Գլխավոր տեղեկություն
Համար
N 1432-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2004-13.07.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.10/61(360) Հոդ.1258
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.10.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2004 թվականի N 1432-Ն

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 21
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1432-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման, ստացման, հաշվառման ու բաշխման հետ կապված հարաբերությունները:

 

I. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԵՐԻ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

2. Միացյալ հայկական հիմնադրամի, բարեգործական և այլ կազմակերպությունների կողմից (այսուհետ` բարեգործական կազմակերպություն) դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների մատակարարման վերաբերյալ առաջարկությունները քննարկվում են նախարարությունում` դրանց ստացման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել բարեգործական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) կողմից:

4. Բարեգործական կազմակերպությունների կողմից նախարարությանն առաջարկվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման անհրաժեշտության մասին եզրակացությունը տալիս է նախարարության համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` բաժին):

5. Բարեգործական կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության կարգով դեղերի կամ բժշկական նշանակության ապրանքների մատակարարման վերաբերյալ առաջարկներ ստանալու դեպքում պետք է պարտադիր ուսումնասիրվեն`

ա) առաջարկվող դեղը (անվանումը, ցուցումները, օգտագործման ոլորտները և ժամկետը).

բ) դեղի մնացորդի առկայությունը նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` մարդասիրական օգնության կենտրոն) պահեստում և դրա նախորդ տարիների շարժը (սույն տեղեկատվությունը տեղեկանքի ձևով նախարարությանն է տրամադրվում մարդասիրական օգնության կենտրոնի կողմից` հարցումից հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում).

գ) նախարարության բուժական և այլ ստորաբաժանումների հետ համատեղ` դեղի կանխատեսվող պահանջարկը, ըստ անհրաժեշտության, հավաքելով տեղեկատվություն բժշկական հաստատություններից և դեղագործական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից.

դ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առաջարկվող դեղի կամ բժշկական նշանակության առարկայի ձեռքբերման պայմանագրի առկայությունը:

6. Բաժինը բարեգործական կազմակերպություններից դեղերի և բժշկական նշանակության ապրանքների վերաբերյալ առաջարկություններ ստանալու դեպքում, հաշվի առնելով տարբեր դեղային խմբերով Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ապահովվածությունը և պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում կենտրոնացված ձեռքբերումների ծրագրերը, դեղերի պիտանիության ժամկետները և առաջարկվող քանակները, անհրաժեշտության դեպքում ընդգրկելով նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումները, ստացման օրվանից սահմանված ժամկետում քննարկում է դրանք, տալիս եզրակացություն պատվիրվող տեսականու, քանակների կամ առաջարկը մերժելու մասին:

7. Նախարարին տրվում է ուսումնասիրության արդյունքի մասին գրավոր եզրակացություն, որը պետք է ներառի մասնագիտական հետազոտության ամբողջական տեղեկատվությունը և առաջարկությունը դեղի կամ բժշկական նշանակության ապրանքի պատվիրվող տեսականու ու քանակի կամ առաջարկի մերժման վերաբերյալ: Նախարարի հանձնարարությամբ համապատասխան գրություն է ուղարկվում բարեգործական կազմակերպություն:

 

II. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ԲԱՇԽՈՒՄԸ

 

8. Մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մաքսազերծումը, ստացումը, հաշվառումը, պահպանումն ու բաշխումն իրականացնում է մարդասիրական օգնության կենտրոնը:

9. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ցանկը` դրանց ստացումից ու գույքագրումից անմիջապես հետո տպագրվում է «Առողջապահության լրատու» թերթում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը գրավոր իրազեկում է համապատասխան բժշկական հաստատություններին մարդասիրական օգնության կենտրոնում առկա դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների առկայության մասին:

10. Մարդասիրական օգնության կարգով դեղեր կարող են ստանալ միայն պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները, մարդասիրական դեղատները, պետական և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները:

11. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը հիվանդներին տրվում են անվճար` համապատասխան գրառում կատարելով հիվանդի ամբուլատոր քարտում և (կամ) հիվանդության պատմության մեջ: Մարդասիրական օգնություն ստացող կազմակերպությունները պետք է վարեն նախարարի կողմից հաստատված ձևի մատյաններ, որտեղ պետք է գրառվեն մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի անվանումները, ստացողի տվյալները, հիվանդին բաց թողնված դեղի քանակը, ստացողի կամ նրա լիազոր ներկայացուցչի ստորագրությունը, հասցեն և հեռախոսահամարը:

12. Մարդասիրական օգնության կարգով ստացվող բժշկական նշանակության ապրանքները (բժշկական սարքավորումներ և բժշկական պարագաներ) կարող են ստանալ միայն պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունները, մարդասիրական դեղատները, պետական և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները, իսկ հիգիենիկ պարագաները և հատուկ նշանակության բժշկական ապրանքները` նաև առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները, միավորումները` իրենց շահառուների համար:

Հասարակական կազմակերպություններն ստացված պարագաների և այլ ապրանքների բաշխումից հետո նախարարի կողմից հաստատված ձևով նախարարություն են ներկայացնում բաշխման և շահառուների մասին հաշվետվություն:

13. Կազմակերպությունները մարդասիրական օգնության կարգով դեղեր ու բժշկական նշանակության ապրանքներ ստանալու համար գրավոր դիմում են նախարարություն` նշելով դիմումատուի անունը, կազմակերպաիրավական տեսակը և պետական պատվերի իրականացման մասին տեղեկատվություն:

14. Դիմումը քննարկվում է նախարարությունում և ստացման օրվանից առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում առաքվում է մարդասիրական օգնության կենտրոն կամ մերժվում է:

15. Մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացման մասին դիմումը մերժվում է, եթե`

ա) հայտատուն սույն կարգի համաձայն իրավունք չունի մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղեր ու բժշկական նշանակության պարագաներ ստանալ.

բ) ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

գ) դիմումատուն մինչև հայտ ներկայացնելը պատշաճ ձևով չի վարել սույն կարգով նախատեսված հաշվառումը և (կամ) չի ներկայացրել պահանջվող հաշվետվությունները:

16. Նախարարության կողմից դիմումի բավարարման դեպքում դիմումատուները նախարարի կողմից հաստատված ձևով հայտ-պահանջագիր են ներկայացնում մարդասիրական օգնության կենտրոն, որտեղից ստանում են դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ: Մարդասիրական օգնության կենտրոնը վարում է ստացող կազմակերպությունների տեղեկատվական բազա և յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն տվյալ ժամանակահատվածում մարդասիրական օգնության կենտրոնից բեռներ ստացող կազմակերպությունների ցանկի և ստացված ապրանքների գումարների մասին:

17. Նույն կազմակերպությունների կողմից նույն դեղերի կրկնակի կամ չարդարացված քանակի դեղերի բացթողումը կանխելու նպատակով մարդասիրական օգնության կենտրոնում վարվում է տեղեկատվական համակարգ և յուրաքանչյուր դեղի կամ բժշկական նշանակության ապրանքի բացթողման դեպքում տեղեկատվական համակարգով ճշտվում է տվյալ կազմակերպության կողմից նախկինում ստացված դեղերի տեսականին և քանակներն ու ընդունվում է որոշում դեղի հայցվող տեսականու և դրա քանակի բացթողման մասին:

18. Աղետների, արտակարգ իրավիճակների, համաճարակների, դեղերի առկա մեծ քանակների, կենտրոնացված գնումների ցանկում առկա դեղերի` մարդասիրական օգնության կարգով ստացման և այլ նմանատիպ դեպքերում դեղերի բաշխումը կարող է իրականացվել նախարարի առանձին հրամանով:

19. Մարդասիրական օգնության կենտրոնը, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը, նախարարություն է ներկայացնում հաշվետվություն տվյալ պահին առկա դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մասին:

20. Նախարարությունը ստեղծում և վարում է սույն կարգով ամրագրված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգ:

21. Նախարարությունն իրականացնում է դեղերի և բժշկական նշանակության ապրանքների` մարդասիրական կենտրոնի կողմից ստացման, հաշվառման և բաշխման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան