրություն), որտեղ կմուտքագրվեն հավաքագրված սոցիալական վճարները
բ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տոկոսադրույքների առանձնացում` ըստ ապահովագրության տեսակների և տարբեր ռիսկերի ապահովագրությանն ուղղվող ֆինանսական միջոցների հստակ հաշվարկ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արժեթղթերի հանձնաժողով
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

անդրադարձ բարեփոխումների ստրատեգիայում

գ) ժամանակավոր անաշխատունակության` որպես պարտադիր սոցիալական ապահովագրության տեսակի, օրենքով սահմանում, ապահովագրական նպաստների հաշվարկման և վճարման կարգի և մեխանիզմների օրենսդրական կարգավորում

2005 թ.
մայիս

դ) դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից հաշմանդամ դարձած անձանց համար մեկ ապահովագրական հատուցման նշանակման և վճարման խնդիրների կարգավորում

2005 թ.
հուլիս

ե) նախատեսվող եռաստիճան համակարգում սոցիալական ապահովագրության տարրերի վերաբաշխում և մասնավոր հատվածի հետ բեռը կիսելու մոտեցումների առաջադրում

անդրադարձ բարեփոխումների ստրատեգիայում

3.

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակային համակարգի կատարելագործում

համակարգի բեռի և նոր համակարգի հետ կապերի հստակեցում

հետևյալ գործողությունների իրականացում`
ա) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող նոր ցուցակների սահմանում (ավելի քան 50 տարվա ընթացքում ձևավորված ցուցակների համապատասխանեցում նոր սոցիալ-տնտեսական պայմաններին)
բ) «Արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցուցանիշների հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունում
գ) Հայաստանում արտոնյալ կենսաթոշակների իրավունքի ստուգման, հաշվարկման և վճարման մեթոդաբանության լրամշակում, հաստատում և հանրությանն իրազեկում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
այլ շահագրգիռ մարմիններ

2005 թ.
օգոստոս

դ) նոր կենսաթոշակային համակարգում այս համակարգի տեղի և դերի նկարագրում
5. արտոնյալ պայմաններով կենսաթոշակային համակարգի օրենսդրական կարգավորում

անդրադարձ բարեփոխումների ստրատեգիայում

II. Բարեփոխումների նպատակով կարողությունների զարգացում

4.

Բարեփոխումների ընթացքն ապահովող կարողությունների ստեղծում

նոր համակարգին անցման գնի որոշում և բարեփոխման արդյունավետ իրագործում

ա) քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատուների ակտուարական կարողությունների զարգացում, աշխատողների վերապատրաստում, համապատասխան հաշվարկ-վերլուծություն-կանխատեսումների մոդելային համակարգի ստեղծում և այդ աշխատանքների պարբերական իրականացում
բ) անցման շրջանի ֆինանսավորման խնդիրների լուծման հնարավոր մոդելների և սիմուլյացիաների կառուցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մշտապես

5.

Սոցիալական քարտերի և անհատական հաշվառման համակարգի լիարժեք ներդրում

կուտակային համակարգին անցման նախապայմանի ստեղծում

ա) սոցիալական քարտերի համակարգի կիրառման ապահովում այլ պետական կառավարման մարմինների կողմից, այդ թվում՝ կառավարման մարմինների տեղեկատվական համակարգերում քաղաքացուն նույնականացնելու միասնական և եզակի միջոցի առկայություն, որը կկանոնակարգի և կբարելավի տեղեկատվական համակարգերում տվյալների մշակումն ու հնարավորություն կտա ներդնել տվյալների ավտոմատ փոխանակության արդյունավետ մեխանիզմներ
բ) բոլոր առկա կենսաթոշակառուների և փաստացի սոցիալական վճար վճարողների անհատական տվյալների ամփոփում տվյալների միասնական էլեկտրոնային բազայում և դրանց հիման վրա վիճակագրական տվյալների ստացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

2005 թ.
դեկտեմբեր-
2006 թ.
ապրիլ

6.

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում, տվյալների ավտոմատ փոխանակման մեխանիզմների ներդրում

Կուտակային համակարգին անցման նախապայմանի ստեղծում

ա) ներհանրապետական էլեկտրոնային ցանցի ստեղծում` տվյալների ավտոմատ փոխանակություն ապահովելու նպատակով
բ) այդ էլեկտրոնային ցանցից ստացված տվյալները պաշտոնական համարելու և հաճախորդներին սպասարկելու հիմք դարձնելու պայմանների սահմանում
գ) պետական կառավարման մարմինների տեղեկատվական բազաների միջև տվյալների ավտոմատ փոխանակման մեխանիզմների կիրարկում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
այլ շահագրգիռ մարմիններ

2005-2006 թթ.

III. Համընդհանուր բաշխման համակարգից կուտակային սկզբունքով պարտադիր կենսաթոշակային ապահովագրության անցում

7.

Ակտուարյան աշխատանքների և մաթեմատիկական սիմուլյացիաների նախնական փուլի ավարտում

բարեփոխման գնի որոշում

ա) հնարավոր բոլոր անցման սցենարների զարգացում և դրանց մաթեմատիկական սիմուլյացիաների կատարում` պարզելու համար նոր համակարգին անցնողների նախկինում կուտակած կենսաթոշակի չափը, հին համակարգում մնացածներին վճարվելիք կենսաթոշակի չափը և ֆինանսավորման նոր պահանջի աղբյուրները
բ) կընտրվի 3 առավելագույն խելամիտ սցենար և կներկայացվի քաղաքական քննարկման

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ

2005 թ.
օգոստոս
(նախնական)

 

 

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ՀՀ արժեթղթերի հանձնաժողով

2006 թ.
մայիս-հունիս
(վերջնական)

8.

Նոր համակարգում մասնակիցների ցանկի ընդլայնում

համակարգը բոլորին հասանելի դարձնելը

գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերին, ինչպես նաև անհատ ֆիզիկական անձանց պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգին կամավորության սկզբունքով սոցիալական վճարումներ կատարելու և հետագայում այդ համակարգից կենսաթոշակ ստանալու կարգի սահմանում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

բարեփոխման ստրատեգիայի ներքո

9.

Եռաստիճան կենսաթոշակային համակարգի ստրատեգիայի ամփոփում

բարեփոխումը հանրությանը ներկայացնելը և կառավարելը

փաստաթուղթ, որը մանրամասն կնկարագրի նոր եռաստիճան համակարգը և դրան անցնելու մանրամասները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արժեթղթերի հանձնաժողով
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

2005 թ.
նոյեմբեր

IV. Օրենսդրական փոփոխությունների պահանջը

10.

Օրենսդրական փոփոխությունների մատրիցի կամ ժամանակացույցի կազմում

բարեփոխումների օրենսդրական հիմքերի ստեղծում

ռազմավարության համատեքստում, դրանից բխող օրենքների, կարգերի կանոնակարգերի նախագծերի մշակում և ընդունման ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արժեթղթերի հանձնաժողով
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

2005-2006 թթ.

V. Հանրային իրազեկման աշխատանքներ

11.

Բարեփոխումների նպատակը, դրա մանրամասները և ընթացքը հանրությանը ներկայացնելու ծրագիր

բարեփոխումների` հանրության կողմից ընկալումը և գործընթացին օժանդակումը

փաստաթուղթ, որը կներառի միջոցառումներ հետևյալի մասին`
ա) պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների ուսուցում և վերապատրաստում
բ) տեղեկատվական գրքույկների հրատարակում և տրամադրում քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին և պետական կառավարման մարմիններին
գ) կլոր սեղանների, սեմինար-խորհրդակցությունների կազմակերպում և անցկացում` հասարակական կազմակերպությունների, գործատուների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ
դ) իրականացվող բարեփոխումների վերաբերյալ տեսահոլովակների և այլ ռեպորտաժների պատրաստում և եթեր հեռարձակում հեռուստատեսությամբ և ռադիոյով

 

 

սկսած 2005 թ. մայիսից

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.05.2006, N 796-Ն 29.06.2006, N 666-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան