Գլխավոր տեղեկություն
Համար
N 1795-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2007-07.09.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.12/18(193) Հոդ.47
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1795-Ն

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԼՎԱՑՈՂ ՈՒ ՄԱՔՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների բազմազանությունը, շուկայում դրանց ծավալները և օգտագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից՝

ա) 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների արտադրության և իրացման սանիտարական կանոններն ու նորմերը.

բ) 3 ամսվա ընթացքում մշակել հիգիենիկ եզրակացության տրամադրման կարգը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման.

գ) մեկ տարվա ընթացքում մակերևութաակտիվ միջոցներ և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներ արտադրող այն պետությունների առողջապահական մարմինների հետ, որոնց արտադրանքը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն, կնքել հիգիենիկ եզրակացությունների փոխճանաչման պայմանագրեր։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու տարի հետո:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 17
Երևան

 


Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԼՎԱՑՈՂ ՈՒ ՄԱՔՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ


I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող  լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ միջոցների վրա՝

մակերևութաակտիվ միջոցներ

3402 20 200, 3402 90 100,

լվացող ու մաքրող միջոցներ, որոնք պարունակում են

մակերևութաակտիվ նյութեր

3402 20 900, 3402 90 900։

 

2. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված մակերևութաակտիվ միջոցները և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցները (այսուհետ՝ լվացող միջոցներ) նախատեսված են գործվածքների և ամանեղենի բոլոր տեսակների, ինչպես նաև սալիկների, հատակի, խոհանոցային ու սանհանգույցի պարագաների, արդյունաբերական ու բժշկական սարքավորումների լվացման ու մաքրման համար։

3. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նշված լվացող միջոցների անվտանգությունը բնութագրող, ինչպես նաև մակնշմանն ու փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության հավաստման ընթացակարգերը։

4. Լվացող միջոցները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման։


II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝

լվացող միջոց՝ արտադրանք, որի բաղադրությունը հատուկ ընտրված է լվացող ազդեցության միջոցով աղտոտվածությունների հեռացման համար։ Լվացող միջոցները ներառում են հիմնական (մակերևութաակտիվ նյութեր կամ օճառ) և լրացուցիչ (ակտիվ հավելանյութեր) բաղադրիչներ։

լվացող միջոցները կարող են ունենալ ցանկացած տեսք (հեղուկ, փոշի, մածուկ, կտոր, բրիկետ, թափծու կտոր, ձևավոր կտոր և այլն).

մաքրող միջոց՝ փոքր քանակությամբ օճառ կամ ուրիշ մակերևութաակտիվ նյութ պարունակող արտադրանք, որն օգտագործվում է հատակների, սալիկների, պատուհանների և այլ մակերեսների մաքրման համար.

մակերևութաակտիվ միջոց՝ մակերևութաակտիվ նյութերի (անիոնային, կատիոնային, ոչ իոնածին, ամֆոլիտիկ) խառնուրդները, օրգանական լուծիչում դրանց լուծույթները կամ դիսպերսիաները, մակերևութաակտիվ նյութի հիման վրա օճառ պարունակող կամ չպարունակող այլ խառնուրդները, ինչպես նաև օրգանական լուծիչում օճառի լուծույթները.

մակերևութաակտիվ նյութ՝ մակերևութային ակտիվությամբ օժտված քիմիական միացություն, որը հեղուկում (մասնավորապես, ջրում) լուծելիս հեղուկ-գոլորշի կամ միջֆազային այլ մակերևույթների վրա նախընտրելի մակակլանման շնորհիվ իջեցնում է դրա մակերևութային կամ միջֆազային լարվածությունը.

մակերևութային ակտիվություն՝ լուծույթում մակերևութաակտիվ նյութի գործողություն, որը սովորաբար հանգեցնում է մակերևութային և միջֆազային լարվածության իջեցման.

անիոնային մակերևութաակտիվ նյութ՝ մակերևութաակտիվ նյութ, որը ջրային լուծույթում իոնացվում է մակերևութային ակտիվությունը պայմանավորող բացասական լիցքավորված իոնների.

կատիոնային մակերևութաակտիվ նյութ՝ մակերևութաակտիվ նյութ, որը ջրային լուծույթում իոնացվում է մակերևութային ակտիվությունը պայմանավորող դրական լիցքավորված իոնների.

ոչ իոնածին մակերևութաակտիվ նյութ՝ մակերևութաակտիվ նյութ, որը ջրային լուծույթում իոններ չի առաջացնում, և որի լուծելիությունը ջրում պայմանավորված է մոլեկուլում ջրի նկատմամբ խիստ խնամակցություն ունեցող գործառութային խմբերի առկայությամբ.

ամֆոլիտ մակերևութաակտիվ նյութ՝ մակերևութաակտիվ նյութ մի քանի գործառութային խմբերով, որը ջրային միջավայրում, կախված պայմաններից, իոնացվում է՝ առաջացնելով բացասական լիցքավորված կամ դրական լիցքավորված իոններ.

մակերևութային լարվածություն՝ լարվածություն հեղուկի մակերևութային շերտում, որն արտահայտվում է երկարության միավորին ընկնող ուժով։ Մակերևութային լարվածությունը մակերևույթի և այդ մակերևույթի տակ գտնվող մոլեկուլների միջև փոխադարձ ձգողականությունն է, որն ուղղված է դեպի հեղուկի ներքին ծավալը։

Մակերևութային լարվածությունը չափվում է միլինյուտոնով մետրում (մՆ/մ)։

Մակերևութային լարվածությունը հեղուկ և գոլորշի ֆազերի բաժանման մակերևույթին առաջացող ուժերի մասնավոր դեպք է.

միջֆազային լարվածություն՝ լարվածություն երկու հեղուկի բաժանման մակերևույթին, որն արտահայտվում է երկարության միավորին ընկնող ուժով։

Միջֆազային լարվածությունը չափվում է միլինյուտոնով մետրում (մՆ/մ).

առաջնային կենսատարրալուծում՝ մանրէների ազդեցությամբ մակերևութաակտիվ նյութի քայքայումը (սովորաբար ջրային միջավայրում), որի հետևանքով այն կորցնում է իր մակերևութային ակտիվությունը.

լրիվ կենսատարրալուծում՝ մակերևութաակտիվ նյութի կենսատարրալուծման աստիճան, երբ ջրային միջավայրում օդի ներկայությամբ մանրէների ազդեցությամբ այն ամբողջովին տարրալուծվում է ածխածնի երկօքսիդի, ջրի, առկա այլ տարրերի հանքային աղերի և մանրէների կենսագործունեության այլ միացությունների.

լվացող ազդեցություն՝ լվացման գործողություն իրականացնելու՝ լվացող միջոցի ունակություն.

լվացման գործողություն՝ աղտոտվածքների հեռացման գործընթաց հիմքից՝ դրանք վերածելով լուծույթ կամ դիսպերս վիճակի.

հավելանյութ՝ ակտիվ (լվացող միջոցների համար)՝ լվացող միջոցի օժանդակ բաղադրիչ, սովորաբար անօրգանական կառուցվածքով, որի բնութագրական հատկությունները, զուգակցվելով հիմնական բաղադրիչների հատկություններին, ի հայտ են գալիս լվացման ժամանակ։

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում լվացող միջոցների իրացումն առանց համապատասխանության հավաստման՝ արգելվում է։

7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող լվացող միջոցները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով։

8. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները լվացող միջոցների արտադրման, փոխադրման, պահման և իրացման փուլերում պետք է կատարվեն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Լվացող միջոցների անվտանգությունը բնութագրող պահանջները

9. Լվացող միջոցները պետք է անվնաս լինեն ինչպես արտադրության, այնպես էլ պահման, փոխադրման և օգտագործման ժամանակ՝ մարդու կյանքի և առողջության համար, չառաջացնեն տեղային մաշկագրգռիչ ազդեցություններ, ինչպես նաև չպետք է ունենան թունավոր, մաշկաներծծվող, ալերգիկ, մուտագեն, քաղցկեղածին ազդեցություններ օրգանիզմի վրա։

10. Լվացող միջոցները չպետք է ունենան օրգանիզմում կուտակվելու (կումուլյատիվ) հատկություններ։

11. Լվացող միջոցները պետք է հեշտ և արագ մաքրվեն (հեռացվեն) մարդու մաշկածածկույթից և լվացվող-մաքրվող արտադրատեսակների վրայից։

12. Լվացող միջոցները պետք է լավ լուծվեն ջրում և չունենան սուր հոտ։

13. Լվացող միջոցները չպետք է ունենան մակակլանվելու հատկություն՝ մաշկը և լվացման-մաքրման ենթակա իրերը դրանցով մշակելու ժամանակ։

14. Լվացող միջոցներում պարունակվող մակերևութաակտիվ նյութերի առաջնային  կենսատարրալուծման աստիճանը պետք է լինի 80 տոկոսից ոչ պակաս։

15. Լվացող միջոցներում պարունակվող մակերևութաակտիվ նյութերի լրիվ կենսատարրալուծման աստիճանը 28 օրվա ընթացքում պետք է հասնի առնվազն 60 տոկոսի։

16. Լվացող միջոցների ջրային լուծույթում ջրածնի իոնների խտությունը (pH), պետք է լինի 3-ից մինչև 11,5 տիրույթում։

Լվացող միջոցների մակնշմանը ներկայացվող պահանջները

 

17. Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող լվացող միջոցների փաթեթվածքի կամ պիտակների վրա տեսանելի տեղում և ընթեռնելի ձևով պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները`

ա) լվացող միջոցի անվանումը.

բ) արտադրողի (մատակարարի) անվանումը, ապրանքային նշանը (առկայության դեպքում), գտնվելու վայրը.

գ) լվացող միջոցի բաղադրությունը, որը նշվում է հետևյալ բաղադրամասերի 2 տոկոսից ավելի պարունակության դեպքում՝

ֆոսֆատներ,

ֆոսֆոնատներ,

անիոնային մակերևութաակտիվ նյութեր,

կատիոնային մակերևութաակտիվ նյութեր,

ոչ իոնածին մակերևութաակտիվ նյութեր,

ամֆոլիտ մակերևութաակտիվ նյութեր,

թթվածին պարունակող սպիտակեցնող բաղադրիչներ,

քլոր պարունակող սպիտակեցնող բաղադրիչներ,

ԷԴՏԱ (EDTA) (տրիլոն Բ),

նիտրիլեռքացախաթթու,

ֆենոլներ և հալոգենացված ֆենոլներ,

պարադիքլորբենզոլ,

արոմատիկ ածխաջրածիններ,

ալիֆատիկ ածխաջրածիններ,

հալոգենացված ածխաջրածիններ,

օճառ,

զեոլիտներ,

պոլիկարբօքսիլատներ։

Մականշվածքում բաղադրամասերի տոկոսային պարունակությունը պետք է նշվի հետևյալ ձևով՝

5 տոկոսից պակաս (0,2-ից մինչև 5 տոկոս պարունակության դեպքում),

5-15 տոկոս,

15-30 տոկոս,

30 տոկոսից բարձր։

Ֆերմենտների, պահպանող (կոնսերվացնող) նյութերի, ինչպես նաև ախտահանող նյութերի պարունակությունը նշվում է անկախ դրանց քանակությունից.

դ) ցուցումներ՝ օգտագործման վերաբերյալ (լվացվող և մաքրվող օբյեկտը, լվացման եղանակը, ջրի ջերմաստիճանը, ջրի և լվացող միջոցի քանակությունը և այլն).

ե) լվացքի համար նախատեսված լվացող միջոցի փաթեթվածքի վրա լրացուցիչ նշվում է նաև լվացքի մեքենայի ստանդարտ բեռնաչափերի համար լվացող միջոցի առաջարկվող քանակությունը (չափաբաժինը)՝ հաշվի առնելով ջրի կոշտությունը և լվացման ցիկլերը.

զ) լվացքի մեքենայի ստանդարտ բեռնաչափեր են համարվում՝ 4,5 կգ չոր գործվածքը՝ ուժեղ լվացող միջոցի համար, և 2,5 կգ չոր գործվածքը՝ թույլ լվացող միջոցի համար։

Լվացող միջոցը համարվում է ուժեղ, եթե արտադրողը կամ մատակարարը փաթեթվածքի վրա չի նշել, որ այն հիմնականում նախատեսված է գործվածքների խնամքի համար, բայց այն կարող է օգտագործվել  նաև նուրբ և գունավոր գործվածքների լվացման համար՝ ցածր ջերմաստիճանում։

18. Արդյունաբերական նպատակով օգտագործվող լվացող միջոցների փաթեթվածքների վրա պարտադիր չէ նշել 17-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով սահմանված պահանջները, եթե այդ տեղեկությունները տրվում են ապրանքաուղեկից փաստաթղթերում։

19. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետությունում իրացվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող լվացող միջոցների վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգի 17-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում սահմանված տեղեկատվության տրամադրումը սպառողին՝ հայերենով։

20. Լվացող միջոցի փաթեթավորումը և դրա համար օգտագործվող նյութերը պետք է ապահովեն արտադրանքի պահպանվածությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությունը դրա փոխադրման, պահման, իրացման և օգտագործման ժամանակ։

 

V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

21. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լվացող միջոցների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 2 հ, 3 հ կամ 4 հ հայտարարագրման սխեմայով հավաստված համապատասխանության հայտարարագիր կամ սերտիֆիկացման 2 ս, 3 ս, 4 ս, 5 ս կամ 6 ս սխեմայով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ։

Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը լվացող միջոցների փոխադրական տարաների վրա և (կամ) ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող են նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը,  դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանելու մասին» N 1284-Ն որոշմամբ սահմանված ձևի համապատասխանության նշանը։

22. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ լվացող միջոցի տվյալ խմբաքանակի յուրաքանչյուր փոխադրական տարայից ընտրում է մեկական փաթեթվածք (սպառողական տարա), բայց ոչ պակաս 9 հատից։ Ընտրված փաթեթվածքների պարունակությունը միացնում են, լավ խառնում և կրճատում են մինչև 1 կգ զանգվածով միջին նմուշի ստացումը։

Փոշենման լվացող միջոցների նմուշը կրճատում են քառորդացման մեթոդով։ Ստացված միջին նմուշը տեղավորում են մաքուր, չոր, կիպահղկված խցանով բանկայում կամ այլ հերմետիկ փակվող տարողությունում։

Միջին նմուշով տարային փակցնում են պիտակ, որի վրա պետք է նշվեն՝

լվացող միջոցի անվանումը, դրա նշանակումը,

արտադրողի (մատակարարի) կամ դրա լիազոր ներկայացուցչի անվանումը, ապրանքային նշանը (առկայության դեպքում),

նորմատիվ փաստաթղթի նշագիրը,

արտադրման թվականը,

խմբաքանակի համարը,

նմուշառման թվականը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը),

նմուշառման վայրը,

նմուշառումն իրականացնողի ազգանունը և ստորագրությունը։

23. Լվացող միջոցների նույնականացման գործընթացում ստուգվում են փաթեթավորման տարաների կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում տրված տեղեկատվությանը։

24. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով սահմանված փորձարկման մեթոդների ստանդարտներին համապատասխան։

25. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է համապատասխանության հավաստման 2 ս, 3 ս, 4 ս կամ 5 ս սխեմայով։

26. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ համապատասխանության հավաստման իրականացված սխեմայի՝

2 հ կամ 2 ս սխեմայի դեպքում՝ 12 ամիս,

3 ս սխեմայի դեպքում՝ 24 ամիս,

3 հ, 4 ս կամ 5 ս սխեմայի դեպքում՝ 36 ամիս,

4 հ կամ 6 ս սխեմայի դեպքում՝ գործողության ժամկետը սահմանվում է՝ հաշվի առնելով լվացող միջոցների պիտանիության ժամկետը, բայց ոչ պակաս 3 ամսվանից։

27. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ սերտիֆիկացված լվացող միջոցների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 25-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում։

28. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ։

Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։

 

VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

29. Լվացող միջոցների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

30. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լվացող միջոցների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ստանդարտի նշագիրը Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը
ԳՕՍՏ 22567.5 Միջոցներ լվացող սինթետիկ և մակերևութաակտիվ նյութեր.
Ջրածնական իոնների խտության որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 30024
(ԻՍՕ 607-80)
Նյութեր մակերևութաակտիվ և միջոցներ լվացող սինթետիկ.
Նմուշի բաժանման մեթոդներ
ԳՕՍՏ Ռ 50595 Նյութեր մակերևութաակտիվ. Ջրային միջավայրում կենսաքայքայման որոշում
ԳՕՍՏ Ռ 50550 Ապրանքներ կենցաղային քիմիայի. Ջրածնական իոնների ակտիվության ցուցիչի (pH) որոշման մեթոդ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան