Գլխավոր տեղեկություն
Համար
N 1228-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2004-20.08.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.09.22/50(349) Հոդ.1092
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.12.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2004 թվականի N 1228-Ն

 

ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անասնապահական բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի բոլոր անցումային կետերում ապահովել պետական սահմանային անասնաբուժական հսկողության կազմակերպումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 6
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1228-Ն որոշման


Կ Ա Ր Գ

 

ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

I. ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են անասնաբուժական պետական հսկման ենթակա բեռների (այսուհետ` ենթահսկման բեռներ) միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգության նկատմամբ վերահսկողության իրականացման պայմանները:

2. Սույն կարգի պահանջները կիրառվում են հետևյալ բեռների նկատմամբ`

ա) կենդանիների (ներառյալ թռչունները, մուշտակատու գազանները, լաբորատոր, կենդանաբանական այգու և ընտանի կենդանիները, ծովային գազանները, մեղուները, ձկները և այլ հիդրոբիոտներ), գենետիկական նյութերի (սերմնահեղուկ, ձվաբջիջ, կենդանիների սաղմ, մեղվի որդ և ձու, բեղմնավորված ձկնկիթ, ինկուբացիոն ձու, բջջային կուլտուրաներ, գենաինժեներային տեխնոլոգիաների արտադրանք), տոհմային նյութերի` սեռական բջիջների և բեղմնավորված ձվաբջիջների (սերմ, բոժոժներ, թրթուր).

բ) կենդանական ծագմամբ մթերքի (միս և մսամթերք, կաթ ու կաթնամթերք, ձուկ, ձկնամթերք և ծովային մթերքներ, ձու` սննդային ու ձվամթերք, մեղր և մեղվաբուծական արտադրանքներ (մեղրամոմ, մեղրահաց, մոմաթերթ և այլն).

գ) կենդանական ծագմամբ հումքի (մորթի, բուրդ, մորթեղեն, աղվամազ, փետուր, էնդոկրինային և աղիքային հումք, արյուն, ոսկորներ ու հումքի այլ տեսակներ).

դ) կենդանիների համար կերերի և կերային խառնուրդների.

ե) անասնաբուժական նշանակության կենսապատվաստուկների և կենդանական ծագմամբ առարկաների հավաքածուի:

 

II. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ա) անասնաբուժական վկայական` սահմանված ձևի փաստաթուղթ, որը տրվում է անասնաբուժական պետական կազմակերպությունների կողմից բոլոր տեսակի ենթահսկման բեռների փոխադրման համար, ինչը հաստատում է, որ նշված բեռները դուրս են գալիս կենդանիների հատուկ վտանգավոր և կարանտինային հիվանդությունների նկատմամբ ապահով վայրից,

բ) անասնաբուժական սերտիֆիկատ` սանիտարական փաստաթուղթ, որը հավաստում է ներմուծվող (արտահանվող) անասունի (կենդանի և մորթված), թռչնի (կենդանի և մորթված) և դրանց վերամշակված մթերքների վարակված չլինելը և հաստատում, որ դրանք ծագմամբ սուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տարածքներից են,

գ) անասնաբուժական պահանջներ` պահանջներ, որոնք ներկայացվում են ներկրող երկրի անասնաբուժական պետական ծառայության կենտրոնական մարմինների կողմից արտերկրներից ներմուծվող ենթահսկման բեռներին` ուղղված կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների մուտքի կանխարգելմանը երկրի տարածք (անասնաբուժական պահանջները հաստատված են 2000 թվականի ապրիլի 6-ին` ԱՊՀ անդամ պետությունների անասնաբուժության ոլորտում համագործակցող միջկառավարական խորհրդի կողմից և ստորագրվել են ԱՊՀ անդամ պետությունների տնտեսագիտական խորհրդում),

դ) ներկրող երկիր` երկիր, որը ներկրում է ենթահսկման բեռները,

ե) արտահանող երկիր` երկիր, որից ենթահսկման բեռներն ուղարկվում են որևէ մի այլ երկիր,

զ) տարանցիկ երկիր` երկիր, որը հատում են ենթահսկման բեռները մինչև ներկրող երկիր հասցնելը,

է) հիդրոբիոտներ` ջրում ապրող կենդանիներ,

ը) բջջային կուլտուրաներ` օրգանիզմից դուրս աճող բջջային համակարգեր` տարբեր կենսաբանական, մասնավորապես, վիրուսաբանական հետազոտություններ իրականացնելու համար,

թ) գենաինժեներային տեխնոլոգիաների արտադրանք` արտադրանք (սպիտակուց, ամինաթթուներ, կենսաբանական նյութեր և այլն), որն ստացվում է մեկ օրգանիզմի տվյալ նյութն արտադրող գենը մեկ այլ օրգանիզմի մեջ տեղադրելուց` դրանից մեծ քանակությամբ տվյալ նյութն արտադրելու հնարավորություն ստանալով,

ժ) վիրուսային և բակտերիալ կուլտուրաներ` գենետիկապես մաքուր, առանց խառնուրդների, առանձնացված բջիջներ և վիրուսային մասնիկներ,

ժա) գենետիկական կառուցվածք` ժառանգատիպը պայմանավորող կառուցվածք,

ժբ) որսորդական հանդակ` որսորդության համար հարկավոր և օգտակար անտառահանդակներ կամ հողահանդակներ,

ժգ) կենդանական ծագմամբ հավաքածու առարկաներ` կենդանաբանության, հնագիտության և հնաբանության (կենդանիների, թռչունների պաճուճապատանք, անհետացած կենդանիների դիակներ, նրանց մնացորդներ) հավաքածուներ,

ժդ) միջազգային փոխադրումներ` միջազգային առևտրական միևնույն ստանդարտներով դասակարգված, անվանակարգված և կոդավորված ապրանքների երաշխավորված փոխադրում,

ժե) միջպետական փոխադրումներ` պետությունների միջև համաձայնեցված ստանդարտներով դասակարգված ապրանքների երաշխավորված փոխադրում:

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Ենթահսկման բեռները ենթակա են փոխադրման միայն անասնաբուժական փաստաթղթերի առկայության դեպքում (բացառությամբ որպես սնունդ ուղևորության ընթացքում սնվելու համար փոխադրվող ձեռքի բեռի): Անասնաբուժական փաստաթղթերը պետք է ուղեկցվեն փոխադրման ամբողջ ընթացքում (արտահանման դեպքում` անասնաբուժական վկայական, անասնաբուժական սերտիֆիկատ, ներմուծման դեպքում` անասնաբուժական սերտիֆիկատ` միայն բնօրինակով): Դրանք ձևակերպում են արտահանող երկրի անասնաբուժական պետական ծառայությունները, որոնք բնութագրում են ենթահսկման բեռի և դրա բարձման վայրի անասնաբուժասանիտարական վիճակը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքով ենթահսկման բեռների (բացառությամբ կենդանիների) միջազգային տարանցիկ փոխադրումներն իրականացվում են առանց հատուկ թույլտվության:

Սահմանային հսկիչ անասնաբուժական կետի հերթապահ անասնաբույժը կատարում է տարանցիկ բեռի զննում, ստուգում փաթեթավորման ամբողջականությունը, տեսակավորման համապատասխանությունը տրանսպորտային փաստաթղթերին, արտահանող երկրի անասնաբուժական սերտիֆիկատի բնօրինակի առկայությունը: Նշված պայմանների առկայության դեպքում անասնաբուժական սերտիֆիկատի վրա Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակ դրվում է «Տարանցումը թույլատրվում է» դրոշմը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող կետում (տարանցիկ փոխադրման ավարտին)` «Բացթողումը թույլատրվում է» դրոշմը, որը վավերացնում է անձնական համարի կնիքով և ստորագրությամբ, ինչը վերծանում է անվանական դրոշմով` նշելով իր ազգանունը և անվան ու հայրանվան սկզբնատառերը:

6. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վրա ենթահսկման բեռների նկատմամբ անասնաբուժական հսկողություն իրականացնող անասնաբույժները, ովքեր ունեն անասնաբուժական փաստաթղթեր (անասնաբուժական վկայական և անասնաբուժական սերտիֆիկատ) տալու և դրանցում նշում կատարելու իրավունք, ունեն համապատասխան դրոշմներ` «Բացթողումը թույլատրվում է», «Տարանցումը թույլատրվում է», «Ներկայացնել ժամանման վայրի անասնաբուժական հսկողությանը», «Ներմուծումն արգելվում է», «Վերադարձ», անկյունաձև դրոշմ, անասնաբուժական մասնագետների անձնական դրոշմ և անձնական համարի կնիք:

7. Հայաստանի Հանրապետության տարածքով կենդանիների միջազգային տարանցիկ փոխադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր անասնաբուժական պետական տեսուչի (այսուհետ` պետական տեսուչ) գրավոր թույլտվության առկայության դեպքում` ներկրող պետության կենտրոնական անասնաբուժական մարմնի հարցման հիման վրա (ներմուծման, արտահանման կետերը, երթուղին, կանգառները, վերաբարձումները, կենդանիների կերակրման տեղերը)` պահպանելով «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմը: Սահմանային հսկիչ անասնաբուժական կետի հերթապահ անասնաբույժը կենդանիները Հայաստանի Հանրապետության տարածք մտցնելու և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բերելու ժամանակ զննում է կենդանիներին և, անասնաբուժական պահանջների պահպանության դեպքում, անասնաբուժական սերտիֆիկատի բնօրինակի վրա դնում «Տարանցումը թույլատրվում է», իսկ նրա ավարտման կետում` «Բացթողումը թույլատրվում է» դրոշմը, որը վավերացնում է անձնական համարի կնիքով և ստորագրությամբ, ինչը վերծանում է անվանական դրոշմով` նշելով իր ազգանունը և անվան ու հայրանվան սկզբնատառերը:

8. Պետական սահմանով վիրուսային և բակտերիալ կուլտուրաների, գենետիկական կառուցվածքների փոխադրումները ձևակերպվում են միջազգային համաձայնագրերի և Միջազգային համաճարակային բյուրոյի միջազգային անասնաբուժական օրենսդրության պահանջներին համապատասխան:

9. Որսորդական հաղթանշանների արտահանումը թույլատրվում է կենդանիների կարանտինային հիվանդությունների նկատմամբ որսորդական հանդակների ապահովության պայմանների դեպքում, որը հաստատվում է համապատասխան անասնաբուժական սերտիֆիկատներով, ներմուծող երկրի անասնաբուժական պահանջների կատարման դեպքում:

10. Ոչ գործարանային որսորդական հաղթանշանների` Հայաստանի Հանրապետություն ներմուծումն իրականացվում է պետական տեսուչի թույլտվությամբ` կենդանական ծագմամբ հումքի անասնաբուժական պահանջներին համապատասխան և ուղեկցվում ծագման երկրի անասնաբուժական սերտիֆիկատով:

11. Անասնաբուժական հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթահսկման բեռներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելը վերապահվում է անասնաբուժական և անասնապահական պետական տեսչության տեսուչների իրավասությանը:

12. Բոլոր տեսակի անասնաբուժական փաստաթղթերի ձևակերպման, այդ թվում` անասնաբուժական հետազոտությունների, ինչպես նաև միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ մատուցվող ծառայությունների (հարցման, թույլտվության ձևակերպում, անասնաբուժական պահանջների տրամադրում և այլն) հետ կապված ծախսերը կատարվում են ենթահսկման բեռի տիրոջ կողմից: Վճարման սակագները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

13. Ենթահսկման բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ սույն կարգի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքին համապատասխան:

 

IV. ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Հայաստանի Հանրապետություն ենթահսկման բեռների ներմուծումն իրականացվում է պետական տեսուչի գրավոր թույլտվության հիման վրա:

15. Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ ենթահսկման բեռները պետք է համապատասխանեն անասնաբուժական պահանջներին, ինչը հաստատվում է անասնաբուժական սերտիֆիկատով կամ անասնաբուժական և անասնապահական պետական տեսչության և արտահանող երկրի անասնաբուժական պետական ծառայության միջև համաձայնեցված կոնկրետ տեսակի բեռի փոխադրման համար մշակված անասնաբուժական սերտիֆիկատով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու արտերկրյա պետությունների անասնաբուժական պետական ծառայությունների միջև կնքված համաձայնագրերով (կոնվենցիայով, պայմանագրերով, արձանագրություններով և այլն):

16. Բեռի տերը մինչև ենթահսկման բեռի ներմուծման թույլտվության ձևակերպումը, ոչ պակաս, քան 15 օր առաջ, իսկ կենդանիներ ներմուծելիս` 30 օր առաջ, գրավոր դիմում է անասնաբուժական և անասնապահական պետական տեսչություն` նշելով բեռի բնութագրերը, ներմուծման նպատակը, ծագման երկիրը, Հայաստանի Հանրապետություն և ներկրման կետերը, պահպանման, կարանտինի վայրերը և այլն` այդ տեղեկատվությունը ներկայացնելով բնօրինակով և հայերենով, կամ ռուսերենով կամ անգլերենով: Ներմուծողի դիմումում նշվում են`

ա) ներմուծողի անվանումը, հասցեն (գտնվելու վայրը),

բ) ենթահսկման բեռի անվանումը,

գ) ենթահսկման բեռի քանակը, ինչպես նաև նրա չափի միավորը,

դ) արտահանող երկիրը և ենթահսկման բեռի ծագման վայրը,

ե) ենթահսկման բեռի ներմուծման ենթադրվող ժամանակը,

զ) տրանսպորտի տեսակները, որոնք ենթադրվում է օգտագործել ենթահսկման բեռի ներմուծման ժամանակ,

է) երկրների պետական սահմանի անցման կետերը, որոնցով ենթադրվում է իրականացնել ենթահսկման բեռի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կամ նրա տարանցումը,

ը) ներմուծման նպատակը (իրացում` առանց վերամշակման, վերամշակում` նշելով վերամշակման վերջնական մթերքը),

թ) Հայաստանի Հանրապետության տարածք ժամանման կետը,

ժ) կենդանիների ներմուծման դեպքում` կարանտինի անցկացման տեղը, պայմանները և վարչատարածքային անասնաբուժական ծառայության անասնաբուժասանիտարական եզրակացությունը:

17. Պետական տեսուչը 8-օրյա ժամկետում քննության է առնում ներմուծվող ենթահսկման բեռների փաստաթղթերը և քննարկման արդյունքների հիման վրա ընդունում է որոշում ներմուծման թույլտվություն տալու կամ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերում` մերժելու մասին:

18. Հայաստանի Հանրապետություն ենթահսկման բեռների ներմուծման թույլտվություն տալը կարող է մերժվել`

ա) կենդանիների համապատասխան կարանտինային և հատուկ վտանգավոր հիվանդությունների առումով արտահանող երկրների կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների համաճարակային վիճակի վատթարացման,

բ) արտահանող երկրի ենթահսկման բեռներում անասնաբուժական պահանջներով արգելված քիմիական և կենսաբանական նյութերի առկայության նշման,

գ) ներմուծողի կողմից ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու,

դ) ներմուծողի դիմումում սույն կարգի 16-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքերում:

19. Հայաստանի Հանրապետություն ենթահսկման բեռների ներմուծման համար տրված թույլտվությունը կարող է հետ կանչվել սույն կարգի 18-րդ կետում նախատեսված դեպքերից որևէ մեկի ի հայտ գալուց մինչև բեռի մաքսային սահմանով բացթողումը:

Լիազոր մարմինը ենթահսկման բեռի ներմուծման համար տրված թույլտվության հետկանչման դեպքում ձևակերպում է հեռախոսագիր կամ ֆաքս և 2 աշխատանքային օրվա ընթացքում հաղորդում մաքսային մարմիններին:

Լիազորված մարմինը «Թույլտվությունը հետ է կանչվում» տրամադրված թույլտվության հիման վրա մաքսային մարմինների կողմից բեռի մաքսային սահմանով բացթողումից հետո ուսումնասիրում է անասնաբուժական պետական հսկողության մարմիններին ներկայացված ենթահսկման բեռն ուղեկցող փաստաթղթերը և կատարում անասնաբուժասանիտարական փորձաքննություն:

20. Սահմանային հսկիչ անասնաբուժական կետի հերթապահ անասնաբույժը պետական տեսուչի թույլտվության առկայության դեպքում զննում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթահսկման բեռները: Անասնաբուժական սերտիֆիկատի փոխարեն անասնաբուժական վկայականի ձևակերպումը կատարվում է միայն բեռի ամբողջական անասնաբուժական զննման և մաքսային ձևակերպման դեպքում:

Սահմանային հսկիչ անասնաբուժական կետի հերթապահ անասնաբույժը վերահսկումն ավարտելուց հետո փոխադրվող փաստաթղթերի վրա դնում է «Բացթողումը թույլատրվում է» դրոշմը, որը վավերացնում է անձնական համարի կնիքով և ստորագրությամբ, ինչը վերծանում է անվանական դրոշմով` նշելով իր ազգանունը և անվան ու հայրանվան սկզբնատառերը:

 

V. ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԲԵՌՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

21. Հայաստանի Հանրապետությունից ենթահսկման բեռների արտահանումն իրականացվում է պետական տեսուչի գրավոր թույլտվության հիման վրա:

22. Քաղաքացիներին պատկանող ընտանի ոչ մթերատու մանր կենդանիների (2 գլխից ոչ ավելի) արտահանման դեպքում չի պահանջվում պետական տեսուչի թույլտվությունը:

23. Բեռի տերը պարտավոր է ներմուծող երկրի անասնաբուժական պետական ծառայությունից ստանալ անասնաբուժական պահանջները (անմիջապես կամ գնորդի միջոցով)` հայերենով, կամ ռուսերենով, կամ անգլերենով:

24. Հայաստանի Հանրապետությունից անասնաբուժական ենթահսկման բեռներն արտահանելու թույլտվություն ձևակերպելու համար բեռի տերը ոչ պակաս, քան 15 օր առաջ պետք է գրավոր դիմի անասնաբուժական և անասնապահական պետական տեսչություն` դիմումին կցելով ներմուծող երկրի համապատասխան անասնաբուժական պահանջները (բնօրինակը և հայերենով, կամ ռուսերենով, կամ անգլերենով թարգմանված օրինակը), ինչպես նաև նշելով բարձման վայրը և Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև այլ երկրների պետական սահմանների հատման կետերը:

25. Արտահանողը ենթահսկման բեռների արտահանման դեպքում դիմումում նշում է հետևյալ տեղեկությունները`

ա) արտադրողի անվանումը, հասցեն (գտնվելու վայրը),

բ) ենթահսկման բեռի անվանումը,

գ) ենթահսկման բեռի քանակը, ինչպես նաև նրա չափի միավորը,

դ) արտադրանքի նշանակման վայրը,

ե) ներմուծող երկրի անասնաբուժական պետական ծառայության պաշտոնական անասնաբուժական պահանջները կամ ներկրող երկրի անասնաբուժական պետական ծառայության անասնաբուժական պահանջները սահմանող փաստաթղթերի պատճենը` ներկայացված և վավերացված ներմուծողի կողմից,

զ) տրանսպորտի տեսակները և երկրների պետական սահմանի անցման կետերը:

26. Ելնելով ներկրող երկրի անասնաբուժական պահանջների կատարման, բեռի բնութագրերի, համապատասխան վարչատարածքի համաճարակային վիճակից և լաբորատոր հետազոտությունների կատարման հնարավորությունից` պետական տեսուչը 7 օրվա ընթացքում քննարկում է ներկայացված ենթահսկման բեռի արտահանման հնարավորությունը: Ներկրող երկրի անասնաբուժական պետական ծառայության անասնաբուժական պահանջների կատարման անհնարինության կամ արտահանվող ենթահսկման բեռի տնտեսության, վարչատարածքի համաճարակային անապահովության դեպքերում պետական տեսուչը 2 օրվա ընթացքում բեռի տիրոջը գրավոր տեղեկացնում է բեռի արտահանումն արգելելու մասին:

27. Բեռը բարձելու ժամանակ վարչատարածքային անասնաբուժական պետական ծառայությունը ձևակերպում է համապատասխան անասնաբուժական վկայական, որում պետք է լինի ներկրող երկրի անասնաբուժական պահանջների կատարման մասին լիարժեք տեղեկատվություն, և այն վավերացնում իր կնիքով:

28. Անասնաբուժական վկայականը ճիշտ լրացնելու պատասխանատվությունը կրում է վարչատարածքային անասնաբուժական պետական ծառայությունը:

29. Անասնաբուժական վկայականում և անասնաբուժական սերտիֆիկատում պարտադիր կարգով պետք է նշված լինեն անասնաբուժական և անասնապահական պետական տեսչության թույլտվության համարը և երթուղին:

30. Հայաստանի Հանրապետության տարածքից անասնապահական բեռներն արտերկրներ արտահանվում են միայն անասնաբուժական սերտիֆիկատով, որը ձևակերպվում է սահմանային հսկիչ անասնաբուժական կետի հերթապահ անասնաբույժի միջոցով (բացառությամբ ԱՊՀ անդամ պետությունների, որտեղ ենթահսկման բեռներն ուղեկցվում են համապատասխան անասնաբուժական վկայականներով):

Բեռի լրիվ անասնաբուժական զննման և լրիվ մաքսային ձևակերպման պայմանների դեպքում, հսկողության ավարտից հետո, սահմանային հսկիչ անասնաբուժական կետի անասնաբույժն ուղեկցող փաստաթղթերի վրա դնում է «Բացթողումը թույլատրվում է» դրոշմը, որը վավերացնում է անձնական համարի կնիքով և ստորագրությամբ, ինչը վերծանում է անվանական դրոշմով` նշելով իր ազգանունը և անվան ու հայրանվան սկզբնատառերը:

 

VI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

31. Մաքսանենգ ճանապարհով ներմուծված բեռների հայտնաբերման դեպքում բոլոր ենթահսկման բեռները պարտադիր կարգով ենթակա են անասնաբուժական ենթահսկման: Բեռը կանգնեցրած մարմինը պարտավոր է անհապաղ տեղեկացնել տարածքը վերահսկող անասնաբուժական պետական հսկողության մարմնին և, մինչև սահմանային հսկիչ անասնաբուժական կետի հերթապահ անասնաբույժի անասնաբուժական հսկողության անցկացումը, կանգնեցված կամ առգրավված ենթահսկման բեռի նկատմամբ չթույլատրել որևէ գործողություն:

32. Կանգնեցված ենթահսկման բեռի բացթողումը կարող է կատարվել միայն պետական տեսուչի թույլտվությամբ:

33. Անասնաբուժասանիտարական պահանջներին չհամապատասխանող ենթահսկման բեռի հայտնաբերման և կանգնեցման դեպքերում այն ենթակա է վերադարձման կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) նրա հետագա օգտագործման հնարավորությունը որոշելու նպատակով:

34. Ենթահսկման բեռը, որի տերը նրա ծագումը, համապատասխան որակը և անասնաբուժասանիտարական անվտանգությունը չի կարող հաստատել հավաստիացնող փաստաթղթերով, և որն ունի անորակության բացահայտ նշաններ, պետական տեսուչի թույլտվությամբ ենթակա է ոչնչացման` առանց փորձաքննության, կամ այն թույլատրվում է հայտարարագրել միայն «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով:

35. Անասնաբուժասանիտարական պահանջներին չհամապատասխանող ենթահսկման բեռների վերադարձման դեպքում սահմանային հսկիչ անասնաբուժական կետի հերթապահ անասնաբույժն արտահանող երկրի անասնաբուժական սերտիֆիկատի և բեռն ուղեկցող փաստաթղթերի վրա դնում է «Ներմուծումն արգելվում է» և «Վերադարձ» դրոշմները, դրանք վավերացնում ստորագրությամբ, անձնական համարի կնիքով, նշում վերադարձի ձևակերպման ամսաթիվը:

36. Անորակ և անասնաբուժասանիտարական տեսակետից վտանգավոր կենդանական ծագմամբ արտադրանքի փոխադրման, նրա պահպանման, փորձաքննության, ոչնչացման, վերադարձման հետ կապված ծախսերը վճարվում են բեռի տիրոջ կողմից:

37. Վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.10.2010, N 1442-Ն 04.12.2010, N 1228-Ն
21.07.2005, N 1088-Ն 20.08.2005, N 1228-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան