Գլխավոր տեղեկություն
Համար
N 1955-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2005-08.10.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.23/38(273) Հոդ.329
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2024

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2004 թվականի N 1955-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթները և պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում պայմանագրային պարտավորությունների ամրագրման ու դրանց կատարման վերահսկման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրի տիպային ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում ամրագրվում են միայն այնպիսի պարտավորություններ, որոնք նախատեսվել են պետական գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ կամ առաջարկվել են գնորդի կողմից.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և (կամ) պետական գույքի մասնավորեցման (օտարման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում կարող են սահմանվել նաև այլ դրույթներ.

գ) պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերով ամրագրված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից` պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում գնորդի կողմից ներկայացված հաշվետվությունների և պայմանագրային պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա իրականացվող ուսումնասիրությունների միջոցով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 23
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 26-ի N 1955-Ն որոշման

Ձև



Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Գ ՈՒ Յ Ք Ի  Մ Ա Ս Ն Ա Վ Ո Ր Ե Ց Մ Ա Ն  ( Ա Ռ ՈՒ Վ Ա Ճ Ա Ռ Ք Ի )
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

Սույն մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) կնքված է 200 ____ թվականի ___________ -ի ______-ին, Երևան քաղաքում, հետևյալ կողմերի միջև`

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ՝ վաճառող), ի դեմս վարչության պետ ______________________ ի, մի կողմից, և _________________________________ -ի (այսուհետ՝ գնորդ), մյուս կողմից։

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1.1. Սույն պայմանագիրը կնքված է՝ հիմք ընդունելով`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը,

բ) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

գ) (պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված լինելու դեպքում` նաև) «Պետական գույքի մասնավորեցման _______ թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 200 _____ թվականի ______________ -ի _______ -ի N  որոշումը,

ե) (մրցույթի դեպքում` նաև) 200 ____ թ. ______________-ի ______-ին կայացած մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը,

զ) (աճուրդի դեպքում` նաև) 200 ____ թ. ______________-ի ______-ին կայացած աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը:

1.2. Սույն պայմանագրի առարկան համարվում է գրավ դրված` ի ապահովումն գնորդի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման:

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԳԻՆԸ


2.1. Սույն պայմանագրի առարկան ____________________________ պետական գույքի (բաժնետոմսերի դեպքում` «______________________» ______________ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող _________________ բաժնետոմսերի (այսուհետ՝ պետական գույք) մասնավորեցումն (առուվաճառքը) է:

2.2. Վաճառվող պետական գույքի գնահատված արժեքը կազմում է ______________ Հայաստանի Հանրապետության դրամ (բաժնետոմսերի դեպքում` նաև, որը համապատասխանում է ______________ բաժնետոմսի, յուրաքանչյուրը ______________ Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով):

2.3. Վաճառվող պետական գույքի վաճառքի գինը կազմում է _________ Հայաստանի Հանրապետության դրամ (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վճարման այլ միջոց նախատեսված լինելու դեպքում` արտահայտված վճարման տվյալ միջոցով):

2.4. Սույն պայմանագրով սահմանված պայմանների հիման վրա վաճառողը վաճառում և գնորդի սեփականությանն է հանձնում պետական գույքը, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այն` որպես իր սեփականություն:

2.5. Ընկերության (պետական գույքի) գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. ______________: (Անշարժ գույքի դեպքում նաև` սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի կամ լիազորված մարմնի կողմից տրված տեղեկանքի տվյալները ______________):

3. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ


3.1. Գնորդը 200 _____ թ. ______________-ի ______-ին պետական գույքի վաճառքի գինը՝ _______________ Հայաստանի Հանրապետության դրամ, վճարել է ամբողջությամբ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` տարաժամկետ վճարման առանձնահատկությունները, կարգը և պայմանները):

4. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ


4.1. Պետական գույքի հանձնում-ընդունումը կատարվում է պետական գույքի հանձնման-ընդունման ակտի ստորագրման միջոցով, որը սույն պայմանագրի անբաժանելի մասն է:

4.2. (բաժնետոմսերի դեպքում նաև` բաժնետոմսերի մասնավորեցումից հետո ընկերությունը շարունակում է կրել մինչև մասնավորեցումն ունեցած իր գույքային և ոչ գույքային իրավունքները):

4.3. Մինչև սույն պայմանագրով նախատեսված իր ամբողջ պարտավորությունների կատարման ավարտը` գնորդը պարտավորվում է սույն պայմանագրի առարկա հանդիսացող գույքն օտարելու դեպքում օտարման պայմանագրում ամրագրել դրույթ սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրավահաջորդության կարգով նոր գնորդին անցնելու մասին:

(բաժնետոմսերի դեպքում նաև`

4.4. Գնորդը հավաստիացնում է, որ իրազեկ է ընկերության ֆինանսական, գույքային փաստացի վիճակին և բաժնետոմսերը ձեռք է բերում սույն պայմանագրում նշված արժեքով ու պայմաններով:

4.5. Գնորդը հավաստիացնում է, որ իրազեկ է ընկերության ունեցած գույքային և ոչ գույքային իրավունքներին ու պարտավորություններին):

5. ԳՆՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


5.1. Գնորդն իրավունք ունի տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իր կողմից ձեռք բերված պետական գույքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:

(բաժնետոմսերի դեպքում նաև`

5.2. Բաժնետոմսերը գնորդին իրավունք են տալիս մասնակցելու ընկերության կառավարմանը, ստանալու շահութաբաժին և լուծարման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու գույքի մաս):

(Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում նաև`

5.3. «___________________________» ____________ բաժնետիրական ընկերությունը ____________ թվականների տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ —————-):

5.4. Գնորդը պարտավորվում է`

5.4.1. սույն պայմանագրից ծագող սեփականության իրավունքի գրանցումը կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր միջոցների հաշվին.

(անհրաժեշտության դեպքում նաև`

5.4.2. իր լիազորությունների սահմաններում նպաստել քաղպաշտպանության միջոցառումների ու քաղպաշտպանության գույքի պահպանման մասին ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության միջև կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը,

իր լիազորությունների սահմաններում նպաստել մոբիլիզացիոն առաջադրանքների իրականացման, մոբիլիզացիոն ռեզերվների պահպանման մասին ընկերության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովմանը.

(Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում նաև`

5.4.3. առնվազն ____________ տարվա ընթացքում պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը.

5.4.4. մինչև ____________ թվականն ամբողջությամբ վճարել ընկերության տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները).

5.4.5. սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ________ տարվա ընթացքում կատարել ________________ Հայաստանի Հանրապետության դրամի չափով ներդրում՝ հետևյալ համամասնությամբ, կառուցվածքով և ժամանակահատվածներում`

ա) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից առաջին տարվա ընթացքում՝

 ____________ նպատակով` ____________ դրամ,

____________ նպատակով` ____________ դրամ,

____________________________________,

բ) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից երկրորդ տարվա ընթացքում՝
____________ նպատակով` ____________ դրամ,
 ____________ նպատակով` ____________ դրամ,
____________________________________,

—) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից __________ տարվա ընթացքում՝ _____________________ .

5.4.6. սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից _______ _ _ _ _ տարվա ընթացքում ապահովել սոցիալական երաշխիքների իրականացումը` հետևյալ համամասնությամբ և ժամանակահատվածներում`

ա) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից առաջին տարվա ընթացքում ապահովել նվազագույնը ________ մարդ/ամիս` առնվազն ________ դրամ միջին (նվազագույն) ամսական աշխատավարձով,

բ) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից երկրորդ տարվա ընթացքում ապահովել նվազագույնը ________ մարդ/ամիս` առնվազն ________ դրամ միջին (նվազագույն) ամսական աշխատավարձով,

—) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից _____________________ _____________________________________________________________

5.4.7. պայմանագրի նոտարական ձևակերպման ծախսերն իրականացնել իր միջոցների հաշվին.

5.4.8. պայմանագրով նախատեսված պարտավորության ժամկետը լրանալուց հետո   15-օրյա ժամկետում վաճառողին ներկայացնել պարտավորության կատարման մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն)՝ կցելով այն հաստատող փաստաթղթերը.

5.4.9. վաճառողի պահանջով ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարումը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր.

5.4.10. պայմանագրային պարտավորությունների վաղաժամկետ կատարման դեպքում գնորդը կարող է հաշվետվությունը վաճառողին ներկայացնել սույն կետով սահմանված ժամկետներից շուտ.

(եթե գնորդը կազմակերպություն է, ապա`

5.4.11. գնորդը հաշվետվությունը շարադրում է ազատ ոճով, ընդ որում՝

ա) ներդրումների կատարման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի կատարված ներդրումների ծավալի, կառուցվածքի և համամասնությունների մասին տեղեկատվություն, որին պետք է կցվեն դրանց կատարումը հաստատող, ինչպես նաև կազմակերպության հաշվապահական հաշվառման մեջ դրանց արտացոլումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները,

բ) սոցիալական երաշխիքների ապահովման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի կազմակերպության հիմնական և պայմանագրային աշխատողների թվի, նրանց կազմի, նվազագույն կամ միջին աշխատավարձի, աշխատաժամանակի և պայմանագրով նախատեսված այլ անհրաժեշտ պայմանների մասին տեղեկատվություն, որին պետք է կցվեն դրանք հաստատող փաստաթղթերի պատճենները.

(եթե գնորդը ֆիզիկական անձ է, ապա`

5.4.12. գնորդը հաշվետվությունը շարադրում է ազատ ոճով, ընդ որում, ներդրումների կատարման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի կատարված ներդրումների ծավալի, կառուցվածքի և համամասնության մասին տեղեկատվություն, որին պետք է կցվեն դրանց կատարումը հաստատող փաստաթղթերի պատճենները.

(անհրաժեշտության դեպքում նաև`

5.4.13. գնորդը մասնավորեցված անավարտ շինարարության օբյեկտների համար համապատասխան հաշվետվություններին կից ներկայացնում է նաև շինարարության իրականացման թույլտվությունը, շինարարության ավարտի փաստագրման կարգով սահմանված ավարտական ակտերը, անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված՝ անշարժ գույքի (որպես ավարտուն շինության) սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի պատճենը):

6. ՎԱՃԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


6.1. Վաճառողն իրավունք ունի`

6.1.1. գնորդից պահանջելու պայմանագրում ամրագրված պարտավորությունների կատարման մասին հաշվետվություն` հաստատող փաստաթղթերի հետ միասին.

6.1.2. գնորդից պահանջելու պայմանագրում ամրագրված պարտավորությունների կատարման ընթացքի մասին տեղեկատվություն.

6.1.3. անհրաժեշտության դեպքում պահանջելու պարտավորությունների ժամանակին և ամբողջական կատարման հավաստիությունը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր.

6.1.4. ուսումնասիրություններ կատարելիս`

ա) պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, տեղեկանքներ, տեղեկատվություն, որոնք անմիջականորեն առնչվում են ուսումնասիրությանը,

բ) անհրաժեշտության դեպքում ուսումնասիրության աշխատանքներում ներգրավելու տվյալ կազմակերպության համապատասխան մասնագետների (աշխատողների),

գ) վերցնելու այն փաստաթղթերի պատճենները, որոնք անմիջականորեն առնչվում են ուսումնասիրության նպատակներին.

6.1.5. պայմանագրում նշված պարտավորությունները չկատարելու դեպքում (հաշվի առնելով պարտավորությունների չկատարման ու թերակատարման դեպքերում պայմանագրով նախատեսված և սույն կետում նշված կատարման ժամկետներն ու կարգը) օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բռնագանձում կիրառելու և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով:

6.2. Վաճառողը պարտավոր է`

6.2.1. գնորդի պահանջով նրան տրամադրել պետական գույքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկություններ.

6.2.2. առանց գնորդի համաձայնության՝ չհրապարակել մասնավորեցման և (կամ) պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկման ընթացքում վաճառողին հայտնի դարձած` օրենքով նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ


7.1. Գնորդն իրավունք չունի սույն պայմանագրի 5.4.5-րդ ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները կատարելու սույն պայմանագրի առարկա հանդիսացող գույքի (եթե պայմանագրի առարկան որևէ ընկերության բաժնետոմսերն են, ապա նաև տվյալ ընկերության գույքի) օտարման միջոցով:

7.2. Գնորդի կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունը`

ա) սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված ներդրումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի ________ տոկոսի չափով,

բ) սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված ներդրումը 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը պարտավոր է 2 ամսվա ընթացքում կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի _________ տոկոսի չափով,

գ) սահմանված ժամկետում` պայմանագրով նախատեսված աշխատողների թվի մինչև 50 տոկոսն ապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատողների թիվը` միաժամանակ աշխատանքով չապահովված յուրաքանչյուր աշխատողի համար ամեն ամիս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ այդ պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի _________ ապատիկի չափով,

դ) սահմանված ժամկետում` պայմանագրով նախատեսված աշխատողների թվի 50 տոկոսից ավելին ապահովելու, բայց ամբողջությամբ չապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 2 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատողների թիվը` միաժամանակ աշխատանքով չապահովված յուրաքանչյուր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ այդ պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի _________ ապատիկի չափով,

ե) պայմանագրով նախատեսված աշխատավարձը մինչև 50 տոկոս ապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատավարձն ամբողջությամբ` միաժամանակ յուրաքանչյուր ամսվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` սահմանված և չվճարված աշխատավարձի գումարի ______ տոկոսի չափով:

Տուժանքի վճարումը գնորդին չի ազատում չվճարված աշխատավարձի գծով պարտավորությունների ամբողջական կատարումից,

զ) պայմանագրով նախատեսված աշխատավարձը 50 տոկոսից ավելի ապահովելու, բայց ամբողջությամբ չապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 2 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատավարձն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ սահմանված և չվճարված աշխատավարձի գումարի _______ տոկոսի չափով:

Տուժանքի վճարումը գնորդին չի ազատում չվճարված աշխատավարձի գծով պարտավորությունների ամբողջական կատարումից:

7.3. Չի թույլատրվում մինչև պայմանագրային պարտավորությունների կատարման ավարտը` ձեռք բերված գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի փոփոխություն` առանց վաճառողի գրավոր համաձայնության` բացառությամբ իրավաբանական անձի վերակազմակերպման, գույքի ժառանգաբար փոխանցման և օրենքով նախատեսված այլ դեպքերի:

7.4. Պարտավորություններից որևէ մեկը տույժով հաշվարկված ժամկետում չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն օրենքով սահմանված կարգով դիմում է դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բռնագանձում կիրառելու և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով:

7.5. Պայմանագիրը լուծվելու կամ բռնագանձում կիրառվելու դեպքում վճարված և ներդրված գումարները ենթակա չեն վերադարձման:

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)


8.1. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագրի կնքումից հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը։ Գնորդը պարտավոր է այդպիսի իրավիճակների մասին մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնել վաճառողին: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ


9.1. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը ենթակա են լուծման` դատական կարգով։

10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


10.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

10.2. Պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող` հայերեն _____ օրինակից:

ՎԱՃԱՌՈՂ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
____________________________
(լիազորված անձի անունը, ազգանունը)
____________________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
___ _______________200_____թ.

ԳՆՈՐԴ

____________________________
(գնորդի անունը, ազգանունը)
____________________________
(այլ տվյալներ և հասցեն)
____________________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
___ _______________200_____թ

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.11.2023, N 2102-Ն 11.12.2023, N 1955-Ն
24.09.2020, N 1581-Ն 08.10.2020, N 1955-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան